Հիմնավորում
«Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-593-Ն ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից) ս.թ. հունվարի 1-ից երեք փուլերով ներդրվել է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների (բացառությամբ անչափահասների) եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց (կամ իրենց ընտանիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված, մասնավորապես, առողջապահության և կրթության ծառայությունների գծով ծախսերի մի մասը:
Ընդ որում, օրենքով սահմանվել է, որ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը:
Խնդիրն այն է, որ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղություններ, ընտանիքի անդամների շրջանակ և փոխհատուցման առավելագույն չափեր սահմանված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղություններ, ընտանիքի անդամների շրջանակ և փոխհատուցման առավելագույն չափեր: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
- ՀՀ հարկային օրենսգրքի 141.1-ին հոդվածի կիրառության իմաստով՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հայտարարատու համարվող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները),
- առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից չեն կարող օգտվել հայտարարատու ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշմամբ սահմանված՝ սոցիալական փաթեթի շահառուները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 50.000 դրամը,
- կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 100.000 դրամը:
Առաջարկվում է նաև սահմանել, որ վերոնշյալ բոլոր ուղղություններով փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերը չեն կարող գերազանցել 100.000 դրամը:
Ընդ որում, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտանիքի անդամների շրջանակը սահմանվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված ընտանիքի անդամների շրջանակը:
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկա փուլում բնակարանային ապահովության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն չսահմանել, քանի որ գործող հարկային օրենսդրությամբ (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով) սահմանված են կարգավորումներ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով եկամտային հարկի վերադարձման համար:
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղությունը սահմանելիս դիտարկվել են ինչպես առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերը փոխհատուցելու, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից ուղղակի կատարված՝ առողջության հետ կապված ծախսերը փոխհատուցելու հնարավորությունները և նպատակահարմարությունը: Որպես առողջապահության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն՝ նախագծով առաջարկվում է սահմանել առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերը, մասնավորապես, հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի մասով ներկայումս իրականացվող քաղաքականությունն ուղղված է առողջության ապահովագրության համընդհանուր համակարգ ներդնելուն: Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը սահմանելիս ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետությունում գործող առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթները` ներառյալ դրանց ապահովագրական վճարները, ծածկույթը և հատուցման առավելագույն չափերը: Մասնավորապես, ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրական փաթեթների գները սկսվում են 10.000 դրամից և, օրինակ՝ 50.000 դրամ գումարի սահմաններում առաջարկվող փաթեթները համարվում են միջին ծածկույթով ստանդարտ առողջության ապահովագրական փաթեթներ:
Կրթության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղությունները սահմանելիս հիմք են ընդունվել կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության մոտեցումները:
Կրթության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը սահմանելիս հաշվի է առնվել սովորողների, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով վճարովի հիմունքներով սովորող ուսանողների քանակը (մոտ 71.000) և դրա արդյունքում պետական բյուջեից կատարվող ծախսերի հնարավոր չափը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունների, ընտանիքի անդամների շրջանակի և փոխհատուցման առավելագույն չափերի սահմանման հետ կապված հարաբերություններն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղություններ, ընտանիքի անդամների շրջանակ և փոխհատուցման առավելագույն չափեր:
Միաժամանակ, նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ինչպես ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, հաշվի առնելով այն, որ ՀՀ պետական բյուջեում անհրաժեշտ է լինելու նախատեսել սոցիալական ծախսերի գծով գումարներ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր).
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը: