Նախագիծը չի ընդունվել
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության ժամկետը կարող է սահմանվել մինչև 25 տարի: Այս նորմը որոշակի զսպող ազդեցություն ունի այն ներդրողների համար, որոնք նախատեսում են համայնքապատկան վարձակալած հողերի վրա հիմնել բազմամյա տնկարկներ:
Ինչպես ցույց են տալիս ներդրողների հետ քննարկումները` խաղողի այգիների, ավանդական պտղատու այգիների, պիստակի և մի շարք այլ բազմամյա բույսերի համար զբաղեցվող հողատարածքների վարձակալության ժամկետը 25 տարով սահմանափակելը չի համապատասխանում նման մշակաբույսերի կենսացիկլի առանձնահատկություններին: Վերջիններն առավել երկարակյաց են և ներդրումների հետգնման տեսանկյունից 25 տարվա պլանավորումն արդյունավետ չէ: Բացի այդ, դրանք նորմալ բերքատվության են հասնում տնկելուց միջինում 7 տարի անց, ինչը կրճատում է հողի օգտագործման եկամտաբեր տարիների թիվը: Եթե հաշվի առնենք նաև կլիմայական երևույթներով պայմանավորված որոշ տարիների բերքի կորստի հավանականությունը` ակնհայտ է, որ ներդրողին անհրաժեշտ է պլանավորման առավել երկար հորիզոն:
Հարկ է նկատի ունենալ նաև, որ խոշոր ծրագրերի դեպքում, որպես կանոն, այգու հետ միասին կառուցվում է նաև ագրովերամշակման, փաթեթավորման, տեսակավորման, սառնարանային և այլ նմանատիպ հանգույց, որն իր հերթին մեծացնում է ներդրման չափը և երկարաժամկետ պլանավորման անհրաժեշտությունը:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Կարգավորման նպատակը համայնքային հողերի վրա ներդրումների իրականացման գրավչության և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացումն է:
3․ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության է հանձնվել 25 տարի ժամկետով` ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բազմամյա տնկարկ հիմնելու նպատակով, ապա վարձակալն իրավունք ունի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ պայմանագրի ժամկետը ևս մինչև 25 տարով երկարաձգելու պահանջ ներկայացնել, որը բավարարվում է միայն այն դեպքում, եթե վարձակալը պատշաճ կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում նոր ժամկետի համար վարձավճարի չափը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Համեմատության համար դիտարկվել են որոշ համադրելի երկրներ, որոնց փորձը վկայում է նախագծով ներկայացվող առաջարկության անհրաժեշտությունը:
Ռուսաստանում և Ղազախստանում համայնքային (պետական) հողերի վարձակալության ժամկետը չի կարող գերազանցել 49 տարին[1]:
Վրաստանում ևս պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալության են հանձնվում առավելագույնը 49 տարի ժամկետով:[2]
Մոլդովայի քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է, որ բազմամյա տնկարկների հիմնման համար վարձակալվող հողերի վարձակալության պայմանագրի ժամկետը չի կարող պակաս լինել 25 տարուց[3]:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում համայնքային գյուղատնտեսական նշանակության հողերի համար կստեղծվեն վարձակալության առավել ճկուն պայմաններ, որը կբերի դրանցում իրականացվող ներդրումների և օգտագործման արդյունավետության բարձրացման:
- ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.4 Գյուղատնտեսություն» բաժնից։
- ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի կողմից:
[1] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_33773/66b2d64fc0b4395d1f28d4852a88f9127f67a146/
https://online.zakon.kz/Document/?doc_id=1040583&show_di=1&pos=1284;-7#pos=1284;-7
[2] https://matsne.gov.ge/en/document/view/112588?publication=29
[3] https://www.legis.md/cautare/getResults?doc_id=34327&lang=ru
-
Քննարկվել է
04.09.2023 - 19.09.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3761
Տպել