Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
10.10.2023
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում՝ կոռուպցիոն հանցանքների ցանկից հանելով ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները մասամբ, այն է՝ երբ դրանք կատարվել են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով։ Նշված փոփոխությունը հիմնավորվում է այն փաստարկով, որ այն դեպքում, երբ հիշյալ արարքները կատարվում են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով, դրանք, ըստ էության, կոռուպցիոն բնույթի որևէ հատկանիշ չեն պարունակում: Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական օրենսգիրքը «շահադիտական դրդման» տակ հասկանում է` իր կամ այլ անձի համար գույքային օգուտ ստանալու կամ գույքային ծախսերից կամ պարտավորություններից խուսափելու մղումը։ Հետևապես գործող Քրեական օրենսգրքի իմաստով շահադիտական շահագրգռվածություն կամ դրդում ինքնին չի համարվում օրինակ անձնական կամ խմբային որևէ ոչ գույքային շահերով պայմանավորված խնդրո առարկա արարքները կատարելը։ Մինչդեռ հատկապես Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարումը գործնականում պայմանավորված են լինում թե գույքային, թե այլ տեսակի նյութական, թե ոչ նյութական օգուտներ ունենալու դրդումով ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ այլ անձանց համար, ինչն, իրականում, ևս կոռուպցիոն դրսևորում է։ Բացի վերոգրյալից, նախատեսվող կարգավորումը մշտապես անորոշություն է առաջացնելու քննչական մարմինների միջև քննչական ենթակայության որոշման հարցում, քանի որ, պայմանավորված հանցագործության բնույթով, առնվազն քննչական ենթակայությունը որոշելու նախնական փուլում գրեթե հնարավոր չի լինելու օբյեկտիվորեն գնահատել արարքը շահադիտական դրդմամբ կատարված լինել/չլինելու հանգամանքը, ավելին՝ թե Քրեական օրենսգրքի 441-րդ, թե 549-րդ հոդվածները արարքը շահադիտական շահագրգռվածությամբ կամ դրդմամբ կատարելը չեն սահմանում որպես առանձին որակյալ հանցակազմ, ինչը հնարավորություն կտար գոնե ֆորմալ առումով առկա փաստերի հիման վրա կատարել նախնական գնահատում և քրեական վարույթ նախաձեռնել կոնկրետ որակյալ կամ ոչ որակյալ հանցակազմի հատկանիշներով։ Առաջարկություն․ Առաջարկում ենք Նախագծից հանել 2-րդ հոդվածը։ Ըստ այդմ, համապատասխանաբար առաջարկում ենք նախաձեռնել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետի փոփոխություն՝ Քրեական օրենսգրքի 441-րդ, թե 549-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների մասով սահմանելով ՀՀ ՀԿԿ քննչական ենթակայությունը։