Լրամշակման փուլում է
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-186-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ»
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքը կարգավորում է փաստաթղթի պարտադիր օրինակ (այսուհետ՝ պարտադիր օրինակ) հանդիսացող նյութերի հատկացման, պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով ազգային գրադարանային ֆոնդի համալրումը, մշակութային ժառանգության պահպանումը և փոխանցումը սերունդներին:
Հոդված 2. |
Պարտադիր օրինակի մասին օրենսդրությունը |
- Պարտադիր օրինակի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից և նորմատիվ իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից։
- Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) փաստաթուղթ՝ ելից տեղեկություն ունեցող` պահպանության, հանրային օգտագործման, ժամանակի և տարածության մեջ փոխանցման ենթակա տեքստային, պատկերային, տեսա- և (կամ) ձայնաշարային կամ համակցված նյութ պարունակող կրիչ.
2) փաստաթղթի ելից տեղեկություն՝ հեղինակի մասին տվյալների ամբողջական համալիր, վերնագիր (վերնախորագիր, ենթավերնագիր) տեղեկություն հրատարակության և հրատարակչության վերաբերյալ, հեղինակային նշան (դասիչ՝ ՀՏԴ, ԳՄԴ), միջազգային ստանդարտ համարակալում, գծիկավոր ծածկագիր, տեղեկություն հեղինակային իրավունքի նշանի վերաբերյալ.
3) չհրատարակված փաստաթուղթ՝ փաստաթուղթ` նախատեսված սահմանափակ օգտագործման համար.
4) համակցված փաստաթուղթ` փաստաթուղթ` միաժամանակ ամրացված տարբեր նյութական կրիչներին, որն ամբողջական է իր բաղկացուցիչ մասերով.
5) պարտադիր օրինակ՝ փաստաթղթի օրինակ, որի պատրաստողը, սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով, անհատույց հատկացնում և առաքում է ստացողներին.
6) փաստաթուղթ պատրաստող՝ փաստաթղթի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է փաստաթղթի պատրաստումը.
7) պարտադիր օրինակ ստացող՝ սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով պարտադիր օրինակը ստացող «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն և բաշխման կարգով նախատեսված այլ հաստատություններ.
8) անորակ պարտադիր օրինակ՝ պարտադիր օրինակ, որի տպագրական սխալը, մեխանիկական և (կամ) էլեկտրոնային տվյալների վնասվածքները կամ այլ թերություններն անհնար են դարձնում ամրագրված տեղեկության ընկալումը.
9) սահմանափակ քանակությամբ հրատարակված փաստաթուղթ` փաստաթուղթ, որը հրատարակվել է մինչև 99 օրինակ:
Հոդված 4. Օրենքի գործողության ոլորտը
- Սույն օրենքը տարածվում է՝
1) փաստաթուղթ պատրաստողի և պարտադիր օրինակ ստացողի վրա.
2) Հայաստանի Հանրապետությունում պատրաստված փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց պատվերով օտարերկրյա պետություններում պատրաստված և Հայաստանի Հանրապետությունում իրացվող փաստաթղթերի վրա:
- Սույն օրենքը չի տարածվում՝
1) անձնական և ընտանեկան գաղտնիք պարունակող փաստաթղթերի.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական, ծառայողական, վիճակագրական, առևտրային կամ բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի.
3) 3 օրինակից պակաս ստեղծված փաստաթղթերի.
4) արխիվային փաստաթղթերի (նյութերի).
5) գործավարական և տեխնիկական փաստաթղթերի (ձևաթղթեր, հաշվետվությունների և հաշվառումների գրանցամատյաններ, ուղեցույցներ, շահագործման հրահանգներ և այլն).
6) ռազմական բնույթի տեխնիկական փաստաթղթերի, ձևաթղթերի և հաշվապահական հաշվառման համար նախատեսված փաստաթղթերի վրա:
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուին պատկանողփաստաթղթերիհամալրման, հաշվառման, պահպանման և հանրային օգտագործման գործառույթները կարգավորվում են «Արխիվային գործի մասին», իսկ գրադարանային փաստաթղթերի հետ կապված հարաբերությունները` «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով։
Հոդված 5. Սույն օրենքի նպատակը և խնդիրը
- Սույն օրենքի նպատակն է՝ ազգային մշակութային ժառանգության անքակտելի մաս կազմող փաստաթղթերի մշտական պահպանությունը և դրանց հասանելիության ապահովումը սերունդներին:
- Սույն օրենքի հիմնական խնդիրն է կարգավորել պարտադիր օրինակի հատկացումը, պահպանությունը, հաշվառումը և օգտագործումը:
Հոդված 6. Փաստաթղթերի տեսակները
- Պարտադիր օրինակ համարվող փաստաթղթերն են՝
1) ելից տվյալներ ունեցող, խմբագրահրատարակչական մշակման ենթարկված և պոլիգրաֆիական ինքնուրույն ձևավորմամբ պարբերական և ոչ պարբերական հրատարակությունները (տեքստային, նոտագրական, քարտեզագրական, պատկերահրատարակային և էլեկտրոնային).
2) տեսալսողական արտադրանք՝ լուսանկարչական, տեսաշարային, ձայնաշարային, տեսաձայնաշարային տարաբնույթ թողարկումներ (կինո-, տեսա-, ձայնա- և ֆոտոթողարկման նյութերը), որոնք ստեղծված և վերարտադրված են ցանկացած տեսակի նյութական կրիչի վրա.
3) չհրատարակված փաստաթուղթ՝ գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ատենախոսություններ, գիտական աշխատություններ, ալգորիթմներ և ծրագրեր:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները
- Լիազորված պետական մարմինը`
1) մշակում և հաստատում է պարտադիր օրինակի՝ ըստ փաստաթղթի տեսակների պահպանության, օգտագործման, հատկացման և բաշխման կարգը, ապահովում դրանց կիրարկումը,
2) սահմանում է փաստաթղթի ելից տեղեկություններ համարվող տվյալներն ու դրանց տրման կարգը,
3) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 8. Պարտադիր օրինակի հատկացումը
- Հայաստանի Հանրապետությունում տպագրված լրատվական միջոցների պարտադիր օրինակների հատկացումն իրականացվում է «Զանգվածային լրատվության միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Փաստաթուղթ պատրաստողը՝ սկսած առաջին խմբաքանակի պատրաստման պահից, իսկ այլ երկրներում պատրաստված (Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվող փաստաթղթի ելից տեղեկություն ունեցող) փաստաթղթի դեպքում՝ սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման պահից, 10-օրյա ժամկետում փոխանցում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 2-ից, իսկ սահմանափակ քանակությամբ հրատարակված փաստաթղթերի դեպքում՝ 1-ից ոչ պակաս պարտադիր օրինակ:
Հոդված 9. Պարտադիր օրինակի հատկացման ծախսերը
- Պարտադիր օրինակի հատկացման և առաքման ծախսերը ներառվում են փաստաթղթերի պատրաստման ինքնարժեքում:
Հոդված 10. Պարտադիր օրինակի օգտագործման սահմանափակումները
- Պարտադիր օրինակի հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց, ենթակա չեն փոխանակման և օտարման:
Գ Լ Ո Ւ Խ 3.
ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿ ՍՏԱՑՈՂԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՊԱՏՐԱՍՏՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 11. Պարտադիր օրինակ ստացողի իրավունքներն ու պարտականությունները
- Պարտադիր օրինակ ստացողն իրավունք ունի՝
1) անորակ և (կամ) ոչ ամբողջական պարտադիր օրինակը ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, դիմել պատրաստողին՝ այն նորով և (կամ) ամբողջական համակցված փաստաթղթով փոխարինելու համար:
- Պարտադիր օրինակ ստացողը պարտավոր է՝
1) իրականացնել պարտադիր օրինակի պահպանությունն ու օգտագործումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված կարգի.
2) ապահովել պարտադիր օրինակի մասին տեղեկության մատչելիությունը:
Հոդված 12. Փաստաթուղթ պատրաստողի իրավունքներն ու պարտականությունները
- Փաստաթուղթ պատրաստողն իրավունք ունի՝
1) ստանալ փաստաթղթի ելից տեղեկությունը.
2) անվճար ստանալ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում առկա ընթերցանության վերաբերյալ ուսումնասիրությունների և ընթերցողների պահանջարկի վերաբերյալ վիճակագրական տեղեկություն:
- Փաստաթուղթ պատրաստողը պարտավոր է՝
1) փոխարինել անորակ պարտադիր օրինակը` դրա մասին ստացողի դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում.
2) պարտադիր օրինակ հանդիսացող համակցված փաստաթուղթը հանձնել ամբողջական:
Հոդված 13. Պարտադիր օրինակի պատճենումը
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների գրադարանային-տեղեկատվական սպասարկման կազմակերպման նպատակով պարտադիր օրինակի պատճենումը և բազմացումը կատարվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն։
- Չհրատարակվածփաստաթղթերի և տեսաձայնաշարային արտադրանքի պարտադիր օրինակի մշտական պահպանությունն ու օգտագործումն իրականացնող կազմակերպությունները համապատասխան գրադարանների և կազմակերպությունների հայտի (պահանջի) դեպքում վճարովի հիմունքներով ապահովում են դրանց պատճենումը՝ սույն հոդվածի առաջին մասի պահանջների համաձայն։
Հոդված 14. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
- Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
- Ստացված պարտադիր օրինակի մատենագիտական նկարագրության, գրացուցակներում դրա ներառման, օգտագործման և պահպանության համար «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կրում է պարտավորություններ և պատասխանատու է համաձայն սույն օրենքի, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի:
Գ Լ Ո Ւ Խ 4.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 15. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:»:
Հոդված 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասում «, Հայաստանի ազգային գրադարան և Հայաստանի ազգային գրապալատ» բառերը փոխարինել «և Հայաստանի ազգային գրադարան պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
14.12.2017 - 31.12.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մշակութային
Դիտումներ` 10544
Տպել