ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՍԿՍՆԱԿ ԵՎ ՓՈՔՐ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

Առաջարկվող նախագծի ընդունումը կապված է Կառավարության 2021 թվականի 1902-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված Էկոնոմիկայի նախարարության բաժնի 4-րդ կետով սահմանված նպատակի՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում, ՓՄՁ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ում՝ 55%» իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ սահմանված են հետևյալ արդյունքային ցուցանիշները․

  1. սկսնակ և գործող ՓՄՁ աջակցության ծրագրերի շրջանակում տարեկան 2000 ՓՄՁ-ի ֆինանսական աջակցության տրամադրում՝ թիրախավորելով կանանց և առաջնահերթություն տալով աճի ամենամեծ պոտենցիալը ունեցող ոլորտներին,
  2. տարեկան 500 ձեռներեցների (կանանց և մարզային բնակչության թիրախավորմամբ) ՓՄՁ ինկուբացիոն ծրագրի մասնակցություն։

Ինչպես նաև՝ 2020 թվականի 1443-Լ որոշմամբ հաստատված և ՓՄՁ ռազմավարությամբ սահմանված թիրախներին հասնելու անհրաժեշտությամբ։

Առաջարկվող նախագիծը կնպաստի ՀՀ-ում գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների ձեռնարկատիրական գիտելիքների զարգացմանը, վերջիններիս գործունեության ընդլայնման նպատակով մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմանը և ՓՄՁ սուբյեկտների մրցունակության բարձրացմանը։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՓՄՁ սուբյեկտները Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, ներառականության և կայուն զարգացման ապահովման կարևորագույն գործոններից են: Կառավարության 2021 թվականի 1902-Լ որոշմամբ մեծապես կարևորվում է ՓՄՁ զարգացումը և ՓՄՁ սուբյեկտների մասնաբաժինը ՀՆԱ-ում։

Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող  ՓՄՁ ոլորտի տնտեսավարողների մեկ վարձու աշխատողի հաշվով ստեղծված ավելացված արժեքը 2021թ․ տարեկան կտրվածքով կազմել է շուրջ 8 մլն դրամ, ընդ որում դիտարկվող ոլորտներում վարձու աշխատակիցների 69․5%-ը ՓՄՁ սուբյեկտների աշխատակիցներ են, իսկ համախառն ավելացված արժեքի 63․4%-ը ստեղծվել է ՓՄՁ սուբյեկտների կողմից[1]։

Աճի ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտները հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը, մասնավորպես․

  • Համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխարհի շատ երկրներում աշխատատեղերի 60-70%-ը ստեղծվում է ՓՄՁ-երի կողմից[2]
  • Եվրոպական միության երկրներում ՓՄՁ-երի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում մոտ 57% է,
  • ՓՄՁ սուբյեկտները նպաստում են մարզային համաչափ զարգացմանը,
  • ՓՄՁ սուբյեկտներում ներգրավված են կանայք և երիտասարդները,
  • ՓՄՁ սուբյեկտները խթանում են նորարարության զարգացումը՝ հանդես գալով նոր գաղափարներով։

Աճի ներուժը ամբողջական և գրագետ օգտագործելու նպատակով անհրաժեշտ է ապահովել ՓՄՁ սուբյեկտների մրցունակության բարձրացումը, շուկաների ընդլայնումը ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և մատչելի/այլընտրանքային ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման միջոցով։ Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև գրավադրման խնդրին, մասնավորապես` համաձայն Համաշխարհային բանկի վերլուծությունների, կին ձեռներեցները բիզնեսում ֆինանսական հավելյալ ներդրման կարիք ունենալու դեպքում չեն կարողանում վարկ ներգրավել, քանի որ իրենց անունով գրանցված գույք չունեն, իսկ ունենալու դեպքում այդ գույքը բավարար արժեք չունի։ Այս պայմաններում մարզերում գործող ձեռներեցները չունեն ֆինանսների ներգրավման աղբյուրներ և ներկայումս չկան գործող ինկուբատորներ, որոնք վերջիններիս կապահովեն անհրաժեշտ գիտելիքներով։

Սույն նախագծի ընդունումը ուղղված է 3 խնդիրների լուծմանը

  1. Լայնածավալ ինկուբացիա, կրթություն, խորհրդատվություն, որը նախկին ՓՄՁ ԶԱԿ-ի փոխարեն կիրականացվի մասնավոր հատվածի կազմակերպությունների կողմից,
  2. Սկսնակ բիզնեսի համար մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովում,
  3. Ֆինանսական կառույցների համար պետական երաշխիքների տրամադրման միջոցով տնտեսավարողների (վարկունակության (գրավի պակաս/բացակայություն) հետ խնդիրներ ունեցող) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովում։

Կառավարության 2020 թվականի 1443-Լ որոշմամբ հաստատված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությամբ՝ որպես հիմնական ուղղություններ և առաջնահերթ գործողություններ են սահմանվել․

  • Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացում,
  • ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացում,
  • ՓՄՁ սուբյեկտների համար շուկաների հասանելիության ապահովում,
  • ՓՄՁ զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ապահովում։

Վերոգրյալ առաջնահերթությունների ուղղությամբ շարունակական աշխատանքներ են իրականացվել, մասնավորապես․

  • Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովման նպատակով Կառավարության 854-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում 2020-2022 թվականների ընթացքում արտոնյալ պայմաններով վարկից (100% պետական երաշխիք) օգտվել է 120 շահառու՝ ընդհանուր 1,066,453,800․00 դրամով։
  • ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացման ապահովման նպատակով մի շարք պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2020-2022 թվականների ընթացքում 864 սկսնակ և գործող ՓՄՁ-եր մասնակցել են ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացների։

Ներկայումս, 2023 թվականին նշված նպատակներին ուղղված պետական աջակցության ծրագրերը բացակայում են։ Այս համատեքստում կարևոր է նշել նաև, որ Հայաստանը իր դիրքերը զիջում է Արևելյան գործընկերության երկրների (OECD) ՓՄՁ քաղաքականության 2024 թվականի ինդեքսի մի շարք կետերով, մասնավորապես․

  1. ՓՄՁ սուբյեկտների համար վարկային պետական երաշխիքների տրամադրման համակարգ, որի տնօրինմանը կմասնակցի նաև մասնավոր հատվածը,
  2. Կառավարության կողմից ՓՄՁ սուբյեկտների (մասնավորապես երիտասարդ ձեռներեցների, կին ձեռներեցների, սկսնակների, աճի ներուժ ունեցող ձեռնարկատիրությունների) հմտությունների զարգացման դասընթացների ֆինանսավորում։

Հաշվի առնելով ներկայումս Հայաստանում ֆինանսական միջոցների ներգրավման այլընտրանքային եղանակների բացակայությունը/ոչ լիարժեք կիրառումը՝ որպես ՓՄՁ սուբյեկտների զարգացումն ապահովող ֆինանսական միջոցների ներգրավման հիմնական աղբյուր ծառայում են վարկային միջոցները։

ՀՀ-ում գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների վարկային պորտֆելի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գերփոքր կազմակերպությունների կողմից 2022 թվականին ներգրավված 1 վարկի միջին արժեքը կազմել է մոտ 22 մլն դրամ, փոքր կազմակերպությունների դեպքում 29 մլն դրամ, իսկ միջին կազմակերպությունների դեպքում 75,9 մլն դրամ։ Ընդ որում, գրավադրված գույքի արժեքը մոտ 15 անգամ գերազանցել է վարկային պորտֆելի չափը։ Այս համատեքստում, ֆինանսական կազմակերպությունների հետ շարունակական քննարկումների արդյունքում պարզ է դառնում, որ, մասնավորապես սկսնակ ՓՄՁ սուբյեկտների դեպքում վարկի տրամադրումը իրականացվում է գույքի գրավադրման, մասնավոր դեպքերում երաշխավորի առկայության դեպքում, ինչը դժվարացնում է մանավանդ գերփոքր և փոքր տնտեսավարող սուբյեկտների կողմից ֆինանսավորման այս եղանակից օգտվելու հնարավորությունը։ Այս խնդրից խուսափելու, և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար այլընտրանքային ֆինանսավորման միջոց է պետական երաշխիքի տրամադրումը, ինչը միջազգային պրակտիկայում բավական լայն տարածում ունեցող գործընթաց է։

Հարավային Կորեայում գործում է 3 պետական հիմնադրամ՝ Korea Credit Guarantee fund (KODIT), Korea Technology Finance Corporation (KOTEC) և KOREG (Korea Federation Of Credit Guarantee Foundations):

   Կորեայի վարկային երաշխիքների հիմնադրամը (KODIT) վարկային երաշխիքներ է տրամադրել 590,972 կազմակերպությունների, ընդ որում ընդհանուր չմարված երաշխիքների չափը կազմում է մոտ 65.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Հիմնադրամի թիրախն են երկրում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկտները։ Հիմնադրամի ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում․

  • Կառավարությունը՝ 44%, ամեն տարի բյուջեից կատարվող հատկացումներ,
  • Ֆինանսական կազմակերպություններ՝ 51%, համաձայն Kodit-ի գործունեության վերաբերյալ իրավական ակտի՝ կորպորատիվ վարկերի 0.225%-ը պարտադիր ներդրվում է վարկային երաշխիքների հիմնադրամի կապիտալում,
  • Խոշոր առևտրային կազմակերպություններ կամ ՏԻՄ-եր՝ 5%, առանձին թիրախային ծրագրերի շրջանակներում ներդրումներ։

Կազմակերպությունը երաշխիքներ է տրամադրում հետևյալ ուղղություններով՝ վարկային երաշխիքներ, առևտրային պարտքի երաշխիքներ, կատարման երաշխիքներ։

KOTEC-ը երաշխիքներ է տրամադրել 85 հազար ՓՄՁ-երի, մոտ 26 մլրդ ԱՄՆ դոլարի չափով։ Կազմակերպության հիմնական թիրախներն են տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող բիզնեսները։ Համաձայն կազմակերպության ուսումնասիրությունների, երաշխիքների տրամադրումը բիզնեսի համար առաջացնում է հետևյալ առավելությունները․

  • Երաշխավորում է կանոնադրական կապիտալի ավելացում 5-12.5 անգամ,
  • Երաշխավորում է դրամական պարտավորությունների 85-100%-ը, ինչը նվազեցնում է կազմակերպությունների ռիսկերը։

Ռուսաստանի Դաշնությունում գործող ՓՄՁ դաշնային կորպորացիան պետական երաշխիքներ է տրամադրում հովանոցային մեխանիզմով։ ՓՄՁ դաշնային կորպորացիայի և ֆինանսական կազմակերպությունների միջև կնքվում է մինչև 10 մլրդ ռուբլու չափով երաշխիքի պայմանագիր։ Ծրագրի շրջանակներում պայմանագիր կնքած ֆինանսական կազմակերպությունում միջոցառման շրջանակներում ձևավորված վարկային պորտֆելի նվազագույն չափը 20 մլրդ ռուբլի է, իսկ Ֆինանսական կազմակերպության կողմից միջոցառման շրջանակներում ձևավորված պորտֆելի մինչև 4.5%-ի չափով դուրս գրված վարկերի կորստի գումարը փոխհատուցվում է ՓՄՁ դաշնային կորպորացիայի կողմից։ Այս համատեքստում կարևոր է նշել, որ նշված մեխանիզմը Ռուսաստանի Դաշնությունում լայն տարածում ունեցող և ակտիվ աշխատող մեխանիզմ է։

Պետական երաշխիքների տրամադրման մեխանիզմի ներդրումը ունի հետևյալ առավելությունները․

  1. Կառավարության համար․
    • ՓՄՁ սուբյեկտների մրցունակության բարձրացում,
    • Նոր աշխատատեղերի ստեղծում,
    • Ֆինանսական շուկայի վիճակի բարելավում,
  2. ՓՄՁ սուբյեկտների համար․
    • Այլընտրանքային և օրինական ֆինանսավորման աղբյուրների հասանելիություն,
    • Վարկերի ցածր տոկոսադրույքներ,
    • Երկարաժամկետ ներդրումների առկայություն,
  3. Ֆինանսական կազմակերպությունների համար․
    • Նոր շուկաների հասանելիություն,
    • Կապիտալի բավարարվածության մակարդակի ավելացում։

Միաժամանակ, անհրաժեշտ է անդրադառնալ նաև ֆինանսական շուկայում ՓՄՁ-երին առաջարկվող վարկերի տարեկան տոկոսադրույքներին։ Ուսումնասիրելով շուկայի առաջատար ֆինանսական կառույցների կողմից ՓՄՁ սուբյեկտներին առաջարկվող վարկերի տարեկան տոկոսադրույքները՝ գալիս ենք այն եզրահանգմանը, որ համեմատության մեջ հայկական ֆինանսական կառույցների կողմից առաջարկվող վարկային տարեկան տոկոսադրույքը բավական բարձր է (ընդ որում նշված տոկոսադրույքում հաշվարկված չէ միջնորդավճարներն ու սպասարկման վճարները)։

Այս հանգամանքը ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկավորումը ՓՄՁ-երի համար դարձնում է ոչ մատչելի և անարդյունավետ, ինչը լրացուցիչ խոչընդոտ է աճի ներուժ ունեցող ձեռներեցների համար։ Ձեռնարկատիրական գաղափար ունեցող ստարտափերի համար առաջարկվող տոկոսադրույքը ավելի բարձր է՝ հաշվի առնելով վերջիններիս ռիսկայնության բարձր մակարդակը։

Համաձայն IFC-ի կողմից իրականացված հետազոտությունների՝ զարգացած երկրներում ավելի քան 65 միլիոն ՓՄՁ-եր (զարգացող երկրների ՓՄՁ-երի 40%-ը) ունեն ֆինանսավորման մեծ պահանջ ավելի քան 5․2 տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Այս համատեքստում կարևոր է վերլուծել նաև ՓՄՁ-երին տրամադրված չաշխատող վարկերի տեսակարար կշիռը, որը Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ 5․3% է, ինչը տարածաշրջանի և եվրոպական այլ երկրների հետ համեմատության մեջ միջինից ցածր ցուցանիշ է:

Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել նաև այն փաստը, որը վերջին՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման շրջանակներում վարկավորում ստացած 120 կազմակերպություններից (վարկավորումն իրականացվել է 2021 թվականից՝ տնտեսավարողների կողմից ներկայացված բիզնես մոդելների հիման վրա) 7-ն են անհուսալի դասակարգված (պորտֆելի 5․6%-ը):  

Հաշվի առնելով վերոգրյալը, գալիս ենք այն եզրահանգմանը, որ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և այլընտրանքային ֆինանսավորման գործիքների միասնական օգտագործումը միջազգային պրակտիկայում ընդունված ամենաարդյունավետ գործիքներից է ՓՄՁ տնտեսական ներուժը բացահայտելու և աճի միտում ունեցող ՓՄՁ-երին աջակցելու տեսանկյունից։

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության՝ մինչև 50 աշխատակից ունեցող կազմակերպությունների թվաքանակը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 59,111 կազմակերպություն, որոնց 58.4%-ը (34,561 կազմակերպություն) գործունեություն են իրականացնում ապրանքների արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում,մասնավորապես․

  • Մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպությունների թվաքանակը 51,594 է, որոնց 59․6%-ը (30,746 կազմակերպություն) գործունեություն են իրականացնում ապրանքների արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում,
  • Մինչև 500 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպությունների թվաքանակը 5,789 է, որոնց 53.7%-ը (3,111 կազմակերպություն) գործունեություն են իրականացնում ապրանքների արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում,
  • Մինչև 1,500 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպությունների թվաքանակը 1,290 է, որոնց 41.3%-ը (533 կազմակերպություն) գործունեություն են իրականացնում ապրանքների արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում,
  • 1,500 մլն դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունների թվաքանակը 438 է, որոնց 39%-ը (171 կազմակերպություն) գործունեություն են իրականացնում արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում:

Միաժամանակ, այս համատեքստում կարևոր է քննարկել Հարավային Կորեայի փորձը։ Համաձայն վերջիններիս կողմից իրականացված հետազոտությունների՝ Innobiz կենտրոնի կողմից հավաստագրված և պետական աջակցության գործիքների (արտոնյալ պայմաններով վարկ, սուբսիդավորում, պետական երաշխիքների տրամադրում) շրջանակներում աջակցություն ստացած ՓՄՁ-երի կողմից արտահանման ծավալը կազմում է երկրի ամբողջ արտահանման ծավալի 54․2%-ը։

3Կարգավորման առարկան և բնույթը

Նախագծով առաջարկվում է համապարփակ աջակցություն սահմանել ՓՄՁ սուբյեկտների համար՝ ձեռնարկատիրական զարգացման դասընթացների մասնակցության վճարի փոխհատուցման, արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման և հովանոցային մեխանիզմով պետական երաշխիքների տրամադրման ձևով՝ նպաստելով աճի ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտների ընդլայնմանը և մրցունակության բարձրացմանը։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

5Ակնկալվող արդյունքը

Ծրագրի արդյունքում  որակական առումով կունենանք՝

  • Նորարարական և աճի ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտներ, որոնք օգտագործում են իրենց աճի ներուժը նոր շուկաներ մուտք գործելու և որակյալ արտադրանք արտադրելու և ծառայություններ մատուցելու նպատակով,
  • արտաքին շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների առկայություն,
  • ՓՄՁ սուբյեկտների կողմից արտահանման ծավալների ավելացում,
  • բարձրարժեք արտադրանք ստեղծող ՓՄՁ սուբյեկտներ։

Քանակական առումով միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է մոտ 1000 շահառուի՝ ձեռնարկատիրական հմտությունների դասընթացի մասնակցություն և 100-ից ավել ՓՄՁ սուբյեկտների վարկավորում:

Ինչպես նաև, նախագծով սահմանված միջոցառման շրջանակներում նախատեսվում է առնվազն 5 ֆինանսական կազմակերպության հետ պորտֆելային երաշխիքի պայմանագիր կնքել, ընդ որում յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպության դեպքում 5 մլրդ դրամի չափով։ Ֆինանսական կազմակերպությունը, գնահատելով միջոցառման շրջանակներում դասընթաց անցած տնտեսավարողների գործարար ծրագիրը և դրա հետ կապված ռիսկերը, ինքն է կայացնում որոշում տնտեսավարողներին վարկ տալու կամ չտալու վերաբերյալ։ Ֆինանսական կազմակերպությունը ծրագրի մեկնարկից 3-6 տարվա ընթացքում կարող է կորցնել պորտֆելի մինչև 10%-ը։

6Բյուջեի նախնական գնահատում

Դասընթացների բյուջեի կանխատեսում

Մասնագիտական կառույցների հետ քննարկումների արդյունքում պարզ է դառնում, որ  մեկ անձի համար ինկուբացիայի գումարը՝ ընդհանուր 4 ամիս տևող գործընթացի դեպքում խմբում 20-25 մասնակցի առկայությամբ, մեկ մասնակցի գծով ինկուբացիայի գումարը կազմում է շուրջ 500,000 ՀՀ դրամ։ Ընդ որում` գործընթացը ներառում է․

  • իրազեկում,
  • հայտադիմումների հավաքագրում,
  • 40-ժամյա դասընթացներ,
  • քոուչինգ, 2 ժամ մենթորություն,
  • անհրաժեշտության դեպքում, հարկային, իրավական, ֆինանսական կամ մարքեթինգային անհատական խորհրդատվություններ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որը միջոցառման որոշմամբ սահմանվում են դասընթացներին ներկայացվող պայմանները, կանխատեսվում է, որ բոլոր նմանատիպ կազմակերպությունների համար 1 մասնակցի գծով ինկուբացիայի գումարը կկազմի 500,000 ՀՀ դրամ։

Այս համատեքստում անհրաժեշտ է քննարկել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման շրջանակներում կազմակերպվող դասընթացների մասնակցության թիվը, որի վերլուծության արդյունքում գալիս ենք այն եզրահանգմանը, որ 1 տարվա ընթացքում դասընթացներին միջինում մասնակցել են մոտ 400 սկսնակ և գործող տնտեսավարողներ (հաշվի չի առնվել 2020 թվականի 44-օրյա պատերազմով պայմանավորված դադարը)։ Ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացին մասնակցածների ավելի քան 53․3%-ը բիզնես մոդել են ներկայացրել՝ միջոցառման շրջանակներում ֆինանսավորում ստանալու նպատակով և բիզնես մոդել ներկայացրածների 45%-ն է հաստատվել ֆինանսավորման՝ հաշվի առնելով բիզնես մոդելի ուսումնասիրությունն ու գնահատականը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկսնակ ձեռնարկատերերի պետական աջակցության գործիքակազմը ներկայումս բացակայում է, անհրաժեշտ է արձանագրել այն հանգամանքը, որ նմանատիպ աջակցության մեխանիզմը (հմտությունների զարգացում և ֆինանսական աջակցություն) մեծ պահանջարկ ունի ինչպես գործող այնպես էլ սկսնակ ձեռներեցների կողմից։ Այս համատեքստում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դիտարկվող նախագծի՝ տնտեսավարողի նկատմամբ ներկայացվող պահանջները շատ ավելի ընդարձակ են ի տարբերություն Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման պահանջներին, քանի որ սահմանափակում չկա մարզերի վերաբերյալ, ինչպես նաև գործունեության տևողության և այլ միջոցառումների շրջանակներում աջակցության ստացման վերաբերյալ։ Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել այն փաստը, որ առաջարկվող նախագծով դասընթացներն իրականացվելու են ոչ թե 1 կառույցի, այլ նմանատիպ փորձ ունեցող կառույցների կողմից, որոնք՝ ըստ նախնական գնահատականների, ՀՀ-ում 3 տասնյակից ավել են։

Հաշվի առնելով վերոգրյալ վերլուծությունը և այն հանգամանքը, որ միջոցառման շրջանակներում դասընթացները նախատեսվում է իրականացնել մասնագիտացված կառույցների միջոցով՝ նախատեսվում է, որ 1 տարվա ընթացքում կազմակերպվող ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացին կմասնակցեն առնվազն 700-800 սկսնակ և գործող ձեռներեցներ (յուրաքանչյուր կազմակերպության կողմից առնվազն 80 մասնակցի վերապատրաստելու դեպքում)։

Դասընթացների համար պետության կողմից վճարվող մասնակցության վճարի կանխատեսումը առաջիկա տարիների համար․

Տարի

Մասնակիցների թվաքանակ

1 մասնակցի համար վճարման ենթակա գումար

Ընդհանուր ծախս

2024

300

500,000

150,000,000

2024 (ԼՂ բռնի տեղահանվածներ)

230 (ֆինանսավորման հաստատվածներ)

500,000

115,000,000

270

250,000

67,500,000

 

Սկսնակ ձեռներեցներին տրամադրած վարկերի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման համար ծախսերի կանխատեսում

2024 թվականին վարկերի սուբսիդավորման համար պահանջվող միջոցների կանխատեսումը ներկայացված է ստորև․

2024 թվականի կանխատեսում /հազ․ դրամ/

       

Կազմակերպության չափ

Քանակ

Միջին վարկ

Ընդհանուր

Արժույթ

Ընդհանուր

Սուբսիդավորում

Տնտեսավարողներ

130

30,000.0

3,900,000.0

Դրամ (12%)

2,535,000․00

304,000

Արտարժույթ (8%)

1,365,000

109,200․00

         

3,900,000.00

413,200

 

Կանխատեսումն իրականացնելիս հաշվի է առնվել այն փաստը, որ դասընթացին մասնակցողների մեծամասնությունը սկսնակ ձեռներեցներ են` կանխատեսվել է 60%՝ հաշվի առնելով Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման դիմումատուների վերլուծությունը: Դրամային և արտարժութային վարկերի տեսակարար կշիռը կանխատեսելիս  դիտարկվել է Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման շրջանակներում ձևավորված պորտֆելի վերլուծությունը՝ դրամային վարկերի տեսակարար կշիռը՝ 65%, արտարժութային վարկերի տեսակարար կշիռը՝ 35%, ընդ որում դիտարկվել է հիմնականում ՓՄՁ սուբյեկտներին վարկեր տրամադրող ֆինանսական կառույցների պորտֆելները։

 Կանխատեսվում է, որ նշված վարկերի մասով վարկային երաշխիքի կարիք կլինի՝ ձևավորված պորտֆելի 80%-ի համար, վարկային երաշխիքի չափը միջինացված 60%-ով հաշվարկելիս 2024 թվականի համար երաշխիքների չափը կկազմի 4․2 մլրդ դրամ։ Ընդ որում, անկախ այս հանգամանքից, յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպության հետ միջոցառման շրջանակներում կնքվելու է մինչև 5 մլրդ դրամ պորտֆել ձևավորելու վերաբերյալ պայմանագիր, որի շրջանակներում պետության ծախսը առաջիկա 3-6 տարիների ընթացքում յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպության հետ չի գերազանցի 500 մլն դրամը։ Հետևաբար, առաջիկա 3 տարիների ընթացքում կանխատեսվում է, որ երաշխիքի գծով ծախս չի լինելու։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության՝ դասընթացի մասնակիցների թվաքանակը կանխատեսվել է 500 մասնակից՝ հաշվի առնելով աշխատունակ տարիքի բնակիչների թվաքանակը և վերջիններիս կողմից զինվորական ծառայությամբ չզբաղվելու հանգամանքը։

Արդյունքում․

  • 2024 թվականին նախատեսվում է ծախսել 1.8 մլրդ դրամ՝ սուբսիդավորման և դասընթացների իրականացման նպատակով։
  1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման Հավելված N1-ով նախատեսված  4․1 կետը, ինչպես նաև  Կառավարության 2020թ․-ի օգոստոսի 27-ի թիվ 1443-Լ որոշմամբ հաստատված ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը։

 

  • Քննարկվել է

    22.03.2024 - 06.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2533

Տպել