Լրամշակման փուլում է
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱՀՎԼԿ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ հաստատուն և շարժական լցավորման կայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:
Ներկայումս Կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտ գոյություն չունի, որը կկարգավորի բենզալցակայանների և ավտոցիստեռների անվտանգ շահագործման և կառուցման հետ կապված հարաբերությունները, ինչը ոչ հավասար պայմաններ է ստեղծել շուկայում՝ բենզալցակայանների տեղակայման և շահագործման ոլորտում:
Բացի անհավասար պայմանների առկայությունից, առկա է նաև բենզալցակայանների ու ավտոցիստեռների կամայական շահագործումից բխող տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի առաջացման վտանգ:
Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ա. Հակոբյանի առաջարկության հիման վրա մշակվել են սույն կանոնները՝ բենզալցակայանների և ավտոցիստեռների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով:
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերության՝ Կառավարությանը վերապահվել է իրավազորող նորմ՝ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունելու տեխնիկական անվտանգության կանոններ, նորմեր և հրահանգներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բենզալցակայանների և ավտոցիստեռների շահագործման հետ կապված տեխնիկական անվտանգության նորմերը բացակայում են՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ահվլկ) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը
«Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի բենզալցակայանների և ավտոցիստեռների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովմանը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
16.11.2023 - 01.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2283
Տպել