Հիշել նախագիծը

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

100%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վերջին տարիներին ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը:  Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց:

Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի նիստի N 2  արձանագրային որոշմամբ հաստատվել է «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ), որտեղ ընդգծվել է այն, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կապված է քրեակատարողական առողջապահական առկա համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ:

Ընդ որում, քրեակատարողական առողջապահության ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման անհրաժեշտության պահանջը ամրագրված է ինչպես Հայեցակարգում, այնպես էլ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշման հավելված 2-ում, որի 176-րդ կետի 3-րդ ենթակետով որպես գերակա խնդիր առանձնացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացումը (շարունակական)՝ նախատեսելով նաև  քրեակատարողական ծառայությունում բժշկական ծառայողների անկախության երաշխիքների ստեղծման վերաբերյալ ինստիտուցիոնալ մոդելի ներկայացման պահանջ:

Հարկ է նշել, որ քրեակատարողական առողջապահության գործող համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում առկա են մի շարք համակարգային խնդիրներ: Դրանք են՝

1) Մասնագիտական անկախության բացակայություն - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումները գտնվում են քրեակատարողական վարչության պետի անմիջական ենթակայության տակ, իսկ քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումները՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ: Սրանով պայմանավորված՝ բժշկական անձնակազմի կողմից բացառապես բժշկական հարցերի շուրջ կատարած մասնագիտական եզրակացությունները կարող են ենթարկվել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ոչ մասնագիտական վերանայման, իսկ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կարող է բժիշկներին ենթարկել կարգապահական պատասխանատվության, գործնականում հավանություն չտալ բժշկական եզրակացություններին:

2) Բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց անվստահություն - մասնագիտական անկախության բացակայությունը իր հերթին հանգեցնում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց անվստահությունը:

3) Քրեակատարողական համակարգի բուժաշխատողների ներգրավման դժվարություն - քրեակատարողական ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված՝ ներկայումս առկա են քրեակատարողական համակարգի բուժաշխատողների ներգրավման դժվարություններ, թափուր աշխատատեղեր և արդյունքում աշխատող անձնակազմի աշխատանքային գերծանրաբեռնվածություն, ինչն անուղղակիորեն զրկում է ազատությունից զրկված անձանց ժամանակին և որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից:

4) Բժշկական անձնակազմի որակավորման խնդիր - ազատազրկման վայրերում առողջապահական որակյալ անձնակազմի համալրումը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով այն, որ քրեակատարողական բուժօգնությունը լիովին առանձնացված է հանրային առողջապահությունից, ինչը  բացասաբար է անդրադառնում բժշկական անձնակազմի որակի և որպես արդյունք նաև վերջիններիս կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի վրա, քանի որ հանրային առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերում վերջիններս չեն ընդգրկվում, չեն օգտվում քրեակատարողական համակարգից դուրս մասնագիտական և շարունակական բժշկական կրթությունից: Ուստի,  անհրաժեշտ է առաջադրել այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ քրեակատարողական համակարգի ներսում գործող բուժծառայությունները բժիշկ մասնագետների համար կլինեն առավել գրավիչ:

Ելնելով վերոնշյալ խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ անհրաժեշտ է բարեփոխել քրեակատարողական առողջապահական համակարգը, նախ և առաջ նախատեսելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որոնք կապահովվեն  քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախությունը: Ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումները պետք է ներառեն նաև համապատասխան միջոցառումներ ուղղված քրեակատարողական առողջապահական համակարգի և հանրային առողջապահական համակարգի շարունակական համագործակցության ապահովմանը:

Հարկ է նշել, որ քրեակատարողական առողջապահության ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման և վերը նշված խնդիրների լուծման նպատակով  Հայեցակարգով որպես քրեակատարողական առողջապահական ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման հնարավոր տարբերակ դիտարկվել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակումը` քրեակատարողական բուժօգնության ծառայությունը քրեակատարողական վարչության ենթակայությունից հանելու և ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնելու վերաբերյալ: Այսպիսի բարեփոխման նախատեսումը հնարավորություն կընձեռի ապահովվել բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը, որն էլ իր հերթին կնպաստի պատշաճ որակի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջանում մշակել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որն կապահովի կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ներկայացված  նախագծով առաջարկվում է հետևյալ առանցքային լուծումները.

  • հիմնադրման միջոցով ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
  • սահմանել, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվողկալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումը.
  • թույլատրել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել Նախագծով սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
  • Իրականացնել միջոցառումներ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կադրերի համալրման, ինչպես նաև վերջինիս գործունեության համար անհրաժեշտ տարածքների հատկացման համար:

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի  ընդունմամբ հնարավոր կլինի լուծել  քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախության ապահովման հարցը, ստեղծել նախադրյալներ քրեակատարողական բուժօգնության ծառայության հանրային առողջապահության համակարգին ինտեգրվելու, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացման համար:

  • Քննարկվել է

    05.12.2017 - 20.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10661

Տպել