Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024/2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024/2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունե­լության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

        1. Անհրաժեշտություն

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:  

       

        2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան: Նշենք, որ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության (4-րդ ենթակետ) դրույթների՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը մի քանի պարտադիր բաղադրիչներից բացի, ներառում է նաև ընդունելության քննության ձևը (մրցութային, ոչ մրցութային): Տվյալ դեպքում, բոլոր այն մասնագիտությունների (կրթական ծրագրերի) դեպքում, որոնց համար ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի (պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) պահանջներից բխող «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունը չի նախատեսվում որպես մրցութային միասնական ընդունելության քննություն (այլ ներառված է որպես կամընտրական), ապա ցանկում «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունը պարտադիր նախատեսվում է որպես ոչ մրցութային ընդունելության քննություն։ Նշենք նաև, որ ՀՀ կառավարության նույն որոշման 42-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի համաձայն՝ այդ ենթակետում նշված բոլոր մասնագիտությունների համար պահպանվում է «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունն որպես պարտադիր միասնական ընդունելության քննություն հանձնելու պայմանը։

Նախագիծը ներկայումս ներկայացնելու համար հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների՝ 2024/2025 ուստարվա դիմորդները ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ, որից առաջին փուլի դիմումների հայտագրումը ընդգրկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 25-ը ընկած ժամանակահատվածը ու տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների ընդլայնման համատեքստում իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ, սակայն սույն նախագծով կանոնակարգվում է ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:

Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար ապահովելով ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն 2 ընդունելության քննության հանձնում:

Արդյունքում, դիմորդը կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները՝ լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:Որոշման նախագծով կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն  մուտքային պահանջների համապատասխանությունը, նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

 

4. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ

 

6. Ակնկալվող արդյունքը

Բուհերի ընդունելության մրցույթի իրականացում՝ ըստ համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցութային քննությունների արդյունքների:

 

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից:

  • Քննարկվել է

    01.08.2023 - 16.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3433

Տպել