Հիշել նախագիծը

«Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________ 2023 թվականի N _____-Ն

 

ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396․1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

____________ ____-ի N____-Ն որոշման

 

 

ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) ներդրման առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները։

 II. Համակարգի գործառույթները

2. Համակարգը Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման միջոցով հետագծելիության ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկություններ ձևավորող կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս է:

3. Համակարգի ֆունկցիոնալությունն ապահովվում է հետևյալ գործառույթների միջոցով․

  • հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների յուրաքանչյուր միավորի նույնականացման ապահովումը՝ ապրանքներին դրոշմավորման ծածկագրեր շնորհելու միջոցով,
  • դրոշմավորված ապրանքների շրջանառության բոլոր փուլերի գրանցման հնարավորության ապահովում՝ արտադրությունից կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումից մինչև մանրածախ վաճառք՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառմամբ կամ մինչև ապրանքի շրջանառությունից այլ կերպ դուրս բերումը,
  • հաշվետվությունների և վերլուծական տեղեկատվության ձևավորման հնարավորության ապահովում,
  • հսկիչ (նույնականացման) նշանների արժանահավատության ստուգում,
  • հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ռեեստրի ձևավորում և վարում,
  • դրոշմավորման ծածկագրերի թողարկում,
  • կազմակերպությունների գրանցում Համակարգում,
  • ապրանքների հետագծելիության նպատակով տվյալների հավաքագրում և պահպանում,
  • դրոշմավորված ապրանքների հետագծելիության գործառույթների ապահովում։

 

III. Համակարգի մասնակիցներն ու օգտագործողները

4. Համակարգի մասնակիցներն են՝

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N312-Լ որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ՝ Ազգային օպերատոր),
  • Համակարգի նկատմամբ ֆունկցիոնալ պահանջներ ձևավորող լիազոր մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի,
  • ապրանքների շրջանառության մասնակիցները՝ հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ կապված առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, ինչպես նաև հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մատակարարումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնք իրականացնում են Ազգային օպերատորին և (կամ) լիազոր մարմնին հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության մեջ մտնելու և (կամ) շրջանառության և (կամ) շրջանառությունից դուրս հանելու մասին տեղեկության փոխանցում,
  • պետական կառավարման այն մարմինը, որն ունի մոնիտորինգի տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկատվության հասանելիության իրավունք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։

5. Համակարգի օգտագործողները ֆիզիկական անձինք են, որոնք հանդիսանում են Համակարգի մասնակիցների ներկայացուցիչ։

 IV. Ազգային օպերատորի լիազորությունները

6. Ազգային օպերատորն օժտված է հետևյալ լիազորություններով և պարտականություններով՝

  • Համակարգի մշակում, ներդրում, շահագործում և սպասարկում,
  • Համակարգի պլանային և չնախատեսված թարմացումների ապահովում,
  • իր գործառույթներն ապահովելու նպատակով պայմանագրերի և գործարքների կնքում, այդ թվում՝ ապրանքների շրջանառության մասնակիցների հետ,
  • ապրանքների դրոշմավորման և հետագծելիության նպատակով տվյալների հավաքագրում և պահպանում,
  • դրոշմավորման ծածկագրերի տրամադրման և հետագծելիության ծառայությունների մատուցման համար վճարների գանձում,
  • դրոշմավորված ապրանքների հետագծելիության գործառույթի ապահովում,
  • տեղեկությունների և հաշվետվությունների տրամադրում լիազոր մարմնին,
  • տվյալների անվտանգության ապահովում,
  • Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

 V. Համակարգի ստեղծումը, զարգացումը, շահագործման հանձնումը, շահագործումը և շահագործումից հանման կանոնները

7. Համակարգի ստեղծումը, զարգացումը, շահագործման հանձնումը, շահագործումը և շահագործումից հանումն իրականացվում է Ազգային օպերատորի կողմից՝ լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով:

8. Համակարգի ստեղծումը, զարգացումը և շահագործումն իրականացվում են հետևյալ սկզբունքների հիման վրա․

  • Համակարգի միջոցով ստացված և փոխանցված տեղեկատվության ամբողջականության, հուսալիության, անվտանգության ապահովում,
  • Համակարգի կազմակերպչական և մեթոդական ապահովման միասնություն,
  • Համակարգի միասնական գրանցամատյանների և գրացուցակների օգտագործում,
  • Համակարգին կանոնակարգված հասանելիության ապահովում,
  • Համակարգի անխափան աշխատանքի ապահովում։

9. Համակարգի տեխնիկական միջոցները, սերվերները, ծրագրային ապահովման սկզբնական կոդը, տվյալների կրիչները պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:

 VI. Ապրանքների շրջանառության մոնիտորինգի կանոններ

10. Սույն բաժնում կիրառվող հասկացություններն են՝

  • «դրոշմավորման ծածկագիր»՝ օպերատորի կողմից գեներացված նիշերի եզակի հաջորդականություն, որը բաղկացած է նույնականացման ծածկագրից և ստուգման ծածկագրից,
  • «ապրանքների նույնականացման միջոց» («նույնականացման միջոց»)՝ սպառողական փաթեթավորման կամ ապրանքի պիտակի կամ ապրանքի վրա կիրառման համար նախատեսված մեքենայաընթեռնելի ձևով ներկայացված դրոշմավորման ծածկագիր՝ DataMatrix երկչափ ծածկագրի ձևաչափով
  • «ապրանքների դրոշմավորում»՝ նույնականացման միջոցի կիրառում ուղղակիորեն ապրանքի կամ ապրանքի սպառողական փաթեթավորման կամ ապրանքի պիտակի վրա` համաձայն սույն կանոնների,
  • «դրոշմավորված ապրանք»՝ ապրանք, որի վրա ուղղակիորեն կամ որի սպառողական փաթեթավորման վրա կամ ապրանքի պիտակի վրա կիրառվում է նույնականացման միջոց կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչ, և որի մասին հավաստի տեղեկատվությունը գտնվում է Համակարգում,
  • «ապրանքը շրջանառության մեջ դնելը»՝ շրջանառության մասնակցի կողմից դրոշմավորված ապրանքների շրջանառության մեջ դնելու մասին ծանուցման ուղղում Համակարգ՝ օտարման կամ հետագա իրացման նպատակով, որը հասանելի է դարձնում այն ​​վաճառքի և (կամ) օգտագործման համար,
  • ապրանքը շրջանառությունից հանելը՝ դրոշմավորված ապրանքի իրացում (վաճառք) իրավաբանական կամ ֆիզիկական անձին, ապրանքի առգրավում (բռնագրավում), օգտահանում, ոչնչացում, անդառնալի կորուստ, հետկանչ, օգտագործում սեփական կարիքների համար, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նախկինում շրջանառության մեջ գտնվող ապրանքի իրացում կամ վաճառք, ինչպես նաև ապրանքի հետագա շրջանառության դադարեցում ենթադրող այլ գործողություններ:

11. Ապրանքների դրոշմավորման պարտավորությունը կրում են ապրանքների շրջանառության մասնակիցները։

12․ Ապրանքների դրոշմավորումն իրականացվում է ապրանքների, ապրանքների փաթեթավորման կամ այլ նյութական կրիչի վրա DataMatrix երկչափ մատրիցային կոդերի ձևավորման և կիրառման միջոցով։

13. Ազգային օպերատորը ապրանքների շրջանառության մասնակիցներին տրամադրում է դրոշմավորման ծածկագրեր՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա։
14. Դրոշմավորման ծածկագրերի ստացման հայտը պետք է պարունակի ապրանքի և դրոշմավորման կոդերի քանակի մասին տեղեկություններ։
15. Դրոշմավորման ծածկագրեր ստանալու նպատակով ապրանքների շրջանառության մասնակիցները օպերատորի հետ կնքում են դրոշմավորման կոդերի տրամադրման ծառայությունների մատուցման պայմանագիր։
16. Դրոշմավորման ծածկագրի ձևավորումն իրականացվում է նույնականացման ծածկագրի ձևավորման և ստուգման կոդի ձևավորման միջոցով։ Նույնականացման ծածկագիրը ներառում է այդ թվում նաև ապրանքի կոդը և դրա անհատական շարքային համարը:
17. Ձևավորված դրոշմավորման ծածկագրերը օպերատորի կողմից տրամադրվում են ապրանքների շրջանառության մասնակիցներին։
18. Ապրանքների շրջանառության մասնակիցը, որն ապահովում է ապրանքների վրա հսկիչ (նույնականացման) նշանների կիրառումը, մինչև ապրանքը շրջանառության մեջ դնելը ապրանքի վրա հսկիչ (նույնականացման) նշանների կիրառման մասին տեղեկություններն ուղարկում է համակարգ։
19. Այն ապրանքները, որոնց մասին տեղեկությունները (այդ թվում՝ դրանց վրա կիրառված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկությունները) համակարգ չեն փոխանցվել կամ պահանջների խախտմամբ են փոխանցվել, համարվում են չդրոշմավորված։
20. Ապրանքների շրջանառության մասնակիցները ապրանքների շրջանառությունից դուրս գալու մասին տեղեկությունները ներկայացնում են լիազոր մարմնի տեղեկատվական համակարգ կամ Ազգային օպերատորի Համակարգ։

 

VII.       Համակարգում պարունակվող տեղեկատվություն

21. Համակարգում պարունակվում է հետևյալ տեղեկատվությունը՝

  • Ապրանքների շրջանառության մասնակիցների, լիազոր մարմնի և օգտատերերի մասին ընդհանուր տեղեկություններ,
  • դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկություններ,
  • դրոշմավորման ծածկագրերի մասին տեղեկություններ,
  • ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից ապրանքների նույնականացման միջոցների կիրառման մասին տեղեկություններ,
  • շրջանառության մեջ դնելու մասին, ապրանքների շրջանառության և ապրանքների շրջանառությունից դուրս բերելու մասին տեղեկություններ:

 

VIII.      Տեղեկատվությունը տնօրինողի իրավասությունները և Համակարգում պարունակվող տեղեկատվության պաշտպանությունը

22. Համակարգում պարունակվող տեղեկատվության տնօրինողի իրավասություններն իրականացնում է լիազոր մարմինը։
23. Համակարգում պարունակվող տեղեկատվությունը ենթակա է պաշտպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

  • Քննարկվել է

    17.07.2023 - 01.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3221

Տպել