Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
——————— 2023 թվականի N ——— Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի X-րդ բաժնի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում՝
- սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարությունը՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), փորձարկումների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ, և արտադրանքի առուվաճառքի կամ մատակարարման պայմանագիրը, համաձայանագիրը, հաշիվ-ապրաքագիրը կամ ինվոյսը, ինչը ներառում է նաև մաքսային սահմանով սույն ենթակետով սահմանված նպատակով փոխադրվող արտադրանքի քաշը և ծավալը.
- «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների վրա։
- Սույն որոշման կարգավորման շրջանակներում, սույն որոշման հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 3-րդ կետում նշված արտադրանքը համարվում է սնդիկային, եթե այն հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի համապատասխան դաշտում հայտարարագրվել է որպես սնդիկ պարունակող արտադրանք կամ այդ արտադրանքի մաքսային հսկողության արդյունքում (այդ թվում՝ տեղեկատվական բաց աղբյուրների օգտագործմամբ) պարզվել է, որ այն հանդիսանում է հեղուկ սնդիկով աշխատող չափման միջոց (սարք) կամ այդ արտադրանքում առկա են հեղուկ սնդիկով լցված մասեր կամ դրանց մակնշվածքում, փաթեթավորման վրա կամ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում առկա են տվյալներ՝ արտադրանքում սնդիկի պարունակության վերաբերյալ։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտադրանքի արտահանման և ներմուծման ժամանակավոր արգելքի մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 2-ից և գործում է մինչև 2024 թվականի հունվարի 2-ը։
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
———- N —Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է
NN |
Արտադրանքի անվանումը |
Ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
1. |
Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ՝ սնդիկ-օքսիդային |
8506 30 000 0 |
2. |
Սնդիկային լամպեր |
8539 32 200 1 |
3. |
Սնդիկային, ոչ էլեկտրոնային չափման միջոցներ (սարքեր)՝
- բարոմետրեր (մթնոլորտային ճնշաչափ) - հիգրոմետրեր (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ) - մանոմետրեր (հեղուկների և գազերի ճնշաչափ) - ջերմաչափեր - սֆիգմոմանոմետրեր (արյան ճնշաչափ) |
9025 80 200 0-ից 9025 80 800 0-ից 9026 20 800 0-ից 9026 20 400 0-ից 9025 11-ից 9018 90 100 0-ից |
4. |
Սնդիկի քլորիդ, սնդիկի երկքլորիդ, սնդիկի ցիանիդ, սնդիկի օքսիցիանիդ |
2852 10 000 8-ից |
- Սույն ցանկում ներառված ապրանքների (արտադրանքի) անվանման և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհամապատասխանությունների դեպքում ծածկագրերը կրում են կողմնորոշիչ բնույթ, և անհրաժեշտ է առաջնորդվել ապրանքների անվանումներով։
-
Քննարկվել է
22.05.2023 - 06.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3109
Տպել