ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է գործող ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման, ծրագրում նոր ներդրումների ներգրավման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկի, կապիտալ ներդրումների կառուցվածքի և ծրագրի իրականացման գործընթացի հստակեցման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Հանրապետությունը անասնաբուծական արտադրանքի նկատմամբ բնակչության պահանջարկը բավարարելու համար իրականացնում է ներկրումներ, մասնավորապես ներմուծումից կախվածության աստիճանը բարձր է հատկապես թռչնի և խոզի մսի ուղղությամբ։ Բացի այդ բավական շատ չոր կաթ է ներմուծվում, որը կարելի է փոխարինել տեղական կաթի վերամշակմամբ։
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում Հայաստանում թռչնամսի, իսկ ավելի կոնկրետ՝ հավի մսի առաջարկը շարունակաբար աճել է, վերջին 5 տարիներին տատանվելով 40-58 հազար տոննայի շրջանակներում, որից, սակայն, միայն 20-28%-ն է ապահովվել տեղական արտադրության հաշվին, իսկ խոզի մսի ինքնաբավության մակարդակը տատանվել է 45-58 % -ի միջակայքում։
Գործող ծրագրի շրջանակում կնքվել է 3 պայմանագիր՝ 11,7 մլրդ դրամ, 4,7 մլրդ դրամ և 2,1 մլրդ դրամ ներդրումային ծրագրերով։ Բացի այդ նախատեսվում է ևս 4 պայմանագրի կնքում՝ շուրջ 25,3 մլրդ դրամի ներդրման շրջանակում։ Վերոնշյալ 7 ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում խոզի մսի ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 14,9, թռչնի մսինը՝ 32,3, տավարի մսինը՝ 0,2, կաթինը՝ 2,5, ձվինը՝ 1,8 տոկոսային կետով։
Միաժամանակ, որոշակի հարցեր են առաջացել նոր ներդրումների ներգրավման նպատակով ծրագրի ժամկետի երկարացման, ծրագրի շահառու հանդիսացող իրավաբանական անձանց փոխկապակցված իրավաբանական անձերի մասնակցության վերաբերյալ դրույթը հստակեցնելու, նույն շահառուի կողմից 1-ից ավելի ներդրումային ծրագիր իրականացնելու, ինչպես նաև ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող խորհրդատվական և աուդիտորական ընկերությունների ցանկի և ներդրումների կառուցվածքի հստակեցման հետ կապված։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել տրամադրել ֆինանսական ռեսուրսներ անասնապահությանը՝ կառուցելու նոր սերնդի անասնաշենքեր, ձեռք բերելու անասնակեր, կենդանիներ, մասնավորապես տոհմային կենդանիներ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կատարվող փոփոխությունների և լրացումների նպատակն է նպաստել ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումային ծրագրերի ամբողջ ծավալով իրականացմանը, անասնաբուծության ճյուղում ներդրումների ներգրավմանը և անասնաբուծական հիմնական արտադրատեսակների գծով ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև հստակեցնել ներդրումային ծրագրերի իրագործումը գնահատող ընկերությունների ցանկը և ծրագրի իրականացման գործընթացը։
Կարևորելով անասնաբուծության ճյուղում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընձեռումը՝ նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ երկարացնել ծրագրին մասնակցելու համար դիմումների ներկայացման ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին մասնակցության դիմումներ ներկայացնել 2023 թվականի փոխարեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը։
Միաժամանակ, տնտեսավարողներին աուդիտի, մոնիթորինգի և գնահատման, հաշվապահական բարձրորակ ծառայություններով ապահովելու և փորձառու կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորություն ընձեռելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է ծրագրին մասնակից ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» ընկերությունների հետ մեկտեղ ծրագրին մասնակից դարձնել նաև «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերություններին, իսկ «Խոշոր քառյակի» մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերությունների ցանկից հանել «Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ՝ Deloitte Touche Tohmatsu Limited» ընկերությունը, քանի որ 2022 թվականի օգոստոս ամսից ընկերությունը տարածաշրջանում դադարեցրել է իր գործունեությունը։
«ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» ընկերությունը հարկային, խորհրդատվական և բիզնես խորհրդատվական խորը մասնագիտական ծառայություններ մատուցող աշխարհում հինգերորդ ամենամեծ հաշվապահական ընկերությունն է, իսկ «Գրանթ Թորնթոն» միջազգային կազմակերպություն է, եկամուտով աշխարհում յոթերորդը և աշխատողների թվով վեցերորդը, որը մատուցում է աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայություններ:
Միաժամանակ, տարընկալումից խուսափելու համար առաջարկվում է հանել իրավաբանական անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասնակցության վերաբերյալ դրույթը։
Անասնաբուծության ճյուղում ինքնաբավության մակարդակի բարձրացման համար նախագծով առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում միևնույն շահառուին հնարավորություն տալ իրականացնել 1-ից ավելի ներդրումային ծրագրեր և օգտվել տրամադրվող աջակցությունից։
Հաշվի առնելով, որ շինարարության թույլտվությունը տրամադրվելուց հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, նախագծով առաջարկվում է, որ շահառուն ճարտարապետաշինարարական նախագծի փոխարեն ներկայացնի շինարարության թույլատվությունը։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ ներդրումային ծրագրի շրջանակում հողամասի ձեռքբերման արժեքը կներառվի կապիտալ ներդրումների կառուցվածքում, ինչպես նաև բարվոք վարկային և հարկային պատմության վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման ժամկետներն ու ծրագրի շրջանակում ակնկալվող խոշոր և արդիական անասնաբուծական համալիրների քանակը։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներում եկամուտների և ծախսերի փոփոխություններ և լրացուցիչ ծախսեր 2024 թվականին չեն նախատեսվում, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի շրջանակում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ ներդրումների ավելացմանը և պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը։
Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:
-
Քննարկվել է
04.01.2024 - 19.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2781
Տպել