Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

 

ՀՈԴՎԱԾ 1.  Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

1․ Սույն օրենքը կարգավորում է հանրությանը և յուրաքանչյուր անձի բաց տվյալների քաղաքականության իրականացման միջոցով արդյունավետ ու որակյալ ծառայություններ մատուցելու հետ կապված հարաբերությունները, որն ապահովում է նաև  հանրային հսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, ինչպես նաև սահմանում է հանրային տեղեկություններ տրամադրելու պայմանները և կարգը, հանրային տեղեկության հասանելիության ապահովման, այդ տեղեկությունների օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու  եղանակները։

2․Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքով սահմանված տեղեկությունների հավաքագրման, մշակման, օգտագործման, տվյալների շտեմարանների ստեղծման, դրանց  կառավարման, տեղեկությունները հասանելի դարձնելու հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ այլ օրենքներով պաշտպանվող, հասանելիության հատուկ պայմաններ կամ եղանակներ, հասանելիության սահմանափակումներ ունեցող տեղեկությունների և տվյալների շտեմարանների:

ՀՈԴՎԱԾ 2. Հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը

  1. Հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։

3․ Սույն օրենքում նշված տեղեկություններին հասանելիությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով։ 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

        1․ Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

  • հանրային տեղեկություն - պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների (այսուհետև՝ պետական գործառույթ) իրականացման նպատակով և ընթացքում օրենքով սահմանված չափով և կարգով ձեռք բերված, գրանցված և/կամ ցանկացած եղանակով մշակված տվյալների ամբողջություն, անկախ նյութական կրիչից.
  • բաց տվյալների քաղաքականություն - այն տվյալների նկատմամբ, որոնց հասանելիությունը սահմանափակված չէ օրենքով սահմանված կարգով, պետք է ապահովվի հանրային հասանելիություն թվային տիրույթում.
  • հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալ - պետական տեղեկատվական համակարգում գրանցված տվյալների շտեմարաններում հավաքագրված եզակի, չկրկնվող տվյալներ, որոնք հավաքագրվել են տվյալների շտեմարանում  օրենքով և/կամ պայմանագրով նախատեսված պարտականությունների  կատարման ընթացքում.
  • տեղեկության բազմակի օգտագործում - պետական գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված ու մշակված տեղեկությունների ստացում ու օգտագործում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից օրենքով չարգելված ցանկացած նպատակի համար.
  • տեղեկատվական մուտքի հարթակ - վեբ-կայք, որն ապահովում է հասանելիություն տեղեկատվություն տնօրինողների գործունեությանը և նրանց կողմից մատուցվող ծառայություններին առնչվող հանրային տեղեկություններին, ինչպես նաև էլեկտրոնային ծառայություններին.
  • տվյալների փոխանակման շերտ - ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս պետական տեղեկատվական համակարգին միացած շտեմարանների միջև ապահովել ցանցային կապ և փոխանակել տեղեկություններ անվտանգ միջավայրում:

ՀՈԴՎԱԾ 4 Տեղեկությունների բազմակի օգտագործում

1․ Բազմակի օգտագործման կարող է տրվել միայն այն տեղեկությունը, որը չի պարունակում օրենքով պաշտպանված տեղեկություն։ Եթե օրենքով պաշտպանված է հանդիսանում տեղեկության մի մասը, ապա բազմակի օգտագործման կարող է տրամադրվել տեղեկության այն մասը, որը չի պարունակում օրենքով պաշտպանված տեղեկություն կամ տեղեկության բազմակի օգտագործումը հնարավոր է, եթե այն չի պարունակում օրենքով պաշտպանված տեղեկության բացահայտման վտանգ։ 

2․ Տեղեկությունների փոխանակումը պետական մարմինների միջև իրենց պետական գործառույթների իրականացման նպատակով չի հանդիսանում տեղեկության բազմակի օգտագործում։

  1. Արգելվում է կնքել պայմանագրեր, որոնք պայմանագրի մյուս կողմին տալիս են տեղեկության բազմակի օգտագործման բացառիկ իրավունք։ Նման պայմանագիր կնքելու թույլտվություն կարող է տալ ՀՀ կառավարությունը, ելնելով պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այդ պայմանագրերի կնքման հիմնավորումները և դրանց արդիականությունը տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից ենթակա է վերանայման առնվազն երեք տարին մեկ:

4․ Եթե տեղեկության բազմակի օգտագործման տրամադրումը խախտում է անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, ապա այդ տեղեկությունն արգելվում է տրամադրել բազմակի օգտագործման։ Այդ դեպքում  կարող է տրամադրվել տեղեկության այն մասը, որը չի խախտում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը կամ տեղեկությունը պետք է տրամադրվի օգտագործման այնպես, որպեսզի չխախտի անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը:

5․ Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին տեղեկությունը բազմակի օգտագործման համար տրամադրվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին« ՀՀ օրենքով նախատեսված կարգով և չափով,  լիցենզային պայմանագրի հիման վրա։ Լիցենզային պայմանագիրը չպետք է չհիմնավորված կերպով սահմանափակի  տեղեկության բազմակի օգտագործման հնարավորությունը և ազատ տնտեսական մրցակցությունը։  Լիցենզային պայմանագիրը  տեղադրում է իրավատիրոջ կայքում:

6․ Տեղեկությունների  օրենքով սահմանված կարգով տրամադրումը ներառում է նաև այդ տեղեկության բազմակի օգտագործման իրավունքը: Եթե տեղեկատվություն տնօրինողը լիցենզային պայմանագրի միջոցով պայմաններ է սահմանել տեղեկության օգտագործման համար, ապա այդ տեղեկությունն օգտագործվում է լիցենզային պայմանագրի պայմաններին համապատասխան:

7․ Պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի   տեղեկությունների կրկնօրինակումը ցանկացած կրիչի վրա, հետագայում որպես  ճշգրիտ, արդիական և հասանելի տվյալ կամ տեղեկություն տեղեկատվական համակարգերի միջոցով ծառայություններ մատուցելու համար, արգելվում է։

ՀՈԴՎԱԾ 5. Տեղեկություններին հասանելիության ապահովումը

1․ Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է ապահովել տեղեկություններին հասանելություն (մուտք գործել) թվային ձևաչափով՝ կիրառվելով ծրագրային հավելվածներ, հարթակներ, որոնք պետք է հնարավորություն տան անմիջապես բացահայտել, նույնականացնել և վերծանել կոնկրետ տվյալներ, ներառյալ առանձին փաստեր կամ դրանց ներքին կառուցվածքը (այսուհետ՝ մեքենայաընթեռնելի ձևաչափ)։ 

2․ Տեղեկությանը հասանելիություն ապահովելու հետ կապված ողջամիտ ծախսերը ենթակա են փոխհատուցման։  Նշված գումարի ձևավորման (հաշվարկի) կարգը և առավելագույն չափը սահմանում է կառավարությունը։ Տեղեկության տրամադրման համար «Պետական տուրքի մասին» , «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքներով և այլ օրենքներով սահմանված կարգով ու չափով կարող է գանձվել տուրք կամ վճար։

3․ Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է իր պաշտոնական կայքում տեղադրել տեղեկության հասանելիության ապահովման փոխհատուցման և օրենքով սահմանված կարգով ու չափով գանձվող տուրքի կամ վճարի չափը։

4․ Տվյալների շտեմարանների բաց տվյալներին հասանելիություն ապահովվում է, եթե դա հնարավոր է և ողջամիտ, արդիական տարբերակով և այն միջոցով ու ձևաչափով, որը թույլ է տալիս ներբեռնել տվյալների շտեմարանի բաց տվյալները որպես տվյալների ամբողջական փաթեթ, մետատվյալների հետ միասին, մեքենայաընթեռնելի ձևաչափով: Եթե տվյալների շտեմարանի բաց տվյալների վերափոխումը մեքենայաընթեռնելի ձևաչափի անհնար է կամ անհամաչափ մեծ ջանք կպահանջի, ապա տեղեկատվություն տնօրինողը պետք է ապահովի տվյալների շտեմարանի բաց տվյալների բացահայտումն իրենց սկզբնական ձևաչափով կամ ցանկացած այլ ձևաչափով։

5․ Եթե անձը պահանջում է տեղեկություն, որը պարունակում է իր վերաբերյալ օրենքով պաշտպանված տեղեկություն կամ որպես օրինական ներկայացուցիչ կամ լիազորագրի հիման վրա պահանջում է տեղեկություն երրորդ անձի վերաբերյալ, ապա տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է նույնականացնել հարցում կատարող անձին, այդ թվում էլեկտրոնային նույնականացման միջոցով, եթե տեղեկությունը հավաքագրվում և մշակվում է  տվյալների շտեմարանում:

6․ Սույն հոդվածում նշված տեղեկություններին (այդ թվում՝ բաց տվյալներին) հասանելիություն ապահովվում է տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով:

ՀՈԴՎԱԾ 6. Փաստաթղթերի գրանցամատյանը (ռեգիստր)

1․  Փաստաթղթերի գրանցամատյանը (ռեգիստրը) թվային տեղեկությունների շտեմարան  է, որը վարում է պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ իրավաբանական անձը` ստացված և/կամ իր կողմից պատրաստված փաստաթղթերը գրանցելու և հասանելիություն ապահովելու նպատակով: Փաստաթղթերի գրանցամատյանում (ռեգիստրում) հասանելիություն չի ապահովվում այն փաստաթղթերին, որոնք պարունակում են օրենքով պաշտպանված տեղեկություններ, այդ թվում՝ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը վերաբերող:

2․ Փաստաթղթերի գրանցամատյանը պետք է ապահովի փաստաթղթերի համակարգչային որոնման մատչելի հնարավորություն։ Փաստաթղթերի համակարգչային որոնման համակարգին, ռեգիստրում մուտքագրվող փաստաթղթերին և գրանցամատյաններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև որոնման համակարգի ուղեցույցը սահմանում է լիազոր մարմինը։

3․Փաստաթղթերի ռեգիստրը ստեղծում և վարման կարգը հաստատում է կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 7. Տեղեկատվություն տնօրինողների պաշտոնական կայքէջը

1․ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերը, պետական կառավարման համակարգի մարմինները, անկախ և ինքնավար պետական մարմինները, տարածքային կառավարման մարմինները, օրենքով սահմանված կարգով խոշորացված տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են իրենց գործունեության լուսաբանման և տեղեկությունների բացահայտման համար ունենալ և սպասարկել պաշտոնական կայքէջեր, ապահովել դրանց անվտանգությունը։ Սույն մասում նշված մարմինների կայքէջերին, դրանց սպասարկմանը և անվտանգությանը ներկայացվող պահանջները սահմանում է վարչապետը։

2․ Պաշտոնական կայքէջերի սպասարկումը և անվտանգության ապահովումն իրականացվում է համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին։

ՀՈԴՎԱԾ 8. Տեղեկատվական մուտքի հարթակ (պորտալ)

1․ Տեղեկատվական մուտքի հարթակի կառավարումն ու զարգացումն ապահովում է լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

2․ Լիազոր մարմինը, համագործակցելով համապատասխան մարմինների հետ, ապահովում է տեղեկատվական միասնական մուտքի հարթակի օգտատերերի հարմարավետությանը միտված աշխատանք՝ թվային ծառայությունների ստեղծմամբ: Թվային ծառայություններին ներկայացվող սկզբունքները սահմանում է կառավարությունը:

3․ Համապատասխան մարմինները ծառայությունների մատուցման ընթացքում պարտավոր են ապահովել տեղեկատվական մուտքի հարթակում իրենց վերաբերող տեղեկությունների ճշգրտությունը, արդիականությունը և հասանելիությունը։ 

  1. Տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով էլեկտրոնային ծառայությունների մատուցման, այդ թվում՝ էլեկտրոնային գործարքների և էլեկտրոնային նույնականացման, այդ ծառայությունների մատուցման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և այլ տեխնիկական ընդհանուր պահանջները, այդ թվում՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից այդ համակարգերին միանալու համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները սահմանում է կառավարությունը։

ՀՈԴՎԱԾ 9. Տվյալների հաղորդակցման ցանցին հասանելիությունը

1․ Յուրաքանչյուր անձի պետք է հնարավորություն ընձեռվի «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքով նախատեսված պետական կամ համայնքային  գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար օգտվելու հանրային տեղեկություններից։

2․ Պետական կամ համայնքային գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար հանրային տեղեկություններից օգտվելու ապահովման կարգը սահմանում է կառավարությունը։

ՀՈԴՎԱԾ 10. Տվյալների շտեմարան

1․ Տվյալների շտեմարանը տվյալների համակարգված  ամբողջություն է, որը ստեղծվում և/կամ մշակվում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տեղեկատվական համակարգերում և որն օգտագործվում է օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացմամբ ծառայություններ մատուցելու համար։

2․ Տվյալների համակարգված ամբողջությունը, որը մշակվում է տվյալների շտեմարանում, կարող է բաղկացած լինել միայն հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալներից, որոնք պարունակվում են այլ շտեմարաններում։

3․ Տվյալների հավաքագրումը տվյալների շտեմարան իրականացվում է միայն մեկ հարցման սկզբունքի հիման վրա:

  1. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դրույթները չեն տարածվում ազգային անվտանգության մարմինների և զինված ուժերի՝ իրենց գործառույթների իրականացման նպատակով ստեղծված այն տվյալների շտեմարանների վրա, որոնց միջոցով իրավաբանական և ֆիզիկական անձանց ծառայություններ չեն մատուցվում։

ՀՈԴՎԱԾ 11. Պետական ​​տեղեկատվական համակարգ

 1․Պետական ​​տեղեկատվական համակարգը բաղկացած է պետական տեղեկատվական համակարգում գրանցված, տվյալների փոխանակման շերտին միացված տվյալների շտեմարաններից, այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված աջակցող համակարգերից և ապահովում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքով, այլ օրենքներով նախատեսված դեպքերում նաև իրավաբանական անձանց տվյալների շտեմարանների փոխգործելիությունը։

  1. Լիազոր մարմինը սահմանում է պետական տեղեկատվական համակարգի տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի վարման և շտեմարանները պետական տեղեկատվական համակարգում գրանցելու ու համակարգին միացման կարգը։ Պետական տեղեկատվական համակարգի կառավարման լիազոր մարմին հանդիսանում է սույն օրենքով նախատեսված լիազոր մարմինը։
  2. Պետական տեղեկատվական համակարգը պետք է ապահովի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով լուծումներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած ժամանակ ստույգ պարզել, այդ թվում՝ տվյալների սուբյեկտին, թե ում, ինչ նպատակով, երբ, ինչ ձևով և ինչ տեղեկությունից օգտվելու հնարավորություն է տրվել (հասանելիություն է ապահովվել) կամ փոխանցվել, որը պարունակում է անձնական տվյալներ։

ՀՈԴՎԱԾ 12  Տվյալների շտեմարանների ստեղծում

1․ Տվյալների շտեմարանը ստեղծվում և/կամ ներդրվում է կառավարության որոշմամբ՝ օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտի կիրարկումն ապահավելու նպատակով:

2․ Արգելվում է նույն տվյալների հավաքագրման և մշակման համար առանձին տվյալների շտեմարանների ստեղծումը, այդ թվում՝  պետական մարմինների օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար։

3․ Մինչև տվյալների շտեմարանի ստեղծումը և/կամ ներդրումը կամ տվյալների շտեմարանում հավաքագրված տվյալների կազմում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը կամ տվյալների շտեմարանի աշխատանքի դադարեցումը  լիազոր մարմինը պարտավոր է հաստատել անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը։

4․ Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը չեն հաստատվում պետական ​​տեղեկատվական համակարգում չգրանցված այն տվյալների շտեմարանների համար, որոնք ապահովում են միայն համապատասխան մարմնի կառավարման ներքին կարիքները կամ փաստաթղթերի միջգերատեսչական շրջանառությունը:

5․ Տվյալների շտեմարանների ստեղծման և ներդրման, պահպանման, անհրաժեշտության դեպքում նաև տեխնիկական և կազմակերպչական այլ պայմանները և կարգը հաստատվում է  կառավարության առանձին որոշումներով։

  1. Տվյալների շտեմարանների տվյալների պաշտպանության աուդիտի իրականացման կարգը հաստատում է լիազոր մարմինը։

ՀՈԴՎԱԾ 13. Տվյալների շտեմարանի կառավարիչը և մշակողը   

1․ Տվյալների շտեմարանի կառավարիչը պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմին է կամ իրավաբանական անձ, որը կազմակերպում է տվյալների շտեմարանի ստեղծումը, ներդրումը, տվյալների շտեմարանի կառավարումը ու ծառայությունների մատուցումը։  Տվյալների շտեմարանի կառավարիչը պատասխանատու է տվյալների շտեմարանի կառավարման օրինականության և տվյալների շտեմարանի զարգացման ու կատարելագործման համար:

2․ Տվյալների շտեմարնների կառավարման ոլորտը համակարգում է լիազոր մարմինը։

3․ Տվյալների շտեմարանների կառավարման պահանջներն ու պայմանները սահմանում է կառավարությունը՝ տվյալների շտեմարանի կանոնակարգով։

4․ Տվյալների շտեմարանի կառավարիչը, տվյալների շտեմարանի կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակում, կարող է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պայմանագրի հիման վրա լիազորել իրավաբանական անձի կատարել տվյալների շտեմարանի ներդրման, տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման աշխատանքներ (այսուհետև՝ մշակող)։

5․ Սույն հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձը պարտավոր է հետևել կառավարիչի ցուցումներին տվյալների շտեմարանի ներդրման, տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման ընթացքում, ինչպես նաև պարտավոր է ապահովել  տվյալների շտեմարանի անվտանգությունը:

  1. Տվյալների շտեմարանի կառավարիչը ապահովում է տվյալների շտեմարանի կենտրոնացված տեխնոլոգիական միջավայրի ստեղծումն ու կառավարումը։

ՀՈԴՎԱԾ 14 Տվյալների շտեմարանի կանոնակարգը

1․ Տվյալների շտեմարանի կանոնակարգը պետք է նախատեսի տվյալների շտեմարանի կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման, այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մշակողի կողմից տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման, տվյալների շտեմարան հավաքագրվող տվյալների կազմի, պահպանության, դրանք ներկայացնողների և ներկայացման, անհրաժեշտության դեպքում նաև շտեմարանի կառավարման այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ դրույթներ։ Տվյալների շտեմարանի կանոնակարգը հաստատվում է տվյալների շտեմարանի ստեղծման մասին կառավարության որոշմամբ։

2․ Տվյալների շտեմարան տվյալներ ներկայացնող անձինք են՝ պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք պարտավոր են տվյալներ ներկայացնել օրենքով կամ իրավական այլ ակտով կամ կնքված պայմանագրով սահմանված կարգով կամ տվյալներ ներկայացնում են կամավոր հիմունքներով։

 ՀՈԴՎԱԾ 15. Տվյալների հավաքագրումը և մշակումը

1․ Պետական ​​տեղեկատվական համակարգում գրանցված տվյալների շտեմարանի կողմից տվյալների հավաքագրումը և մշակումը որպես սկզբնաղբյուր տվյալ կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված գործառույթների և մյուս տվյալների շտեմարնների սկզբնաղբյուր տվյալների հիման վրա:

2․ Պետական տեղեկատվական համակարգում տվյալների սկզբնաղբյուր լինելը որոշվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված տեխնիկական փաստաթղթերի հիման վրա: Տվյալների շտեմարանի ստեղծման նպատակը համարվում է հիմնավորված, եթե մշակվող տվյալները հանդիսանում են սկզբնաղբյուր տվյալներ։

3․ Տվյալներն ունեն  իրավական ուժ, եթե հավաքագրվել, մշակվել  և օգտագործվել են  օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 16. Տվյալների շտեմարանի գրանցում

1․ Տվյալների շտեմարանը պետական ​​տեղեկատվական համակարգում գրանցվում է մինչև տվյալների շտեմարանի ներդրումը:

2․ Մինչև պետական տեղեկատվական համակարգում տվյալների շտեմարանի գրանցումը, լիազոր մարմինը  պարտավոր է ստուգել և ներդաշնակեցնել տվյալների շտեմարանի տեխնիկական համապատասխանությունը և հավաքվող տվյալների ու դրանց աղբյուրների համապատասխանությունը օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջներին:

ՀՈԴՎԱԾ 17. Տվյալների շտեմարանների հասանելիություն

1․ Տվյալների շտեմարանում առկա  մշակված տեղեկություններին հասանելիություն ապահովվում է, եթե այն սահմանափակված չէ օրենքով։

2․ Իրավաբանական և ֆիզիկական անձանց տվյալների շտեմարանի կողմից մշակված տեղեկություններին հասանելիություն կարող է տրամադրվել առևտրային կամ օրենքով նախատեսված նպատակներով օգտագործելու համար՝ լիազոր մարմնի հետ կնքվող պայմանագրի հիման վրա։ Սույն մասում նշված պայմանագիրը կարող է կնքվել, եթե իրավաբանական և ֆիզիկական անձը բավարում է պետական տեղեկատվական համակարգին միանալու սույն օրենքով և նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջները։ Նշված պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը։

3․Ազգային անվտանգության մարմիններին կամ զինված ուժերին վերաբերող, տվյալների շտեմարան մուտքագրված տեղեկությունները կարող են օգտագործվել միայն  կառավարության կողմից սահմանված կարգով և դեպքերում։

ՀՈԴՎԱԾ 18. Պետական ​​տեղեկատվական համակարգին աջակցող համակարգեր

1․ Տվյալների շտեմարանների անխափան և անվտանգ աշխատանքն ապահովում են հետևյալ աջակցող համակարգերը.

1) դասակարգման համակարգը.

2) գեոդեզիական համակարգը.

3) հասցեների համակարգը.

4) տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգը.

5) տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտը.

6) պետական ​​տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը։

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերը ստեղծվում են կառավարության որոշմամբ։ Կառավարությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերի ստեղծման որոշման հետ միաժամանակ հաստատում է նաև այդ համակարգերի կիրառաման կարգերը (կանոնակարգերը)։

3․ Պետական տեղեկատվական համակարգի սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերը կարող են ապահովվել մասնավոր հատվածից օրենքով սահմանված կարգով ծառայությունների ձեռքբերման միջոցով՝ կառավարության որոշմամբ։ Աջակցող համակարգերը ծառայությունների ձեռքբերման միջոցով ապահովելու դեպքում դրանց ներկայացվող պահանջները մշակում և կառավարության հաստատմանն է ներկայացնում լիազոր մարմինը։  

4․ Պետական ​​տեղեկատվական համակարգի, ինչպես նաև պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարանների սպասարկման/շահագործման համար աջակցող համակարգերի կիրառումը պարտադիր է։ Սույն հոդվածի 1-ին մասի  1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերում նշված աջակցող համակարգերը պարտադիր են սույն օրենքի 12-րդ հեդվածի 4-րդ մասում նշված տվյալների շտեմարանների շահագործման համար:

5․ Աջակցող համակարգերի շահագործման պարտադիր պահանջից բացառություն կարող է արվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման նպատակով ձևավորված տվյալների շտեմարանների համար՝ կառավարության որոշմամբ։

6․ Տվյալների փոխանակում պետական ​​տեղեկատվական համակարգին պատկանող տվյալների շտեմարնների հետ և/կամ տվյալների շտեմարանների միջև իրականացվում է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի միջոցով։

7․ Սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները չեն սահմանափակում իրավաբանական անձանց միջև տվյալների փոխանակումը տվյալների փոխանակման շերտի միջոցով՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։

8․Արգելվում է պատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների պատճենահանումը և/կամ օգտագործումը  տվյալների փոխանակման սույն օրենքով չնախատեսված շերտերի միջոցով։

ՀՈԴՎԱԾ 19. Լիազոր մարմինը

  1. Սույն օրենքով լիազոր մարմին հանդիսանում է թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտների քաղաքականությունը մշակող և իրականացնող «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով սահմանված իրավասու մարմինը՝ իր ներքո գործող Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության միջոցով:

ՀՈԴՎԱԾ 20         Լիազոր մարմնի հիմնական խնդիրները

  1. Լիազոր մարմնի հիմնական խնդիրներն են`
  • Հայաստանի Հանրապետության միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման և պաշտպանվածության ապահովումը.
  • սույն օրենքի, այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի կիրառման ապահովումը, դրանցով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
  • Հայաստանի Հանրապետությունում պետական տեղեկատվական համակարգի միջոցով ծառայություններ մատուցելու խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.
  • օտարերկրյա պետական տեղեկատվական համակարգերի և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը և միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը.
  • կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման նպատակով Կառավարության քաղաքականության մշակմանը մասնակցելը․
  • օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը:
  1. Լիազոր մարմինն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:

ՀՈԴՎԱԾ 21. Լիազոր մարմնի  հսկողական լիազորությունները

1․ Լիազոր մարմինը հսկողություն է իրականացնում ․

1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման  նկատմամբ․

2) պաշտոնական կայքերի կամ բջջային հավելվածների սպասարկման սույն օրենքի պահանջներին համապատասխանության նկատմամբ.

3)  տեղեկությունների օրենքով սահմանված կարգով օգտագործման և պահպանության նկատմամբ.

4) տեղեկատվական մուտքի հարթակի, տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի, տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման նկատմամբ.

5) տվյալների կառավարման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության նկատմամբ․

6) իր կողմից կնքված պայմանագրերի, այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգերի ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման, դադարեցման,  անվտանգության միջոցների կիրառման և պայմանագրով նախատեսված այլ պայմանների պահպանման նկատմամբ։

2․ Լիազոր մարմինը կարող է պահանջել վերացնել սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված օրենսդրության պահանջների խախտումները, եթե գտնում է, որ.

1) բացահայտման ենթակա տեղեկությունը սահմանված կարգով չի բացահայտվել. սահմանված կարգով չի ապահովվել պաշտոնական վեբ-կայքի պահպանումն ու սպասարկումը.

2) առանց օրենքով նախատեսված հիմքի սահմանափակել է տեղեկության հասանելիությունը․

3) օրենքով սահմանված կարգի խախտմամբ հասանելիություն է տրվել կամ բացահայտվել է տեղեկություն.

4) չի ապահովվել սույն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված տեղեկատվական հարթակի, տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման պահանջները կամ պայմանները․

5) չի ապահովվել տվյալների կառավարման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի սույն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված պահանջները կամ պայմանները․

3․ Լիազոր մարմինը սույն հոդվածով նախատեսված հսկողական լիազորություններն իրականացնում է  դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ։ Լիազոր մարմինն իրավունք ունի սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելուն զուգահեռ սահմանափակել նաև տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի տվյալների շերտի օգտագործման հանարավորությունը՝ մինչև խախտումը վերացնելը, եթե ունի հիմնավոր կասկածներ, որ նշված սահմանափակումը չկիրառելը կարող է խափանել պետական տեղեկատվական համակարգի անվտանգ և անխափան աշխատանքը։ Նշված սահմանափակման կիրառման դեպքերը սահմանվում են սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված համապատասխան որոշումներով։

4․ Լիազոր մարմինը սույն օրենքի կիրառման վերաբերյալ կարող է հրապարակել խորհրդատվական բնույթի ցուցումներ:

5․ Համապատասխան մարմինը պարտավոր է սույն օրենքի խախտումները վերացնելու պահանջը ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար և այդ մասին տեղեկացնել լիազոր մարմին: Լիազոր մարմինը պարտավոր է վերը նշված տեղեկացումը տեղադրել իր պաշտոնական կայքում։

ՀՈԴՎԱԾ 22. Սույն օրենքով սահմանված իրավունքների խախտման դեպքերի բողոքարկումը

  1. Սույն օրենքով սահմանված իրավունքների խախտման դեպքերը կարող են բողոքարկվել լիազոր մարմին կամ դատարան։

ՀՈԴՎԱԾ 23. Լիազոր մարմնի օրինական պահանջները չկատարելու հետևանքները

1․ Եթե համապատասխան մարմինը չի կատարում լիազոր մարմնի օրինական պահանջները, ապա լիազոր մարմինը.

1) դիմում է տվյալ մարմնի վերադաս մարմնին կամ համապատասխան պաշտոնատար անձին՝  պարտականությունների կատարման մեջ թերացած պաշտոնատար անձի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու գործընթաց սկսելու համար կամ

2) նախաձեռնում է սույն օրենքով նախատեսված հսկողական լիազորություններից որևէ մեկի իրականացումը։

2․ Կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու  իրավունք ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է  հայտը ստանալու պահից մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել լիազոր մարմնին։

ՀՈԴՎԱԾ 24. Լիազոր մարմնի  հաշվետվությունը սույն օրենքի պահանջների պաշտպանությունը

1․ Լիազոր մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կառավարություն հաշվետվություն է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում սույն օրենքի պահանջների պաշտպանության նպատակով իրականացված գործողությունների վերաբերյալ:

2․ Հաշվետվությունը պետք է տեղեկություններ պարունակի սույն օրենքի պահանջների խախտումների, խախտումներ կատարած տեղեկատվություն տնօրինողների, բողոքների, հարուցված վարույթների, կիրառված տույժերի և սույն օրենքի կատարման հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:

3․ Հաշվետվությունները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

4․ Ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասում նշված հերթական հաշվետվությունների, լիազոր մարմնի ղեկավարը կարող է ներկայացնել հաշվետվություններ սույն օրենքի կիրառման  ընթացքում հայտնի դարձած էական հարցերի վերաբերյալ, որոնք ունեն համընդհանուր ազդեցություն կամ պահանջում են հրատապ կարգավորում։

ՀՈԴՎԱԾ 25. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հանրային գրադարաններում ինտերնետ կապի միջոցով հանրային տեղեկություններին հասանելությունն ապահովում են մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը։  

2․ Պետական մարմինները պարտավոր են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռնարկել համապատասխան միջոցներ իրենց պաշտոնական վեբ-կայքերին անխափան հասանելիություն ապահովելու համար՝ սույն օրենքով սահմանված կարգով։  

3․ Պաշտոնական վեբ-կայքերը, որոնք համապատասխանում են սույն օրենքի պահանջներին՝  պետք է ստեղծվեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

4․ Սույն օրենքով նախատեսված պետական տեղեկատվական համակարգի հետ անհամատեղելի տվյալների շտեմարանների գործունեությունը ենթակա է դադարեցման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու  տարվա ընթացքում։

5․Տվյալների շտեմարանները, որոնք կրկնում են տվյալների այլ շտեմարաններ կամ հավաքագրում և/կամ պահպանում են միմյանց փոխլրացնող ու փոխկապակցված տվյալներ պետք է միաձուլվեն կամ համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

6․ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տվյալների շտեմարանների  պահպանման և/կամ սպասարկման համար կնքված պայմանագրերը շարունակում են իրենց գործողությունը մինչև այդ պայմանագրերով սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված տվյալների շտեմարանների համար կնքված պայմանագրերի, որոնք կարող են գործել մինչև այդ մասերում նշված ժամկետի ավարտը։

ՀՈԴՎԱԾ 26. Սույն օրենքից բխող իրավական ակտերի ընդունումը

1․ Իրենց լիազորությունների շրջանակներում գործող իրավական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին, ինչպես նաև սույն օրենքից բխող իրավական ակտերը, այդ թվում՝ տվյալների շտեմարանների վերաբերյալ,  համապատասխան մարմինները պարտավոր են ընդունել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

ՀՈԴՎԱԾ 27 Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սահմանել, որ սույն օրենքով նախատեսված լիազոր մարմնի պահպանման ծախսերի և սույն օրենքից բխող գործառույթների իրականացման ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ կենտրոնական բանկի միջոցների հաշվին սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև լիազոր մարմնի ստեղծումն ու ամբողջական ձևավորումը (սույն օրենքից և այլ օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ, ներքին ու անհատական իրավական ակտերի ընդունումը և ուժի մեջ մտնելը), բայց ոչ ավելի քան երկու տարի:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղեկատվության ազատության մասին» 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով՝  հետևյալ բովանդակությամբ․

 « Բաց տվյալներ- տվյալներ, որոնց կարող է հասանելիություն ստանալ, օգտագործել, փոփոխել և տարածել յուրաքանչյուր ոք։

Տեղեկությունների մատչելիություն- տեղեկություն պահանջող անձի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելու կամ տեղեկության բացահայտմամբ տեղեկատվության ազատության իրականացման եղանակ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 7 Տեղեկությունների մատչելիության և հրապարակայնության ապահովումը

1․ Տեղեկություններին մատչելիություն և հրապարակայնություն տեղեկատվություն տնօրինողն ապահովում է.

          1) տեղեկություն պահանջող անձի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելով.

 2) տեղեկության բացահայտմամբ.

2․ Տեղեկության բացահայտումը տեղեկատվություն տնօրինողի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հասանելիության տրամադրումն է տեղեկություններին՝ առանց տեղեկություն պահանջող անձի կողմից հարցում կատարելու:

3․ Տեղեկություններին հասանելիությունը ներառում է նաև այդ տեղեկությունների օրենքով սահմանված կարգով բազմակի օգտագործման իրավունքը: Եթե տեղեկատվություն տնօրինողը լիցենզային պայմանագրի միջոցով պայմաններ է սահմանել տեղեկության օգտագործման համար, ապա այդ տեղեկությունն օգտագործվում է լիցենզային պայմանագրի պայմաններին համապատասխան:

4․ Որպես կանոն տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է ապահովել տեղեկություններին մատչելիություն (մուտք գործել) թվային ձևաչափով։ Թվային ձևաչափով հասանելության դեպքում կարող են կիրառվել ծրագրային հավելվածներ, հարթակներ, որոնք պետք է հնարավորություն տան անմիջապես բացահայտել, նույնականացնել և վերծանել կոնկրետ տվյալներ, ներառյալ առանձին փաստեր կամ դրանց ներքին կառուցվածքը (այսուհետ՝ մեքենայաընթեռնելի ձևաչափ)։  Այլ դեպքերում տեղեկատվություն տնօրինողն ապահովում է հասանելիություն թվային ձևաչափով, առանց որևէ ծրագրային հարթակի կամ հավելվածի օժանդակության: Եթե տեղեկության փոխակերպումը թվային ձևաչափի, անհնար է կամ այդպիսի փոխակերպումն անհամաչափ մեծ ջանք կպահանջի տեղեկատվության տնօրինողից, ապա տրամադրվում է մուտք բաց տվյալներին՝ իրենց սկզբնական ձևաչափով կամ ցանկացած այլ ձևաչափով:

5․ Տեղեկատվություն տնօրինողները պարտավոր են անհապաղ, բայց ոչ ուշ քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում բացահայտել իրենց գործունեությանն առնչվող այն  տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով չեն դասակարգվել պետական գաղտնիք կամ սահմանափակ տարածման այլ տեղեկություններ։

6․ Սույն հոդվածի 5-րդ-ին մասում նշված տեղեկություններում կատարված փոփոխությունները բացահայտվում են դրանք կատարվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։»։

ՀՈԴՎԱԾ 3.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 7-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4․ Անձնական տվյալների մշակման և այդ տվյալների փոխանցման ընթացքում ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանության կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը։ Նշված կարգից բխող տեխնիկական պահանջները և անվտանգության կանոնակարգերը հաստատում է օրենքով նախատեսված պետական տեղեկատվական համակարգի լիազոր մարմինը»։

Հոդված 2 Օրենքի 19-րդ հոդվածի․

  • 4-րդ, 5-րդ և 9–րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.
  • 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, սույն հոդվածի մյուս պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` առանց տեղեկատվական համակարգերում մշակվող անձնական տվյալները մշակելու իրավունքի:»։

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի.

  • 1-ին և 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած։
  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Հսկողություն իրականացնող այլ մարմինները անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ մշակվող իրավական ակտերի նախագծերը կամ կատարվող գործողությունները նախօրոք համաձայնեցնում են սույն օրենքով նախատեսված լիազոր մարմնի հետ։ Սույն օրենքով նախատեսված լիազոր մարմինն իր դիրքորոշումը պարտավոր է հայտնել հինգ աշխատանքային օրվա ընթացքում։»։

Հոդված 4 Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 5Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«3․ Մշակողը /Տեղեկատվության տնօրինողը/ պարտավոր է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կիրառել լուծումներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած ժամանակ ստույգ պարզել, թե ում, ինչ նպատակով, երբ, ինչ ձևով և ինչ տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն է տրվել /հասանելի դարձել/ կամ փոխանցվել, որը  պարունակում է անձնական տվյալներ կամ կատարել նման գրառումներ՝ վերը նշված լուծումների բացակայության դեպքում:»։

Հոդված 6.

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2․ Սահմանել, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ՀՀ կառավարության կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ ակտը շարունակում է գործել, մինչև սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ ակտի և լիազոր մարմնի համապատասխան ակտի ընդունումը։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական գաղտնիքի մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-49-Ն օրենքի /այսուհետ՝ օրենք/ 7-րդ գլուխը շարադրել հետևյալ  խմբագրությամբ․

«Գլուխ 7

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 29. Տեղեկությունները սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու հիմքերը

1․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց ղեկավարները կամ փաստաթուղթը ստորագրելու կամ հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև արտաքին հարաբերությունների, հասարակական կարգի, քաղաքական և տնտեսական շահերի պաշտպանության նպատակով կարող են սահմանափակել տեղեկությունների հասանելիությունը՝ դրանք դասելով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին, եթե այդ տեղեկությունները պետական գաղտնիքի տարրեր են պարունակում, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը։

2․ Տեղեկությունների հիմնական շրջանակները, որոնք կարող են դասակարգվել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, սահմանում է կառավարությունը։

3․ Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունները սահմանափակման ամբողջ ժամկետի ընթացքում հրապարակման ենթակա չեն:

ՀՈԴՎԱԾ 30. Տեղեկությունները սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու սահմանափակումները

1․ Արգելվում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասել․

 1) հասարակական կարծիքի հարցումների արդյունքները.

 2) ընդհանրացված վիճակագրական հետազոտությունները և/կամ վերլուծությունները.

 3) տնտեսական և սոցիալական կանխատեսումները.

4) շրջակա միջավայրի վիճակի և արտանետումների մասին տվյալները.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների  աշխատանքի կամ գործառույթների հաշվետվությունները, պարտականությունների կատարման որակի կամ կառավարչական սխալների վերաբերյալ տեղեկությունները, եթե դրանք չեն պարունակում սույն օրենքով պաշտպանվող տեղեկատվություն.

6) տեղեկություն, որը վնասում է կամ կարող է վնասել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձի, իրավաբանական կամ ֆիզիկական անձի հեղինակությունը, բացառությամբ անձնական տվյալների կամ անձնական տվյալների հատուկ կատեգորիաների, որոնց բացահայտումը կխախտի տվյալների սուբյեկտի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը.

7) սպառողների շահերի պաշտպանությունից բխող ապրանքների և ծառայությունների որակի մասին տեղեկությունները.

8) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատվիրված հետազոտությունների կամ վերլուծությունների արդյունքները, եթե դրանք չեն պարունակում սույն օրենքով պաշտպանվող տեղեկատվություն.

9) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ սույն օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված իրավաբանական անձանց բյուջետային միջոցների օգտագործման մասին փաստաթղթերը, այդ թվում՝ բյուջեից վճարված կամ վճարվող աշխատավարձերը և այլ վարձատրությունները կամ փոխհատուցումները, եթե դրանք չեն պարունակում սույն օրենքով պաշտպանվող տեղեկատվություն.

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գույքային պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունը, եթե դրանք չեն պարունակում սույն օրենքով պաշտպանվող տեղեկատվություն.

11) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գույքի վերաբերյալ տեղեկությունը, եթե դրանք չեն պարունակում սույն օրենքով պաշտպանվող տեղեկատվություն.

12) անձանց իրավունքների, ազատությունների, պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահվում են գրադարանների բաց ֆոնդերում կամ կազմակերպությունների բաց տեղեկատվական համակարգերում։

13) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց իրավական կարգավիճակը, ինչպես նաև անձանց իրավունքները և ազատությունները, դրանց իրականացման կարգերը սահմանող իրավական ակտերը,

14) իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումների և հանրագրերի քննարկման և դրանց արդյունքներով որոշումների կայացման կարգերը,

15) սահմանված կարգով քննարկված իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումների և հանրագրերի վերաբերյալ կայացված որոշումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

16) բյուջեի կատարման, տնտեսության վիճակի և բնակչության կարիքների մասին տեղեկությունները։

2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները վերաբերվում են նաև.

1) շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց կամ այն իրավաբանական անձանց, որոնք հիմնադրվել են պետության, տեղական ինքնակառավարման մարմինների կամ սույն օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված իրավաբանական անձանց կողմից կամ որոնց մասնակցում են պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները կամ սույն օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված իրավաբանական անձինք.

 2) իրավաբանական անձանց  պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեից հատկացված միջոցների կամ փոխանցված ակտիվների վերաբերյալ տեղեկություններին:

ՀՈԴՎԱԾ 31. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին հասանելիությունը

1․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են հրապարակել հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող հանցագործությունների հանգամանքների, իրավախախտումների, արտակարգ իրավիճակների կամ դժբախտ պատահարների այն փաստերի վերաբերյալ տեղեկություններ այնպիսի չափով, որը չի խոչընդոտում օրենքով սահմանված կարգով նախաքննության կամ վերահսկողության կամ հսկողության իրականացմանը կամ պատճառների պարզաբանմանը, մինչև դրանց հանգամանքների վերջնական պարզումը։ Նման տեղեկության հրապարակման չափը որոշում է նախաքննություն կամ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնի իրավասու պաշտոնատար անձը:

2․  Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հրապարակվում են այն ծավալով, որի դեպքում կբացառվի սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների տարածումը։

3․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց համապատասխան պաշտոնատար անձինք իրավունք ունեն առնչվելու սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին, այն ծավալով, որն անհրաժեշտ է իրենց պարտականությունները պատշաճ կատարելու համար: Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց առանց սահմանափակումներ սահմանած մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված համապատասխան պաշտոնատար անձի թույլտվության։

ՀՈԴՎԱԾ 31.1 Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին հասանելիության սահմանափակումները

1․ Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին հասանելիությունը սահմանափակվում է այդ տեղեկության մշակման, պատրաստման կամ ստացման պահից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մինչև այն պատճառի վերանալը կամ իրադարձության վրա հասնելը, որոնք  նախատեսված են տվյալ տեղեկությունը որպես սահմանափակ տարածման դասակարգելու հիմնավորմամբ,  մինչև հինգ տարի ժամկետով: Մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված համապատասխան պաշտոնատար անձը կարող է երկարաձգել տեղեկության հասանելիության սահմանափակման ժամկետը ևս մինչև հինգ տարով, եթե հասանելիության սահմանափակում սահմանելու հիմքը կամ պատճառը չի վերացել։

2․ Պետական մարմինների կողմից վերահսկողության, հսկողության և ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերին հասանելիության սահմանափակումը գործում է մինչև համապատասխան մարմնի կողմից որոշումների ընդունումը և ուժի մեջ մտնելը, եթե չկա տեղեկության հասանելիությունը սահմանափակելու օրենքով նախատեսված այլ հիմք:

3․ Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության սահմանափակման ժամկետները հաշվարկվում են այդիպիսի սահմանափակում կիրառելու՝ տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու պահից։

ՀՈԴՎԱԾ 312. Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն դասակարգելու  կարգը

1․  Համապատասխան մարմնի ղեկավարը սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք կարող են դասակարգվել որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն՝ նշելով սույն օրենքով կամ այլ օրենքով նախատեսված հիմքը: Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասում է տեղեկությունները մշակող (կատարող) և/կամ հատատող (ստորագրելու իրավասություն ունեցող) պաշտոնատար անձը կամ համապատասխան մարմնի ղեկավարը։

2․ Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության տեղեկակիրների վրա կատարվում է «Ծառայողական օգտագործման համար» նշում: Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն մշակող /պատրաստող/  անձը պարտավոր է տեղեկակիրի վերևի աջ անկյունում մեծատառով կատարել «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» նշումը կամ «ԾՕՀ» հապավումը, որի տակ լրացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների անվանումը կամ անվանման հապավումը կամ կրճատ անվանումը, հղում սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկի համապատասխան կետին, սահմանափակման գործողության վերջնական ժամկետը և վերը նշված նշումը կատարելու ամսաթիվը։

3․ Այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից փոխանցվող հասանելիության սահմանափակման մասին նշում կրող փաստաթղթերի վրա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշումը չի կատարվում։

4․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համապատասխան պաշտոնատար անձինք տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն դասակարգելուց հետո պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել բոլոր նրանց, ում փոխանցել է այդ տեղեկությունը։

  1. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարությունն իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների (իրավաբանական անձանց) ոչ գաղտնի գործավարություն իրականացնելու համար նախատեսված ստորաբաժանումների կողմից: «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունների փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման համակարգի մարմինների միջև (այդ թվում՝ պահպանությունը) իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով։ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից դուրս՝ թղթային տարբերակով, փաստաթղթաշրջանառության դեպքերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև արտաքին հարաբերությունների, հասարակական կարգի պահպանության ոլորտում լիազորված մարմինների համար սահմանում է ՀՀ կառավարությունը։
  2. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության փաստաթղթաշրջանառության և գործավարության կարգը սահմանվում է կառավարության կողմից:

ՀՈԴՎԱԾ 313. Հասանելիության սահմանափակումը վերացնելը

1․Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասած պաշտոնատար անձը պարտավոր է վերացնել սահմանափակումը, եթե վերացել են տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու հիմքերը կամ լրացել է սահմանափակման՝ օրենքով սահմանված ժամկետը և սահմանափակման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը բացակայում է:

2․ Եթե տեղեկության հասանելիության սահմանափակումը վերացվում է, ապա տեղեկակրի «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերի կամ «ԾՕՀ» հապավման վերևում կամ ներքևում հոծ տեռերով կատարվում է «ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԱԾ է» նշումը։

3․Սահմանափակումը վերացնելուց հետո տվյալ փաստաթղթի փաստաթղթաշրջանառությունը և գործավարությունն իրականացվում է ընդհանուր կանոններին համապատասխան։

4․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են տեղեկության հասանելիության սահմանափակումը վերացնելու մասին անհապաղ տեղեկացնել բոլոր նրանց ում փոխանցել է այդ տեղեկությունը:

ՀՈԴՎԱԾ 314. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունների  պահպանությունը և պաշտպանությունը

1․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության միջոցներ, պահպանելու և պաշտպանելու համար.

1) «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության ամբողջականությունը` պատահական կամ դիտավորյալ չարտոնված փոփոխություններից.

2) «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունը՝ պատահական կամ դիտավորյալ ոչնչացումից․

3) «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության բացահայտման կամ հրապարակման սահմանափակումները` պատահական կամ դիտավորյալ  տարածումից:

2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցները կիրառվում են «Ծառայողական օգտագործման համար» նշումով բոլոր տեղեկակիրների համար։

  1. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկություն հրապարակած կամ այդպիսի տեղեկության փաստաթղթաշրջանառության կարգը խախտած անձինք ենթակա են օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:»։

Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը համապատասխան մարմինները պարտավոր են ընդունել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 189․17-րդ հոդվածի․

  • 1․ 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
  • 6-րդ մասի «Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները» բառերը հանել։

         Հոդված 2. Օրենսգիքը լրացնել նոր 189․29 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 18929. «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված պահանջները խախտելը

1․ Օրենքով նման պարտավորություն ունեցող տեղեկատվություն տնօրինող հանդիսացող իրավաբանական անձանց կողմից պաշտոնական վեբ-կայքի պահպանումն ու սպասարկումը սահմանված կարգով չապահովելը.

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

2․ Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող միջոցառումներ չիրականացնելը կամ պահանջները չապահովելը կամ խախտելը, եթե տվյալ արարքը չի հանգեցրել անձնական տվյալների արտահոսքի և չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը հանգեցրել է անձնական տվյալների արտահոսքի, եթե այն չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

3․ Պետական տեղեկատվական համակարգում /ներառյալ տեղեկատվական շտեմարանները/ տվյալների մշակման, կառավարման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

4․ Տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, շահագործման, պահպանման, վերակազմավորման կամ դադարեցման օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենսգրքի 148-րդ, 169.24-րդ և 193.3-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 148-րդ, 169.24-րդ,  189․29-րդ և 193.3-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    26.02.2024 - 12.03.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3164

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

CyberHUB, dpHUB

08.04.2024

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ ՎԻՎՕ) փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը փոխկապակցված է ԱՏՊ օրենքի նախագծերում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների հետ, ուստի դրան վերաբերում են ԱՏՊ օրենքի նախագծի կապակցությամբ վերեւում ներկայացված դիտողությունները եւ առաջարկությունները: Մասնավորապես, Կիբեռանվտանգության մասին» օրենքի, այնպես էլ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կարգավորման դաշտերը ԱՏՊ օրենքի կարգավորման դաշտի հետ չնույնանալու պայմաններում խնդրահարույց ենք համարել ԱՏՊ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչելը եւ նույն հոդվածի 8-րդ մասի խմբագրումը, ուստի նույն պատճառաբանություններով խնդրահարույց են նաեւ ԱՏՊ օրենքի նշված դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: 2. ՎԻՎՕ-ում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծում որպես «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված պահանջները խախտում է ներկայացված տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող միջոցառումներ չիրականացնելը կամ պահանջները չապահովելը կամ խախտելը, այնինչ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքն առհասարակ չի անդրադառնում եւ չի էլ կարող անդրադառնալ անձնական տվյալների մշակման նկատմամբ հսկողության հարցերին : Գտնում ենք, որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումներըի համար պատասխանատվություն նախատեսող դրույթները պետք է պահպանվեն, փոխարեն առաջարկում ենք ՎԻՎՕ-ի 189.17 հոդվածում «տեղեկատվական համակարգ»-ը փոխարինել «անձնական տվյալների տեղեկատվական համակարգ»-ով, իսկ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված պահանջները խախտումները սահմանող դրույթում սահմանափակվել միայն այդ օրենքի գործողության սահմաններով:

CyberHUB, dpHUB

08.04.2024

«Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծով ի թիվս այլնի սահմանվում է, որ «Արգելվում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասել․ (…) 6) տեղեկություն, որը վնասում է կամ կարող է վնասել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձի, իրավաբանական կամ ֆիզիկական անձի հեղինակությունը, բացառությամբ անձնական տվյալների կամ անձնական տվյալների հատուկ կատեգորիաների, որոնց բացահայտումը կխախտի տվյալների սուբյեկտի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը.» Նշված կարգավորումը անորոշ է, թյուրըմբռնումների եւ տարակարծությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, 1. Պարզ չէ, թե ինչի մասին է խոսք գնում «անձնական տվյալների հատուկ կատեգորիաներ» հասկացության ներքո. ԱՏՊ օրենքում նման հասկացություն չկա, փոխարենը կա «հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ» հասկացությունը: 2. «Անձնական տվյալներ» եւ «անձնական տվյալների հատուկ կատեգորիաներ» հասկացությունները տարանջատված են «կամ»-ով, ուստի պարզ չէ՝ արդյո՞ք «բացահայտումը կխախտի տվյալների սուբյեկտի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»-ը վերաբերում է նաեւ անձնական տվյալներին, թե միայն հատուկ կատեգորիայի անձնական տվյալներին: 3. Եթե «բացահայտումը կխախտի տվյալների սուբյեկտի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»-ը վերաբերում է միայն հատուկ կատեգորիայի անձնական տվյալներին եւ չի վերաբերում «անձնական տվյալներ»-ին (այսինքն, եթե տեղեկության «անձնական տվյալներ» լինելն ինքնին հանգեցնում է բացառության), ապա նշված դրույթը ֆիզիկական անձանց (ներառյալ՝ պաշտոնատար անձանց) մասով առհասարակ առարկայազուրկ է, քանի որ նույնականացված/նույնականացվելի (կոնկրետ) ֆիզիկական անձի վերաբերյալ ցանկացած տեղեկություն ինքնին արդեն պարունակելու է անձնական տվյալներ: 4. «Անձնական տվյալներ»-ի մասին նշումն ինքնին առարկայազուրկ է դարձնում «անձնական տվյալների հատուկ կատեգորիաներ»-ի մասին նշումը, քանի որ հատուկ կատեգորիայի բոլոր անձնական տվյալներն այսպես թե այնպես ներառվում են անձնական տվյալներում, 5. «Անձնական տվյալներ»-ի մասին նման ձեւակերպմամբ նշումն առհասարակ հանգեցնում է նախագծում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի էության խաթարման, մասնավորապես տպավորություն է, թե տեղեկության՝ անձնական տվյալ լինելն ինքնին տեղեկության մատչելիության սահմանափակման հիմք է, այնինչ անձնական տվյալը տվյալի տեսակի անվամնումն է, այլ ոչ թե ռեժիմը, իսկ տեղեկության մատչելիությունը կամ հանրամատչելիությանը չի կարող սահմանափակվե այդ տեղեկության՝ անձնական տվյալ լինելու պատրվակով: Նման դիրքորոշում հայտնել է նաեւ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր որոշումներում, ինչպես նաեւ «Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման ուղեցույց»-ում: Վերոնշյալից ելնելով՝ գտնում ենք, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի՝ անձնական տվյալներին վերաբերող դրույթը նման ձեւակերպմամբ անթույլատրելի է, տեղեկության մատչելիությունը կամ հանրամատչելիությունն անձնական տվյալ լինելու հիմքով սահմանափակելուց, ըստ այդմ՝ նշված կարգավորումից անհրաժեշտ է ձեռնպահ մնալ: Առաջարկում ենք խնդրո առարկա դրույթը վերախմբագրել այնպես, որ տեղեկության տեղեկության մատչելիությունը կամ հանրամատչելիությունը պայմանավորվի անձնական տվյալների ոչ թե տեսակով, այլ ռեժիմով:

CyberHUB, dpHUB

08.04.2024

ԱՏՊ օրենքի Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է ԱՏՊ օրենքի 26-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով, որի համաձայն՝ «3․ Մշակողը /Տեղեկատվության տնօրինողը/ պարտավոր է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կիրառել լուծումներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած ժամանակ ստույգ պարզել, թե ում, ինչ նպատակով, երբ, ինչ ձևով և ինչ տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն է տրվել /հասանելի դարձել/ կամ փոխանցվել, որը պարունակում է անձնական տվյալներ կամ կատարել նման գրառումներ՝ վերը նշված լուծումների բացակայության դեպքում:»։ Նման կարգավորումն ԱՏՊ օրենքում խնդրահարույց է այնքանով, որքանով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի եւ ԱՏՊ օրենքի կարգավորման դաշտերը չեն նույնանում (նման դրույթ կա նաեւ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծում): Ըստ այդմ, առաջարկվող կարգավորումն ԱՏՊ օրենքում նախատեսելով ստացվում է, որ անձնական տվյալներն այլ անձանց փոխանցման վերաբերյալ տեղեկություն ստանալու/պարզելու համապատասխան լուծումներ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով պետք է կիրառեն բոլոր անձնական տվյալներ մշակողները՝ անկախ նրանից գտնվում են «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կարգավորման դաշտոըւմ, թե՝ ոչ, ֆիզիկական անձինք են, թե՝ ոչ, տվյալները մշակում են էլեկտրոնային եղանակով, թե՝ ոչ եւ այլն: Ավելին, տվյալ դեպքում «Տեղեկատվության տնօրինող»-ի մասին նշելը ինքնին վկայում է, որ տվյալ կարգավորումը մասնավոր կարգավորում է եւ ըստ անհրաժեշտության պետք է տեղ գտնի որ թե ԱՏՊ օրենքում, այլ տեղեկություն տնօրինողների կողմից անձնական տվյալների այս կամ այն մշակումը սահմանող օրենսդրությունում: «Հանրային տեղեկությունների մասին» օրենքում համադրելի կարգավորման պայմաններում գտնում ենք, որ ԱՏՊ օրնեքում նման կարգավորում նախատեսելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե անհրաժեշտություն առաջանա նման ընդհանուր կարգավորում կամ տվյալների փոխանցման վերաբերյալ տեղեկություն ստանալու նման հնարավորության մասին նշել ԱՏՊ օրենքում, ապա առերեւույթ դա պետք է լինի ԱՏՊ օրենքի 15-րդ հոդվածում (վերաբերում է տվյալների սուբյեկտի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքին եւ այդ իրավունքի իրացման կարգին), օրինակ, «Հանրային տեղեկությունների մասին» օրենքին հղմամբ:

Տեսնել ավելին