Հիշել նախագիծը

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-4-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ․

«1) լրատվական գործունեություն՝  հաղորդակցության ցանկացած միջոցով պարբերական հիմունքներով հասարակությանը հանրային նշանակության տեղեկատվություն ներկայացնելու նպատակով և խմբագրական պատասխանատվության կամ վերահսկողության ներքո իրականացվող գործունեություն.

 2) զանգվածային լրատվության միջոց (այսուհետ` լրատվության միջոց)` խմբագրական պատասխանատվության կամ վերահսկողության ներքո հասարակությանը պարբերական հիմունքներով հանրային նշանակության տեղեկատվություն ներկայացնելու նպատակով օգտագործվող ցանկացած հաղորդակցության միջոց․

 3) լրատվական գործունեություն իրականացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր, որի մասնագիտական գործունեությունն ուղղված է լրատվական գործունեության իրականացմանը, և որը խմբագրական պատասխանատվություն է կրում ներկայացվող տեղեկատվության բովանդակության համար, ինչպես նաև ունի որպես լրատվական գործունեություն իրականացնող գործելու մտադրություն:

Սույն կետի իմաստով որպես լրատվական գործունեություն իրականացնող գործելու մտադրության առկայությունը գնահատելիս կարող են հաշվի առնվել լրատվական գործունեություն իրականացնողին հատուկ աշխատանքային մեթոդների կիրառման, ինքնաճանաչման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագիտական էթիկայի կանոններին հետևելու հանգամանքները, ներառյալ` ինքնակարգավորման միջոցների առկայությունը,  այդ թվում՝ սույն օրենքով սահմանված կարգով ճանաչված ինքնակարգավորման միջոցի անդամակցելու կամ այդպիսի ինքնակարգավորման միջոց ունենալու հանգամանքները․

4) լրագրող` լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի համար մասնագիտական գործունեության կամ պարբերական հիմունքներով տեղեկատվության հավաքման և տարածման գործընթացում ներգրավված անձ.»,

2) լրացնել նոր՝ 6-9-րդ կետերով․

«6) հանրային իրազեկման միջոց տարածող՝ լրատվական գործունեություն իրականացնող անձ կամ լրագրող, որը անդամակցում է սույն օրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման միջոցի կամ ունի այդպիսի միջոց.

 7) էթիկայի կանոնագիր՝ լրատվական գործունեություն իրականացնողների, լրագրողների, մասնագիտացված կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից կամ նրանց մասնակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան կազմված փաստաթուղթ սեփական լրագրողական էթիկայի նորմերի վերաբերյալ (այդ թվում՝ լրագրողական էթիկայի կանոնանագիրք, վարքականոն, մասնագիտական էթիկայի կանոնագիրք և այլն)․»:

 8) ինքնակարգավորման միջոցներ՝  էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման նպատակով կամավոր կերպով ստեղծված ինքնակարգավորման մարմիններ (այդ թվում՝ մամուլի կամ մեդիա խորհուրդներ), լրատվական գործունեություն իրականացնողների ներքին ինքնակարգավորման մարմիններ (այդ թվում՝ ներքին կամ մեդիա օմբուդսմեններ).

9) ճանաչված ինքնակարգավորման միջոցներ՝ Մեդիա խորհրդի կողմից միջազգային չափանիշներին համապատասխանության հավաստում ստացած ինքնակարգավորման միջոցներ.»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում չորրորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ.

 «Սույն օրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման մարմնին անդամակցող կամ սույն օրենքին համապատասխան ճանաչված ներքին ինքնակարգավորման մարմին ունեցող լրատվական գործունեություն իրականացնողների լրագրողների հավատարմագրումն իրականացվում է առանց նախապայմանների։»։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր՝ 6.1-ին հոդվածով.

«Հոդված 6.1. Մեդիա խորհուրդը և ինքնակարգավորման միջոցների ճանաչումը

  1. Մեդիա խորհուրդը ինքնակարգավորման միջոցների կամավորության սկզբունքի վրա հիմնված միավորում հանդիսացող, լրատվամիջոցների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է:
  2. Մեդիա խորհուրդը իրականացնում է ինքնակարգավորման միջոցների ճանաչում ինքնակարգավորման մարմինների և էթիկայի կանոնագրերի` միջազգային չափանիշներին համապատասխանության հավաստման միջոցով:
  3. Մեդիա խորհուրդի կողմից վարվում է հանրային իրազեկման միջոց տարածողների հրապարակային ռեեստրը:

 

Հոդված 4.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև Մեդիա խորհրդի ձևավորումը.

  1) սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գրանցված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ վերջին 15 տարիների ընթացքում լրագրության ոլորտում իրավապաշտպան գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչների կողմից եռամսյա ժամկետում ձևավորում է ինքնակարգավորման միջոցների ճանաչման և Մեդիա խորհրդի ձևավորման հանձնաժողով (այսուհետ սույն մասում` Հանձնաժողով).

  2) Հանձնաժողովը ձևավորումից հետո՝ 6 ամսվա ընթացքում մշակում և հրապարակում է էթիկայի կանոնագրի օրինակելի դրույթները, ինքնակարգավորման միջոցների օրինակելի չափանիշներն ու պահանջները՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներիի հիման վրա.

  3) սույն մասի 2-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո Հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում ուսումնասիրում է Հայաստանում գործող ինքնակարգավորման միջոցների և էթիկայի կանոնագրերի համապատասխանությունը սահմանված չափանիշներին և պահանջներին, որոնց համապատասխանության հավաստման դեպքում համապատասխան միջոցի անդամակցող կամ ունեցող լրատվական գործունեություն իրականացնող անձը կամ լրագրողը համարվելու է  հանրային իրազեկման միջոց տարածող.

  4) սույն մասի 2-3-րդ կետերով սահմանված գործողությունները կատարելուց հետո` վեց ամսվա ընթացքում Հանձնաժողովը ձեռնարկում է Մեդիա խորհրդի ձևավորման համար բոլոր անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները, որի ձևավորման պահից Հանձնաժողովի գոծունեությունը դադարում է:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1087.1-ին 11-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․

 «3) հայցվորի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասը մեղմելու համար հայցվորի կողմից «Զանգվածային լրատվության մասին» oրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման միջոցներին դիմելու հանգամանքը։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 13-րդ մասը շարադրել նոր՝ խմբագրությամբ.

«13. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում։

  Այն դեպքում, երբ անձը դիմել է «Զանգվածային լրատվության մասին» oրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման միջոցին, ապա սահմանված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է դիմումի վերաբերյալ համապատասխան ինքնակարգավորման մարմնի որոշման ընդունումից կամ դիմումի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։

 Սույն մասով սահմանված հայցը կարող է դատարան ներկայացվել ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից ութ ամսվա ընթացքում:»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

  • Քննարկվել է

    29.11.2023 - 15.12.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3597

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

14.12.2023

- Կիրառել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների կազմավորման ընթացքում «Հավասարության խմբագիր» ինքնակարգավորող մեխանիզմի հաջողված փորձը։

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

14.12.2023

- Ներդնել Մեդիա խորհրդի գործառույթների մեջ նաև խրախուսման մեխանիզմներ գենդերային զգայուն քաղաքականություն իրականացնող ԶԼՄ-ների համար:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

14.12.2023

- Ամրագրել հստակ մեխանիզմներ, որոնց միջոցով Մեդիա խորհուրդը և ինքնակարգավորման մարմիններն արաձագանքնելու են հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող բողոքներին և մտահոգություններին գենդերային հավասարության սկզբունքի պահպանման և գենդերային խտրականության դրսևորումների վերաբերյալ։

Տեսնել ավելին