Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․

    Ներկայացվող նախագիծը նախապատրաստվել է 25․10․2023թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի՝ ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև գործնական կիրառության ժամանակ առաջացած որոշակի խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

2․ Կարգավորման նպատակը և բնույթը․

    25․10․2023թ-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-334-Ն օրենքը, որով ՀՀ քաղաքացիություն ստանալու հիմքերում կատարվել են փոփոխություններ և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորություն է ընձեռնվել այն անձին, ում ծնողները (կամ նրանցից մեկը) նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և որը օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Բացի այդ, եթե նախկինում ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք ուներ այն անձը ով ուներ Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ, ապա նոր կարգավորումներով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք է վերապահվել նաև ՀՀ քաղաքացի ծնող ունեցող անձանց։

    Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև ենթաօրենսդրական իրավական ակտում՝ ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ և սահմանել այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն նշված հիմքերով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

    Միաժամանակ, նախատեսվում է կառավարության որոշման մեջ հստակ ամրագրել, որ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանդիսանում է քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործերով լիազորված պետական կառավարման մարմինը, ինչով պայմանավորված որոշման ամբողջ տեքստում ևս կատարվում են համապատասխան փոփոխություններ։

    Բացի այդ, գործող կարգավորումներով ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունները ստորագելու լիազորությունը վերապահված է ՄՔ ծառայության պետին կամ նրա տեղակալին։ Ներկայացված նախագծով նշված իրավասությունը նախատեսվում է վերապահել իրավասու ստորաբաժանման ղեկավարին կամ նրա տեղակալին, քանի որ վերջիններս են անմիջականորեն համակարգում են նշված աշխատանքները։

    Նախագծով նախատեսվում է նաև երեխայի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացնել նաև ծնողի ՀՀ քաղաքացիությունը դադարեցված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում։ Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պրակտիկայում ծնողը քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացրած է լինում հավաստում, որի հիման վրա ՀՀ Նախագահի հրամանագրով դադարեցվում է ՀՀ քաղաքացիությունը, սակայն «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն հրամանագիրն ուժի մեջ է մտնում օտարերկրյա պետության քաղաքացիության հավաստումը ներկայացնելու դեպքում։ Նշված հավաստումը ներկայացնելու պարտավորությունը կրում է քաղաքացին, քանի որ լիազոր մարմինը օբյեկտիվորեն չի կարող տիրապետել նշված տեղեկատվությանը։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

    ՀՀ ներքին գործերի նախարարություն:

4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․

    Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

5․ Ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունմամբ կապահովվի 25․10․2023թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ՀՀ քաղաքացիություն ստանալու հիմքերում կատարված փոփոխությունների կիրարկումը, քանի որ հիշյալ նորմերը կարող են կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ինչպես նաև կկանոնակարգվեն գործնական կիրառության ժամանակ առաջացած խնդիրներ։

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

    Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

 

                                                                ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    18.12.2023 - 02.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1714

Տպել