ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։
Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ օրենսդրական, համակարգելու հրամայականից։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող սրընթաց գործընթացներն իրենց ազդեցությունն են թողնում նաև զբոսաշրջության բնագավառի վրա։ Վերջինիս գումարվեցին նաև կորոնավիրուսային համավարակի (COVID-19), արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները, ինչպես նաև՝ ռուս–ուկրաինական պատերազմի ազդեցությունը։
Տնտեսական նոր իրողությունների շրջանակում կարևորվում է զբոսաշրջության զարգացման համապարփակ ռազմավարության հաստատումը, որն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և առնչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների, այդ թվում՝ մարզերում զբոսաշրջության զարգացման ռազմավարական փաստաթղթերի համար։
Վերոգրյալ իրողությունների պատճառած սոցիալական և տնտեսական վնասը առանձնահատուկ մարտահրավեր է էական նշանակություն ունեցող ելակետային տվյալների և թիրախների սահմանման հարցում: Հաշվի առնելով վերը նշվածը և առկա փորձը և հատկապես զբոսաշրջության բնագավառի զգայունությունը այլ բնագավառներում իրականացվող փոփոխությունների հանդեպ՝ երկարաժամկետ ծրագրեր մշակելիս և հաստատելիս անհրաժեշտ է պահպանել զգուշավորություն կամ նախատեսել ոչ ավել, քան հինգ տարվա ծրագրեր, միջոցառումներ կամ գործողություններ։ Ուստի, ռազմավարական ծրագրերն ու միջոցառումները նախատեսված են մինչև 2028թ․-ը՝ 2030թ․-ի փոխարեն։
Ներկայումս ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել նաև «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650 - Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» կատարումն ապահովող միջոցառումների 258.1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 - Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10.1-ին կետի։
Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտերին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլն:
Ռազմավարության ընդունումը հնարավորություն կընձեռի նաև օրենսդրական բարեփոխումների առավել արդյունավետ համակարգումն ապահովելու համար։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Սույն նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։
Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
Ռազմավարոության ընդունումը կնպաստի ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N1363-Ա որոշմամբ և ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թ․թ․ գործունեության միջոցառումների զբոսաշրջության զարգացման թիրախների ապահովմանը։
Ռազմավարության ընդունմամբ հնարավոր կլինի ունենալ ուղենիշային փաստաթուղթ առաջիկա 5 տարիներիn զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար՝ ի նպաստ զբոսաշրջության կայուն զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստանի՝ որպես ապահով և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը, Հայաստանի ճանաչելիության և հասանելության բարձրացմանը և այլն։
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։