ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 13-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթեքի լաբորատոր փորձարկումների իրականացման կարգը
- 1. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթեքի նմուշառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված դեպքերում և կարգով։
- 2. Սննդամթերքի նմուշառում և լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ապրանքը տնօրինողի հայեցողությամբ ընտրված Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ Գնահատման մարմին) կողմից։ Ընդ որում ընտրվում է այլ Գնահատող մարմին և յուրաքանչյուր հաջորդ անգամ ընտրությունը կայացվում է նախորդ երեք Գնահատող մարմինները չկրկնելու սկզբունքով:
- 3. Ընտրված նմուշների չափը պետք է ապահովի համապատասխանությունն ապրանքի և ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին:
- 4. Գնահատման մարմնի կողմից նմուշառումն իրականացվում է սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ և փորձարկման է ներկայացվում Լիազոր մարմնի ուղեկցող նամակով։
- 5. Ապրանքը տնօրինողի ցանկությամբ սննդամթերքից վերցված պահեստային նմուշը կապարակնքված կամ դրոշմակնքված ի պահ է հանձնվում Լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում:
- 6. Պահեստային նմուշը փորձարկման է ներկայացվում Լիազոր մարմնի կողմից՝ ուղեկցող նամակով:
- 7. Նմուշի տեղափոխման և փորձարկման ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին:
- 8. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը՝ լաբորատոր փորձարկումների արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողի հայեցողությամբ, իր միջոցների հաշվին, պահեստային նմուշն ուղարկվում էայլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա։ Պետությունների ցանկը սահմանում է կառավարությունը։ Ռեֆերենս լաբորատորիայի պատասխանը վերջնական է։
- 9. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը՝ լիազոր մարմինը ներմուծվող սննդամթերքի զննության և փորձարկման արդյունքների միջև ակնհայտ անհամապատասխանության դեպքում պահեստային նմուշը կարող է ուղարկվել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:
- 10. Լիազոր մարմնի կողմից այլ պետության ռեֆերենս լաբորատորիա պահեստային նմուշն ուղարկվում և փորձարկվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։
- 11. Ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա մեկ տարվա ընթացքում անհամապատասխանության 2 դեպք արձանագրման պայմաններում կասեցվում է Գնահատման մարմնի նշանակում և օրենսդրության համաձայն իրականացվում է ստուգումներ։
- 12. Երկու տարի անընդմեջ անհամապատասխանությունների կրկնության դեպքում նշանակումը չեղյալ է հայտարարվում։
- 13. Ռեֆերենս լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա անհամապատասխանությունների արձանագրման դեպքում Գնահատման մարմինը հատուցում է ռեֆերենս լաբորատորիայի փորձարկման հետ կապված ծախսերը։
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը «նշանակվում է» բառից հետո լրացնել «պետությանը պատկանող լաբորատորիան՝» բառերը։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: