ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » _____________ 2023 թվականի
N - Ն
ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ___-ի N ___-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կամ արտասահմանից գնված ֆիլմերի տարածման համար վարձութային վկայականի տարամադրման, տրամադրման գործողության դադարեցման, ինչպես նաև ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու ընթացակարգերն ու պայմանները:
- Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածումն իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա։
- ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- Վարձութային վկայականը տրամադրվում է ֆիլմերի տարածման հետևյալ տեսակների համար՝
- էկրանային տարածում.
- հեռուստատեսային տարածում (այդ թվում արբանյակային և մալուխային).
- համացանցային տարածում (այդ թվում Ֆիլմը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելու այլ ձևեր՝ ինքնաթիռ, գնացք և այլն).
- Վարձութային վկայականի տարամադրման, տրամադրման գործողության դադարեցման գործընթացն իրականացնում է մշակութային հիմնադրամը (այսուհետ՝ Ազգային մարմին):
- Վարձութային վկայական ստանալու համար դիմելու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներն են (այսուհետ՝ հայտատու).
- Ֆիլմարտադրող ընկերությունը (ֆիլմի իրավատեր).
- Դիստրիբյուտորական ընկերությունը (ֆիլմի տարածման իրավատեր).
- Ֆիլմցուցադրող ընկերությունը (Կինոթատրոններ և այլ ցուցադրողներ).
- Ընկերություն, որն ունի սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեսակներով (տեսակներից մեկով) ֆիլմը տարածելու ոչ բացառիկ լիցենզիա (եթե նախկինում տվյալ ֆիլմի համար չի տրամադրվել վարձույթի վկայական՝ տարածման բացառիկ իրավունք ունեցող ընկերությանը).
- Վարձութային վկայական ստանալու համար հայտատուն Ազգային մարմին է ներկայացնում՝
- Ազգային մարմնի կողմից հաստատված ձևաչափով հայտ.
- հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարությունը.
- ֆիլմի դասակարգման և ձայնային ներկայացման վերաբերյալ հայտարարություն.
- ֆիլմի կրկնօրինակման և (կամ) ենթագրման վերաբերյալ հայտարարություն.
- Հայաստանի Հանրապետությունում ֆիլմի տարածման ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն.
- Ֆիլմի տարածման տեսակների մասին տեղեկատվություն՝ համաձայն սույն կարգի 3-րդ կետի տեսակների.
- Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝
- հայտատուի պետական ռեգիստրի վկայականի պատճենը (դրա բացակայության դեպքում Ազգային մարմինն ինքնուրույն է հարցում ուղարկում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ որպես համագործակցության մաս).
- ֆիլմի տարածման համար հայտատուի իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (օտար լեզվով փաստաթղթերը ուղեկցվում են փաստաթղթերի հայերեն պաշտոնական թարգմանությամբ).
- կինովարձույթի կամ հեռարձակման, կամ կաբելային տարածման համար նախատեսված, հայրենական կամ համատեղ արտադրության ֆիլմերում օգտագործված երաժշտական ստեղծագործությունների մասին (կոմպոզիտոր, օգտագործված ստեղծագործության անվանումը, ֆիլմում ստեղծագործության տևողությունը) տեղեկատվություն.
- մոնտաժային (երկխոսության) թերթեր (եթե այդպիսիք կան), կից՝ ֆիլմի կարճ անոտացիան.
- Ֆիլմի կրկնօրինակը՝ թվային կրիչով և տեխնիկական պահանջներին համապատասխան (ներկայացվում է դիտման և արխիվացման համար).
- պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը (դրա բացակայության դեպքում Ազգային մարմինն ինքնուրույն է հարցում ուղարկում ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ որպես համագործակցության մաս).
- Ազգային մարմինն ընդունում, գրանցում և հաշվառում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը:
- Հայտը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու և (կամ) հայտին կից փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում Ազգային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ էլեկտրոնային եղանակով հայտատուին ուղարկում է ծանուցում (նշելով առկա թերությունները և/կամ բացակայող փաստաթղթերի ցանկը)՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում բացակայող փաստաթղթերը ներկայացնելու (Ազգային մարմնի կողմից հաստատված ձևով (ՁԵՎ..)) և/կամ առկա թերությունները վերացնելու անհրաժեշտության պահանջով: Հայտատուն կարող է բացակայող փաստաթղթերը և/կամ թերությունների շտկումը անձամբ ներկայացնել Ազգային մարմնին կամ ուղարկել փոստով:
- Վարձութային վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝
- ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.
- ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.
- ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում։
- Հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման, ինչպես նաև ֆիլմի հանդիսատեսի տարիքային կատեգորիան (այսուհետ՝ ֆիլմի դասակարգում) սահմանելու ժամկետը (բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքերի) չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը՝ Ազգային մարմին ներկայացված հայտի գրանցման օրվանից։
- Եթե Ազգային մարմինը ստանում է 2 կամ ավելի հայտ, որոնց վարձույթի մեկնարկի ժամկետները համընկնում են, ապա 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում ներկայացված հայտերը չդիտարկելու, և պատվիրված նամակով տեղեկացնում է հայտատուներին ֆիլմը վարձույթ մտցնելու ժամկետների վերաբերյալ բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին, միաժամանակ տրամադրելով ֆիլմը վարձույթ մտցնելու առաջիկա հնարավոր ժամանակացույցը: Տեղեկատվությունը համարվում է հայտատուների կողմից ստացված՝ այն ուղարկելուց 6 օր հետո: Բանակցությունների արդյունքում հայտատուները 15 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով հայտնում են Ազգային մարմնին իրենց որոշման մասին՝ կցելով նոր հայտադիմում ֆիլմը վարձույթ մտցնելու նոր ժամանակացույցով: Ազգային մարմինը մուտքագրում է նոր հայտը (երը) գրանցամատյանում:
- Այն դեպքում, երբ սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուները համաձայնեցված որոշում չեն ներկայացնում Ազգային մարմնին, ֆիլմերի վարձույթի մեկնարկի ամսաթվերի հերթականության հարցը քննարկում է Ազգային մարմնին կից ստեղծված վարձութային վկայականներ տրամադրող փորձագիտական խորհուրդը (այսուհետ՝ փորձագիտական խորհուրդ): Փորձագիտական խորհրդի որոշումը կրում է խորհրդատվական բնույթ և հաշվի է առնվում Ազգային մարմնի կողմից՝ ֆիլմերին վարձութային վկայականներ տրամադրելու, դրա գործողությունը դադարեցնելու համար ֆիլմերի դասակարգման, ինչպես նաև ֆիլմերի վարձույթի մեկնարկի ժամկետները որոշելիս: Ազգային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված փոստով տեղեկացնում է հայտատուին որոշման մասին:
- Սույն կարգի 12-րդ կետի դրույթները տարածվում են այն ֆիլմերի վրա, որոնք ունեն համանման թեմա, ժանր և (կամ) նախատեսված են նույն թիրախային լսարանի համար:
- Փորձագիտական Խորհուրդը գործում է որպես մշտական փորձագիտական մարմին Ազգային մարմնի կողմից հաստատված կանոնակարգով և կազմով:
- Փորձագիտական խորհրդին մասնակցությունն իրականացվում է կամավորության, ինքնակառավարման, թափանցիկության սկզբունքներով, որոշումների կայացման հարցում անկախության իրավունքով։
- Փորձագիտական խորհրդում, բացի նախագահից, պայմանավորվածության համաձայն ընդգրկվում են երեխաների կրթության և դաստիարակության ոլորտի մասնագետներ, հոգեբաններ, մշակութաբանության, կինոարվեստի, կինոքննադատության ոլորտի մասնագետներ։
- Փորձագիտական Խորհուրդը դիմողից կամ Ազգային մարմնից համապատասխան գրավոր հարցումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիտում է ֆիլմը և հանդիսատեսի տարիքային կատեգորիաներին համապատասխան որոշում է ֆիլմի դասակարգումը, կամ որոշում է ֆիլմում այն տեսարանների առկայությունը, որոնք կարող են պատճառ հանդիսանալ վարձութային վկայականի տրամադրման գործողությունը դադարեցնելու համար:
- Վարձութային վկայական տրամադրվում է, եթե՝
- կատարված է ֆիլմի դասակարգումը և տարիքային սահմանափակման մասին համապատասխան նշումը.
- կատարված է օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ ֆիլմում հնչող երաժշտական ստեղծագործությունների և այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման՝ պետք է լինեն օտարալեզու.
- Սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը չի տարածվում՝
1) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական ու այլ նմանատիպ ծրագրերի և օտար լեզուների իմացության բարելավման կամ ուսուցման համար նախատեսված ֆիլմերի վրա.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների և կինոփառատոների ու կինոարվեստի այլ միջոցառումների շրջանակում ցուցադրման համար նախատեսված ֆիլմերի վրա.
3) արբանյակային կամ մալուխային կապի միջոցով հեռարձակվող ֆիլմերի վրա։
- Վարձութային վկայականը տրամադրվում է Ազգային մարմնի կողմից հաստատված ձևաթղթով և յուրաքանչյուր վկայականի վրա նշվում է անհատական համար: Ֆիլմի մասին տեղեկատվությունը և վարձութային վկայականի անհատական համարը Ազգային մարմնի կողմից մուտքագրվում է ֆիլմերի հաշվառման պետական ռեեստրում: Վարձութային վկայականը պետք է պարունակի ֆիլմի հանդիսատեսի տարիքային կատեգորիայի մասին տեղեկատվություն՝ հաշվի առնելով հայտատուի կողմից սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն տրամադրված տեղեկատվությունը և սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան ներկայացված ֆիլմը դիտելու արդյունքները: Վարձութային վկայականում նշվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի վարձույթի մեկնարկի ամսաթիվը, հաշվի առնելով սույն կարգի 12-րդ կետի դրույթը:
- Իրավաբանական անձի վերակազմակերպման, լուծարման կամ անվան փոփոխության դեպքում հայտատուի գրավոր դիմումի հիման վրա վարձութային վկայականում կատարվում է համապատասխան փոփոխություն:
- Վարձութային վկայական չի տրամադրվում, եթե՝
- ներկայացված ֆիլմի համար արդեն տրվել է վարձութային վկայական մեկ այլ կազմակերպությանը, որը հանդիսանում է ֆիլմի բացառիկ իրավունքների սեփականատերը.
- ֆիլմը պարունակում է նյութեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը.
- ֆիլմը պարունակում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ստեղծման և պատրաստման մեթոդների, պոռնոգրաֆիայի, բռնության և դաժանության պաշտամունքը քարոզող նյութերի մասին տեղեկություններ.
- ֆիլմում օգտագործվում են թաքնված տեխնիկական մեթոդներ այնպիսի տեղեկատվության տարածման համար, որոնք ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և (կամ) վնասակար ազդեցություն ունեն նրանց առողջության վրա.
- ֆիլմը պարունակում է անպարկեշտ արտահայտություններ (բացառությամբ նյութական կրիչի վրա ֆիլմի վարձույթի համար վարձութային վկայականի տրամադրման).
- խախտվել են սույն կարգի 6-րդ, 7-րդ և 12-րդ կետերի դրույթները.
- Վարձութային վկայականի տրամադրման գործընթացը դադարեցնելու որոշման դեպքում, Ազգային մարմինը հայտատուին ուղարկվում է վարձութային վկայականի տրամադրման գործընթացը դադարեցնելու մասին որոշումը (նշելով պատճառները): Նշված որոշումը հայտադիմումի փաստաթղթային փաթեթով ուղարկվում է հայտատուին պատվիրված փոստով՝ ոչ ուշ, քան վարձութային վկայականի տրամադրման գործընթաը դադարեցնելու մասին որոշում կայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարձութային վկայականը դադարեցնելու համար հիմք է հանդիսանում.
- վարձութային վկայականը ստացած կազմակերպության կողմից վկայականից կամավոր հրաժարվելու դիմումի ներկայացում.
- փաստացի ցուցադրված և տարածված ֆիլմի օրինակի անհամապատասխանությունը վարձութային վկայական ստանալու համար սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան ներկայացված ֆիլմի պատճենին.
- ֆիլմի վարձույթի փաստացի մեկնարկի ամսաթվի և վարձութային վկայականում նշված ամսաթվի միջև անհամապատասխանություն.
- Ֆիլմի վարձույթի մեկնարկի մասին Ազգային մարմնի կողմից ստացված հայտ, որի մեկնարկի ամսաթիվը համընկնում է ավելի վաղ մեկ այլ ֆիլմի վարձույթի մեկնարկի ամսաթվի հետ.
- ֆիլմի հրապարակային ցուցադրության ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված տեղեկատվություն պարունակող նյութերի առկայություն.
- ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
- խախտվել են «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:
- Վարձութային վկայականը դադարեցնելու որոշում կայացնելու դեպքում Ազգային մարմինը պատվիրված նամակով ծանուցում է ուղարկում հայտատուին:
- Սույն կարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա վարձութային վկայականը դադարեցնելու դեպքում ծանուցման մեջ նշվում է նաև սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի վարձույթի մեկնարկի համաձայնեցման անհրաժեշտության մասին:
- Ծանուցումը համարվում է ստացված այն ուղարկելու օրվանից 6 օր հետո: Նշված կազմակերպությունը պարտավոր է ծանուցման ստացման օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրված նամակով կամ անձնապես Ազգային մարմնին վերադարձնել ստացված վարձութային վկայականի բնօրինակը:
- Ազգային մարմինն իր կայքէջում տեղադրում է վարձութային վկայականը դադարեցնելու մասին տեղեկատվություն և համապատասխան գրառում է կատարում պետական կինոռեեստրում:
- ՖԻԼՄԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
- Ֆիլմի դասակարգումն իրականացվում է ելնելով ֆիլմում առկա տեղեկատվության բնույթից, հետևյալ կատեգորիաներով.
- Ֆիլմ մինչև 6 տարեկան երեխաների համար (0+).
ա. 6 տարեկանից փոքր երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել այն տեղեկատվությունը, որը չի վնասում երեխաների առողջությանը և (կամ) զարգացմանը (այդ թվում ֆիլմի ժանրով պայմանավորված ոչ նատուրալիստական ձևաչափով տեսարաններ կամ ֆիզիկական ու հոգևոր բռնությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք ենթակա են չարի նկատմամբ բարու հաղթանակի և բռնության զոհի հանդեպ կարեկցանքի արտահայտմանը և (կամ) բռնության դատապարտմանը).
- Ֆիլմ 6 տարեկանից բարձր երեխաների համար (6+).
ա. 6 տարին լրացած երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23.-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.
բ. մարդկային հիվանդությունների (բացառությամբ լուրջ հիվանդությունների) և (կամ) դրանց հետևանքների կարճատև և ոչ նատուրալիստական պատկերում կամ նկարագրություն, որը չի նվաստացնում մարդու արժանապատվությունը.
գ. դժբախտ պատահարի, աղետի կամ ոչ բռնի մահվան ոչ բնական պատկերում կամ նկարագրություն՝ առանց դրա հետևանքները ցույց տալու, ինչը կարող է երեխաների մոտ վախ, սարսափ կամ խուճապ առաջացնել.
դ. այն գործողությունների և (կամ) հանցագործությունների պատկերումը կամ նկարագրությունը, որոնք չեն դրդում կատարել հակահասարակական գործողություններ և (կամ) հանցագործություններ, պայմանով, որ չի արդարացվում կամ հիմնավորվում դրանց թույլատրելիությունը և արտահայտված է բացասական, դատապարտող վերաբերմունք դրանք կատարող անձանց նկատմամբ.
- Ֆիլմ 12 տարեկանից բարձր երեխաների համար (12+).
ա. 12 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.
բ. դաժանության և (կամ) բռնության (բացառությամբ սեռական բռնության) դրվագային պատկերում կամ նկարագրություն՝ առանց կյանքից զրկելու կամ անդամահատման գործընթացի նատուրալիստական պատկերման, պայմանով, որ արտահայտված է զոհի հանդեպ կարեկցանք և (կամ) դաժանության ու բռնության նկատմամբ բացասական, դատապարտող վերաբերմունք (բացառությամբ քաղաքացիների իրավունքների և օրինականորեն պաշտպանված հասարակության կամ պետության շահերի պաշտպանության դեպքերում կիրառվող բռնության).
գ. պատկեր կամ նկարագրություն, որը չի հրահրում հակահասարակական գործողությունների (ներառյալ ալկոհոլի և ալկոհոլ պարունակող ապրանքների, գարեջրի և դրա հիման վրա պատրաստված ըմպելիքների օգտագործումը, խաղամոլությունը, թափառաշրջիկությունը կամ մուրացկանությունը), թմրամիջոցների, հոգեմետ նյութերի(առանց ցուցադրման), ծխախոտային արտադրանքի հիշատակում՝ պայմանով, որ հակահասարակական գործողությունների թույլատրելիությունը արդարացված և հիմնավորված չէ, դրանց նկատմամբ արտահայտվում է բացասական, դատապարտող վերաբերմունք և առկա է այդ ապրանքների, միջոցների, նյութերի սպառման վտանգի մասին նշումը.
դ. տղամարդու և կնոջ միջև սեռական հարաբերությունների (բայց ոչ սեռական շահագործման կամ սեռական նվաստացուցիչ տեսարանների) ոչ նատուրալիստական պատկերում կամ նկարագրություն, բացառությամբ սեռական բնույթի ակտերի պատկերումների կամ նկարագրությունների.
- Ֆիլմ 16 տարեկանից բարձր երեխաների համար (16+).
ա. 16 տարին լրացած երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23-րդ կետի 6-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.
բ. դժբախտ պատահարի, աղետի, հիվանդության, մահվան պատկերում կամ նկարագրություն՝ առանց դրանց հետևանքների նատուրալիստական դրսևորման, ինչը կարող է երեխաների մոտ վախ, սարսափ կամ խուճապ առաջացնել.
գ. դաժանության և (կամ) բռնության (բացառությամբ սեռական բռնության) պատկերում կամ նկարագրություն՝ առանց կյանքից զրկելու կամ անդամահատման գործընթացի նատուրալիստական դրսևորման, պայմանով, որ արտահայտված է զոհի հանդեպ կարեկցանք և (կամ) դաժանության ու բռնության նկատմամբ բացասական, դատապարտող վերաբերմունք (բացառությամբ քաղաքացիների իրավունքների և օրինականորեն պաշտպանված հասարակության կամ պետության շահերի պաշտպանության դեպքերում կիրառվող բռնության).
դ. տեղեկություններ թմրամիջոցների կամ հոգեմետ և (կամ) հարբեցնող նյութերի մասին (առանց դրանց ցուցադրման), դրանց օգտագործման վտանգավոր հետևանքների մասին՝ նման դեպքերի ցուցադրմամբ, պայմանով, որ այդ թմրամիջոցների կամ նյութերի օգտագործման նկատմամբ դրսևորվում է բացասական կամ դատապարտող վերաբերմունք է, և առկա է դրանց սպառման վտանգի մասին ցուցում.
ե. առանձին հայհոյանքներ և (կամ) արտահայտություններ, որոնք չեն պատկանում անպարկեշտ բառապաշարին.
զ. տղամարդու և կնոջ միջև սեռական հարաբերությունների (բայց ոչ սեռական շահագործման կամ սեռական նվաստացուցիչ տեսարանների) պատկերում կամ նկարագրություն, բացառությամբ սեռական բնույթի ակտերի պատկերումների կամ նկարագրությունների:
- Մինչև 18 տարեկան Երեխաների և պատանիների համար ֆիլմն արգելված է, եթե այն պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա. տեղեկատվություն, որը խրախուսում է երեխաներին կատարել իրենց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ (այդ թվում՝ իրենց առողջությանը վնասելու և ինքնասպանության).
բ. տեղեկատվություն, որը կարող է երեխաներին դրդել թմրամիջոցների, հոգեմետ և (կամ) հարբեցնող նյութերի, ծխախոտի, ալկոհոլային և ալկոհոլ պարունակող մթերքների, դրա հիման վրա պատրաստված ըմպելիքների օգտագործման, և (կամ) ցանկություն առաջացնել խաղամոլության, մարմնավաճառության, թափառաշրջիկության կամ մուրացկանության.
գ. տեղեկատվություն, որը հիմնավորում կամ արդարացնում է բռնության և (կամ) դաժանության թույլատրելիությունը, կամ հրահրում է իրականացնել մարդկանց և կենդանիների նկատմամբ բռնի գործողություններ.
դ. տեղեկություններ, որոնք ժխտում են ընտանեկան արժեքները և անհարգալից վերաբերմունք են առաջացնում ծնողների և (կամ) ընտանիքի այլ անդամների նկատմամբ.
ե. անօրինական վարքագիծն արդարացնող տեղեկատվություն.
զ. անպարկեշտ արտահայտություններ.
է. պոռնոգրաֆիկ բնույթի տեղեկատվություն:
- Ֆիլմ 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար (18+)։
ա. 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23-րդ կետի 7-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.
բ. հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ.
գ. սեռական հարաբերությունների, ներառյալ սեռական բնույթի ակտերի, սեռական բռնության կամ հարկադրանքի տեսարանների պատկերում կամ նկարագրություն.
դ. բռնության նատուրալիստական պատկերում՝ առանց ավելորդ դաժանության.
ե. թմրամիջոցների օգտագործման դրվագներ և դրանց հետևանքները, բայց ոչ դրական համատեքստում:
- Փաստաթղթերը ուսումնասիրող մասնագետը համապատասխան նշում է կատարում վարձութային վկայականում (0+, 6+, 12+, 16+, 18+):
- ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
- Վարձութային վկայականի տրամադրման, դրա գործողության դադարեցման ընթացակարգերի իրականացման վերահսկողությունն իրականացնում է կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Լիազորված պետական մարմինը:
- Հայտատուն իրավունք ունի մինչդատական և դատական վարույթում բողոքարկելու սույն կարգի հիման վրա վարձութային վկայականի տրամադրման, դրա գործողության դադարեցման գործընթացների շրջանակում կայացված (ընդունված) որոշումները և գործողությունները (անգործությունը)՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան: