6. Ծրագրի որոշ գործողություններ կամ ձևակերպումներ առհասարակ հասկանալի չեն, իսկ մի մասն էլ կրում է խիստ վերացական բնույթ՝ առանց հստակեցնելու, թե խոսքն ինչի մասին է ընդհանրապես, ինչն է առաջարկվում փոփոխել: Օրինակ․
1) Ծրագրի 5-րդ կետի խնդիրների մեջ անդրադարձ է կատարվում «ֆինանսավորման սկզբունքների ոչ կատարելիությանը», իսկ խնդրի չեզոքացմանն ուղղված գործողությունների մեջ ուղղակի սահմանված է «Պետական պատվերի տեղադրման պայմանագրի վերանայում և փոփոխություն», որից պարզ չէ, թե պայմանագրի մեջ ինչը պետք է փոփոխվի:
2) Ծրագրի 8-րդ կետի գործողությունների մեջ սահմանվել է «Կանոնակարգել հիվանդանոցների ընդունարանում բուժօգնության դեպքում ֆինանսական հատուցումները» կամ «Բուժհաստատության գործադիր մարմինների համար սահմանել պարտականություն՝ բուժծառայություն ստացած, բայց համապատասխան վճարում չկատարած անձանց համար որոշակի ժամկետ անցնելուց հետո դիմել դատական մարմիններին համապատասխան հայցային պահանջ ձևակերպելով», որոնք որևէ հստակություն չեն պարունակում, ուստի և պարզ չէ, թե ինչպես պետք է պատասխանատու մարմինը ապահովի այդ միջոցառումների կատարումը:
3) Ծրագրի 9–րդ կետի գործողությունների մեջ սահմանված է «Վերանայել և վերախմբագրել ՀՀ առողջապահության նախարարի 17 սեպտեմբերի 2015թ N 49-Ն հրամանի այն կետերը, որոնք պարունակում են տնտեսվարողի ազատ կամքին և իրավունքին բռնանալու պահեր (մասնավորապես վերախմբագրել 2.6.10 ու 2.6.11 ենթակետը)», «Վերանայել և վերախմբագրել ՀՀ առողջապահության նախարարի 17 սեպտեմբերի 2015թ N 49-Ն հրամանի Հավելյալ թիվ 2-ը...» և այլն:
4) Ծրագրի 10-րդ կետի կոռուպցիոն ռիսկերի մեջ սահմանված է «կոռուպցիոն ռիսկեր՝ պայմանավորված բուժանձնակազմի կամ ադմինիստրացիայի կողմից ֆիզիկական աշխատանքների անօրինական ներգրավման հետ», որտեղ պարզ չէ, թե հեղինակը ինչ է նկատի ունեցել ֆիզիկական աշխատանքների անօրինական ներգրավում ասելով, արդյոք խոսքը մարդկանց շահագործման մասին է գնում և թե դա ինչպիսի կապ ունի սույն Ծրագրի հետ: