ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԾ, ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԱՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՆԴԻ (ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ) ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ N 82-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 28-րդ կետերի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը, որոնք դեռևս սահանված չեն ՀՀ կառավարության կողմից:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 82-Ն որոշմամբ կարգավորվում են անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության հետ կապված հարաբերությունները:
Այս առումով հարկ է նշել, որ անհրաժեշտություն է առաջացել սույն նախագծով վերոգրյալ որոշումն ուժը կորցրած ճանաչել, քանի որ որոշմամբ կարգավորվող դրույթներն առաջացնում են տարընթերցում և իրավակիրառ չեն, մասնավորապես որոշման 1–ին հավելվածի 2–րդ և 3-րդ կետերը՝
«2. Սույն կարգի համաձայն օժանդակությունը (դրամական կամ այլ տեսքով) ցուցաբերվում է այն անասնահամաճարակների դեպքում, որոնք հանգեցնում են գյուղատնտեսական կենդանիների անխուսափելի անկումների, և դրանց տարածման կանխարգելման առավել արդյունավետ միջոցը վարակված գյուղատնտեսական կենդանիների հարկադիր սպանդն է։
3․Հարկադիր սպանդի ենթարկված, ինչպես նաև անկած կենդանիները, կենդանական ծագում ունեցող մթերքը և հումքը ենթակա են ոչնչացման կամ օգտահանման:»,
իսկ «Անասնաբուժության մասին» օրենքի 3–րդ հոդվածի 1–ին մասի 32–րդ կետով հստակ սահմանված է «սանիտարական սպանդ» եզույթը, իսկ արդեն 40–րդ կետով՝ կենդանական ծագման հումքը և մթերքը կարող են օգտագործվել վնասազերծումն ապահովող վերամշակումից հետո, որը երաշխավորում է դրանց անվտանգությունը։
Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1–ին մասն անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն իրավական ակտը։
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ (զոոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը։
Հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման կարևոր բաղադրիչ է հանդիսանում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցում տրամադրելու գործընթացը, քանի որ այն միտված է գյուղատնտեսության զարգացմանը և սննդամթերքի անվտանգության ապահովմանը։
Այսօր իրավակարգավորումների բացակայությամբ պայմանավորված խնդիրները նպաստում են հիվանդության տարածմանը՝ մասնավորապես բրուցելոզով հիվանդ կենդանիների սանիտարական սպանդը տնտեսավարողների շրջանում առաջացնում են դժգոհության ալիք՝ խոչընդոտելով վերահսկողության գործընթացը, կամ կենդանիների մոտ կարող են դրսևորվել նոր վարակիչ հիվանդություն (էմերջենտ), որը կարող է առաջանալ՝ արդեն իսկ հայտնի հարուցչի գենային ձևափոխությունից կամ աշխարհագրական նոր տարածքի ներթափանցմամբ կամ անհայտ հարուցչով վարակվելիս։
Անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորությունները սահմանված են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21–րդ հոդվածի դրույթներով։
3.Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի նպատակն է սահմանել կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման իրավակարգավորումը, որը հնարավորություն կընձեռնի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։
Նախագծով նախատեսված է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգի հանձնաժողովի կազմը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2–րդ մասի պահանջներին:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5.Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ
Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:
6․Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի կառավարումը՝ բռնկման և տարածման կանխումը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներմուծման համար, կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։
Սույն նախագծի ընդունման արդյունքում հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները կլինեն առավել արդյունավետ, որը կխթանի տնտեսավարողների շրջանում անասնապահության զարգացմանը։
Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։