Հիշել նախագիծը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Լիցենզավորման մասին» օրենքի (ընդունված 30.05.2001 թվականին) 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները, ինչպես նաև լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ընդունելու օրվանից՝ երեք օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և համապատասխան գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում:

Լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման կամ լիցենզիայի գործողության կասեցման կամ վերականգնման, ինչպես նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում` դրանց ստացման օրվանից՝ տասն օրվա ընթացքում:

Նույնաբովանդակ կարգավորումներ են նախատեսված նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի (ընդունված 13.11.2015 թվականին) 13-րդ հոդվածում և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի  (ընդունված 17.05.2000 թվականին)  8-րդ հոդվածում։ Այսպես․

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ լիազոր մարմինները ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման, դադարեցման կամ կասեցված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները՝ դրանք ընդունելու օրվանից, իսկ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները, դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և հրապարակում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում և համապատասխան գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում:

 Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ վերականգնման, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում դրանց ստացման օրվանից հետո՝ տասն օրվա ընթացքում:

Իսկ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ ստուգում իրականացնող անձի վրա պարտավորություն է դրվում ստուգման ընթացքում բացառապես հիմնվել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական-նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքների և այլ իրավական ակտերի վրա, եթե դրանց ուժի մեջ մտնելու պահին սահմանված է նման հրապարակման պահանջ։

Վերոնշյալ կարգավորումների համատեքստում ստեղծվել է խնդրահարույց իրավիճակ այն առումով, որ վերոնշյալ նորմերի կիրառումը չի բխում գործող օրենսդրական ակտերից, մասնավորապես՝ «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրին» և վերջինում հրապարակվող ակտերին վերաբերող դրույթները նախատեսված են եղել «Իրավական ակտերի մասին» օրենքով, որը սակայն ուժը կորցրած է ճանաչվել 21.03.2018 թվականին ընդունված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, ինչով պայմանավորված՝ ստացվում է, որ այժմ գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում չկան կարգավորումներ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի տեղեկագրերի վերաբերյալ և ոչ էլ այնպիսի պահանջ, ըստ որի՝ պետք է բոլոր տեսակի իրավական ակտերը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռները հրապարակվեն պաշտոնական տեղեկագրում։ Հարկ է նկատել, որ նշված օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ պաշտոնական հրապարակման պարտադիր պահանջը վերաբերում է միայն նորմատիվ իրավական ակտերին։

Վերոնշյալ խնդիրների կարգավորման նպատակով էլ մշակվել են քննարկվող նախագծերը։

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25–րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի (այդ թվում` գաղտնազերծված) պաշտոնական հրապարակումն իրականացվում է Արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով: Պաշտոնական հրապարակման օրն ակտի վերջնական խմբագրությամբ ընդունված կամ ստորագրված, հրապարակման ենթակա ամբողջական տեքստն առաջին անգամ միասնական կայքում հրապարակելու օրն է: Նախարարությունը պարտավոր է երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում հրապարակելը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան:

Գործնականում ստացվում է, որ համապատասխան իրավական ակտերի հրապարակումը Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հնարավոր չէ իրականացնել, քանի որ վերջիններիս վերաբերյալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում համապատասխան կարգավորումներ առկա չեն, բացի այդ, «Իրավական ակտերի մասին» օրենքի ուժը կորցրած ճանաչվելուց հետո Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր առհասարակ առկա չէ։

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում պաշտոնական հրապարակմանը վերաբերող գործող կարգավորումները և սույն հիմնավորման 1-ին կետի շրջանակներում ներկայացված՝ առկա խնդիրներն ու անհամապատասխանությունները, ինչպես նաև նկատի ունենալով, որ գործնականում պաշտոնական տեղեկագրում հրապարակելու նպատակով Նախարարություն պարբերաբար ուղարկվում են քննարկվող օրենքներով նախատեսված ոչ նորմատիվ բնույթի տարբեր իրավական ակտեր, որոնց առնչությամբ սակայն Նախարարությունն օրենքով սահմանված կարգով որևէ իրավասություն չունի, անհրաժեշտություն է առաջացել մշակելու քննարկվող նախագծերը:

Ըստ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ համապատասխան հոդվածներում օգտագործվող «հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին», «հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և հրապարակում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում» բառերը փոխարինվում են «հրապարակում են իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում առանձին բաժնում տեղադրելու միջոցով» բառերով՝ այդպիսով կարգավորելով այն հարաբերությունները, որոնց համաձայն քննարկվող օրենքներով նախատեսված իրավական ակտերը և դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռները ոչ թե կուղարկվեն Նախարարություն՝ պաշտոնական հրապարակման պահանջով, այլ կհրապարակվեն համապատասխան լիազոր մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում՝

 ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկվում է ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1–ին մասի «զ» կետի խմբագրությունը փոփոխել՝ նախատեսելով, որ ստուգում իրականացնող անձը ստուգման ընթացքում պետք է բացառապես հիմնվի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենսդրական ակտերի և այլ նորմատիվ իրավական ակտերի վրա՝ նկատի ունենալով, որ հիշյալ կետի գործող խմբագրությամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական-նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքների և այլ իրավական ակտերի վրա գործելու պարտավորությունը կրկին չի բխում գործող օրենսդրական պահանջներից։

3.Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, որպիսի պայմաններում գործող օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեն միմյանց, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, և այլևս չեն գործի օրենսդրական ակտերին հակասող նորմերը։

 4.Իրավական ակտերի նախագծերը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից։

 5.Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերն ուղղակիորեն չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։ 

 

  • Քննարկվել է

    14.06.2023 - 29.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2107

Տպել