Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-Ի թիվ 1118-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Նախագծի մշակումը պայմանավորված է ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի ս.թ. հունիսի 27-ի նիստի թիվ ԿԱ/191-2023 արձանագրության 6.1-ին կետի կատարման անհրաժեշտությամբ: Վերոնշյալ կետով ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մշակել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ համապատասխան փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով հիմք կստեղծվի՝ ընկերության կողմից հարկային կամ մաքսային հարաբերություններում պետության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցույց տալու դեպքերում մաքսատուրքից ազատման արտոնություն չտրամադրելու կամ տրամադրված արտոնությունը դադարեցնելու համար:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Որոշմամբ սահմանված է ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում սարքավորումների և հումքի ներմուծման համար մաքսատուրքի արտոնություններ տրամադրելու կարգը (այսուհետ՝ Կարգ): Կարգով նախատեսված է, որ արտոնությունների տրամադրման դեպքում ներմուծված ապրանքները պետք է օգտագործվեն նպատակային նշանակությանը համապատասխան, իսկ հումքը չի կարող օտարվել առաջնային ձևով: Խնդիրն այն է, որ ՀՀ ՊԵԿ կողմից կատարված հետբացթողումային մաքսային ստուգումների և կամերալ մաքսային ստուգումների արդյունքում պարզվել է, որ կան դեպքեր, երբ կազմակերպությունները իրացրել են ներմուծված հումքը առաջնային ձևով կամ կատարել են քայլեր, որոնց արդյունքում արտոնություններ չունեցող ապրանքները ներկայացվել են որպես արտոնյալ և առանց մաքսատուրքերի վճարման ներմուծվել են: Բացի այդ, պետության հետ համագործակցության շրջանակներում կարծում ենք, որ կազմակերպությունները արտոնություններ ստանալու դիմաց պետք է ապահովեն մաքսատուրքերի և հարկերի վճարման պատշաճ կարգապահություն, հետևաբար նաև՝ պարտավորություններ պետք է չկուտակեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է սահմանել, որ տրամադրված արտոնությունների դադարեցման համար հիմք են հանդիսանում այն դեպքերը, երբ այդ արտոնությունները հաստատող նախագծի ընդունումից հետո՝
- անձի մոտ ձևավորվում է հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների գծով 500 հազար դրամը գերազանցող ժամկետանց չկատարված պարտավորություններ և, հարկային կամ մաքսային մարմնի կողմից այդ մասին ծանուցվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, չի կատարում այդ պարտավորությունները կամ
- անձը թույլ է տվել մաքսային կանոնների խախտումներ, որոնց գծով համապատասխան վարչական ակտով առաջադրված պարտավորությունների գումարը գերազանցում է մաքսատուրքի գծով տրամադրված արտոնությունների գումարի 10 տոկոսին:
Մյուս կողմից սահմանվում է նաև, որ վերոնշյալ հիմքերի, ինչպես նաև արտոնություններով ներմուծված ապրանքները նպատակային նշանակությամբ չօգտագործելու հիմքի առաջացման դեպքերում ՀՀ ՊԵԿ կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում տեղեկատվություն, որի արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացնում արտոնությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծ:
Արտոնություններով ներմուծված ապրանքները նպատակային նշանակությամբ չօգտագործելու հիմքի մասով խնդիրն այն է, որ գործող կարգով սահմանված կարգավորումները վերաբերում են միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում արտոնությունների դադարեցման հնարավորություններին: Մոնիթորինգը, սակայն իրականացվում է տարեկան երկու անգամ, արդյունքում ստացվում է, որ եթե անձը ապրանքները օգտագործել է ոչ նպատակային նշանակության, այն կարող է հանգեցնել արտոնությունների դադարեցման միայն իրականացվող մոնիթորինգի արդյունքում, նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ ՊԵԿ կողմից արդեն իսկ արձանագրվել է այդ փաստը:
Հարցի լուծման նպատակով առաջարկվում է սահմանել կարգավորումներ, որոնց համաձայն՝ անկախ մոնիթորինգի իրականացումից, երբ մաքսային մարմինների կողմից կբացահայտվի արտոնություններով ներմուծված ապրանքները ոչ նպատակային նշանակության օգտագործման դեպքեր, այդ մասին կտեղեկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որն է կմշակի և ՀՀ վարչապետի աշխատակազմն կներկայացնի համապատասխան որոշման նախագիծ:
Ինչ վերաբերում է պետության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքում արտոնության տրամադրումը մերժելու համար հիմքեր ստեղծելու հարցին, ապա Որոշմամբ արդեն իսկ սահմանված է, որ հայտը մերժվում է, եթե հայտը ներկայացնելու պահի դրությամբ անձն ունի ժամկետանց չկատարված հարկային և մաքսային վճարների պարտավորություններ և այն չի վերացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ծանուցվելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման համար մաքսատուրքի արտոնություններ ստանալու դեպքում պետության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցույց տալու դեպքերում տրամադրված արտոնությունների դադարեցման հիմքերն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ և 6.9-րդ՝ «Հարկաբյուջետային քաղաքականություն» և «Հարկային և մաքսային վարչարարություն» բաժինների մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որոնց՝
- հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և դրա արդյունավետության բարձրացման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավասար պայմաններ: Հարկային և մաքսային վարչարարության համաչափությունը լինելու է վարչարարական արդյունավետության հիմքը, բարձրացնելու է հարկերի վճարման կամովիությունը և ստեղծելու է տնտեսական գործունեության պայմանների համահավասարության համընդհանուր ընկալում։
- Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը:
-
Քննարկվել է
11.09.2023 - 27.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Ֆինանսական
Դիտումներ` 2318
Տպել