Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ 

 

  1. Անհրաժեշտությունը

 Ներկայումս, համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի հոդված 5-ի դրույթների, ֆինանսական համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնկանոն գործունեության համար պատասխանատու է կենտրոնական բանկը։ Միևնույն ժամանակ ֆինանսական համակարգի զարգացման գործառույթներ Կենտրոնական բանկին վերապահված չեն։

Ըստ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ մասի Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առևտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման և արտահանման զարգացման, ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պահպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման և գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։

Վերը նշված հավելվածի 17-րդ մասին Ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ` ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

Օրենքի դրույթներից, ընդհանուր առմամբ, հետևում է, որ Ֆինանսների նախարարությունը, ըստ էության, մշակում և իրականացնում է հարկաբյուջետային քաղաքականությունը, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը՝ տնտեսության իրական հատվածի ծրագրերը։

Հաշվի առնելով վերը նշվածը կարելի է փաստել, որ ներկայումս «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի դրույթներով կարգավորված չէ, թե ում կողմից պետք է մշակվեն տնտեսության ֆինանսական համակարգի զարգացման ռազմավարական և պետական աջակցության ծրագրերը։

Առաջարկվող նախագիծը միտված է ֆինանսական համակարգի զարգացման գործառույթի սահմանման և վերապահման օրենսդրական բացը լրացնելուն։

Ի հավելումն նշենք նաև, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կապիտալի շուկայի զարգացումը և դրան համար պատասխանատու պետական գերատեսչության զատորոշումը կարևոր է ֆինանսական հատվածի՝ բանկային ոլորտում մեծ կենտրոնացվածության և վարկից զատ այլ պարտքային գործիքների, ֆինանսերին հասնելիության բարձրացման, այլընտրանքային ֆինանսավորման, ինչպես նաև ածանցյալ գործիքների սահմանափակ հասանելիության համատեքստում։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 9-րդ կետի առաջին ենթակետի ֆինանսական հասանելիությունը, կապիտալի շուկայի զարգացումը և նորարարական ֆինանսական մեխանիզմների ձևավորումը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության խնդիրներն են։ ՀՀ վարչապետի 2022 թ․-ի մարտի 18-ի 283 – Լ որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության կազմում ստեղծվել է ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչությունը, որի կանոնադրական նպատակներն ու գործառույթները միտված են ֆինանսական հասանելիության բարձրացմանը, կապիտալի շուկայի զարգացմանը, ինչպես նաև նորարարական ֆինանսական մեխանիզմների ձևավորմանը։

 

  1. Առաջարկվող լուծումները

 Նախագծով, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, հստակ կերպով զատորոշվում է պետական գերատեսչություն, որը մշակում և իրագործում է ոչ միայն տնտեսության իրական, այլև ֆինանսական հատվածի զարգացման ծրագրեր։

 

  1. Նախագիծը մշակող մարմինը

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման պարագայում Էկոնոմիկայի նախարարությանը կվերապահվի կապիտալի շուկայի զարգացմանը, ներառյալ՝ ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը և նորարական ֆինանսական մեխանիզմների ձևավորմանը միտված կառավարության քաղաքականության մշակման և իրագործման լիազորություն։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների վերահաշխման անհրաժեշտություն չի առաջացնում և չի ենթադրում  եկամուտների էական ավելացում և նվազեցում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում:

 

  • Քննարկվել է

    03.10.2023 - 18.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2122

Տպել