Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագիծը մշակվել է ի կատարումն վարչապետի բանավոր հանձնարարականի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա․ Հարությունյանի 03.01.2023 թիվ 02/11.8/43348-2022 հանձնարարականի (վերջնաժամկետը՝ 25.01.2023)։ Նախագիծը  նպատակ ունի ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը մինչև 2023 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հստատված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացների օգնության միջոցառման շրջանակներում 2021 թվականի փետրվարի ամսից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը՝ ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։

Հիմք ընդունելով Որոշման 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեից 12.12.2022 N 01/27.2/13842-2022 գրությամբ ստացվել է տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված անձանց համար կառուցվող բնակելի անշարժ գույքը շահագործման հանձնելու ընթացքի վերաբերյալ:

Ըստ այդ տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 30-ը, սակայն նշված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1864-Ն որոշմամբ աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 30-ը:

Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից առաջարկվել է միջոցառման շրջանակներում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։ 

2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով առաջարկվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած այն քաղաքացիներին, ովքեր դրամական աջակցության ծրագրի  շրջանակներում ստացել են միանվագ աջակցություն՝ 300000 դրամ, իսկ 2021 թվականի փետրվար ամսից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ՝ ամսական 68000 դրամ, ամսական 68000 դրամ աջակցությունը տրամադրել ևս 8 ամիս՝ 2022 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ:

Ընդ որում, նախագծով նախատեսվում է հստակեցնել միջոցառման շահառուների կազմը և այն դեպքում, երբ լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվի, որ 2021-2022 թվականի ընթացքում աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների հիման վրա նրան աջակցությունը 2022 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսների համար չի վճարվի։

Ըստ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանից 16.12.2022 N01/09/08897-2022 գրությամբ ստացված տվյալների՝ 16.12.2021 դրությամբ աջակցության շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 19.10.2022 ծնված երեխա է: Ըստ այդմ, Որոշման N 1 Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 1 երեխայի համար պետք է վճարվի նաև միանվագ դրամական աջակցություն՝ 300000 դրամ և ամսական օգնություն՝ հոկտեմբեր ամսից սկսած:

Նախագծի ընդունման դեպքում ծրագրում ընդգրկված՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համար օգնություն ստացած 37 անձի համար ութ ամսվա ընթացքում անհրաժեշտ կլինի 20,128.0 հազ դրամ գումար (37 x 8 x 68000=20,128.0 հազար դրամ):

Հաշվի առնելով, որ որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ դրամական աջակցությունը նոր ծնված երեխաների համար վճարվում է ծննդյան ամսվանից սկսած, ըստ այդմ, 2022 թվականի հոկտեմբերի 19-ին ծնված մեկ երեխայի համար անհրաժեշտ կլինի հատկացնել 980.0 հազ դրամ գումար (1x10 x 68000+300000=980.0 հազար դրամ):

Այսպիսով՝ նախագծի ընդունման դեպքում ծրագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի 21,108.0 հազ. դրամ, որն առաջարկվում է հատկացնել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 8 ամիս 2022 թվականի դեկտեմբեր-2023 թվականի հուլիս ամիսների համար կտրամադրվի օգնություն։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից՝ դրանով ապահովվում է արդեն իսկ իրականացված սոցիալական միջոցառման շրջանակներում դրամական օգնության տրամադրման ժամկետների երկարաձգումը՝ ի կատարումն վարչապետի բանավոր և վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա․ Հարությունյանի հանձնարարականների:

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա։

  • Քննարկվել է

    26.09.2023 - 12.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2022

Տպել