ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 159-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով:
Նշված կարգավորման համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով, որ Սահմանադրության 147-րդ հոդվածի համաձայն՝ նախարարությունների ցանկը ենթակա է սահմանման այլ օրենքով, անհրաժեշտություն է առաջանում որոշել պետական կառավարման համակարգի այլ մարմինների շրջանակը, դրանց կարգավիճակը և սահմանել պետական կառավարման համակարգի մարմինների գործունեության վերաբերյալ ընդհանուր դրույթներ:
Բացի այդ, սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Միաժամանակ, պետական կառավարման համակարգի մարմինների մասին առանձին օրենքի ընդունման արդյունքում առաջանում է բազմաթիվ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ պայմանավորված համապատասխան մարմինների կարգավիճակի փոփոխությամբ և լիազորությունները միայն օրենքներով սահմանելու սահմանադրական կարգավորումներով:
Վերոշարադրյալը վկայում է պետական կառավարման համակարգի մարմինների մասին առանձին օրենքի ընդունման և հարակից օրենքները վերջինիս համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերով՝
1) սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը և դրանց կազմավորման կարգը,
2) նախատեսվել է Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը,
3) ամրագրվել է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի և նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ,
4) սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ:
5) hարակից օրենքների նախագծերով համապատասխան օրենքները համապատասխանեցվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը համապատասխան կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը և դրանց կազմավորման կարգը, ինչպես նաև կկարգավորվեն դրանց հետ կապված այլ հարաբերությունները: