Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին հոդվածով.

«Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով շարժի համակարգումը

  1. Սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս անձանց, տրասնպորտային միջոցների շարժը, ինչպես նաև միգրացիոն հոսքերի վերաբերյալ այլ տեղեկությունները ենթակա են միասնական հաշվառման։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների միասնական հաշվառումն իրականացնելու նպատակով գործարկվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը։
  3. Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը, սպասարկումը, շահագործման հետ կապված աշխատանքների համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը։
  4. Սույն հոդվածի 3-րդ մասի իմաստով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման հետ կապված աշխատանքների համակարգում է համարվում համապատասխան տեղեկություններ մշակելը՝ հավաքելը, մուտքագրելը, պահպանելը, փոփոխելը, արգելափակելը, ուղեփակելը, փոխանցելը, արխիվացնելը, ինչպես նաև համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմիններին ու կազմակերպություններին տրամադրվող հասանելիության ապահովումը, անհրաժեշտ ծավալով և ձևաչափով տեղեկատվության տրամադրումը:
  5. Պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից կարող են օգտվել, այդ թվում՝ համակարգում տեղեկություններ մուտքագրել օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և անհրաժեշտ ծավալով՝ օրենքով նախատեսված նպատակներին հասնելու համար։
  6. Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը շահագործելու կանոնները, համակարգում տեղեկություններ մուտքագրելու կարգը և մուտքագրվող տեղեկությունների շրջանակը, համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը և օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ 10.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

  • Քննարկվել է

    02.10.2023 - 18.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2179

Տպել