Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում գործարքների (գործառնությունների) փաստաթղթավորման համար «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի «վեբ» տարբերակի կիրառմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգի սահմանումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված են գործարքների ու գործառնությունների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերը, այդ հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տվյալները:

Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ՝ օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի, ինչպես նաև այն հաշվարկային փաստաթղթերի, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն (1-ին կետ), Կառավարության սահմանած դեպքերի, երբ հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել Կառավարության սահմանած կարգով (2-րդ կետ):

Օրենսգրքի 56-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է Կառավարությունը:

ՀՀ կառավարության 05.10.2017թ. N1257-Ն որոշմամբ սահմանված է`

1) հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը (N1 հավելված),

2) հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչման և չեղարկման կարգը (N2 հավելված),

3) ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը (N3 հավելված):

Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգի «վեբ» տարբերակի ներդրման  միջոցառման շրջանակներում նախատեսվում է նախագծել և ներդնել «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի «վեբ» տարբերակը (հաշվարկային փաստաթղթերի համակարգը)` այն հարկ վճարողների օգտագործման համար առավել արդյունավետ դարձնելու նպատակով, ինչպես նաև այդ համակարգի կիրառումը ավելի կհեշտացնի և կպարզեցնի հարկ վճարողների աշխատանքը: Ներկայումս կիրառվող` «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգից օգտվելու համար հարկ վճարողները այն բեռնում են իրենց համակարգչի մեջ և ծրագրի նոր տարբերակի առկայության դեպքում թարմացնում այն, ինչը լրացուցիչ անհարմարություն է ստեղծում հարկ վճարողների համար։ Միաժամանակ, ներկայումս կիրառվող ծրագրով ստեղծված հաշվարկային փաստաթղթերի սևագիր տարբերակները հասանելի են միայն այն համակարգչում, որտեղ ստեղծվել են, ինչը ևս անհարմարություններ է ստեղծում հարկ վճարողների համար։ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի «վեբ» տարբերակը ներդնելով, հարկ վճարողը այլևս ստիպված չի լինի բեռնել ծրագիրը իր համակարգչի մեջ։ Հարկ վճարողը հնարավորություն կունենա մուտք գործել համակարգ ցանկացած վայրից և ցանկացած համակարգչով, ինչպես նաև հեռախոսով` հասանելիություն ունենալով հաշվարկային փաստաթղթերի համակարգով դուրս գրված և ստացված հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տվյալներին։

Հաշվարկային փաստաթղթերի համակարգի «վեբ» տարբերակի ներդրման միջոցառման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը սահմանող Կառավարության որոշման մեջ` ապահովելով համապատասխան իրավական հիմքեր հաշվարկային փաստաթղթերի համակարգի «վեբ» տարբերակի ներդրման շրջանակներում էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման գործընթացի իրականացման համար:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) սահմանել, որ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում նախատեսվող` էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (հաշվարկային փաստաթղթերի համակարգ) միջոցով, որը «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի «վեբ» տարբերակն է: Այդ համակարգի միջոցով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվելու`

- էլեկտրոնային եղանակով` ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում,

- հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրերով,

- հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով,

2) համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման մասով «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգում նախատեսված հնարավորությունները կատարելագործել և ներառել հաշվարկային փաստաթղթերի համակարգում: Մասնավորապես.

ա. հաշվարկային փաստաթղթերի մասով հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, օգտագործումը, դուրս գրված և (կամ) ճշգրտող հաշվարկային փաստաթղթերը, գործարքի կողմ չհանդիսանալու դեպքում ստացած հաշվարկային փաստաթղթերի դարանից դրանց ջնջումը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչումը և (կամ) չեղարկումը հաշվառվելու են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում,

բ. էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար հարկ վճարողը հաշվարկային փաստաթղթի համակարգում է ընտրելու դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից համապատասխան տեսակը և ձևը,

դ. հաշվարկային փաստաթղթերի համակարգը ապահովելու է դուրս գրված և ստացված հաշվարկային փաստաթղթերի ցանկերի, հաշվետվություննների  վերածումը «էմ էս էքսել» (MS Exel) ֆայլի և այդ հնարավորությունները կօգտագործվեն հաշվապահական և այլ հաշվառման նպատակով անհրաժեշտ հաշվարկների կատարման համար,

ե. անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթն անվավեր է ճանաչվելու հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան,

զ. հաշվարկային փաստաթղթերը չեղարկվելու են հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան,

3) որոշումն ուժի մեջ է հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) գործարկման օրվանից և այն կիրառվելու է որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի մասով: Միաժամանակ, նախատեսվում է, որ հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) գործարկման օրվա մասին տեղեկատվությունը հարկային մարմինը պետք է հրապարակի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում, ինչպես նաև հարկ վճարողի էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում,

4) անցումային դրույթներով նախատեսել, որ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը (մինչև հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) գործարկվելը) հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) ծրագրի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում չեղարկվում, անվավեր են ճանաչվում, այդ փաստաթղթերի մասով ճշգրտող հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում, ստացված հաշվարկային փաստաթղթերը վավերացվում են կամ գործարքի կողմ չհանդիսանալու դեպքում ստացված հաշվարկային փաստաթղթերի դարանից դրանք ջնջվում են «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) ծրագրի միջոցով:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, անվավեր ճանաչման կամ չեղարկման կարգերի համար համապատասխան կարգավորումների սահմանումն է:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը մշակվել է հաշվի առնելով ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի զարգացման ռազմավարական 1-ին նպատակի` «Կառավարման համակարգերի կատարելագործում, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցում», 1.1.19 կետով նախատեսված միջոցառումը: Այդ միջոցառմամբ նախատեսվում է նախագծել և ներդնել «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի «վեբ» տարբերակը հարկ վճարողների օգտագործման համար առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Հաշվի առնելով, որ ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N1257-Ն որոշմամբ, նշված միջոցառման կատարմանն ուղղված գործողությունների մասով համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաև նշված որոշման մեջ:

6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.  «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգի «վեբ» տարբերակի` հաշվարկային փաստաթղթերի համակարգի ներդրմամբ հարկ վճարողներին կմատուցվեն առավել որակյալ և արդյունավետ էլեկտրոնային ծառայություններ` խնայելով հարկ վճարողների ժամանակը, կամրապնդվեն հարկ վճարող-Պետական եկամուտների կոմիտե գործընկերային հարաբերությունները։

  • Քննարկվել է

    08.06.2023 - 27.06.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2448

Տպել