Հիշել նախագիծը

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2023 թվականի ապրիլի _____  N____    -Ն

 

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):
  2. Սահմանել, որ կազմակերպության՝

1) գործունեության նպատակն է տեղեկատվության անվտանգության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող ու տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմիններին աջակցության ցուցաբերումը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովմանը.

2) գործունեության առարկան է էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նպատակով նորմերի մշակումը, մեթոդական ուղեցույցների կազմումը, մասնագիտական դասընթացների կազմակերպումը, համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպումը և անցկացումը, տեխնիկական, ծրագրաապարատային լուծումների մշակումը, տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, այդ նպատակով պետական մարմինների, այդ թվում՝ պետական մարմիններում տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանք­ների իրականացումը, համակարգող լիազոր մարմնի, ինչպես նաև ոլորտային (իրավասու) կազմակեր­պությունների  հետ փոխգործակցությունը.

3) գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը:

  1. Թույլատրել կազմակերպությանն իր կողմից մշակված արտադրանքների (պրոդուկտների), իրականացված աշխատանքների և ծառայությունների) վճարովի իրացում (մատուցում)։
  2. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակեր­պությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև կազմակերպության մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ ստեղծելու լիազորությունները:
  3. 5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝

1) սույն որոշման 4-րդ կետով սահմանված լիազորություններն իրականացնելիս համագործակցել տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանք­ների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ,

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել՝    

ա. կազմակերպության կանոնադրությունը և ապահովել սահմանված կարգով կազմակերպության պետական գրանցումը,

բ. կազմակերպության կառուցվածքը, աշխատողների թիվը, հաստիքների քանակը և անվանացանկը.

գ. կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը և արժեքը.

  1. 6. Կազմակերպության պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցների հաշվին:
  2. 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

  • Քննարկվել է

    22.08.2023 - 06.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3203

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Գևորգ Նազարյան

22.08.2023

Նոր կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտություն չկա, քանի որ նման կազմակերպություններ արդեն իսկ առկա են։ Օրինակ՝ "Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ ("ԷԿԵՆԳ")" ՓԲԸ, կամ "Նորք" սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամ։ Նախատեսված լիազորությունները կարող են պատվիրակվել նշված կազմակերպություններին, որոնք 0-ից սկսելու փոխարեն արդեն բավականին լավ զարգացած բազա և կարողություններ ունեն։

Տեսնել ավելին