ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հանրային առողջապահության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է կառավարելի վարակիչ հիվանդությունների արմատական վերացում, նվազեցում, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելում: Իմունականխարգելման ոլորտում վերջին տարիներին հանրապետությունում իրականացվող քաղաքականությունը համապատաuխանեցվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներին և չափանիշներին:
Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ընդունել է Պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստանյութերի ներդրման ռազմավարություն: Ի սկզբանե Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2129-Ն որոշմամբ նախատեսվում էր ապահովել Պատվաստումների ազգային օրացույցում 2022 թվականից ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրումը: Սակայն, նոր պատվաստանյութերի ներդրումը, բացի պատվաստանյութերի ձեռքբերման խնդիրներից, պահանջում է նաև բնակչությանն ուղղված սոցիալական մոբիլիզացման, բուժաշխատողների վերապատրաստման, ծրագրի կառավարման, ինչպես նաև սառցային շղթայի նոր սարքավորումների ներդրման նշանակալի նախապատրաստական աշխատանքներ: Սակայն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, դիտվել է առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն, որի պայմաններում հնարավոր չէր լիարժեք իրականացնել ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Ուստի, ՀՀ կառավարության 29.12.22թ. N 2063-Ն որոշմամբ ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման ժամկետը փոփոխվել է և նախատեսվում է ներդրումն իրականացնել 2024 թվականից:
Ներկայում, Պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրման ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ, մասնավորապես՝ համաձայն Առողջապահության նախարարի 2023 թվականի մարտի 01-ի թիվ 970-Ա հրամանով հաստատվել է «Ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման նախապատրաստական միջոցառումների ցանկը»:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված արտակարգ իրավիճակն ավարտվել է, դադարեցվել են սահմանափակման միջոցառումները, քանի որ երկրագնդի բնակչության մեծամասնությունը (90%) ձեռք է բերել հետվարակային, հետպատվաստումային և հիբրիդային անընկալություն (հետվարակային և հետպատվաստումային), բայց համավարակը դեռ շարունակվում է: Շարունակվում է նաև COVID-19 վիրուսի մուտացիոն գործընթացը, որի արդյունքում բարձրանում է ռիսկի խմբերում հիվանդության ծանր ձևերի ու մահվան դեպքերի առաջացման հավանականությունը։ Այս համատեքստում ԱՀԿ-ն առաջարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման նոր ճանապարհային քարտեզ, մասնավորապես՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առաջնահերթության, COVID-19 պատվաստանյութերի գլոբալ ազդեցության օպտիմալացված մոտեցումներով՝ հիմնված հանրային առողջության նպատակների, գլոբալ և ազգային հավասարության, պատվաստանյութերի հասանելիության և ընդգրկվածության սցենարների վրա: Ուստի անհրաժեշտություն է առաջացել COVID-19-ի դեմ պատվաստումները ներառել Պատվաստումների ազգային օրացույցում՝ ռիսկի խմբերի շրջանում: Հանրապետությունում կիրառվող COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ձեռք են բերվել ինչպես պետության կողմից, այնպես էլ ստացվել են որպես նվիրատվություն: Հարկ է նշել, որ Պատվաստումների ազգային օրացույցի սույն փոփոխությունը շրջանառության մեջ է դրվել ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր) հաստատումից հետո: Հիմք ընդունելով վերոհիշյալը, նախատեսվում է փոփոխություններ իրականացնել 2024 թվականի բյուջետային հայտում: Հարկ է նշել, որ լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: Միաժամանակ, 2024 թվականի համար նախատեսվում է նաև բանակցություններ վարել միջազգային համագործակցության շրջանակներում՝ ստանալու որպես նվիրատվություն COVID-19-ի դեմ 10000 դեղաչափ պատվաստանյութ, երկար պիտանելիության ժամկետով:
Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութերի պաշտոնական դիրքորոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որը հրապարակվել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին: Վերջինս փոխարինում է 2012 թվականին հրապարակված ԱՀԿ-ի վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութերի պաշտոնական դիրքորոշմանը: Հարկ է նշել, որ հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութերի ԱՀԿ-ի առաջին պաշտոնական դիրքորոշումը հրապարակվել է 2000թ., որից հետո մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել հեպատիտ Ա-ի վիրուսով վարակվածության, համաճարակաբանության գործընթացներում և առանձնահատկություններում, ի հայտ են եկել նոր ապացույցներ հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութերի հանրային առողջության վրա ազդեցության, օգուտների և երկարաժամկետ պաշտպանություն առաջացնելու ներուժի վերաբերյալ: Հիմք ընդունելով վերոհիշյալը, ԱՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը պարբերաբար թարմացվում է: Համաձայն, ԱՀԿ-ի վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութերի 2022 թվականի հոկտեմբերի 7-ին հրապարակված պաշտոնական դիրքորոշման, երեխաների շրջանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ ինակտիվացված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել մեկ կամ երկու դեղաչափ սխեմայով: Պատվաստանյութի արդյունավետության, հակամարմինների կայունության և երկարաժամկետ պաշտպանության մոդելավորման վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ մեկ դեղաչափ սխեման երեխաների մոտ համարժեք է երկու դեղաչափ սխեմային: 40 տարեկանից բարձր անձանց համար առաջարկվում է 2 դեղաչափ սխեմա, քանի որ այս տարիքային խմբում բավարար ապացույցներ չկան մեկ դեղաչափից հետո իմունոգենության և երկարաժամկետ պաշտպանության վերաբերյալ (հղում՝ https://www.who.int/teams/immunization-vaccines-and-biologicals/policies/position-papers/hepatitis-a): Հարկ է նշել նաև, որ Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները նախատեսված են 15-16 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց համար, որոնց թվաքանակը վերջին տարիներին աճման միտումներ է դրսևորում, մասնավորապես՝ ըստ վարչական վիճակագրական կոմիտեի ժողովրդագրական տվյալների բազայի տեղեկատվության, 2019 թվականին 15 տարեկան տղաների թիվը եղել է 19054, իսկ 16 տարեկաններինը՝ 17398, 2023 թվականի հունվարի դրությամբ 15 տարեկանների թիվը եղել է 21037, իսկ 16 տարեկաններինը՝ 20158: Հետևաբար, հաշվի առնելով ԱՀԿ-ի առաջարկությունը և վերջինիս ծախսարդյունավետությունը, առաջարկվում է կատարելու համապատասխան փոփոխություններ Պատվաստումների ազգային օրացույցում և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումների իրականացնել 1 դեղաչափ սխեմայով: Հարկ է նշել նաև, որ Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստման ենթակա երկու տարիքային խումբ՝ 15-16 տարեկան, 2 դեղաչափ սխեմայով, սակայն փաստացի պատվաստումներն իրականացվում են մեկ տարիքային խումբ ընդգրկելով՝ պայմանավորված առկա ենթակա քանակակազմով և պատվաստանյութի քանակով: Այս փոփոխությունը հնարավորություն կտա վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներում ընդգրկել երկու տարիքային խումբը միաժամանակ համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախատեսվում է Պատվաստումների ազգային օրացույցում կատարել համապատասխան փոփոխություններ և ջրծաղկի դեմ պատվաստումները ներդնել Պատվաստումների ազգային օրացույցում՝ սահմանված ժամկետներում, COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում, ինչպես նաև վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է՝ Պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղկի դեմ պատվաստումների փուլային ներդրում՝ 2024 թվականից, COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում, ինչպես նաև վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:
6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման հավելված 1-ի 17-րդ կետի 17.5 ենթակետից: Պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղկի, ինչպես նաև COVID-19-ի դեմ պատվաստումների ներդրումը կնպաստի բնակչության շրջանում ջրծաղիկի, ռիսկի խմբերի շրջանում COVID-19-ի հիվանդացության նվազեցմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և բնակչության անընկալության ապահովմանը:
-
Քննարկվել է
12.10.2023 - 27.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3118
Տպել