Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի (այսուհետ՝ Մեթոդիկա) 35-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն սակագնային կարգավորման ենթակա արտադրողները (ԿԷԱ կայանները)՝ այդ թվում ատոմային կայանը, Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (այսուհետ՝ ԷՄՇ) առևտրային կանոնների համաձայն ստանում են ՀՊԿԼ կարգավիճակ (միանում են հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի հաշվեկշռման խմբին՝ վերջինիս լիազորելով իր հաշվեկշռման պատասխանատվությունը) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ համաձայնեցված՝ էլեկտրակայանի պլանային նորոգման առաջին օրվան նախորդող 15-րդ օրվանից մինչև պլանային նորոգման վերջին օրվան հաջորդող 15-րդ օրն ընկած ժամանակահատվածի համար։

Համաձայն ԷՄՇ-ի 54.1 կետի՝  ԿԷԱ կայանները ՀՊԿԼ կարգավիճակի ժամանակահատվածում չեն կարող էլեկտրական էներգիա վաճառել Օր առաջ շուկայում, այլ կարող են միայն դրական անհաշվեկշռույթի դեպքում վճարվել հաշվեկշռման ծառայություն մատուցողի կողմից՝ այդ անհաշվեկշռույթի արդյունքում վերջինիս վաճառված լրացուցիչ էլեկտրական էներգիայի քանակության և Հանձնաժողովի կողմից սահմանած տվյալ ԿԷԱ կայանի էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով։

 

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ատոմային էլեկտրակայանի կանգառն իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի խիստ հրահանգավորմամբ և ատոմային էլեկտրակայանի պլանային նորոգմանը նախորդող 15 օրերի ընթացքում Օր առաջ շուկայում գործարքներ իրականացնելու հնարավորություն ընձեռելը չի պարունակում ռիսկեր էլեկտրաէներգետիկական համակարգի համար, ինչպես նաև Էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացմանը նպաստելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն իրականացնել Մեթոդիկայում, մասնավորապես էլեկտրակայանին ՀՊԿԼ կարգավիճակում գտնվելու ժամկետից հանել պլանային նորոգման առաջին օրվան նախորդող 15 օրը։

 

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն հնարավորություն կունենա մինչև պլանային նորոգման աշխատանքներն սկսելը էլեկտրական էներգիան վաճառել Օր առաջ շուկայում՝ նպաստելով էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացմանը և ապահովելով ատոմային կայանի արդյունավետ աշխատանքը։

 

 

 

  • Քննարկվել է

    27.11.2023 - 13.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1835

Տպել