ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը.
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 330-Ա որոշմամբ հաստատված ցանկի 8-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:
Գործող խմբագրությամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը ապահովվում են մի շարք իրավական ակտերը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 1-ին ցանկով սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների), Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 2-րդ ցանկով սահմանված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտների, «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ կետ և այլն), որոնք դժվարացնում են քաղաքաշինության բնագավառում տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը, ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվում է օպտիմալացնել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը («Լիցենզավորման մասին» օրենք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 15-ի N 596-Ն որոշում և այլն)` դրանք մեկ ընդհանրական փաստաթղթում միավորելու, առկա փոխհատումներն ու կրկնությունները վերացնելու, քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկի առավել հստակ և հնարավորին պարզ պայմաններ սահմանելու միջոցով` դրանք փոխկապակցելով օբյեկտների ռիսկայնության աստիճանի հետ:
Նախագծով առաջարկվում է ստեղծել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ մեկ ընդհանրական իրավական ակտ, որն ապահովվելու է հստակեցված մեկ ամբողջական ցանկ՝ դյուրացնելով տնտեսվարող սուբյեկտների քաղաքաշինական գործունեությունը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի գործընթացի իրականացմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում :
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10.2-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում), ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի 9.1-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում), ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 330-Ա որոշմամբ հաստատված ցանկի 8-րդ կետ: