Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀՀ ուսումնական հաստատություններում կառավարման նոր մոդելին անցնելու ողջ տրամաբանությունը տնօրենի կողմից բովանդակային պատասխանատվություն կրելն է, որի համար վերջինս պետք է կազմի հաստատության զարգացման ծրագիրը, ինչից պարզ է դառնալու, թե որքանով է հավակնորդը պատկերացնում հաստատության զարգացման հեռանկարը, ինչպես է իրականացնելու այն բոլոր քայլերը, որոնք միտված են լինելու հաստատությունում կրթության որակի բարձրացմանը, նոր չափորոշչով կրթություն կազմակերպելուն, և այդ համատեքստում կարևորվում է մասնագետի պատրաստվածությունն ու համապատասխանությունն այն պաշտոնին, որին հավակնում է: Ուստի Կրթության կառավարման պետական լիազոր մարմինը նպատակահարմար է գտնում տնօրենի հետ անցակցվող հարցազրույցի գործառույթը ստանձնելն այս փուլում, որը շատ կարևոր է գործընթացի մեկնարկի փուլում ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ովքեր են լինելու հաստատությունների ապագա կառավարիչները կարևորագույն այդ պաշտոնում, և արդյոք զարգացման ծրագրերը համահունչ են պետական քաղաքականության սկզբունքներին: Անհրաժեշտություն է առաջացել նաև նկարագրելու հարցազրույցի ընթացակարգը:

Ներկայում գործող կարգում առկա է բողոքարկման վերաբերյալ կարգավորում, որն արտացոլված չէ վերնագրում: Կարգում առկա է նաև ժամկետի հետ կապված խնդիր, որն  ի հայտ է եկել գործընթացը մեկնարկելու ժամանակ:

 Հաշվի առնելով այս և նմանօրինակ այլ խնդիրները՝ տնօրենի մրցույթի կարգում փոփոխության անհրաժեշտություն է առաջացել:

  • Քննարկվել է

    13.07.2023 - 28.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5609

Տպել

Առաջարկներ`

Լիանա Կարապետյան

28.07.2023

Կարծում եմ՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն դառնալու համար անհրաժեշտ է ունենալ կրթական ձեռքբերումներ, մասնագիտական գործունեության հարուստ փորձ։ Եթե տնօրեն դառնալու համար անձը պետք է ունենա առնվազն 7 տարվա ստաժ, ենթադրվում է, որ այդ տարիների ընթացքում նա պետք է իրեն դրսևորած լինի որպես ակտիվ, նախաձեռնող, իր գործի գիտակ, աշակերտների և ծնողների շրջանում հեղինակություն վայելող, տարակարգ ունեցող, կամավոր ատեստավորում անցած ուսուցիչ-առաջնորդ։ Այլապես ստեղծվում է մի իրավիճակ, երբ այնպիսի անձ է հավակնում դառնալ տնօրեն, որը իր գործունեության ընթացքում որևէ ձեռքբերում չի ունեցել, և որի միակ ձեռքբերումը ղեկավարման իրավունքի հավաստագիրն է։ Առաջարկում եմ վերանայել տնօրենի պաշտոնին հավակնելու համար անհրաժեշտ պահանջները։

Լիանա Կարապետյան

28.07.2023

Հավելվածի կետ 26-ում նշված է, որ լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 8-րդ կետով սահմանված մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին: Առաջարկում եմ հստակեցնել, թե լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը ինչն է ներկայացնում մասնագիտական հանձնաժողովին՝ միայն զարգացման ծրագիրը, թե ամբողջական փաթեթը /դիմում, ինքնակենսագրական, հավաստագիր, զարգացման ծրագիր, արձանագրություններ/։ Կարծում եմ` օբյեկտիվ որոշում կայացնելու համար կարևոր է, որպեսզի մասնագիտական հանձնաժողովը հնարավորություն ունենա ծանոթանալու յուրաքանչյուր հավակնորդի կրթությանը, աշխատանքային գործունեությանը, մասնագիտական ոլորտներում գործունեության փորձի նկարագրին, վերապատրաստումներին, գիտական հոդվածներին, պարգևներին և այլն։

Նաիրա Հարությունյան

26.07.2023

Կարգում կատարված փոփոխությունները ողջունելի են, հատկապես կարևոր են այն փոփոխությունները, որոնք կնպաստեն անաչառ որոշումների կայացմանը, արդյունքում տնօրեն կնշանակվեն միայն պատրաստված և պաշտոնին համապատասխանող մասնագետներ։ Հավելվածի կետ 30-ի փոփոխությունը, համաձայն որի զարգացման ծրագրում կազմակերպության կողմից այլ զարգացման ծրագրերից ամբողջական կամ մասնակի արտագրության դեպքերի բացահայտման դեպքում զարգացման ծրագիրը գնահատվում է 0 միավոր, և տրամադրվող եզրակացության մեջ նշում է կատարվում արտագրության փաստի մասին։ Դպրոցի զարգացման ծրագիրը դպրոցի առաջընթացի հիմքն է, և անհրաժեշտ է բացառել տարբեր զարգացման ծրագրերից արտագրության դեպքերը, ինչպես նաև այն դեպքերը, երբ զարգացման ծրագրերը գրվում են այլ անձանց կողմից։ Սրա լավագույն լուծումը կարգով առաջարկվող փոփոխությունն է, համաձայն որի հավակնորդի հետ հարցազրույցն իրականացնում է մասնագիտական նույն հանձնաժողովը, որը եզրակացություն է տալիս զարգացման ծրագրի վերաբերյալ։ Սա հնարավորություն կտա բացահայտել, թե որքանով է հավակնորդը իրապես տիրապետում իր գրած զարգացման ծրագրին։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: