Հիշել նախագիծը
« ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 11.10.2023 22:23:11 | Տեղեկատվության տրամադրման հետևանքով պատճառվելիք վնասի ռիսկը պետք է գերակայի տեղեկատվության բացահայտման ընդհանուր հանրային շահին: Ուստի, խիստ կարևորելով պետության կողմից իր պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովման իրավաչափ և անվիճելի շահը՝ կարծում ենք, որ տեղեկատվության ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է համաչափ և պիտանի լինի նշված նպատակների իրագործման տեսանկյունից և չպետք է միտված լինի պարզապես առավելագույն ծավալով տեղեկատվության գաղտնագրմանը (գերապահովագրվելու մոտեցմամբ)՝ մեծացնելով այնպիսի հարակից ռիսկեր, ինչպիսին են հատկապես կոռուպցիոն վտանգները։ Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Նախագծի հավելվածով սահմանված ցանկում (այսուհետ նաև՝ Ցանկ) տեղ են գտել այնպիսի տեղեկություններ, որոնց գատղնագրումը առանց լրացուցիչ պայմանների առկայության պահանջների կհանգեցնի տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ և աննպատակ սահմանափակմանը, ինչպես նաև չի բխում միջազգային փորձից և չափորոշիչներից։ Այսպես, Ցանկի 14-րդ կետով որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ են սահմանվում ՀՀ կառավարության հաստատած ցանկով զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունները, 21-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ պետական պաշտպանական պատվերների ծավալների մասին տեղեկությունները, 22-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին տեղեկությունները, 25-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ ՀՀ ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկությունները, 29-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Անդրադառնալով Ցանկի 14-րդ և 21-րդ կետերով նախատեսված տեղեկությունների տեսակներին, հարկ ենք համարում նշել, որ «զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումներ» և «պաշտպանական պատվերների ծավալներ» հասկացություններն այնչափ լայն են, որ դրանց տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ, ցանկացած գնում և պատվերի ծավալ, որն այս կամ այն եղանակով ծառայեցվում է պաշտպանական՝ բանակի ապահովման կարիքներին, այդ թվում, օրինակ, պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերվող սննդի քանակի, դրա հետ փոխկապակցված՝ դրանց արժեքային ցուցանիշների մասին կամ ցանկացած այլ՝ ռազմական բնույթի գնումներին չվերաբերող տեղեկություն: Ցանկի 22-րդ կետով նախատեսվող «տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» հասկացությունը ևս այնչափ լայն է և անորոշ, որ դրա տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ ընդհուպ պետության կողմից տնտեսական քաղաքականության բնագավառում իրականացվող ցանկացած ծրագրի, գործողության, ընդունված որոշման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ինչն ակնհայտորեն ոչ իրավաչափորեն սահմանափակում է հասարակության տեղեկացվածության իրավունքը երկրում գիտության և տեխնիկայի զարգացման, այդ ոլորտներում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետության մասին: Կարծում ենք, որ միայն ռազմարդյունաբերության ոլորտում նվաճումների կամ պետության պաշտպանության և անվտանգության նպատակով անցկացվող հետազոտությունների մասին տեղեկատվության սահմանափակումները, կարող են դիտվել մարդկանց տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն, և այդ սահմանափակումներն արդեն իսկ նախատեսված են Ցանկի 6-րդ և 27-րդ կետերում: Նույն կերպ տեղեկատվության ազատության իրավունքի նույնքան ոչ իրավաչափ սահմանափակում է նախատեսվում նաև Ցանկի 29-րդ կետում ընդգրկված ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունների մասով: Նշված դրույթը ենթադրում է հնարավորություն գաղտնագրելու երկրի արդյունաբերական և նույնիսկ գյուղատնտեսական ցանկացած կարողության վերաբերող որևէ տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ ցանկացած հումք կամ նյութ այս կամ այն չափով հնարավոր է համարել նաև ռազմավարական նշանակության՝ սկսած մետաղներից և պոլիմեր նյութերից, որոնք օգտագործվում են ցանկացած, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի արտադրության մեջ, և վերջացրած ցորենով: Եվ կրկին, գտնում ենք, որ բացառապես ռազմական տեխնիկայի և սպառազինության արտադրության մեջ օգտագործվող հումքերի և նյութերի մասին տեղեկատվության սահմանափակումը կարող է դիտվել որպես մարդու տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն: Վերջապես Ցանկի 25-րդ կետով նախատեսված՝ ֆինանսների և բյուջետային քաղաքականության մասին տվյալները պետական գաղտնիքի շարքին դասելու հնարավորությունն առհասարակ չի կարող ողջամտորեն համարվել տեղեկատվության ազատության համաչափ և իրավաչափ սահմանափակում: Դրանից բխում է, որ գաղտնագրել հնարավոր է պետության ֆինանսական ցուցանիշների և նույնիսկ բյուջետային քաղաքականության մաս կազմող ցանկացած տեղեկատվություն՝ անկախ ռազմական դրության ռեժիմում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից: Վերը նշված տեղեկությունների գաղտնագրման այդչափ լայն հնարավորությունը ողջամտորեն հնարավոր չէ անմիջականորեն բխեցնել ազգային անվտանգության ապահովման իրավաչափ անհրաժեշտությունից, ուստի այն խախտում է ժողովրդավարական հասարակությունում մարդու՝ պետության տնտեսական, ֆինանսական քաղաքականության մասին տեղեկացվածության ապահովման իրավաչափ շահը: Միևնույն ժամանակ բյուջետային քաղաքականությունն ի վերջո արտացոլվում է պետական բյուջեում, որն ընդունվում է ԱԺ կողմից որպես օրենք՝ հրապարակային նորմատիվ-իրավական ակտ: Բյուջետային քաղաքականության մասին ցանկացած տեղեկատվության գաղտնագրման հնարավորությունը բացառվում է նաև այդ պատճառով: Հարկ ենք համարում խնդրին անդրադառնալ նաև միջազգային չափորոշիչների և այլ երկրների իրավաստեղծ փորձի տեսանկյունից (մանրամասները կից փաստաթղթում)։ Հիմք ընդունելով վերը նշված հիմնավորումները և կից փաստաթղթում ներկայացվող միջազգային չափորոշիչները՝ առաջարկում ենք․ 1. Ցանկի 14-րդ և 21-րդ կետերը վերախմբագրել՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ սահմանելով սպառազինության և ռազմական նշանակության ապրանքների գնումների, պատվերների, դրանց ծավալների վերաբերյալ տեղեկությունները․ 2. Ցանկի 22-րդ կետից հանել «տնտեսական» բառը, կամ վերախմբագրել կետը՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ սահմանելով միայն այն տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին տեղեկությունները, որոնց վաղորոք բացահայտումը կարող է վտանգել տնտեսական անվտանգությունը, ինչպես նաև, եթե դրանք վերաբերում են անվտանգությանը և պաշտպանությանը կամ հատուկ նշանակություն ունեն ազգային անվտանգության շահերի համար․ 3. Ցանկի 29-րդ կետից հանել ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրու¬թյան և զարգացման վերաբեր¬յալ տեղեկություն¬ները կամ դրույթը վերախմբագրել՝ որպես պետական գաղտնիքների շարքին դասվող տեղեկություն սահմանելով ռազմական նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունները․ 4. Ցանկի 25-րդ կետից հանել «դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից)» բառերը կամ նշված կետով որպես պետական գաղտնիքների շարքին դասվող տեղեկություն սահմանելով ֆինանսական քաղաքականութան նախապատրաստման մասին տեղեկությունները, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետությանը կամ բացասաբար ազդել կապիտալի և ֆինանսական շուկաների վրա։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ | 1-4. Չի ընդունվել: 14-րդ կետով նախատեսված տեղեկությունների ցանկը «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն հաստատելու է կառավարությունը, ուստի նշված կետը լրացուցիչ մանրամասնելու անհրաժեշտությունը բացակայում է: Ինչ վերաբերում է 21-րդ, 22-րդ, 25-րդ և 29-րդ կետերին, դրանց բովանդակությունը համաձայնեցվել է նշված տեղեկությունները տնօրինող մարմինների հետ, որոնք իրավասու են գնահատելու դրանց կարևորությունն ու տարածման դեպքում հնարավոր բացասական հետևանքները: Միաժամանակ, յուրաքանչյուր մարմին գաղտնագրելու է իր գործունեության ոլորտին վերաբերող տեղեկությունները, որոնց առավել հստակ շրջանակը սահմանվելու է այդ մարմինների ընդլայնված գերատեսչական ցանկերով: Բացի այդ, օրենքը սահմանում է պետական գաղտնիքի շարքին դասվող, ինչպես նաև այն տեղեկությունների շրջանակը, որոնք արգելվում է դասել պետական գաղտնիքի շարքին, և ներկայացված նախագիծը համապատասխանում է օրենքի պահանջներին: |