Հիշել նախագիծը

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՒ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման պահանջներին և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցման անհրաժեշտությամբ։

 

  1. Առկա իրավիճակը

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի գործող խմբագրության համաձայն՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի կամ անդամի պաշտոն զբաղեցրած անձի` նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:

Սահմանադրական դատարանն իր դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման հիմքում դրել է դատավորների, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորների անկախության և դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարևորող սոցիալական ապահովության ոլորտին առնչվող մի շարք միջազգային իրավական չափորոշիչներ, որպեսզիք են՝

1) դատավորների անկախությանը համապատասխան թոշակը և թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձևով երաշխավորվեն օրենքով (Միավորված ազգերի կազմակերպության` հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելակերպի հիմնախնդիրներին նվիրված յոթերորդ կոնգրեսի կողմից 1985 թվականին ընդունված` Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներ, 11-րդ կետ),

2) լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքով կենսաթոշակի անցած դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը հնարավորինս մոտ լինի որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին («Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիա, 6.4-րդ կետ),

3) դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ (Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ Rec (2010)12 հանձնարարական, 54-րդ կետ),

4) կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով (Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված` «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիա, 7-րդ կետ)։

Այսինքն, վերոնշյալ իրավական ակտերում կենսաթոշակի չափի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներից (կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ պետք է լինի որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին, կենսաթոշակի չափը պետք է աշխատավարձի հետ գտնվի ողջամիտ հարաբերակցության մեջ) բխում է, որ դատավորի կենսաթոշակի իրավունքի իրացման առանձնահատկությունները սահմանելիս պետությունն ինքնուրույն է որոշում կենսաթոշակի չափը։

Սակայն, կենսաթոշակի իրավունքի իրացման տարբեր պայմաններ են սահմանված հատկապես Սահմանադրական դատարանի այն դատավորների համար, որոնք նշանակվել են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը՝ այսինքն մինչև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, ինչը պայմանավորված է հետևյալով.

Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված, այնուհետև՝ 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը և Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետի կրճատման արդյունքում 12-ամյա ժամկետն ավարտած կամ պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակային գումարների համաչափությունը չի պահպանվել։

Այսպես, եթե մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված Սահմանադրական դատարանի անդամին (դատավորի) տրվում էր կենսաթոշակ՝ Սահմանադրական դատարանի անդամի՝ իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի 75 տոկոսի չափով («Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի օրենքի 12-րդ հոդված, մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը խմբագրված տարբերակ)։

Միաժամանակ, նույն ժամանակաշրջանի համար Սահմանադրական դատարանի դատավորին վճարվում էր հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի առաջին 5 տարիների համար՝ յուրաքանչյուր տարի 2-ական տոկոսի (ընդամենը 10 տոկոս), իսկ 6-րդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ 5-ական տոկոսի չափով (2007 թվականի փոտրվարի 21-ի ՀՀ դատական օրենսգիրք, հոդվ. 75):

Այնուհետև, օրենսդրական հետագա փոփոխությունների արդյունքում, «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի օրենքի (2014 թվականի հուլիսի 1-ը խմբագրված տարբերակով) 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվեց, որ՝

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձին (․․,) իր լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվում է կենսաթոշակ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: (․․․) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած (․․,) լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է սահմանադրական դատարանի անդամի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: (․․,) Եթե սույն պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով:»:

Միաժամանակ, նույն 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ դատական օրենսգրքով սահմանվեց հավելավճար՝ յուրաքանչյուր տարվա համար՝ 5 տոկոսի փոխարեն 2 տոկոսի չափով, այն դեպքում, երբ նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում էր, որ դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները չեն կարող պակասեցվել նրա պաշտոնավարման ընթացքում։

 

Այսինքն, 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետի կրճատման արդյունքում 12-ամյա ժամկետի պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի 2 դատավորների համար, որոնք նշանակվել են 2010 թվականի դեկտեմբերի 9-ին, 2022 թվականի դեկտեմբերի 10-ին լիազորությունների ժամկետի  ավարտման հիմքով կենսաթոշակի չափի հաշվարկման հիմքում դրվում է 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աշխատավարձի չափը, այն դեպքում, որ հետագա 2014-2022 թթ․ ընթացքում հավելավճարի ու պաշտոնային դրույքաչափերը փոփոխվել են։

Առաջարկվող փոփոխությամբ Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավորի կենսաթոշակը մոտենում է (սակայն չի հավասարվում) մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կենսաթոշակավորված դատավորների թոշակին, ինչով ապահովվում է Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ (անկախ կենսաթոշակի անցնելու պահից) հավասար վերաբերմունքը:

Բացի այդ, Սահմանադրության 2020 թվականի փոփոխությամբ Սահմանադրական դատարանում ամբողջությամբ հավասարեցվել են դատավորների կարգավիճակները, սակայն դրանց կենսաթոշակային ապահովման անհամաչափությունն դարձյալ պահպանվելու է հատկապես Սահմանադրության այդ փոփոխությամբ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի կրճատման արդյունքում 2022 թվականի դեկտեմբերի 10-ին պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի 2 դատավորների համար վճարվելիք կենսաթոշակի չափը մի քանի հարյուր հազար դրամով պակաս է նշանակվելու, քան 20 օր հետո՝ այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակի իրավունք իրացնող դատավորներին։

 

  1. Նախագծերի նպատակը և ակնկալվող արդյունքը

Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը, այն է՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը պետք է հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով, նպատակ ունի օրենքը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշմամբ արձանագրված պահանջներին և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին (կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ պետք է լինի որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին, կենսաթոշակի չափը պետք է աշխատավարձի հետ գտնվի ողջամիտ հարաբերակցության մեջ):

Նախագծով նախատեսվում է նաև հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է Սահմանադրական դատարանի երկու պաշտոնաթող դատավորի (նաև կենսաթոշակի չափի վերահաշվարկ կատարելով) և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով լիազորությունների դադարման դեպքում Սահմանադրական դատարանի մեկ գործող դատավորի վրա: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն վերոնշյալ երեք պաշտոնատար անձինք են 2014 թվականի հուլիսի 1-ի՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակված եղել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանի միայն պաշտոնաթող երկու դատավորի և մեկ գործող դատավորի կենսաթոշակի չափն էականորեն նվազ է լինելու Սահմանադրական դատարանի պաշտոնաթող մյուս դատավորների և գործող դատավորների (ապագա) կենսաթոշակի չափից:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:   

 

  1. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

          Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծերի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման 10,507,719 ՀՀ դրամի չափով։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:

 

  • Քննարկվել է

    24.11.2023 - 10.12.2023

  • Տեսակ

    Սահմանադրական օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սոցիալական ապահովություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2594

Տպել