Արա Սաղումյան
21.07.2023
- Որոշման նախագծի 7-րդ հավելվածում 3) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերաբերող մասում առևտրային կազմակերպությունների կազմակերպական իրավական տեսակների ցանկը համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի (2-րդ և 3-րդ մասեր), 72-րդ հոդվածի (2-5-րդ մասեր), 105-րդ և 117-րդ հոդվածների սահմանումներին և վերաշարադրել՝ հաշվի առնելով ստորև բերված հիմնավորումները: - Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում: Առևտրային կոոպերատիվների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ միասնական պետական գրանցամատյանում չեն գրառվում»: - Բաց և փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի մասին տեղեկությունները պետք է փորձել ստանալ ՀՀ կենտրոնական բանկի և/կամ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջոցով, քանի որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը վարում է այն մասնագիտացված կազմակերպությունը (Դեպոզիտար հաշվի օպերատոր), որն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: - Նշված ցանկում ավելացնել «անհատ ձեռնարկատեր» բառերը: - 3-րդ սյունակից հանել «աշխատողների քանակը» բառերը, քանի որ աշխատողների թվաքանակի վերաբերյալ պետական ռեգիստրի գործակալությունը հաշվառում չի վարում, այդ տեղեկությունները կարող է տրամադրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: