ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայով նախատեսված է հաղորդողի, փաստացի գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ձևավորված օգուտի կամ վնասի փոխհատուցում։ Վերջինիս մեծությունը պայմանավորող գործոններից է հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների հաշվարկային և փաստացի արժեքների տարբերությունը։ 2023թ․ փետրվարի 1-ից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայում իրականացնում է էլեկտրաէներգիայի առևտուր՝ ընկերության կորուստների փոխհատուցման նպատակով։ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի չկարգավորվող բաղադրիչում առևտրի իրականացման արդյունքում ընկերության մոտ կարող են առաջանալ օգուտներ, որոնք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի համաձայն ենթակա են նվազեցման ընկերության սակագներից։ Այս պարագայում, ընկերությունը խթաններ չի ունենում հաղորդման ցանցի կորուստների համար էլեկտրական էներգիան ձեռք բերելու հաղորդման ծառայության սակագների հաշվարկներում նախատեսվածից ավելի էժան գնով։
Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայում և հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար էլեկտրական էներգիան սակագնի հաշվարկում նախատեսվածի համեմատ առավել էժան գնով ձեռքբերելու նպատակով նախատեսել խթանիչ կարգավորումներ հաղորդողի համար, որի արդյունքում առաջացած խնայողությունը դրական ազդեցություն կունենա նաև էլեկտրաէներգետիկական համակարգի մասնակիցների տնտեսական գործունեության և վերջնական սպառողների սակագների վրա։
Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել կատարել խմբագրական բնույթի փոփոխություն մեթոդիկայի 21-րդ կետում։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծով նախատեսվում է լրամշակել հաղորդողի, փաստացի գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ձևավորված փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման մեխանիզմը և հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար էլեկտրական էներգիան սակագնի հաշվարկում նախատեսվածի համեմատ առավել էժան գնով ձեռքբերելու արդյունքում առաջացած խնայողության 50%-ը թողնել ընկերությանը՝ դրանով իսկ խրախուսելով ընկերության ջանքերը ձեռք բերելու առավել էժան էլեկտրական էներգիա, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետի 2-րդ ենթակետը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղորդող ընկերության մոտ կառաջանա հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար առավել էժան էլեկտրական էներգիա ձեռք բերելու խթաններ, իսկ դրա արդյունքում ձևավորված խնայողությունները դրական ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական համակարգի մասնակիցների տնտեսական գործունեության և վերջնական սպառողների սակագների վրա։