Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 11:47:19 2. «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակի գնահատականը» ենթաբաժնի երկրորդ պարբերությունում գրված է. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԹԻ ԿԸՀ)՝ 2022 թվականի համար ակնկալվող 42,8% բարելավման փոխարեն արձանագրվել է 31,4%, ինչը ևս էական ձեռքբերում է 2018 թվականի համեմատությամբ։ Այսինքն, 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը, ըստ էության, իր դրական արձանագրումն է ստացել նաև հասարակական ընկալման մեջ»: Նման եզրահանգման համար առկա չեն համապատասխան հիմքեր` գնահատումներ, հարցումներ: Բացի այդ, 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով նախանշված էր 2022 թվականին ապահովել ԹԻ ԿԸՀ-Ի 55 տոկոսային մակարդակ։ Մինչդեռ, առավելագույնն ապահովվել է 49 միավոր, որը հետագայում նվազել է 3 միավորով։ Առկա իրավիճակում դժվար է հիմնավորել, որ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների 80 տոկոսանոց կատարումը ապահովել է ԹԻ ԿԸՀ-ի բարելավումը։ Բացի այդ, 2019-2022 թվականների ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախանշված էր նաև ապահովել Համաշխարհային բանկի (ՀԲ) կոռուպցիայի վերահսկման համաթվի աճ 10 տոկոսի սահմաններում։ Վերջինիս կատարման մասին ռազմավարության նախագծի կոռուպցիայի իրավիճակի գնահատման ենթաբաժնում որևէ գրառում կամ հիշատակում բացակայում է։ Առաջարկություն • Վերաշարադրել նշված պարբերությունը՝ հիմք ընդունելով ԹԻ ԿԸՀ-ի և 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված համաթվի մակարդակը, այսինքն՝ 55 միավորը։ • Միաժամանակ, դիտարկել նաև ՀԲ-ի կոռուպցիայի վերահսկման համաթվի մասով 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ ստանձնած պարտավորության կատարման մակարդակը։
2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 11:47:19 3. «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակի գնահատականը» ենթաբաժնում բավականին մանրամասն են նկարագրվել վերջին տարվա ընթացքում նվազում արձանագրած հետազոտությունների հարցերը, որի անհրաժեշտությունը ռազմավարության փաստաթղթում, կարծում ենք, չկա, առավել ևս, որ այդ նվազումից հետո էլ նշված հետազոտությունների արդյունքներով հաշվարկված ենթահամաթվերը ամենաբարձրն են մյուս չորս համաթվերի համեմատությամբ։ Նաև այսպիսի փաստաթղթում չարժե հղում կատարել Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից տրված հարցազրույցներին։ Մյուս կողմից, ընկալումն ու իրավիճակը նկարագրող այս ենթաբաժնում անդրադարձր չի կատարված տնային տնտեսությունների հարցումների հիման վրա վերհանված խնդիրներին: Մասնավորապես, Հայաստանում վերջին այդպիսի հարցման արդյունքները հրապարակվել են 2022 թվականին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի կողմից: Առաջարկություն • Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվին անդրադառնալ առավել ամփոփ։ • Ենթաբաժնում ներառել հղումներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված՝ «Հե¬տա¬զո¬տա¬կան ռե¬սուրս¬նե¬րի կով¬կաս¬յան կենտ¬րոն-¬Հա-յաս¬տան» հիմ¬նադ¬րամի կողմից իրականացված «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության» 2022 թվականի զեկույցի արդյունքների:
3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 11:47:19 4. Նույն «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակի գնահատականը» ենթաբաժնի չորրորդ պարբերությամբ «Միջազգային պարտավորությունների գնահատման զեկույցների անդրադարձը մոնիթորինգին և գնահատմանը», ենթավերնագրի ներքո «ՄԱԿ-ի գնահատման շրջանակներում և ՏՀԶԿ 5-րդ պիլոտային փուլի 2021թ․ գնահատման արդյունքներով ներկայացված է «հակակոռուպցիոն իրավական գործիքների և վարչական միջոցների պարբերական մոնիթորինգի և գնահատման կառուցակարգերի ներդրման, հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագրի սահմանումը, համապատասխան մեթոդաբանության և մոնիթորինգի ու գնահատման համակարգի ստեղծումը, մոնիթորինգ և գնահատում իրականացնող մարմնին անհրաժեշտ ռեսուրսների և ինստիտուցիոնալ կարողությունների ապահովման հարցերը»։ Այս պարբերությունը կապ չունի կոռուպցիայի իրավիճակի գնահատման և նկարագրության հետ։ Առաջարկություն • Նշված պարբերությունը հանել ռազմավարության նախագծի տեքստից կամ տեղափոխել ռազմավարության նախագծի մոնիթորինգի և գնահատման բաժին։
4 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 5. Նույն «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակի գնահատականը» ենթաբաժնի վերևից հինգերորդ և վերջին պարբերություններում՝ «․․․քաղաքացիների ընկալումը կոռուպցիայի վերաբերյալ» մասում Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի շրջանակներում 2023 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումներից մեջբերված է. «Մասնավորապես, հարցվածների 9 տոկոսը լիովին բավարարված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) աշխատանքով, իսկ 36 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ ԿԿՀ-ի աշխատանքով: Հարցվածների 8 տոկոսը չեն պատասխանել կամ տեղյակ չեն եղել ԿԿՀ գործունեության վերաբերյալ»: Այս դրույթը, որը չի բնութագրում կոռուպցիայի տարածվածության վերաբերյալ հանրության ընկալումները կամ համապարփակ պատկերացում չի տալիս հանրային ընկալումների մասով կոռուպցիայի իրավիճակի վերաբերյալ։ Նշված մեջբերումը ընդամենը գնահատում է ԿԿՀ-ի ճանաչելիությունը, վերջինիս գործունեությունից բավարարվածությունը, բայց ոչ, կոռուպցիայի տարածվածությունը և իրավիճակը։ Նույնը վերաբերում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն»-ից մեջբերված «պետական մարմինների և հասարարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն գործունեության մասին իրազեկվածության առնչությամբ հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարց¬ված¬նե¬րի 44,1%- ը հա¬կա¬կոռուպ¬ցիոն գոր¬ծու¬նեութ¬յամբ զբաղ¬վող ոչ մի պե¬տա¬կան մարմ¬նի և հա¬սա¬րա¬կական կազ¬մա¬կեր¬պութ¬յան ընդ¬հան¬րա¬պես չգի¬տի» պարբերությանը։ Նշված հարցումների արդյունքները վկայում են հակակոռուպցիոն մարմինների մասին իրազեկվածության, այլ ոչ թե կոռուպցիայի իրավիճակի և դրա տարածվածության մասին։ Առաջարկություն • Վերոնշյալ պարբերությունները հանել ռազմավարության նախագծի տեքստից և ենթաբաժինը լրացնել նշված հարցումներից կոռուպցիայի իրավիճակը բնութագրող արդյունքներով և տվյալներով։
5 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 6. «Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների գնահատականը» ենթաբաժնում նշված է, որ «Հայաստանի Հանրապետության կողմից Գագաթնաժողովի շրջանակներում հանձնառությունների ծավալը սահմանվել է Վարչապետի ելույթով, որոնք հետևյալն են․ o Մինչև 2026 թվականը հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների, մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից հասնել 60-ի: o Մինչև 2026 թվականը հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների, մասնավորապես Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի»։ ժողովրդավարության գագաթնաժողովում կոռուպցիայի դեմ պայքարի մասով ՀՀ Վարչապետի կողմից ստանձնած վերոնշյալ ցուցիչները, որպես ռազմավարության նպատակային ցուցիչներ արտացոլված չեն առաջիկա 4 տարիների հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում։ Առաջարկություն • ԹԻ ԿԸՀ և ՀԲ Կառավարման համաշխարհային ցուցիչի վերոնշյալ ցուցիչները իրենց գնահատականներով ներառել հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում՝ սահմանելով որպես ՀՀ 2023-2026թթ․ հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական արդյունքային ցուցիչներ։
6 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 ԲԱԺԻՆ II․ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 7. «Բաժին II․ Հակակոռուպցիոն քաղաքականությունը 2023-2026 թվականներին. հակակոռուպցիոն ռազմավարության նպատակները և ուղղությունները» բաժնում մինչև ըստ առանձին ուղղությունների նպատակներին անցնելը կարևոր է ունենալ հակակոռուպցիոն ռազմավարության ընդհանուր/հիմնական նպատակը, ակնկալվող արդյունքները, տվյալ մակարդակում գնահատման ցուցանիշները։ Պետք է հասկանալի լինի հակակոռուպցիոն քաղաքականության տրամաբանական կառուցվածքը: Ինչպես ցանկացած ռազմավարություն, այս ռազմավարությունը նույնպես պետք է ունենա ընդհանուր նպատակ (overall goal) և այդ նպատակին հասնելու համար սահմանված խնդիրներ (objectives)։ Այդպես եղել է Հայաստանի նախորդ բոլոր հակակոռուպցիոն ռազմավարությունների դեպքում և այդպես է նաև միջազգային ստանդարտը։ Սա անհրաժեշտ է որպեսզի ըստ ուղղությունների ձևավորվեն ենթանպատակները և դրանց արդյունքները։ Վերջինս կարևոր է նաև ապահովելու ՀՀ Վարչապետի 2021 թ. դեկտեմբերի 12-ի «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգը հաստատելու մասին» N 1508-L որոշմամբ հաստատված՝ ռազմավարությունների մշակման մեթոդական ուղեցույցի պահանջները։ Հակառակ դեպքում՝ հետագայում ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մոնիտորինգի իրականացման փուլում հնարավոր չի լինելու ապահովել ռազմավարության և դրա նպատակներին հասնելու ընդհանուր գնահատականը։ Ցուցանիշները կարող են արձանագրվել կամ նշված բաժնում կամ ռազմավարության մոնիտորինգի և գնահատման բաժնում, սակայն դրանք պետք է ուրվագծված լինեն այս փաստաթղթում։ Ռազմավարության նախագծի տեքստում ներկայացվող «Նպատակները» կարող են լինել ընդհանուր նպատակից բխող ենթանպատակներ, այլ ոչ թե առանձին նպատակներ։ Առաջարկություն • Ինչպես նախկին ՀՀ հակակոռուպցիոն բոլոր ռազմավարություններում, առանձին բաժնով ներկայացնել ռազմավարության նպատակը, ենթանպատակներն ու խնդիրները, իսկ ռազմավարության բաժիններում նկարագրված այդ նպատակին և ենթանպատակներին հասնելուն ու լուծման ենթակա խնդիրներին ուղղված կոնցեպտուալ քայլերը, • Սույն ռազմավարության կառուցվածքում պահպանել հակակոռուպցիոն ռազմավարություններին ներկայացվող միջազգային ստանդարտների պահանջները։
7 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 ՆՊԱՏԱԿ 1․ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ 8. Նույն բաժնի «Նպատակ 1․ Կոռուպցիայի կանխարգելում» ենթավերնագրի ներքո կարևորվել է «հակակոռուպցիոն 2019-2022թթ․ ռազմավարությունում ինստիտուցիոնալ մարմինների դերակատարումը՝ օրենսդրական փոփոխությունների, նոր կառուցակարգերի ու ընթացակարգերի սահմանման, հակակոռուպցիոն նոր գործիքակազմերի, այդ թվում էլեկտրոնային և թվային տեխնոլոգիաների կիրառման, կոռուպցիայի դեմ պայքարի սահմանափակումների ու արգելքների սահմանումը»։ Այդուհանդերձ, նշված պարբերությունը չի բնութագրում և սահմանում կոռուպցիայի կանխարգելման նպատակը։ Ավելին, նշված ենթաբաժնի երկրորդ պարբերությամբ նշված է, որ միայն 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով է «նախանշվել կոռուպցիայի դեմ իրական պայքարի հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները», որը իրականությանը չի համապատասխանում, քանի որ կոռուպցիայի կանխարգելման հարցերը արձանագրվել և կարևորվել են նախորդ բոլոր հակակոռուպցիոն ռազմավարություններում։ Նույն ենթաբաժնի վերջին պարբերության երկու նախադասությունները բովանդակությամբ միմյանց կրկնում են։ Ընդ որում, վերջին պարբերության մեջ նշված է «․․․հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ամրապնդման մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաև բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործումը» բառակապակցությունները, որտեղ անհասկանալի է, թե ո՞րն է տարբերությունը «բարեվարքության ամրապնդման մեխանիզմների» և «բարեվարքության համակարգի կատարելագործման» միջև։ Առաջարկություն • Նշված բաժնում անհրաժեշտ է սահմանել 2023-2026թթ․ կոռուպցիայի կանխարգելման ուղղության հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման ցուցիչները։ • Համանման մոտեցում անհրաժեշտ է կիրառել նաև Ռազմավարության մյուս նպատակների համար, որի վերաբերյալ անդրադարձ կա Ընդհանուր բնույթի նկատառումներ և առաջարկություններում:
8 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 9. «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի զարգացում» ուղղության ներքո նկարագրված և որպես հիմնական գործողություն դիտարկված են ԿԿՀ-ին նոր լիազորությունների վերապահման առանձին դրվագներ։ Մասնավորապես, «․․․նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը», հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում դատավորների, դատախազների և քննիչների ընթացիկ բարեվարքության, քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման գործառույթները», որոնց հիման վրա և հիմք ընդունելով ԿԿՀ-ի, որպես «միջազգային պարտավորություններ ունեցող հատուկ կարգավիճակով գործառնական անկախությամբ օժտված մարմնի» կարգավիճակը, առաջարկվում է գնահատել ԿԿՀ-ի կարողությունները, հատկապես հաստիքների ավելացման գործում։ Նախ, առկա է հակասություն Ռազմավարության նախագծով առաջարկվող և ներկայումս շրջանառվող՝ «Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» e-draft համակարգում զետեղված նախագծերի փաթեթի https://www.e-draft.am/projects/5805/about մոտեցումներում։ Նախքան կարողությունների գնահատումները պետք է հստակեցնել, թե որ կառույցն է իրականացնելու նախընտրական քարոզարշավի ընթացքում նախընտրական հիմնադրամին կատարվող մուծումների և ծախսերի նկատմամբ վերահսկողությունը՝ ԿԿՀ-ն, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ այնպես, որ տեղ չմնա տարընկալումների։ Ռազմավարության նախագծի կանխարգելման, ինչպես նաև մասնավոր ոլորտի ուղղությունների մյուս բաժիններում կրկին հիշատակվում է ԿԿՀ-ի գործառույթների ընդլայնման խնդիրը։ Մասնավորապես, կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր գործիքակազմի ներդրումը, իրավական ակտերի նախագծի հակակոռուպցիոն փորձաքննությունների իրականացումը, մասնավոր ոլորտում, պետական մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների բարեվարքության նկատմամբ վերահսկողության իրականացումը, էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության համակարգումը, գնումների գործընթացում վերահսկման նոր գործիքակազմերի կիրառումը, որոնց նկատմամբ վերահսկողության գործառույթները նույնպես նախատեսվում է վերապահել ԿԿՀ-ին։ Հետևաբար, «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի զարգացում» բաժնում միայն բարեվարքության ստուգման գործիքի կիրառման շրջանակի ընդլայման մասով ԿԿՀ-ի հաստիքների ավելացման կարևորումը բավարար չի, քանի որ ամբողջական պատկերացում չի տալիս կարիքների մասին։ ԿԿՀ-ի կարիքների գնահատման բացակայության պայմաններում, անհասկանալի է, թե ինչպես է 2019-2022 թվականների ընթացքում վերջինիս հաստիքները ՀՀ Վարչապետի որոշմամբ հասցվել 57-ի։ ԿԿՀ-ի հաստիքների ավելացման խնդիրը անհրաժեշտ է դիտարկել նաև արդեն իսկ առկա հաստիքների համալրվածության տեսանկյունից։ Մասնավորապես, անցած 4 տարիների ընթացքում ԿԿՀ-ն մեծ վարչական ռեսուրսներ է ծախսել թափուր հաստիքների մրցույթների իրականացման և համալրման գործընթացներում, որի արդյունքում 2022թ․ աշխատակազմը համալրված է ընդամենը 70 տոկոսի շրջանակներում։ Մյուս կողմից, ԿԿՀ-ի կարողությունների զարգացման և կարիքների գնահատման, հաստիքների համալրման հանգամանքները պետք է դիտարկել նաև միջազգային կազմակերպությունների կողմից ԿԿՀ-ին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի տեսանկյունից։ Այս իմաստով, 2020 թվականից ԿԿՀ-ի կարողությունների զարգացմանն են լծված ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն» ծրագիրը, ինչպես նաև ԵՄ և ԵԽ դատաիրավական բարեփոխումների, համայնքների բարեվարքության զարգացման ծրագրերը, որոնցում առկա են ԿԿՀ-ի կարողությունների զարգացման բաղադրիչ։ Այդ ծրագրերի շրջանակներում ԿԿՀ-ի կարողությունները բնականաբար գնահատվել են, որի շրջանակներում էլ աջակցություն է ցուցաբերվել։ Այդ են վկայում ԿԿՀ-ի 2021 և 2022 թվականների ԱԺ-ին ուղղված ամենամյա հաղորդումները: ԿԿՀ-ի կարողությունների գնահատման մասով ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի՝ 1․1 գործողությամբ նախատեսվում է 2025 թվականին «ԿԿՀ թափուր հաստիքները համալրել առնվազն 50%-ով», իսկ 2026 թվականին՝ այն հասցնել 80 տոկոսի»: Որպես արդյունքային ցուցանիշ՝ դիտարկվում է «ԿԿՀ-ի հաստիքները ավելացել են, վերջիններս և թափուր հաստիքները համալրվել են առնվազն 80%-ով»։ Նշվածի արդյունքում ստացվում է, որ ԿԿՀ-ն դեռևս հաջորդ 3 տարիներին շարունակելու է աշխատել հաստիքների թերհամալրվածության պայմաններում, որը ռիսկային է ռազմավարության նախագծով այս կառույցին վերապահվող նոր գործառույթների իրականացման տեսանկյունից։ ԿԿՀ-ի հաստիքների ավելացման և համալրման խնդիրը ածանցյալ է ռազմավարության նախագծով ԿԿՀ-ին նոր գործառույթների վերապահումից, որը բնականաբար պետք է գնահատվի և տրամադրվի։ Առաջարկություն • «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի զարգացում» ուղղության ներքո ԿԿՀ-ի կարողությունների զարգացման խնդրին անդրադառնալ համակողմանիորեն՝ վերջինիս ռազմավարության նախագծով վերապահվող կանխարգելման միջոցների նոր գործիքակազմերի, ընդլայնվող գործառույթների շրջանակի ամբողջական նկարագրությունից հետո։ • ԿԿՀ-ի կարողությունների զարգացումը դիտարկել նաև աշխատակազմի վերապատրաստումների, գույքային և ֆինանսական միջոցներով ապահովվածության տեսանկյունից՝ գնահատելով ԿԿՀ կարողությունների բոլոր բաղադրիչները։
9 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 10. «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի զարգացում» ուղղության ներքո դիտարկված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների «էթիկայի հանձնաժողովների և բարեվաքության հարցերով կազմակերպիչների ինստիտուցիանալ համակարգի զարգացման» խնդիրը։ Հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովների գործունեությունը պահանջում է համակարգում։ Այս տեսանկյունից, թե հանրային ծառայողների և թե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց էթիկայի հանձնաժողովները չունեն միասնական համակարգում։ Նշված խնդիրը արտացոլված էր նաև 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որը սակայն չի իրականացվել։ Էթիկայի հանձնաժողովների ձևավորման և գործունեության խնդիրներ են առկա նաև պետական առանձին մարմիններում։ Մասնավորապես, խնդրահարույց է ԱԺ պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը, քանի որ ինչպես ցույց է տալիս պրակտիկան այն, ըստ էության, չի գործում։ Բացի այդ, խնդրահարույց է նաև դատախազների էթիկայի հանձնաժողովի ձևավորման մեխանիզմը, որն, ի դեպ, նշված է նաև ԳՐԵԿՈ-ի հանձնառություններում։ Խնդրահարույց է կամ բացակայում են համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց, մասնավորապես համայնքի ավագանու, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց մասով էթիկայի հանձնաժողով ձևավորելու օրենսդրական հիմքերը։ Այս բոլորը, ինչպես նաև հանրային ծառայության մյուս մարմիններում էթիկայի հանձնաժողովների վերաբերյալ խնդիրները մանրամասն նկարագրված են ԹԻՀԿ-ի կողմից կազմած «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը, հակակոռուպցիոն պայքարի հիմնախնդիրները, մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները» փաստաթղթի 3․1․1-ից 3․1․7 բաժիններում։ Ռազմավարության նախագծի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի 1․4 կետում վերոնշյալ կոնկրետ խնդիրների լուծումները բացակայում են։ Ընդհանրական ձևով նախատեսում է գույքագրել և հետո օրենսդրական ակտերի նախագծերով համալրել միայն պետական և համայնքային ծառայության էթիկայի հանձնաժողովների խնդիրները, մինչդեռ առանձին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համար դրանք բացակայում են։ Բացի այդ, օրինակ՝ համայնքային ծառայողների, համայնքի ավագանու և համայնքային հայեցողական պաշտոնյաների համար դեռևս մշակված չէ էթիկայի հանձնաժողովի մոդելը, պարզ չէ թե ինչ մոտեցումներով են դրանք կազմավորվելու ու գործելու։ Հանրային ծառայության մի շարք տեսակների համար էթիկայի հանձնաժողովի փոխարեն գործում են կարգապահական հանձնաժողովներ (քննիչներ, զինվորականներ այլ ծառայողներ), որոնք իրավասու չեն վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման մասով իրականացնելու քննություններ ու ներկայացնելու առաջարկություններ։ Նշված բոլոր խնդիրները անհրաժեշտ է կոնկրետ գործողությունների տեսքով ներառել «էթիկայի հանձնաժողովների ձևավորման ու գործունեության ապահովման» միջոցառման ներքո, որպես ինքնուրույն գործողություն, իրենց համապատասխան ակնկալվող արդյունքներով և գնահատման ցուցիչներով։ Բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի մասով համակարգային խնդիրները ներկայացված են ԹԻՀԿ-ի «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը, հակակոռուպցիոն պայքարի հիմնախնդիրները, մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ» փաստաթղթի 3․1․8 բաժնում։ Առաջարկություն • ԿԿՀ-ին վերապահել էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության համակարգման գործառույթը, որի համար Ռազմավարության նախագծի «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի զարգացում» ուղղության բաժնում և գործողությունների ծրագրի 1․3 և 1․4 կետերում նախատեսել նշված լիազորությունների վերապահման մասին միջոցառում։ • Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․3 կետում «Կատարելագործել բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը» գործողության ներքո ներառել հետևալ գործողությունները՝ o բարեվարքության հարցերով կազմակերպիչներին վերապահել նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության հարցերով խորհրդատվության տրամադրման գործառույթը, o օրենսդրորեն ավարտին հասցնել ՄԻՊ աշխատակազմում, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմում, ՀՀ Դատական դեպարտամենտում, ՀՀ ԱԺ աշխատակազմում, ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունում, ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայության համակարգին անցման կարգավորումները՝ ապահովելով նշված մարմիններում բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ներդրումը և բնականոն գործունեությունը, o «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի ընդունմամբ սահմանել ԱԺ աշխատակազմում բարեվարքության հարցերով կազմակերպչի հաստիք, որը կապահովի, ինչպես ԱԺ էթիկայի հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այնպես էլ՝ կիրականացնի պատգամավորներին բարեվարքության հարցերով խորհրդատվության տրամադրում, o մշակել ՏԻՄ մարմինների աշխատակազմերում բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ներդրման մոտեցումները ու մոդելը, o պետական և ՏԻՄ մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչներին ապահովել հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական ու մեթոդական նյութերով, շահերի բախման կառավարման, բարեվարքության վերապատրաստման կարիքների բացահայտման և ծրագրերի մշակման, վարքագծի կանոնագրքերի կազմման ուղեցույցներով, բարեվարքության վիճակագրության վարման ձևաթղթերով ու հրահանգներով, բարեվարքության թեմայով ուսումնասիրությունների իրականացման և կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն ծրագրերի մշակման մեթոդաբանություններով, o հանրային ծառայության մասին օրենքով բարեվարքության հարցերով կազմակերպիչներին վերապահված լիազորությունների իրականացման համար մշակել և իրականացնել պետական և ՏԻՄ մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների վերապատրաստման մասնագիտական դասընթացների ծրագիր, o վերանայել պետական և ՏԻՄ մարմիններում բարեվարքության հարցերով կազմակերպչի պաշտոնի դասակարգման մոտեցումները, սահմանելով նշված պաշտոնի կարգավիճակին ներկայացվող պահանջներն ու պայմանները այն հաշվով, որ այդ հաստիքները ունենան առնվազն հանրային ծառայության ղեկավար պաշտոնի կարգավիճակ, իսկ առանձին մարմիններում այդ գործառույթները վերապահել տվյալ մարմնի ներքին վերահսկողությունն իրականացնող օղակներին։ • Ռազմավարության նախագծի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի 1․4 կետում՝ «Բարելավել էթիկայի հանձնաժողովների գործունեությունը» կետում ներառել էթիկայի հանձնաժողովների մասով հետևյալ գործողությունները՝ o օրենսդրորեն ավարտին հասցնել ՄԻՊ աշխատակազմում, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմում, ՀՀ Դատական դեպարտամենտում, ՀՀ ԱԺ աշխատակազմում քաղաքացիական ծառայության համակարգին անցման կարգավորումները՝ ապահովելով նշված մարմիններում քաղաքացիական ծառայության էթիկայի հանձնաժողովի ձևավորման պայմանները, գործունեության պահանջները, o օրենսդրությամբ ՀՀ ոստիկանության, ՀՀ Ազգային անվտանգության մարմինների, ինչպես նաև զինվորական ծառայողների (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության) կարգապահական հանձնաժողովներին վերապահել նշված ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունման արգելքի, շահերի բախման իրավիճակների պայմանների խախտման դեպքերի վերաբերյալ դիմումների ընդունման և հարցերի քննության գործառույթները, o սահմանել համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողով ձևավորելու պայմանները, կազմը և գործունեության պահանջները, o հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների էթիկայի հանձնաժողովների բոլոր անդամների ու թեկնածուների համար մշակել և իրականացնել բարեվարքության վերապատրաստման ծրագիր՝ ներառելով ինչպես մասնագիտական, այնպես էլ բարեվարքության ընդհանուր ճանաչողական դասընթացներ։ o սահմանել համայնքի ավագանու և համայնքային հայեցողական ու վարչական պաշտոն զբաղեցնող անձանց համար էթիկայի հանձնաժողով (ներ) ձևավորելու պայմանները և կարգը, o սահմանել քննիչների, այդ թվում քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց մասով էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ձևավորման նոր կարգ, o սահմանել դատախազների էթիկայի հանձնաժողովի ձևավորման նոր կարգ՝ այն հաշվով, որպեսզի դատախազների էթիկայի հանձնաժողովում ընդգրկվեն ճնշող մեծամասամբ դատախազներ և ընտրվեն իրենց գործընկերների կողմից, o ՀՀ Աժ պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին վերապահել մշտական հանձնաժողովի կարգավիճակ։ Հանձնաժողովը պետք է հնարավորություն ունենա դիմումներ ընդունել քաղաքացիներից և վարույթներ իրականացնել սեփական նախաձեռնությամբ, վարույթների արդյունքում կայացնել որոշումներ կամ ընդունել եզրակացություններ, որի հիման վրա էլ պատգամավորների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
10 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 11. «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի զարգացում» ուղղության և Գործողություն 1.5 ներքո դիտարկված է նաև ԿԿՀ-ի կողմից բարեվարքության և ազդարարման հաղորդումների վերաբերյալ վիճակագրության վարումը և հրապարակումը։ Նախ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բարեվարքության պահանջների պահպանման մասով վիճակագրության վարման գործառույթը արդեն իսկ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքով պահանջվում է ԿԿՀ-ից։ Հետևաբար, այն ռազմավարական խնդիր դիտարկելը խնդրահարույց է։ Օրենքի պահանջները պետք է իրականացվեն և ԿԿՀ-ն նախորդ 4 տարիների ընթացքում կարող էր միջազգային կազմակերպությունների տեխնիկական օժանդակության շրջանակներում իրականացնել այդ աշխատանքները։ Այդուհանդերձ, ԿԿՀ-ն դեռևս լիարժեք աշխատանքներ չի իրականացրել վիճակագրական տվյալների հավաքագրման ու ձևավորման՝ մեթոդաբանության և ձևաթղթերի մշակման գործում։ Փոխարենը՝ Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․5 կետով նախատեսվում է մշակել «կոռուպցիայի կանխարգելման ոլորտում վիճակագրության վարման մեթոդաբանություն և ուղեցույցներ»։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծի տեքստից և գործողությունների ծրագրի 1․5 կետից հանել բարեվարքության պահանջների վերաբերյալ վիճակագրության վարման դրույթները, իսկ դրանց մշակման ապահովումը իրականացնել «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքից բխող միջոցառումների շրջանակում։
11 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 12. «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի զարգացում» ուղղության ներքո դիտարկվում է նաև «․․․առկա էլեկտրոնային հարթակների զարգացումը, այդ հարթակներում կոռուպցիայի կանխարգելման տարբեր գործիքների ինտեգրումը, ինչպես նաև ԿԿՀ-ի և այլ պետական մարմինների միջև ինտեգրացիաների և փոխգործելիության ապահովումը»: Կոռուպցիայի կանխարգելման գործառույթներով պայմանավորված էլեկտրոնային ռեեստրների ստեղծումը, դրանց փոխգործակցելիության ապահովումը այլ պետական, ՏԻՄ մարմինների համապատասխան էլեկտրոնային բազաներին կարևորագույն խնդիր է։ Համաձայն ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․6 կետի, նախատեսվում է բարելավել հայտարարագրման գործող էլեկտրոնային համակարգի վերլուծական մոդուլը, կուսակցություների ֆինանսավորման, նվերների ընդունման և հաշվառման, բարեվարքության ստուգման մոդուլները։ Մինչդեռ, բաց է մնում շահերի բախման դեպքերի արձանագրման, հավատարմագրային կառավարման պայմանագրերի հաշվառման ռեեստրների ձևավորման հարցերը։ Բացի այդ, ռազմավարության նախագծով նախատեսվում է ներդնել իրավական ակտերի նախագծի հակակոռուպցիոն փորձաքննության, պետական և ՏԻՄ մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման կանխարգելման գործիքները, որոնք նույնպես պահանջում են էլեկտրոնայնացված համակարգերի կիրառում։ Առաջարկություն • Շահերի բախման դեպքերի արձանագրման, հավատարմագրային կառավարման պայմանագրերի հաշվառման ռեեստրների, իրավական ակտերի նախագծի հակակոռուպցիոն փորձաքննության, պետական և ՏԻՄ մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման էլեկտրոնային մոդուլները նույնպես ներառել նշված բաժնում կամ գործողությունների ծրագրի 1․6 բաժնում նախատեսված միջոցառումները տարրալուծել կոռուպցիայի կանխարգելման համապատասխան գործիքների ներդրումը ապահովող բաժիններում։
12 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 13. Ռազմավարության նախագծի «Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն ազդեցության գնահատում» վերտառությամբ բաժինը որպես կոռուպցիայի կանխարգելման ինքնուրույն ուղղություն դիտարկելը նպատակահարմար չէ: Այն կոռուպցիայի կանխարգելման գործիք է և պետք է ներառվի կանխարգելման այլ գործիքների շարքում, ինչպիսիք են հայտարարագրման համակարգը, կոռուպցիոն ռիսկերի գնահատումը, բարեվարքության ուսումնասիրությունները։ Նաև նշված ուղղության վերնագիրը չի համապատասխանում վերջինիս ներքո շարադրված տեքստի բովանդակությանը, որտեղ օգտագործվում է «իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն» եզրույթը։ Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․7 կետում նախատեսվում է ուսումնասիրել միջազգային փորձը և ընտրել հակակոռուպցիոն փորձաքննության մոդելը, իսկ 2025թ․-ին զարգացնել լիազոր մարմնի կարողությունները։ Սա նշանակում է, որ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննությունը գործնականում կարող է իրականացվել լավագույն դեպքում 2026թ․-ից հետո, այն դեպքում, երբ նշված հարցով միջազգային փորձի ուսումնասիրություն արդեն իսկ առկա է, որը իրականացվել է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի կողմից և ներկայացվել ԿԿՀ-ին։ Բացի այդ, համառոտ տեղեկանք է կազմվել նաև ԹԻՀԿ-ի կողմից և 2021 թվականին կազմակերպվել քննարկում նշված թեմայով, ինչպես նաև ներկայացվել է միջազգային փորձի վերլուծական նյութ: Առաջարկություն • Ռազմավարության նախագծի «Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն ազդեցության գնահատում» ուղղության ներքո նկարագրված խնդիրը վերաշարադրել «իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն» եզրույթով և ներառել «Հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ամրապնդման մեխանիզմների կատարելագործում» ուղղության ներքո: • Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․7 կետում, որպես վերջնարդյունք նախատեսել իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության եզրակացությունների գործնականում առկայության ցուցանիշ։
13 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 14. «Հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ամրապնդման մեխանիզմների կատարելագործում» ուղղության վերնագրում «և բարեվարքության ամրապնդման» բառերն իրենց բովանդակությամբ կրկնվում են հաջորդ՝ «Բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործում» ուղղության վերնագրում։ Բացի այդ, նշված ուղղության «հանրային ոլորտ» եզրույթը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողներին, մինչդեռ, ռազմավարության նախագծի նշված ուղղության ներքո հասկացվում է, որ կոռուպցիայի կանխարգելման խնդիրները պետք է դիտարկվեն ավելի լայն շրջանակով, որը վերաբերելի պետք է լինի պետական և համայնքային մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին, ինչպես նաև հանրային նշանակության մասնավոր կազմակերպություններին։ Այս իմաստով, անհրաժեշտ է բացառել տարընթերցումների հնարավորությունը։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծում հստակեցնել «հանրային ոլորտ» եզրույթի շրջանակը, ըստ այդմ՝ վերաշարադրել վերնագիրը, • «Հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ամրապնդման մեխանիզմների կատարելագործում» ուղղության վերնագրից հանել «և բարեվարքության ամրապնդման» բառերը։
14 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 15. «Հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ամրապնդման մեխանիզմների կատարելագործում» ուղղության ներքո, դիտարկված է կոռուպցիայի կանխարգելման օրենսդրության միասնականացման խնդիրը, որի շրջանակներում նախագծի գործողությունների ծրագրի 1․8 կետով նախատեսվում է 2024 թվականին իրականացնել «Օրենսդրական ակտի մշակման համար կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ» գործողությունը: Տպավորություն է, որ դաշտում առկա չեն ուսումնասիրություններ, մինչդեռ ՀԿ-ների կողմից կատարված ուսումնասիրությունները փաստորեն անտեսվում են: Մասնավորապես՝ առկա է ԹԻՀԿ ուսումնասիրություն , որտեղ մանրամասն ներկայացվել են հանրային ծառայության առանձին ոլորտային օրենքներում անհամապատասխանությունները, դրանց վերացմանը միտված հաջողված միջազգային փորձը և վերջինիս հիման վրա՝ օրենսդրական առաջարկությունները։ Առաջարկություն • «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի նախագծի մշակումից զատ, գործողությունների ծրագրում նախատեսել նաև օրենքից բխող իրավական և օրենսդրական ակտերի մշակման վերաբերյալ գործողություն՝ հաշվի առնելով արդեն իսկ առկա վերլուծությունները:
15 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 16. Նույն ուղղության ներքո նախանշված է «պետական և ՏԻՄ մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն ծրագրերի մշակման» գործիքի ներդրումը։ Վերջինիս մշակման և կիրառման աշխատանքները դեռևս նախատեսված են եղել 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով, որով ակնկալվում էր ապահովել 13 պետական մարմիններում և 8 ՏԻՄ մարմիններում նման գործիքի կիրառում, որոնք սակայն չեն իրականացվել։ Այդուհանդերձ, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից դեռևս 2019 թվականին մշակված համանուն մեթոդաբանությունը հաշվի չի առնվել ԿԿՀ-ի կողմից և պատվիրվել է նոր մեթոդաբանության մշակման աշխատանք։ Նոր մշակված մեթոդաբանության նախագիծը քննարկվել է փորձագիտական շրջանակի հետ, սակայն դրա ընդունման ու ներդրման հարցում առաջընթաց չկա: Գործողությունների ծրագրի 1․9 կետով նախատեսվում է ապահովել կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն ծրագրերի մշակում պետական և ՏԻՄ մարմիններում, այդ թվում՝ ներառելով հակակոռուպցիոն բարեվարքության ծրագրերի մշակման օրենսդրական հիմքերը և ԿԿՀ-ին վերապահվելիք լիազորությունների շրջանակը։ Բացի այդ, օրենսդրական կարգավորումների ընդունումը նախատեսված է 2025 թվականին և գործնականում պետական և ՏԻՄ մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման մասին ոչ մի միջոցառում նախատեսված չէ, իսկ գնահատման արդյունքային ցուցիչներում առկա չէ գործնականում կիրառելի քանակական գնահատման ցուցանիշ։ Մասնավորապես, պարզ չէ, թե մինչև 2026 թվականի ավարտը քանի պետական և ՏԻՄ մարմիններում կունանանք կիրարկված, կամ առնվազն՝ փորձարկված, մեթոդաբանություն և ինչ առաջընթաց կարձանագրվի պետական ու ՏԻՄ մարմինների կողմից նշված մեթոդաբանության կիրառման գործում։ Արդյունքում, ստացվում է, որ մինչև 2026 թ․ վերջ Հայաստանի հանրային ծառայությունում չենք ունենա գործնականում ձևավորված կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգ, մինչդեռ միաժամանակ ռազմավարության նախագծով խնդիր ենք դնում համանման համակարգ կառուցել պետական մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների համար և համակարգման գործառույթները վերապահել ԿԿՀ-ին։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․9 կետում վերանայել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգ» ներդնելուն ուղղված քայլերի գնահատման ցուցիչները, այն հաշվով, որ դրանք արձանագրեն կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա պետական և ՏԻՄ մարմիններում գործնականում մշակված և կիրառված հակակոռուպցիոն ծրագրերի քանակական ցուցիչներ։ • Դիտարկել պետական մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման ու կառավարման համակարգի ձևավորման ժամանակավրեպության և աննպատակահարմարության հարցը՝ այն պայմաններում, երբ մարդկային ռեսուրսների կառավարման, ծառայության և բարեվարքության տարրական բաղադրիչները նշված կառույցներում բացակայում են։
16 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 17. Նույն ուղղության ներքո դիտարկված են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրման գործիքի կիրառման և հետագա կատարելագործման խնդիրները։ Ռազմավարության նախագծի 1․10 և 1․11 կետերում առանձնացված են լուծման ենթակա 2 հիմնական խնդիրներ. առաջինը վերաբերում է «հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնմանը», իսկ երկրորդը՝ «հայտարարագրման էլեկտրոնային համակարգի զարգացմանը»։ Հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը նախատեսվում է իրականացնել ի հաշիվ պետական և համայնքների մասնակցությամբ կազմակերպությունների ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև hայտարարատու բոլոր պաշտոնատար անձանց համար սահմանել շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն: Այդուհանդերձ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով հայտարարագրման պարտականություն չունեն նաև հանրային ծառայության առավել ռիսկային ոլորտային պաշտոնյաները, ինչպիսիք են տեսչական և վերահսկողական մարմինների ծառայողները, պետական և համայնքային գնումների գործընթացի պատասխանատուները, լիցենզիաներ ու թույլտվություններ տրամադրող հանրային և համայնքային ծառայողները։ Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի զարգացման առկա խնդիրները արձանագրված են նաև ռազմավարության նախագծի «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիանալ համակարգը» բաժնում, ինչպես նաև գործողությունների ծրագրի 1․6 կետում։ Կոռուպցիայի կանխարգելման նոր գործիքակազմերի ներդրման մասով ռազմավարական խնդիր է նաև Հայաստանում համատարած հայտարարագրման համակարգին անցնելու պայմաններում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների հայտարարարագրման համակարգի հետ կրկնությունների ու հատումների, դրանից բխող ավելորդ վարչարարության վերացումը։ Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․11 կետում 2024 թվականի համար նախանշված են «Համընդհանուր հայտարարագրման ներդրման շրջանակներում ինքնաշխատ եղանակով ապահովվել է ՊԵԿ-ի և ԿԿՀ-ի էլեկտրոնային համակարգերում նույնական տվյալների փոխանակումը: Պետական մարմինների շտեմարաններում առկա տվյալները համապատասխանեցնել հայտարարագրման ենթակա տվյալներին: Հայտարարագրման ենթակա, սակայն շտեմարաններում բացակայող տվյալներն ինտեգրել շտեմարաններում» գործողությունները, որոնք տեխնիկապես կապահովեն ԿԿՀ-ի և ՊԵԿ-ի շտեմարանների փոխգործակցելիությունը։ Այդուհանդերձ, շտեմարանների փոխգործելիության պայմաններում օրենսդրորեն չի վերանում պաշտոնատար անձի կամ ծառայողի կողմից գույքի, եկամուտների մասին տվյալների կրկնակի հայտարարագրման պարտականությունը։ Այստեղ կարևոր խնդիրն այն է, որպեսզի գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրման ժամանակ տարանջատվեն գույքի և եկամուտների հայտարարագրերի մասով պատասխանատու պետական մարմինների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակները։ Իսկ շտեմարանների տվյալների փոխգործակցելիությունը՝ կօգնի վերլուծել հայտարարագրերը և ստուգել դրանցում ներառված տվյալների արժանահավատությունը։ Հայտարարագրման համակարգի մյուս կարևորագույն խնդիրը հայտարարագրման տվյալների միասնականացումն է՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերով պահանջվող տվյալների շրջանակի հստակեցումը, դրանց համալրումը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերների ընդունման արգելքի պահանջների խախտումները բացահայտող տվյալներով։ Բացի այդ, կարևորվում է նաև հայտարարագրում գրանցվող տվյալների կրկնությունից խուսափելու հանգամանքը։ Օրինակ, հիպոթեկային գործարքների գրանցումը կատարվում է հայտարարագրի երեք տարբեր բաժիններում։ Մեկ այլ դեպքում, եկամուտները բաժնում արտացոլված են գույքի օտարման գործարքներից ստացված միջոցները կամ ստացված փոխառությունները, որոնք պետք է արձանագրվեն ստացված և մարված ֆինանսական միջոցներ բաժնում, կամ ստացված նվերներն արձանագրվում են գույքի, առանձին տեսակներում՝ տարբեր արժեքային շեմերով, այդ թվում եկամուտներ բաժնում՝ դրամական միջոցներով ստացված նվերների տեսքով։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․10 կետով օրենսդրական փոփոխությունների արդյունքում ապահովել հանրային ծառայության առավել ռիսկային ոլորտային պաշտոնյաների՝ տեսչական և վերահսկողական մարմինների ծառայողների, պետական և համայնքային գնումների գործընթացի պատասխանատուների, լիցենզիաներ ու թույլտվություններ տրամադրող հանրային և համայնքային ծառայողների ներառումը գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրման համակարգում։ • Հայտարարագրման էլեկտրոնային համակարգերի խնդիրների լուծման տեսանկյունից, կրկնությունից խուսափելու համար ԿԿՀ էլեկտրոնային համակարգերի առանձին դրույթներն ամրագրել կոնկրետ կանխարգելման գործիքների դիտարկման ժամանակ, մասնավորապես, Գործողությունների ծրագրի 1․6 կետի «Հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի խնդիրների շտկում», «Հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի վերլուծական մոդուլի կառուցում» միջոցառումները ներառել գործողությունների ծրագրի 1․11 կետում։ • Համատարած հայտարարագրման համակարգին անցնելու պայմաններում ապահովել ՊԵԿ-ի և ԿԿՀ-ի կողմից հայտարարագրման պատասխանատվություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների կողմից գույքի և եկամուտների մասով կրկնակի հայտարարագրման պարտականության վերացումը՝ տարանջատելով ՊԵԿ-ի և ԿԿՀ-ի միջև հայտարարագրերի ընդունման գործառույթները։ Մասնավորապես, որպես լուծման տարբերակ առաջարկվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների մասով՝ ՊԵԿ-ին վերապահել եկամուտների հայտարարագերի ընդունումը, իսկ ԿԿՀ-ին գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրումը։ • Գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագրում հստակեցնել հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը՝ հայտարարագրի տարբեր հատվածներից խմբավորելով նույնաբովանդակ տվյալները՝ նույն գործարքի վերաբերյալ առանձին գրանցումներում և գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի բաժիններում։
17 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 18. «Հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ամրապնդման մեխանիզմների կատարելագործում» ուղղության 6-րդ պարբերության մեջ նշված է, որ «Կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն նպատակներից է ազնիվ, բարեխիղճ և գործունյա հանրային պաշտոն զբաղեցնող անձի և ծառայողի կերպարի ստեղծումը, հանրային ծառայության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը»։ Ռազմավարության նախագծում կոռուպցիայի կանխարգելումը արդեն իսկ դիտարկված է որպես նպատակ։ Այս ենթատեքստում «ազնիվ, բարեխիղճ և գործունյա հանրային պաշտոն զբաղեցնող անձի և ծառայողի կերպարի ստեղծումը, հանրային ծառայության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը» նույնպես ձևակերպված է որպես նպատակ։ Նման պայմաններում՝ «կանխարգելման նպատակի», «կանխարգելման միջոցի» և «կանխարգելման ուղղություն» եզրույթների միջև առաջացել է շփոթ։ Նույն բաժնում քաղաքական կոռուպցիայի մասով կուսակցությունների ֆիանսավորման նկատմամբ ԿԿՀ-ի վերահսկողոթյունը ներկայացված է որպես երաշխիք, հայտարարագրման մասով՝ որպես գործիք, կոռուպցիոն ռիսկերի գնահատումը՝ որպես համակարգային կոռուպցայի վրա ազդող համակարգ։ Նման տարաբնույթ որակումների/եզրույթների («նպատակ», «երաշխիք», «գործիք») գործածությունը հնարավորություն չի տալիս ունենալու հստակ սահմանված նպատակ, ուղղություններ, խնդիրներ, դրանց լուծման ուղիներ, ինչպես նաև՝ գնահատման ցուցանիշներ և ակնկալվող արդյունքներ։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծում հստակեցնել եզրույթները: Կոռուպցիայի կանխարգելումը ձևակերպել որպես միջոց, իսկ նպատակների շարքում առանձնացնել՝ ազնիվ, բարեխիղճ և գործունյա հանրային պաշտոն զբաղեցնող անձի և ծառայողի կերպարի ստեղծումը, հանրային ծառայության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը։
18 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 19. Ռազմավարության նախագծի «Կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների» ուղղության ներքո դիտարկված է նաև բարեվարքության ուսումնասիրության համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը: Ըստ գործողությունների ծրագրի 1․12-1․15 միջոցառումները վկայում են, որ բարեվարքության ստուգումների կամ ուսումնասիրությունների համակարգը վերաբերելի է լինելու միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և միակ իրականացնողը հանդիսանալու է ԿԿՀ-ն։ Մինչդեռ ռազմավարության նախագծով չի նախատեսվում հանրային ծառայողների համար բարեվարքության ստուգման մեխանիզմների գործարկում։ Հանրային ծառայողների, մասնավորապես քաղաքացիական ծառայողների, համար բարեվարքության ստուգման գործընթացների իրականացման վերաբերյալ լուծումներ են քննարկվել ԹԻՀԿ-ի կողմից 2022 թվականին իրականացված «Քաղաքացիական ծառայության ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների կոռուպցիոն ռիսկերի գնահատում» զեկույցում, որում առաջարկվել է բարեվարքության ուսումնասիրությունների գործիքներ կիրառել ոչ միայն քաղաքացիական ծառայողների թափուր հաստիքների համալրման գործընթացի թեստավորման ու հարցազրույցների փուլերում գործնական և իրավիճակային խնդիրների միջոցով, այլև կատարողականի գնահատման, ատեստավորման ու վերապատրաստման փուլերում, կոմպետենցիաների գնահատման գործընթացներում։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․12-րդ կետը համալրել հանրային ծառայողների բարեվարքության ստուգման (ուսումնասիրությունների) իրականացման միջոցառումներով։ • Հանրային ծառայության բոլոր պաշտոնյաների ու ծառայության տեսակների համար օրենսդրորեն սահմանել բարեվարքության ստուգման իրավասու/պատասխանատու մարմիններ և կառուցվածքային ստորաբաժանումներ, բարեվարքության ստուգման (ուսումնասիրությունների) իրականացման կարգեր, մեթոդական ուղեցույցներ մշակելու պահանջ։ • Հանրային ծառայողների թափուր հաստիքների համալրման մրցույթային և առաջխաղացման գործընթացներում սահմանել թեկնածուների բարեվարքությունը ստուգելու համար թեստային առաջադրանքների և հարցաշարի կիրառման պահանջ, թափուր հաստիքների համալրման հարցազրույցի գնահատման գործընթացում՝ թեկնածուների բարեվարքության կոմպետենցիաների գնահատման չափորոշիչներ, իրավիճակային խնդիրների կիրառման պահանջ, մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների գնահատման ձևաթղթերում՝ բարեվարքությանը վերաբերելի ցուցիչներ։ • Հանրային ծառայողների կատարողականի գնահատման (ատեստավորման) գործընթացներում անձնային և (կամ) կառավարչական հմտությունների շարքում սահմանել՝ հանրային ծառայողների բարեվարքության կոմպետենցիաների գնահատման պահանջ, հանրային ծառայողի բարեվարքության ցուցիչներ և գնահատման չափորոշիչներ։ • Նախագծի 1․13-րդ գործողությամբ նախատեսում է տարանջատել բարեվարքության ուսումնասիրությունը հանրային պաշտոնում նշանակման կամ առաջխաղացման համար և ընթացիկ բարեվարքության ստուգումը (շրջանակը, մեխանիզմները): Այս կետի ներքո կարևոր է հստակեցնել, թե որ պաշտոններն է թիրախավորում տվյալ ծրագիրը։
19 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 20. «Հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ամրապնդման մեխանիզմների կատարելագործում» ուղղության կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների արդյունավետության մեծացում և կատարելագործում խնդրի մասով գործողությունների ծրագրի 1․17-րդ կետով նախատեսվում է միջազգային փորձի ուսումնասիրություն և օրենսդրական ակտերի նախագծերի մշակում։ Այդուհանդերձ, կոնկրետ լուծումներ չի առաջարկվում, թե ինչ կառուցակարգերի մասին է խոսքը, ինչ օրենսդրական ակտեր պետք է մշակվեն կամ գործողներից որոնց մասով պետք է լրացումներ կամ փոփոխություններ իրականացվեն։ Բացի այդ, ռազմավարության նախագծի «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի զարգացում» բաժնում նշված է, որ 2024 թվականից ուժի մեջ է մտնելու «․․․նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացման» գործառույթը ԿԿՀ-ին փոխանցման օրենսդրական պահանջը։ Նշված նոր գործառույթի իրականացման հանգամանքներով պայմանավորված հիմնավորվում է ԿԿՀ-ին լրացուցիչ հաստիքների տրամադրման խնդիրը։ Մինչդեռ, Գործողությունների ծրագրի 1․17 կետում դրանից բխող գործողություններ նախատեսված չեն և քննարկված չէ համապատասխան կառուցակարգերի մշակման հարցը։ Առաջարկություն • Հնարավորինս հստակեցնել ռազմավարության նախագծի կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների արդյունավետության մեծացում և կատարելագործում հատվածի շարադրանքը՝ հաշվի առնելով ԿԿՀ-ին 2024 թվականից վերապահվող կուսակցությունների/ դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների նկատմամբ վերահսկողության նոր գործառույթներով պայմանավորված գործողությունները։
20 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 21. «Բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործում» ուղղության ներքո Ռազմավարության նախագծում քննարկված են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների բարեվարքության համակարգը կազմող հիմնական բաղադրիչների՝ վարքագծի կանոնների, նվերների ընդունման, այլ սահմանափակումների, անհամատեղելիության պահանջների, շահերի բախման իրավիճակների պահանջների պահպանման գործիքակազմերի ու կառուցակարգերի առկայության և դրանց կիրառման հիմնախնդիրները։ Պետական և ՏԻՄ մարմիններում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների վարքագծի կանոնագրքերի և դրանց կիրարկման կառուցակարգերի մասով ռազմավարության նախագծի գործողություների ծրագրի 1․18-րդ կետում 2024 թվականի կատարողականի թիրախներում նախանշված միջոցառումներից մեծ մասի մշակումը արդեն իսկ նախատեսված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, որոնց մշակման պատասխանատուն ԿԿՀ-ն է։ Բացի այդ, «Հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցը» արդեն մշակված ու հաստատված է։ «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի» նախագիծը ԿԿՀ-ի կողմից դրված է շրջանառության մեջ։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․18 կետից հանել՝ «Հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցի մշակման» և «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի» մշակման միջոցառումները։
21 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 22. Նույն ուղղության շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, նվերների ընդունման և այլ սահմանափակումների արդյունավետ գործադրման, վերահսկման մեխանիզմների կատարելագործուման հիմնախնդիրների մասով գործող կառուցակարգերի ու ընթացակարգերի անկատարության, առկա խնդիրների ու դրանց լուծման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ ռազմավարության նախագծում բացակայում է որևէ բացատրություն կամ նկարագրություն։ Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․19 կետում շահերի բախման կատարելագործման մասով ընդամենը նախատեսվում է «շահերի բախման նոր սահմանմանը համահունչ վերանայել հանրային ծառայության ոլորտային օրենսդրությունը»։ Մինչդեռ, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների մասով բացակայում են շահերի բախման բացահայտման և կառավարման գործիքակազմերն ու դրանց կիրառման կառուցակարգերը։ Վերջիններիս մասով հիմնական խնդիրներն ու դրանց վերաբերյալ առաջարկությունները ներկայացված են ԹԻՀԿ-ի կողմից 2022 թվականին մշակված «Շահերի բախման համակարգը և դրա կառավարումը ՀՀ հանրային ծառայության ոլորտում» ուսումնասիրության մեջ։ Միաժամանակ, ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների պլանի «Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումներ» 5-րդ մոնիտորինգային զեկույցի «շահերի բախումը և հայտարարագրման համակարգը» բաժնի գնահատականները և հանձնարարականները վկայում են շահերի բախման բացահայտման ու կառավարման գործիքակազմերի ու կառուցակարգերի օրենսդրական կարգավորումների անկատարությունը և գործնականում դրանց կիրառման բացակայությունը։ Առաջարկություն Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․19-րդ կետը համալրել հետևյալ միջոցառումներով․ • Օրենսդրությամբ կանոնակարգել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների իրավիճակային շահերի բախման առկայության վերաբերյալ բանավոր և գրավոր հայտարարությունների տրամադրման եղանակները, ժամկետները, դրանց արձանագրման և գրանցման (ռեեստր) կարգը, պատասխանատու մարմինները (բարեվարքության հարցերով կազմակերպիչներ), շահերի բախման ռեեստրի ձևավորման պահանջները, ռեեստրից տեղեկատվության հրապարակման պայմանները, • Նախագծել և մշակել շահերի բախման հայտարարությունների գրանցման ռեեստրի էլեկտրոնային համակարգ՝ այն փոխկապակցել ԿԿՀ-ի հայտարարագրման և ՀՀ Վարչապետի քաղաքացիական ծառայության գրասենյակի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու ծառայողների անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգերին, • ԿԿՀ-ին, պետական և ՏԻՄ մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչներին վերապահել լիազորություն՝ վերլուծելու և ստուգելու իրավիճակային շահերի բախման հայտարարություններում ներառված տեղեկատվությունը և դրանց հիման վրա խորհրդատվություն և առաջարկություններ ներկայացնել համապատասխան պետական կամ ՏԻՄ մարմնի ղեկավարին և պաշտոնատար անձին, • Հիմք ընդունելով ՏՀԶԿ-ի «Հանրային ծառայողների շահերի բախման կառավարման հանձնարարականների» պահանջները, օրենսդրությամբ սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների իրավիճակային շահերի բախման կառավարման գործիքակազմեր և դրանց կիրառման ընթացակարգերը, • Շահերի բախման կառավարման գործընթացում կիրառել մարդկային ռեսուրսների կառավարման գործիքների՝ փոխատեղում (ռոտացիա), կադրերի ռեզերվ փոխադրում, գործուղում, լիազորությունների վերաբաշխում, պաշտոնի անձնագրերում փոփոխությունների իրականացում և այլ կարգավորումները, • Օրենսդրությամբ սահմանել «Շահերի բախման բացահայտման և կառավարման» ուղեցույցի մշակման պահանջ, որում ներկայացնել շահերի բախման սահմանումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերների ընդունման արգելքի, իրավիճակային շահերի բախման դեպքերում շահերի բախման բացահայտման, կառավարման գործիքակազմերը և դրանց կիրառման եղանակները, մեկնաբանությունները՝ հիմնավորելով պրակտիկայից ձևավորված օրինակներով, • Մշակել և կազմակերպել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների «շահերի բախման բացահայտման և կառավարման» թեմայով վերապատրաստման ծրագիր, մասնագիտական դասընթացներ՝ ԿԿՀ անձնակազմի, ԱԺ պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների, հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամների, բարեվարքության հարցերով կազմակերպիչների, վերադաս անձ կամ անմիջական ղեկավար հանդիսացող պաշտոնատար անձանց, ինչպես նաև ընդհանուր ճանաչողական դասընթացներ՝ հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց առանձին խմբերի համար։
22 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 23. Նույն ուղղության «Նվերների ընդունման սահմանափակումների» հիմնախնդիրների մասով ռազմավարության նախագծում նշված է, որ «նվերների ընդունման սահմանափակումների իրացման կառուցակարգերը լրիվությամբ ամրապնդված չեն, նվերների հաշվառման կառուցակարգերը թերի են, դեռևս ձևավորված չէ նվերների ռեեստրը, սահմանված չեն պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող նվերների տնօրինման հետ կապված կարգավորումներ, որևէ պետական մարմնի վերապահված չէ նվերները հաշվառելու լիազորություն, իսկ պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման լիազորությունը, ըստ էության, վերապահված է միայն Պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչը խնդրահարույց է և իրավակիրառ պրակտիկայում մի շարք խնդիրներ կարող է առաջացնել»: Նվերների ընդունման սահմանափակման կանոնակարգման մասով օրենդրական վերջին փոփոխությունը կատարվել է 2022 թվականի դեկտեմբերին, որով «Հանրային ծառայսության մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է ձևավորել օրենքից բխող թվարկված ընթացակարգերն ու կաուցակարգերը, ձևավորել նվերների ռեեստրը, այդ թվում՝ էլեկտրոնային։ Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․20 կետում նախատեսվում է «Սահմանել նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների ռեեստրի վարման, դրա լրացման ու տվյալների հրապարակման կարգերը, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգավորումները»։ Նշված կարգերի մշակումը սահմանված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և ռազմավարական փոփոխություններ չի պահանջվում։ Նվերների հաշվառման ռեեստրի ստեղծման և դրա հետ շաղկապված մյուս գործողությունների մասով միջոցառումները նախանշված են նաև ՀՀ «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) 5-րդ գործողությունների ծրագրի 7-րդ հանձնառությունում։ Ինչ վերաբերում է ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․20 կետում 2024 թվականի 1-ին կիսամյակում մշակվելիք օրենսդրական փոփոխություններին («Մշակվել է իրավական ակտերի նախագծեր, որոնցով. 1. Նախատեսվել են պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման կանխատեսելի, հստակ և արդյունավետ կարգավորումներ, 2. Արարողակարգային նվերները հաշվառելու և տնօրինելու լիազորությունն առանձին դեպքերում վերապահվել է Պետական արարողակարգային ծառայությանը, 3. Սահմանվել է պետական սեփականություն դարձող արարողակարգային նվերները տվյալ պետական մարմնում պահելու օգտագործելու հնարավորություն, 4. Մշակութային արժեք ներկայացնող արարողակարգային նվերները թույլատրվել է հանձնել թանգարաններին, 5. Հստակեցվել են առանձին տեսակի արարողակարգային նվերների (շուտ փչացող գույք, կենդանիներ եւ այլն) տնօրինման եղանակները, 6. Սահմանվելու է արարողակարգային նվերներն ըստ անհրաժեշտության իրացնելու եւ հասույթը բարեգործության ուղղելու հնարավորություն, 7. Օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում տրվող թանկարժեք նվերներն ու զենքը ներառվել են թույլատրելի նվերների շրջանակում, 8. Նախատեսվել են ոչ թույլատրելի նվերները «Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրացնելու և ստացված հասույթի տնօրինման եղանակները»), ապա անհրաժեշտ է նշել, որ պահանջվող օրենսդրական ակտերի նախագծերի փաթեթը ՀՀ ԲԿԳ-ի 5-րդ գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և հանրային քննարկման է ներկայացված «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը», որով կարգավորվում են հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումները՝ նախատեսելով նվերները ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ բարեգործություն իրականացնող սուբյեկտներին նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկություն • Ռազմավարության նախագծից և գործողությունների ծրագրի 1․20-րդ կետից հանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 30-ի 4-րդ մասով սահմանված և ԿԿՀ-ի կողմից մշակման ենթակա ընթացակարգերն ու կառուցակարգերի նախագծերի մշակման պահանջը։ • Գործողությունների ծրագրի 1․20-րդ կետից հանել նաև 2024 թվականի համար որպես կատարողականի թիրախ նախատեսված «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով արդեն իսկ լուծում ստացած հարցադրումները կամ միջոցառումները։ • Կրկնությունից խուսափելու համար՝ քննարկել նաև գործողությունների ծրագրի 1․20 կետից նվերների ռեեստրի մշակման միջոցառման հանելու հարցը։
23 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 Նույն ուղղության ներքո դիտարկված են նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների անհամատեղելիության և այլ սահմանափակումների պահանջների կիրառման կառուցակարգերը և դրանց բացահայտման գործիքները: Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․22 - 1․24 կետերով նախատեսված են այլ սահմանափակումների պահանջների կառուցակարգերի մշակման և դրանց գործիքակազմերի բացահայտման միջոցառումներ՝ «լոբբիստական գործունեության կարգավորման վերաբերյալ ուսումնասիրության իրականացում» և «նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը ոչ ծառայողական նպատակներով օգտագործում»։ Մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով հանրային պաշտոնյաների ու ծառայողների համար սահմանված այլ սահմանափակումների մյուս տեսակների կարգավորումների մասով ո՛չ ռազմավարության նախագծում և ո՛չ էլ գործողությունների ծրագրում ոչ մի միջոցառում նախանշված չէ։ Առաջարկություն Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․22-1․24 կետերը համալրել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների այլ սահմանափակումներին վերաբերելի հետևյալ միջոցառումներով՝ • «Իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար» սահմանափակման պահանջների արժանահավատության ստուգման կամ վերահսկման տեսանկյունից իրավաբանական անձանց միասնական գրանցամատյանում ներառել «կուսակցական մարմինների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացվածության ու անդամակցության վերաբերյալ» տվյալները։ • «Հոնորար ստանալ պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար» սահմանափակումը դիտարկել որպես հանրային պաշտոն զբաղեցնող անձի և ծառայողի «այլ վճարովի աշխատանք՝ բացառությամբ գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքներից» անհամատեղելիության պահանջի մասնավոր դեպք կամ պայման։ • «Համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ» սահմանափակման արժանահավատության ստուգման կամ վերահսկման նպատակով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը վարելու էլեկտրոնային համակարգում ներառել «մերձավոր ազգակցությամբ և խնամիությամբ կապված անձանց՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ՀԾՀ-ը», ինչպես նաև՝ «տվյալ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի անմիջական ղեկավարի կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնյայի վերաբերյալ՝ պաշտոնի, կազմակերպության, ստորաբաժանման անվանումը, պաշտոնյայի Ա․Ա․Հ-ը» տվյալները։ • Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգն առցանց հասանելիություն ապահովել ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) էլեկտրոնային շտեմարանին։ • Օրենսդրությամբ վերանայել հետագա աշխատանքային գործունեության սահմանափակման սահմանումը՝ հաշվի առնելով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների առանձին խմբերի գործունեության ոլորտները, այդ ոլորտների առանձնահատկություններով պայմանավորված աշխատանքային գործունեության սառեցման ժամանակահատվածի տևողությունը, որոշում կայացնողների շրջանակը, սահմանափակման պահանջների նկատմամբ վերահսկողության գործիքները, դրանց կիրառման պայմանները, մասնավոր ոլորտում հետագա գործունեությանը վերաբերելի այլ հարցերը։
24 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 25. «Բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործում» ուղղության ներքո քննարկված է նաև պետական և համայնքային մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպություններում բարեվարքության համակարգի ներդրման և զարգացման հիմնախնդիրները, գործողությունների ծրագրում պետական և համայնքային մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպություններում բարեվարքության համակարգի բաղադրիչների ներդրման մասով ոչ մի միջոցառում նախանշված չէ։ Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել այն պետական մարմնին, որը պետք է ապահովի վերոնշյալ կազմակերպություններում բարեվարքության համակարգի պահանջների կիրարկումը։ Հստակեցված չէ ԿԿՀ-ի կամ այլ պետական մարմինների դերակատարումը նշված կառույցներում բարեվարքության ինստիտուտի ներդրման համակարգողի գործառույթների մասով։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծում և գործողությունների ծրագրում նախատեսել ոչ առևտրային կազմակերպություններում բարեվարքության բաղադրիչների ներդման միջոցառումներ և հստակեցնել նշված կազմակերպություններում բարեվարքության պահանջների պահպանումը ապահովող լիազոր մարմնի կամ մարմինների հարցը։
25 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 26. Նույն ուղղության ներքո որպես ռազմավարական խնդիր դիտարկված է բարեվարքության պահանջների պահպանման համար պատասխանատվության միջոցների կիրառման հարցը, դրանց կառուցակարգերի կատարելագործման անհրաժեշտությունը: Ռազմավարության նախագծում նշված է, որ «․․․չնայած սահմանվել են վարքագծի տիպային կանոնները, սակայն դրանց խախտումների համար պատասխանատվության միասնական նորմեր սահմանված չեն, յուրաքանչյուր մարմին ազատ է կոնկրետ խախտման համար պատասխանատվության միջոց սահմանել: Այսինքն՝ գործնականում ձևավորվում է այնպիսի իրավիճակ, երբ նույն տեսակի խախտման համար տարբեր մարմիններ կարող են կիրառել պատասխանատվության տարբեր միջոցներ»: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը և հանրային ծառայության առանձին ոլորտային օրենքները հանրային պաշտոնյաների ու ծառայողների վարքագծի տիպային կանոնների համար պատասխանատվության միջոցներ սահմանելու պահանջ չեն նախատեսել։ Պատասխանատվության միջոցներ նախատեսված են վարքագծի կոնկրետ կանոնների խախտումների համար։ Ինչ վերաբերում է նույնաբովանդակ վարքագծի կանոնի խախտման համար հանրային ծառայության առաձին տեսակների ոլորտային օրենքներով պատասխանատվության տարբեր տեսակների ու աստիճանների սահմանման հնարավորությանը, ապա նման մոտեցումը տրամաբանական է և հիմնավորված՝ պայմանավորված տվյալ ծառայության առանձնահատկություններով, ծառայողի պատասխանատվության շրջանակով և ռեժիմով։ Նմանատիպ մոտեցում արձանագրված է դատավորների, դատախազների, քննիչների ու հանրային մյուս պաշտոնյաների մասով բարեվարքության պահանջների խախտումների համար պատասխանատվության տարբեր աստիճանի և միջոցների կիրառման պայմաններում։ Այստեղ բոլոր հանրային պաշտոնյաներին ու ծառայողներին «նույն սանրով» սանրելու մոտեցումը հիմնավորված չէ։ Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․25 և 1․26 կետերով նախատեսված միջոցառումները բավարար չեն բարեվարքության պահանջների խախտումների միասնական համակարգ ձևավորելու համար։ Մասնավորապես, բացակայում են ինքնավար պաշտոնների խմբի պաշտոնատար անձանց մասով պատասխանատվության միջոցների կիրառման գործիքակազմերն ու կառուցակարգերը։ Բարեվարքության պահանջների խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցների տեսակների մասով՝ հանրային ծառայության առանձին տեսակների ոլորտային օրենքներով կարգավորումների խնդիրը ռազմավարության նախագծում բացակայում է։ Իսկ հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց և ծառայողների այլ սահմանափակումների մասով կարգապահական պատասխանատվության միջոցներից վարչական, իսկ հանցագործությունների տարրեր պարունակող դեպքերում՝ քրեական պատասխանատվության միջոցների կիրառման հնարավորությունների մասին նույնպես ռազմավարական մոտեցումները բացակայում են։ Առաջարկություն Ելնելով վերոնշյալից ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․25 և 1․26 կետերում նախատեսված միջոցառումներում ներառել՝ • Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների կողմից վարքագծի կանոնների, այլ սահմանափակումների, շահերի բախման իրավիճակների պահանջների խախտումների համար սահմանել խստացված պատասխանատվության միջոցներ՝ համատարած կարգապահական պատասխանատվության միջոցներից անցում կատարելով վարչական, իսկ առանձին դեպքերում՝ քրեական պատասխանատվության միջոցների կիրառմանը։ • Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար օրենսդրորեն սահմանել վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, իրավիճակային շահերի բախման պայմանների խախտումների համար կարգապահական և վարչական պատասխանատվության կոնկրետ միջոցներ խախտման յուրաքանչյուր տեսակի ու պայմանների համար և մշակել դրանց կիրառման գործիքակազմերը։ • Հանրային ծառայության առանձին ոլորտային օրենքներով հանրային ծառայողների կարգապահական պատասխանատվության միջոցներին զուգահեռ սահմանել հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող վարքագծի կանոնները, անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում՝ կարգապահական և վարչական պատասխանատվության միջոցներ և մշակել դրանց կիրառման գործիքակազմերը։ • Կարգապահական և վարչական պատասխանատվության միջոցներ սահմանել պետական և ՏԻՄ մարմինների ղեկավարների, վերադաս կամ անմիջական ղեկավար հանդիսացող պաշտոնատար անձանց, հանրային ծառայության ոլորտային էթիկայի հանձնաժողովների անդամների, բարեվարքության հարցերով կազմակերպիչների և բարեվարքության հարցերով պատասխանատու այլ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ բարեվարքության պահանջների պահպանման մասով իրենց վերապահված լիազորությունների չկատարման կամ ոչ լիարժեք կամ պատշաճ կատարման համար և մշակել դրանց կիրառման գործիքակազմերը։ • Օրենսդրորեն սահմանել շահերի բախման իրավիճակներում կնքված պայմանագրերը, տրված թույլտվությունները, կայացրած որոշումները առոչինչ ճանաչելու և դրանց արդյունքում ձեռքբերված միջոցները բռնագանձելու գործիքակազմերը, որը հնարավորություն կտա էապես փոխել բարեվարքության պահանջների պահպանման նկատմամբ հանրային պաշտոնյաների ու ծառայողների վերաբերմունքը։