««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը
Նախագծի ընդունումը պայմանավորված է կատարողական վարույթի շրջանակներում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների նախատեսման, ինչպես նաև կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից:
- Առկա իրավիճակը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի ներկայիս կարգավորմամբ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածվում է միայն եթե վերջինս չունի սեփականության իրավունքով պատկանող գույք (բացառությամբ մինչև 200․000 ՀՀ դրամ բռնագանձման ենթակա պահանջների) կամ կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ: Այսինքն, 200․000 ՀՀ դրամը գերազանցող պահանջների դեպքում պարտապանի գույքը ենթակա է բռնագանձման (այդ թվում՝ հարկադիր իրացման) նույնիսկ այն դեպքերում, երբ պարտապանն ունի բավարար չափով եկամուտ՝ պահանջը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու համար։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով, ըստ էության, նախատեսվում է հնարավորություն, անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձումը նախ տարածել վերջինիս եկամուտների վրա, օրինակ, եթե չկան բռնագանձման ենթակա դրամական միջոցներ, և պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար։
Նշված կարգավորումը, չանտեսելով կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման կարևորությունը, լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտապանության համար, քանի որ եկամուտների վրա բռնագանձում տարածելն արդեն իսկ հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար։
Այսպես, նախագծով առաջարկվում է, որ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանի բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, քանի որ ներկայումս պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն, որոշ դեպքերում նաև յոթանասունհինգ, արդյունքում՝ պարտապանը կարող է զրկվել կենսաապահովման նվազագույն միջոցներից։ Ուստի, Նախագծով առաջարկվող կարգավորումը լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական երաշխիքների ապահովման բնագավառում։
Միաժամանակ, կարևորելով պահանջատիրոջ օրինական շահերը՝ Նախագծով սահմանվել է, որ պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելը հիմք չէ պարտապանի գույքի վրա արգելանքներ չկիրառելու կամ կիրառված արգելանքները վերացնելու համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից:
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետով սահմանված՝ կատարողական վարույթի արդյունավետության բարձրացման միջոցառման իրականացմամբ։
-
Քննարկվել է
21.11.2023 - 06.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2277
Տպել