Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Բնակչության բշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտության վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ, 19-րդ հոդվածների համաձայն` բժշկական գաղտնիքի իրավունքը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1996 թվականի մարտի 4-ին, սակայն մինչ օրս բժշկական գաղտնիքի սահմանափակման դեպքերն օրենսդրորեն սահմանված չեն: Գործնականում սահմանափակման հիմքերից մեկը նախատեսված է ՀՀ ներքին գործերի և առողջապահության նախարարների 05.08.1996թ. համատեղ ցուցումով:
Չնայած ՀՀ ներքին գործերի և առողջապահության նախարարների 05.08.1996թ. համատեղ ցուցումում նշված է, որ բժշկական հիմնարկությունները ոստիկանությանը պետք է տեղեկություններ հաղորդեն միայն «քրեական բնույթի» վնասվածքների վերաբերյալ, պրակտիկայում մարմնական վնասվածքների բոլոր դեպքերն անխտիր փոխանցվում են ոստիկանությանը: Այս հանգամանքն էապես մեծացնում է ոստիկանության ծանրաբեռնվածությունը, քանի որ փոխանցված տեղեկությունների ստուգման համար անհարկի ծախսվում են նյութական միջոցներ և օգտագործվում մարդկային ռեսուրսներ:
Այսպես, օրինակ, 2015 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ հիվանդանոցներից մարմնական վնասվածքների վերաբերյալ ստացվել են 21.750 ահազանգեր, մասնավորապես`
- Կենտրոնականի բաժնում` 2942 ահազանգ,
- Արաբկիրի բաժնում` 2561 ահազանգ,
- Մալաթիայի բաժնում` 2162 ահազանգ,
- Էրեբունու բաժնում` 4027 ահազանգ,
- Մաշտոցի բաժնում` 2376 ահազանգ,
- Քանաքեռ-Զեյթունի բաժնում` 1603 ահազանգ,
- Շենգավիթի բաժնում` 3499 ահազանգ,
- Նոր Նորքի բաժնում` 2521 ահազանգ,
- Մետրոպոլիտենի պահպանության բաժնում` 60 ահազանգ:
Ստացված 21.750 ահազանգերից միայն 8.853-ով է, որ կասկածներ են եղել հանցագործությամբ մարդու առողջությանը և կյանքին վնաս պատճառելու վերաբերյալ (գլխի վնասվածք, ուղեղի ցնցում, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածք, դիակ, կտրող-ծակող գործիքով թափանցող վերք, հրազենային վնասվածք, պոլիտրավմա, բաց կոտրվածք, անգիտակից վիճակ, թունավորում, ինքնավնասում), ընդ որում, մնացած ահազանգերի մասով դրանց «ոչ քրեական» բնույթը հենց սկզբից հիմնականում պարզ է եղել թե բժիշկներին, թե ոստիկանությանը: Չնայած ասվածին, գործնականում կիրառվող ցուցումի ուժով, 11.869 ահազանգ էլ գրանցվել և ստուգվել են որպես «քրեական բնույթի» տեղեկատվություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանն իրավունք ունեն պահանջել փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին: Ընդ որում` այդ տեղեկությունների, օրինակ, բժշկական գաղտնիքի մաս կազմելու հանգամանքը, չի կարող հիմք լինել դրանք չտրամադրելու համար, քանի որ օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձինք, որոնց քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել կամ ներկայացնել օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, չեն կարող վկայակոչելով ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվել այդ պահանջը կատարելուց, սակայն իրավունք ունեն դատարանից, դատախազից, քննիչից, հետաքննության մարմնից նախապես ստանալ նրանց կողմից նշված տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը հաստատող, համապատասխան քննչական կամ դատավարական գործողության արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նույնպես հավաքում են տեղեկություններ, ինչը կատարվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա:
Ստացվում է իրավիճակ, երբ օրենքով ամրագրված է հետաքննության մարմնի (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի), քննիչի, դատախազի, դատարանի` տվյալ դեպքում բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու իրավունքը, սակայն նշված իրավունքի իրացման համար որևէ օրենքով պարտականություններ նախատեսված չեն:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող կարգավորումն ապահովում է 2 հանգամանք`
ա) ըստ էության ճանաչվում է բժշկական կազմակերպությունների նկատմամբ վստահության պրեզումպցիան (բժիշկներն իրենք են գնահատելու առողջությանը կամ կյանքին պատճառված վնասն իրավախախտմամբ պայմանավորված լինելու հանգամանքը),
բ) նախատեսվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկի` մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանափակման լեգիտիմ հիմք, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 81-րդ հոդվածը նույնպես սահմանում է, որ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։
Նախագծով կատարվող մյուս լրացման շնորհիվ օրենքի մակարդակով կամրագրվի բժշկական հիմնարկների պարտականությունը, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, անձի առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, դատարանին` քրեական գործի քննության և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը կանխարգելելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ վերջիններիս գրավոր հարցումների հիման վրա:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում`
ա) բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ոստիկանությանը փոխանցելու պարտականությունը կստանա իրավաբանորեն որոշակի և սահմանադրական բովանդակություն,
բ) հնարավորինս կսահմանափակվի կենցաղային հարցերով հիվանդանոցային ահազանգերի ստուգման անհրաժեշտությամբ պայմանավորված` քաղաքացիներից, այդ թվում` տուժած անձանցից, պահանջել բացատրություններ, փաստաթղթեր, կատարել բնակարանային և հիվանդանոցային այցելություններ, տեղատեսություններ, որոնք, վերջին հաշվով, քաղաքացիներին պատճառում են անհարմարություններ, իսկ երբեմն էլ առաջ բերում արդարացված դժգոհություններ,
գ) օրենքով պարտականություններ կնախատեսվեն բժշկական հիմնարկների համար՝ հետաքննության մարմնի (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի), քննիչի, դատախազի, դատարանի` տվյալ դեպքում բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու՝ օրենքով ամրագրված իրավունքի իրացման համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ