Հիշել նախագիծը

<<Պետական կենսաթոշակների մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Պետական կենսաթոշակների մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար ԶՈՒ տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը չդադարեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
<<Պետական կենսաթոշակների մասին>> օրենքի (այսուհետ՝ օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` սույն օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում: Այսինքն՝ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերում զորահավաքային զինվորական ծառայության կամ վարժական հավաքի ընթացքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվում: ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի պահանջների շրջանակներում նախատեսվում է կյանքի կոչել տարածքային պաշտպանության համակարգը, որի հիման վրա շրջանառության են դրվել «Պաշտպանության մասին» և մի շարք այլ օրենքներում համապատասխան կարգավորումների իրականացման նախագծերը, դրանց համաձայն Տարածքային պաշտպանության համակարգը ներառելու է ՀՀ զինված ուժերի կազմում գործող տարածքային պաշտպանության զորքերը: ՀՀ զինված ուժերի կազմում գործող տարածքային պաշտպանության զորքերի ստեղծման շրջանակներում նախատեսվում է դրանք համալրել պահեստազորում հաշվառված նախկին զինծառայողներից, ներառյալ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձանցից, միաժամանակ, կրկին ծառայության ներգրավման ու տարածքային պաշտպանության զորքերում պաշտոնի նշանակման գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, ՀՀ զինված ուժերի այլ ստորաբաժանումներից ենթադրյալ հոսունությունը (երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով պայմանագրային զինծառայությունից արձակվելու և կենսաթոշակ նշանակվելու ու դրանից հետո տարածքային պաշտպանության զորքերում ծառայություն անցնելու համար դիմելու հնարավորությունը) կանխելու նպատակով նպատակահարմար է գտնվել այդ անձանց համար ևս սահմանել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը չդադարելու իրավունք՝ այն տարածելով բացառապես մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը զինվորական կենսաթոշակ ստացող և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցած անձանց վրա: Բացի այդ, օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում սահմանված իրավունքի շրջանակներում օրենքի 38-րդ հոդվածը կարգավորումներ չի նախատեսում զորահավաքային զինվորական ծառայություն կամ վարժական հավաք անցած անձանց, տվյալ պարագայում՝ նաև տարածքային պաշտպանության զորքերում ծառայություն անցած և զորացրված անձանց, զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգի և պայմանների վերաբերյալ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել նաև այդ հարցը:
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացում կատարել նաև ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 665-Ն որոշման 1-ին հավելվածի 47-րդ կետում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարեցնելու իրավունք սահմանել նաև ՀՀ զինված ուժերի տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար, ինչպես նաև սահմանել զորահավաքային զինվորական ծառայությունից կամ տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը և պայմանները, վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չի հանգեցնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» 5-րդ կետի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ տարածքային պաշտպանության համակարգը կյանքի կոչելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 6-րդ կետի պահանջների կատարման հետ:

  • Քննարկվել է

    21.02.2024 - 08.03.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1790

Տպել