Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՈՒ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, ինչպես նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների պահանջների կատարումով։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Ջերմուկ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը և Ջերմուկ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Ելնելով այն հանգամանքից, որ համայնքը սոցիալ-տնտեսական առումով համաչափորեն զարգացած չի, ուստի սահմանվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում:
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2024 թվականի համար, տեղական տուրքերի սահմանված դրույքաչափերը հաշվարկվել են գործակիցներով․ գյուղական բնակավայրերում հաշվարկվել են 0.5 գործակցով, քաղաքային բնակավայրում՝ 0.75 գործակցով, բացառությամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի» 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում հաշվարկները կատարվել են 0․3 գործակցով՝ հաշվի առնելով բնակավայրերի լեռնային և բարձրլեռնային լինելու հանգամանքը։
Փոփոխությունն են կատարվել տեղական վճարների որոշ տեսակների հաշվարկման սկզբունքների, ըստ այդմ, դրույքաչափերի մեջ։ Մասնավորապես՝
ա/ գյուղական բնակավայրերում ջրմուղ–կոյուղու ծառայությունների մատուցումը սահմանվել է ըստ յուրաքանչյուր ընտանիքի շնչերի քանակի (ջրմուղ–կոյուղու ծառայությունները մատուցողը համայնքն է, նախորդող տարիներին ավագանու սահմանած դրույքաչափը ըստ ծավալի էր, մինչդեռ համայնքի կողմից ջրաչափերի տեղադրումը և ծախսված կամ հեռացված ջրի հաշվարկային մեծությունը որոշելը հնարավոր չէ իրագործել առանց ջրաչափի, որի հետևանքով ծառայությունը մատուցվում էր, սակայն դրա դիմաց գանձվելիք վճարի չափը որոշելու անհնարինությամբ պայմանավորված եկամուտ չի գանձվել։)
բ/ անասնաբույժի ծառայությունների դիմաց գանձվող վճարը սահմանվել է ըստ տնտեսությունների ունեցած անասնագլխաքանակի՝ անկախ այն հանգամանքից՝ անասունը բուժման կարիք ունի, թե՝ ոչ։(քանի որ բժշկական միջամտությունները հաճախ անհետաձգելի ու հրատապ են լինում, բժիշկը ծառայություն մատուցելը չի ուշացնում, բայց գյուղացին հաջորդիվ «թերանում է» վճարել՝ այդպիսով բյուջեի եկամտային մասում այս առումով եկամուտ չի գրանցվում):
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը և վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-ին հոդվածում: Հետևաբար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է տեղական ինքնակառավարման մարմնի սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների և սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթներից:
- Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Քանի որ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, իսկ տեղական վճարը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող՝ օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական տուրքերի և վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Քննարկվել է
14.12.2023 - 29.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան
Դիտումներ` 1734
Տպել