Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարինե Գրիգորյան 29.10.2023 00:13:50 | ԱՆՁՆԱԿԱՆՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ։ 5) կամայական միջամտության անթույլատրելիությունը, 1. կետի մեջ խմբագրել հետևյան բովանդակությամբ։ «Անձնականօգնականի ծառայությունը, այդ թվում` անձնական օգնականի ընտրությունը, վերապատրաստումը և վերահսկումը իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի, իսկ վերջինիս կամքը և ցանկությունը բացահայտելու անհնարինության դեպքում` օրինական ներկայացուցչի համաձայնությամբ»: Սույն ձևակերպումը համահունչ է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեի 5րդ ընդհանուր մեկնաբանությանը, ըստ որի, «• Հաշմանդամություն ունեցող անձը վերահսկում է ծառայությունը: Նրանք կարող են կամ պայմանագիր կնքել տարբեր կազմակերպությունների հետ, կամ իրենք հանդես գալ որպես գործատու: Նրանք ազատություն ունեն ձևավորելու ծառայությունը, որոշելու, թե ինչպես, երբ, որտեղ և ինչ ձևով է այն մատուցվում, և հրահանգներ տալ ծառայություններ մատուցողներին: • Հաշմանդամություն ունեցող անձն է ընտրում անձնական օգնականին, վերապարտաստում և վերահսկում աշխատանքը: Օգնականը չի կարող ծառայություն մատուցել նաև այլ մարդու, եթե հաշմանդամություն ունեցող անձը համաձայն չէ։» | Առաջարկը չի ընդունվել։ Ծառայության ֆինանսավորումը շահառուին անհատապես փոխանցելը ռիսկեր է պարունակում՝ այն կարող է նպատակային չօգտագործվել։ Հարցը կարող է կարգավորվել 2025թվականից, երբ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կներդրվեն պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների տրամադրման մեխանիզմները։Անձնական օգնականն, ըստ նախագծի, ծառայություն է մատուցում միայն մեկ շահառուի: Ինչ վերաբերում է անձնական օգնականին վերահսկելուն, ապա այդ գործընթացը նույնպես կանոնակարգված է որոշման նախագծով՝ շահառուն լիարժեք իրավունք ունի ընտրելու անձնական օգնական, գնահատելու վերջինիս աշխատանքը, լրացնելու իր գոհունակության թերթիկը, ինչպես նաև, ցանկացած պահի, հրաժարվել անձնական օգնականի ծառայությունից: | |
2 | Կարինե Գրիգորյան 29.10.2023 00:27:19 | «բ. ընտանիքի աշխատունակ տարիքի անդամներն աշխատում են, կամ՝ գրավոր հավաստիացնում է, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում պարտադիր սովորելու կամ աշխատելու է (այս փաստը ստուգվում է ծառայության երրորդ ամսվա վերջում՝ մշտադիտարկման ժամանակ).» համահունչ չէ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄՍԿ-ի կոմիտիեի 5--րդ ընդհանուր մեկնաբանությանը, քանի որ հնարավորություն չի տալիս հա՛մանդամություն ունեցող անձին ընտրել իր անձնական օգնականին և ստիպված օգտվելի է ընտանիքի անդամների ծառայություններից։ Բացի այդ ընտանիքի անդամները կարող են չգրացված աշխատանք ունենալ, օրինակ` զբաղվել գյուղատնտեսությամբ։ | Առաջարկն ընդունվել է: Նախագծից հանվել է շահառուի ընտանիքի անդամի աշխատելու պայմանը: | |
3 | Կարինե Գրիգորյան 29.10.2023 00:32:25 | « հաշմանդամություն ունեցող անձի ամսական եկամուտը չի գերազանցում օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկը (հաշվի առնելով հաշմանդամության նպաստի և աշխատավարձի հանրագումարը» ձևակերպումը թերի է։ Պետք է հաշվի առնել ընտանեկան իրավիճակը ր ընտանեկան եկամտի չափը։ Այստեղ պետք է հատուկ բանաձև կիրառել, եկամտի գերազանցելու դեպքում անձնական օգնականի ծառայության որոշ մասը վճարվի պետության, իսկ մնացածը ծառայությունը ստացողի կողմից։ | Առաջարկն ընդունվել է: Նախագծից հանվել է այդ սահմանափակումը: | |
4 | Կարինե Գրիգորյան 29.10.2023 14:48:50 | «Սույն հավելվածի 20-րդ կետում նշված տեղեկատվության առկայությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՄՍԾ-ի, հաշմանդամություն ունեցող անձի և ընտրված անձնական օգնականի հետ կնքվում է անձնական օգնականի ծառայության մատուցման եռակողմ պայմանագիր՝ համաձայն ձև N 2-ի» պետք է խմբագրվի։ Պայմանագիրը պետք է լինի երկկողմ հաշմանդամություն ունեցող անձի և անձնական օգնականի միջև։ Սա բխում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեի 5-րդ ընդհանուր մեկնաբանությունից, ըստ որի, • «Հաշմանդամություն ունեցող անձը վերահսկում է ծառայությունը: Նրանք կարող են կամ պայմանագիր կնքել տարբեր կազմակերպությունների հետ, կամ իրենք հանդես գալ որպես գործատու: Նրանք ազատություն ունեն ձևավորելու ծառայությունը, որոշելու, թե ինչպես, երբ, որտեղ և ինչ ձևով է այն մատուցվում, և հրահանգներ տալ ծառայություններ մատուցողներին»: | Առաջարկը չի ընդունվել: Ըստ նախագծի, պայմանագիրը կնքվում է եռակողմ, քանի որ ՄՍԾ-ն հանդիսանում է անձնական օգնականի ծառայության գործընթացը կազմակերպողը: Ինչ վերաբերում է վերահսկմանը, ապա այդ գործառույթը շահառուն իրականացնում է ծառայության որակի նկատմամբ իր գոհունակությունը արտահայտող թերթիկի լրացման միջոցով, ինչպես նաև նա կարող է, համաձայն պայմանագրի, հրաժարվել անձնական օգնականի ծառայությունից, եթե վերջինս չի կատարում պայմանագրով սահմանված իր պարտականությունները: | |
5 | Կարինե Գրիգորյան 29.10.2023 15:17:00 | Նախագծում ավելացնել բաժին, որտեղ հստակ կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմերպությունների դերը անձնական օգնականի ծառայության տրամադրման գործընթացին աջակցելու գործում։ Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց հզորմացում, նրանց հմտությունների զարգացում` անձնական օգնականի նկատմամբ որպես գործատու հանդես գալու և անձնական օգնականի տրամադրած ծառայությունները մշտադիտարկելու նպատակով։ Սա համահունչ կլինի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեի 5-րդ ընդհանուր մեկնաաբնությանը, ըստ որի « պետք է ռեսուրսներ հատկացնել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց կողմից ղեկավարվող աջակցության ծառայությունների ձևավորման, օրինակ` անձնական օգնականի, ուղեկցորդների, ընթերցողների և մասնագիտական ուսուցում անցած ժեստերի լեզվի և այլ թարգմանիչների համար» | Առաջարկությունն ընդունելի է մասամբ. Հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության վերապատրաստման գործընթացում կտրվի նախապատվություն, որը կամրագրվի նախարարի հրամանով: Նման դրույթ նպատակահարմար չէ ընդգրկել որոշման նախագծում, քանի որ դա ավելի շատ ներքին ընթացակարգի խնդիր է: Ծառայության ֆինանսավորումը շահառուին անհատապես փոխանցելը ռիսկեր է պարունակում՝ այն կարող է նպատակային չօգտագործվել։ Հարցը առաջարկին համապատասխան կարող է կարգավորվել 2025թվականից, երբ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կներդրվեն պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների տրամադրման մեխանիզմները։ | |
6 | Կարինե Գրիգորյան 01.11.2023 23:29:11 | Խմբագրել «սովորում կամ աշխատում է, կամ՝ գրավոր հավաստիացնում է, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում պարտադիր սովորելու կամ աշխատելու է (այս փաստը ստուգվում է ծառայության երրորդ ամսվա վերջում՝ մշտադիտարկման ժամանակ» կետը, այնպես, որ հաշվի առնվի ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթական գրոծընթացում ներգրավվածությունը։ | Առաջարկն ընդունվել է: Նախագծի 22-րդ կետի 1-ին կետի «ա» պարբերությունը խմբագրվել է: | |
7 | Կարինե Գրիգորյան 01.11.2023 23:33:04 | Ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձըiանձնական օգնականի ծառայությունից օգտվելու ամսական առավելագույն ժամանակը խմբագրել, դարձնել 150 ժամ, իսկ ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող անձինը՝ առավելագույնը 120 ժամ: | Առաջարկն ընդունվել է մասնակի: Քննարկման արդյունքում նախատեսվել է շահառուի ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում սահմանել ամսական 160 ժամ, իսկ ծանր և միջին աստիճանի սահմանափակման դեպքում՝ 100 ժամ: | |
8 | ՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ 31.10.2023 17:56:08 | Նախագծում կետ ավելացնել, որով կսահմանվի, որ տնից դուրս ուղեկցման ժամանակ անձնական օգնականի տրանսպորտի ծախսը փոխատուցվի։ Պետք է հաշվի առնել, որ ուղեկցման ընթացքում անձնական օգնականը չի կարող վճարել իր փոխարեն, իսկ ծառայություն ստացողի համար նշված ծախսերը կարող են չհամապատասխանել հնարավորություններին: Որպես լուծում հնարավոր է գնահատաման ժամանակ հաշվի առնել այդ անձի և այն վայրերի հեռավորությունները, որտեղ պարբերաբար պետք է այցելել՝ մասնավորապես դպրոց և աշխատանքի վայր և եթե գնահատման արդյունքում բացահայտվի, որ բնակության վայրի և այդ անձի ուսումնական հաստատության/աշխատանքի վայրի միջև եղած հեռավորությունը շատ մեծ է, միայն այդ դեպքում տրանսպորտային ծախսը փոխատուցվի։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Անձնական օգնականի ծառայության գործարկման այս փուլում, քննարկումների արդյունքում որոշվել է, որ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում չի տրվելու, սակայն 2025 թ-ի համար դիտարկվում է այդ նպատակով պետական բյուջեի հայտում ֆինանսական միջոցների նախատեսման հնարավորությունը: Այսինքն, համապատասխան հաշվարկները կկատարվեն և կդիտարկվեն ՄԺԾԾ 2025-2026թթ․հայտում։ | |
9 | ՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ 31.10.2023 17:59:56 | Նախագծում գրված է. «Ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձը անձնական օգնականի ծառայությունից կարող է օգտվել ամսական առավելագույնը 80 ժամ»: Առաջարկում ենք «80» թվի փոխարեն՝ գրել «160» թիվը: 80 ժամը, պարզապես, անբավարար է խորը աստիճանի հաշմանդամություն ունեցող անձի՝ անկախ կյանք վարելու համար և ավելի շատ խնդիրներ է առաջացնելու: Նման դեպքում գոնե շաբաթական կունենանք 40 ժամ, օչեկան մոտ 5 ժամ, մոտավոր։ Եվ իհարկե գնահատման արդյունքում անձը կարող է ավելի քիչ ժամերի կարիք ունենալ, սակայն այս թիվը սահմանենք, որպես առավելագույն ժամերի քանակ/շեմ։ Նախորդի դեպքում օրեկան մոտ 2,5 ժամ էր հաշվարկվում, որը շատ քիչ է, որպես առավելագույն թիվ։ | Առաջարկն ընդունվել է մասնակի: Նախագիծը խմբագրվել է: Անձնական օգնականի ծառայությունների ժամաքանակները ավելացվել են՝ շահառուի ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում սահմանվել է ամսական 140 ժամ, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում՝ 120 ժամ և միջին աստիճանի սահմանափակման դեպքում՝ 100 ժամ: | |
10 | ՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ 31.10.2023 18:02:23 | Նախագծի հիմնավորման մեջ գրված է. «քանի որ դեռևս հանրապետությունում չեն ներդրվել օրենքով նախատեսված Անկախ կյանքի կենտրոնները, հետևապես, անձնական օգնականի ծառայության կազմակերպումը, հաշմանդամություն ունեցող անձանց ուղղորդումը չէր կարող իրականացվել այդ մարմինների միջոցով, ուստի այդ գործառույթը նախագծով վերապահվել է ՄՍԾ-ին»: Նախագծի սկզբում նշել, որ պետությունը հանձնառու է հետագայում «Անձնական օգնականի ծառայությունը» պատվիրակել անկախ կյանքի կենտրոններին (այսուհետ՝ ԱԿԿ), ինչը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) ոգուց (21-րդ հոդված): | Առաջարկն ընդունվել է մասնակի: Նախագծի հիմնավորման մեջ կատարվել է լրացում, նշելով, որ անկախ կյանքի կենտրոնների (կամ անկախ կյանքի ապահովմանն ուղղված այլ ծառայությունների) ստեղծումից հետո կվերանյվեն ծառայության մատուցման ընթացակարգերը։ | |
11 | ՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ 31.10.2023 18:03:01 | Նախագծի 22. 1) գ. Ենթակետում «եռապատիկը» բառի փոխարեն՝ գրել «հնգապատիկը»: Հասկանալի է հաշմանդամություն ունեցող անձի եկամտի որոշակի շեմ սահմանելը, բայց ընդունելի չէ նման խիստ ցածր շեմը, քանի դեռ չի գործում անձնական օգնականի ծառայության համավճարով տրամադրման կարգ: | Առաջարկն ընդունվել է: Նախագծից հանվել է ընտանիքի եկամտի շեմի նկատմամբ պարտադիր պահանջ սահմանող դրույթը: | |
12 | ՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ 31.10.2023 18:07:44 | Անձնական օգնականի ծառայություն ստանալու իրավունք ունեն հաշմանդամություն ունեցող հետևյալ անձինք՝ բ. ընտանիքի աշխատունակ տարիքի անդամներն աշխատում են, կամ՝ գրավոր հավաստիացնում է, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում պարտադիր սովորելու կամ աշխատելու է (այս փաստը ստուգվում է ծառայության երորրդ ամսվա վերջում՝ մշտադիտարկման ժամանակ)։ Այս պայմանը չի նպաստում ՀՈՒԱ անկախ կյանքին և ընտանիքի անդամներից վերջիններիս կախվածության նվազմանը։ Վերջինիս անձական օգնական ունենալ չունենալը չպետք է կախված լինել ծնողների աշխատելու կամ սովորելու հանգամանքից։ Որոշ գյուղական համայնքներում մարդիկ զբաղվում են հողագործությամբ և չեն աշխատում, դա չպետք է պատճառ հանդիսանալ ՀՈՒԱ-ին անձնական օգնականի ծառայություն չստանալուն։ | Առաջարկն ընդունվել է: Նախագծից հանվել է ընտանիքի անդամի աշխատելու վերաբերյալ պարտադիր պահանջ սահմանելու դրույթը: | |
13 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Ընդհանուր դիտարկում - Նախագիծն ընդհանուր առմամբ չի համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանություններին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին ու 21-րդ հոդվածի պահանջներին։ Նախագծով առաջարկվող կարգավորումները նաև չեն բխում հաշմանդամություն ունեցող հայաստանցիների իրական կարիքներից։ | Դիտարկումն ընդունելի չէ։ | |
14 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Նախագծի հիմնավորումներում նշված է, որ «որոշման ընդունումից հետո, հանրապետությունում փորձարկվել է անձնական օգնականի ծառայության ներդրման պիլոտ ծրագիրը և դրա արդյունքների վերլուծության ժամանակ, վեր են հանվել խնդիրներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնք և հիմք են հանդիսացել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար»։ Մեր համոզմամբ՝ պնդումը չի համապատասխանում իրականությանը մի քանի պատճառներով։ Նախևառաջ քանի որ պիլոտային ծրագրի ծառայությունների մատուցման փուլն ամբողջ ծավալով չի իրականացվել, ուստի անհրաժեշտ տվյալները դեռևս չեն ստացվել, հետևաբար նաև չէին կարող վերլուծվել։ Առաջարկում ենք հիմնավորումներում հստակորեն նշել այդ հանգամանքը։ | Առաջարկն ընդունվել է։ Հիմնավորումը խմբագրվել է։ | |
15 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Անհրաժեշտ է պարզաբանել հիմնավորումներում նշված «Միաժամանակ, քանի որ դեռևս հանրապետությունում չեն ներդրվել օրենքով նախատեսված Անկախ կյանքի կենտրոնները» նախադասությունը։ Արդյոք նախարարությունը չի՞ ճանաչում գործող անկախ կյանքի կենտրոնները որպես այդպիսին, և ո՞րն է այդ մոտեցման իրավական հիմնավորումը։ | Առաջարկը չի ընդունվել: Նախագծի ընթացակարգերով անձնական օգնականի ծառայությունը դեռևս չի դիտարկվում անկախ կյանքի կենտրոնների կողմից իրականացվող ծառայություն։ Ներկայումս վերանայվում է նաև սոցիալական ծառայությունների հավաստագրման կարգը սահմանող իրավական ակտը։ Այդ շրջանակում, երբ կլինեն անձնական օգնականի կամ անկախ կյանքի ապահովման ծառայությունների մասով հավաստագրված կազմակերպություններ, կդիտարկվի նաև նրանց կողմից ծառայությունների մատուցման հարցը։ Ինչ վերաբերում է վերապատրաստումներին, ապա ծառայությունից օգտվողների համար այդպիսիք չեն նախատեսվել։ Անձնական օգնականի ծառայությունից օգտվելը շահառուի գիտակցված որոշումն է, բացի այդ պայմանագրում նշված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Իսկ անձնական օգնականների պարտադիր վերապատրաստված լինելու պահանջը ներառված է նախագծում: | |
16 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Հրապարակված նախագծում համարակալումը խախտված է, ուստի առաջարկները ներկայացվում են այն համարակալմամբ, ինչ հրապարակվել է e-draft.am-ում (.docx տարբերակում)։ | Առաջարկն ընդունվել է: Նախագծի կետերի համարակալումը շտկվել է: | |
17 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Հավելվածի 10-րդ մասը, այն է՝ «Անձնական օգնականի ծառայությունն իրականացնելիս հաշմանդամություն ունեցող անձը (նրա օրինական ներկայացուցիչը) մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձի հետ կապված ցանկացած որոշման կայացմանը» անհրաժեշտ է վերաշարադրել, քանի որ անհասկանալի է և, ենթադրաբար, կրկնում է դրա նախորդ մասի բովանդակությունը։ | Առաջարկն ընդունվել է: Նախագծի նշված կետը խմբագրվել է: | |
18 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս և գործունակ անձ, ով ունի անձնական օգնականի ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետումը հավաստող վկայական (այսուհետ՝ վկայական)»։ Անհրաժեշտ է խուսափել բացառապես որակավորված (վերապատրաստված) անձնական օգնականների վրա հիմնված համակարգ ունենալուց, ինչն ուղղակի հակասության մեջ է անձի ընտրության և ինքնորոշման սկզբունքների հետ։ | Առաջարկը չի ընդունվել: Վերապատրաստումը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձին ծառայություններ մատուցելու համար համապատասխան հմտությունների, տարրական գիտելիքների, էթիկայի կանոնների ուսուցում։ | |
19 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Հավելվածից հանվել է, որ անձնական օգնական կարող են լինել նաև ընտանիքի անդամները, սակայն չի ավելացվել հակառակը սահմանող դրույթ։ Միաժամանակ նախարարությունն արդեն հրապարակային գրառմամբ վերապատրաստումների նոր փուլի համար ընտանիքի անդամ չհանդիսանալը հայտարարել է որպես պարտադիր պայման։ Ենթադրելով, որ նախարարության մտադրությունն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամները չհանդիսանան անձնական օգնական, գտնում ենք, որ դա սկզբունքորեն հակասում է կոնվենցիայի պահանջներին և խախտում է անձի ընտրության իրավունքը։ Ընտանիքի անդամին անձնական օգնական ընտրելու հնարավորությունը տրված է ավելի քան քսան երկրում, ինչը համապատասխանում է կոնվենցիայի պահանջերին և հաշմանդամություն ունեցող անձանց իրական կարիքներին։ | Առաջարկն ընդունվել է մասնակի: Առաջարկն արտացոլված է Նախագծի հավելվածի 23-րդ կետում։ Գտնում ենք, որ ձևակերպումը սկզբունքորեն չի հակասում Կոնվենցիայի պահանջներին։ | |
20 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Հավելվածի 17-րդ մասի համաձայն՝ «Մինչև անձնական օգնականի ծառայության էլեկտրոնային համակարգի ներդնումը, անձնական օգնականների հաշվառումն իրականացնում է Միասնական սոցիալական ծառայությունը»։ Անորոշ է մնում, թե ո՞ր կառույցն է կազմակերպելու ծառայությունների տրամադրումը էլեկտրոնային համակարգի ներդնումից հետո։ Երկրորդ, անձնական օգնականի ծառայության գաղափարական հիմքում ընկած է նաև հավասարը հավասարին աջակցության տրամաբանությունը, այդ պատճառով էլ դրանք համակարգվում են անկախ կյանքի կենտրոնների կողմից։ Առաջարկում ենք բացառել Միասնական սոցիալական ծառայության կողմից աշխատանքների համակարգումը և կատարել անկախ կյանքի կենտրոնների ցանցի ընդլայնման հանձնառությունը, որն ամրագրված է տարբեր իրավական ակտերով։ Նույն տրամաբանությամբ պետք է քննարկել նաև «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ներգրավվածությունը՝ նաև հաշվի առնելով պիլոտային ծրագրի շրջանակներում գրանցված արդյունքները, մասնակիցների հետադարձ կապը ու մշակված նյութերի անհամապատասխանությունը մարդու իրավունքների սկզբունքներին։ | Առաջարկը ի ընդունվել: Նախագծի ընթացակարգերով անձնական օգնականի ծառայությունը դեռևս չի դիտարկվում անկախ կյանքի կենտրոնների կողմից իրականացվող ծառայություն։ Ներկայումս վերանայվում է նաև սոցիալական ծառայությունների հավաստագրման կարգը սահմանող իրավական ակտը։ Այդ շրջանակում, երբ կլինեն անձնական օգնականի կամ անկախ կյանքի ապահովման ծառայությունների մասով հավաստագրված կազմակերպություններ, կդիտարկվի նաև նրանց կողմից ծառայությունների մատուցման հարցը։ Ինչ վերաբերում է վերապատրաստումներին, ապա ծառայությունից օգտվողների համար այդպիսիք չեն նախատեսվել։ Անձնական օգնականի ծառայությունից օգտվելը շահառուի գիտակցված որոշումն է, բացի այդ պայմանագրում նշված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Իսկ անձնական օգնականների պարտադիր վերապատրաստված լինելու պահանջը ներառված է նախագծում: «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված վերապատրաստումների գործընթացը ևս կրել է պիլոտային բնույթ։ Ներկա դրությամբ լրամշակվել են դասընթացների մոդուլները, վերանայվել են ծրագրերը։ Նախատեսվում է վերապատրաստման դասընթացներին որպես վերապատրաստող ներգրավել նաև հաշմանդամություն ունեցող անձանց։ | |
21 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Հավելվածի 19-րդ մասի համաձայն՝ անձնական օգնական չի կարող լինել անձը, որն ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 811-Ն որոշումներով հաստատված ցանկերում ներառված հիվանդություններից որևէ մեկը։ Այս իրավական ակտերը նախևառաջ կարգավորում են այլ հարցեր, որոնք ուղղակի կապ չունեն անձնական օգնականի ծառայության հետ և, հետևաբար, չեն կարող կիրառելի համարվել անձնական օգնականների համար։ Երկրորդ, այս ցանկերը հնացած են և չեն արտահայտում ժամանակակից մարդու իրավունքների մոտեցումները։ Դրանք չափազանց խտրական են անհատների նկատմամբ, քանի որ սահմանափակում են այս կամ այն իրավունքը մեկ ընդհանուր և հաճախ անորոշ բժշկական ձևակերպմամբ՝ առանց հաշվի առնելու անհատի կարողությունները, ռեսուրսները և այլ գործոններ։ | Առաջարկը չի ընդունվել։ Նշվածները գործող իրավական ակտեր են։ | |
22 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Հավելվածի 26-րդ մասը սահմանում է, որ անձնական օգնականի իրավունք ունեն հենաշարժական, տեսողության և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք։ Այս առումով անհրաժեշտ է նկատել, որ անձի ֆունկցիոնալության գնահատման բարեփոխումների ակնկալվող արդյունքներից էր նաև անհատականացված ծառայությունների համակարգի ձևավորումը։ Մինչդեռ այս խմբային մոտեցմամբ (հաշմանդամության խմբերի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններն օգտագործելը) էական տարբերություն բարեփոխման արդյունքների տեսանկյունից հնարավոր չէ արձանագրել։ Այս ծառայության հիմքում պետք է դրվեն անհատական գնահատման արդյունքները։ Նաև անհրաժեշտ է ընդգրկել հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խմբերին, այդ թվում՝ քրոնիկ խնդիրներ ունեցող անձանց։ | Առաջարկը չի ընդունվել։ Շահառուների թիրախն ընտրվել է՝ հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունը։ Հետագայում այն կարող է վերանայվել։ Բացի այդ, գնահատումը կատարվելու է անհատական մակարդակով, ֆունկցիոնալության գնահատման ժամանակ, բազմամասնագիտական թիմի կողմից։ | |
23 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Հավելվածի 26-րդ մասի սահմանում է, որ անձնական օգնականի ծառայությունից օգտվող հաշմանդամություն ունեցող անձը պետք է լինի 15 տարին լրացած։ Տարիքային սահմանափակումը հավելյալ հիմնավորուների կարիք ունի, այդ թվում՝ թե ինչու 15, այլ ոչ 12, 14 կամ 16: Անհրաժեշտ է երաշխավորել, որ հաշմանդամություն ունեցող բոլոր չափահասները և երեխաներն՝ անկախ իրենց տարիքից և հաշմանդամությունից, ստանան մարդկային աջակցության այս ծառայությունը, եթե անհատական գնահատմամբ բացահայտվել է այդ կարիքը։ | Առաջարկը չի ընդունվել: 15 տարեկանը ընտրվել է այն նկատառումով, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ մասը չի կարողանում ուսումը շարունակել օրինակ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում, քոլեջում, և կարիք կա անձնական աջակցություն ցուցաբերելու խոչընդոտները հաղթահարելու համար։ Բացի այդ, հաշվի է առնվել պետական բյուջեի հնարավորությունը։ Հետագայում այն կարող է վերանայվել։ | |
24 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Հավելվածի 26-րդ մասի 1-ին կետի ա. ենթակետը սահմանում է, որ անձնական օգնականի ծառայությունից օգտվելու համար հաշմանդամություն ունեցող անձը պետք է սովորի կամ աշխատի կամ հավաստիացնի, որ պատրաստվում է սովորել կամ աշխատել։ Անձնական օգնականի ծառայությունը զբաղվածության կամ կրթության խթանման ծրագիր չէ։ Այն տրվում է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձն ունի մարդկային աջակցության բարձր կարիք և անկախ ապրելու իրավունք։ Այն ուղղակիորեն կապելն աշխատելու կամ կրթություն ստանալու հետ խախտում է ծառայության տրամաբանությունը։ Աշխատելու կամ առաջիկա երեք ամսվա ընթացքում աշխատելու հավաստիացման մոտեցումը չի արտացոլում նաև այն իրականությունը, որում մենք ապրում ենք։ Այդ ամենում համոզվելու համար անհրաժեշտ է պարզապես նայել աշխատանք փնտրողների, հարմար աշխատանքի առաջարկ ստանալու սպասման տևողությունը և հաշմանդամություն ունեցող անձանց (հատկապես այն խմբերի, որոնք ընտրվել են ծառայության տրամադրման համար) թիվը, ովքեր երբևէ ստացել են հարմար աշխատանքի առաջարկ։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Շահառուների թիրախն ընտրվել է՝ հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունը։ Հետագայում այն կարող է վերանայվել։ | |
25 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 | Հավելվածի 26-րդ մասի 1-ին կետի բ. ենթակետը որպես պահանջ է սահմանում ընտանիքի աշխատունակ տարիքի անդամների աշխատելու հանգամանքը կամ աշխատելու կամ սովորելու հավաստիացումը։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչու է մի դեպքում կարևոր աշխատելու հանգամանքը, մյուս դեպքում՝ աշխատել կամ սովորել պատրաստվելու հավաստիացումը։ Նաև պետք է հստակեցնել «աշխատունակ տարիք» եզրը։ | Առաջարկն ընդունվել է: Նախագծից ընդհանրապես հանվել է շահառուի ընտանիքի անդամի աշխատելու վերաբերյալ պարտադիր պահանջը:«աշխատունակ տարիք» եզրույթը խմբագրման արդյունքում նախագծում այլևս չի կիրառվում։ |