ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՊՆ համակարգի զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2023թ. համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) 2020 թվականից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով:
ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 18-ի N 786-Ն որոշմամբ 2023թ. դիմում-հայտ ներկայացրած, սակայն վիճակահանության արդյունքներով ծրագրում չընդգրկված ՊՆ համակարգի զինծառայողները նույնպես ընդգրկվել են 2023թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում:
2023թ. ընթացքում վիճակահանության իրականացումից հետո ՀՀ սահմանների շուրջ ստեղծված իրավիճակով ու դրանից ելնելով այլ գործընթացներով պայմանավորված, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 18-ի N 786-Ն որոշմամբ ծրագրում կատարված փոփոխությունները 2-3 ամսով հանգեցրել են ծրագրի ընթացքի դանդաղեցման, որի արդյունքում ՊՆ համակարգի զինծառայողների մեծ մասը չեն կարողացել իրենց ընձեռնված բնակելի անշարժ գույք գնելու իրավունքը իրացնել:
Արդյունքում, 2023թ. համար հատկացված 953 տեղեկանքների հիման վրա բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու պայմանագրեր են կնքել ընդամենը 510 շահառու, ևս 28 շահառուի հատկացված է կանխավճար, իսկ 415 շահառու չի կարողացել իրացնել իր իրավունքը:
Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել 2023թ. համար տրված տեղեկանքների գործողության ժամկետը, որի նախադեպը առկա է նաև 2020թ. և 2022թ տրված տեղեկանքների մասով` համաձայն ՀՀ կառավարության 27.01.2021թ. N 83-Ն և 09.02.2023թ. N 148-Ն որոշումների:
- 3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն 2023 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ: