ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Կատարողական վարույթը էական համակարգային նշանակություն ունի իրավական ողջ համակարգի արդյունավետ գործառման համար։ Այսպես՝

  • մասնավոր անձանց օգտին կայացված՝ կատարում ենթադրող դատական և ոչ դատական ակտերի արդյունավետ հարկադիր կատարումն ապահովում է պահանջատիրոջ արդար դատաքննության իրավունքի (Սահմանադրություն, հոդված 63), գույքային վեճերով նաև՝ սեփականության իրավունքի (Սահմանադրություն, հոդված 60) պաշտպանությունը.
  • պետության և համայնքների հանրային իրավական պահանջների արդյունավետ հարկադիր կատարումը կարևոր օղակ է հանրային իշխանության գործառույթների կատարման և նպատակների իրագործման համար.
  • կատարում ենթադրող միջանկյալ դատական ակտերի հարկադիր կատարումը նպաստում է դատավարության արդյունավետ կազմակերպմանը և դատավարության մասնակիցների արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը մինչև եզրափակիչ դատական ակտ կայացվելը.
  • այնքանով, որքանով կատարողական վարույթում ի կատար են ածվում նաև քրեաիրավական և քրեադատավարական իրավական ներգործության միջոցներ, կատարողական վարույթը նպաստում է նաև իրավունքի նշված ճյուղերի նպատակների իրագործմանը։

Մյուս կողմից, կատարողական վարույթի շրջանակներում պետական հարկադրանքի գործադրումը ենթադրում է էական միջամտություն պարտապանի իրավունքներին (սեփականության պաշտպանություն, անձնական տվյալների պաշտպանություն (Սահմանադրություն, հոդված 34) և այլն)։ Ըստ այդմ, նորմատիվ կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան պետք է բացառեն պարտապանի իրավունքներին այնպիսի միջամտությունը, որն անհրաժեշտ և համաչափ չէ կատարողական վարույթի նպատակներին։

Անդրադառնալով կատարողական վարույթի առավել լայն՝ սոցիալ-իրավական ազդեցությանը՝ հարկ է նշել, որ հարկադիր կատարման արդյունավետ համակարգը կարևոր հետադարձ ազդեցություն ունի հասարակությունում բարեխղճության, կարգապահության և պարտաճանաչության մշակույթի ձևավորման ու ամրապնդման վրա։

Կատարողական վարույթի կանոնները սահմանող հիմնական նորմատիվ իրավական ակտը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքն է (այսուհետ՝ ԴԱՀԿ մասին օրենք), որն ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին։

ԴԱՀԿ մասին օրենքն իր կառուցվածքով և բովանդակությամբ մեծապես արտացոլում է իր ընդունման ժամանակի իրավական իրողությունները, մասնավորապես՝ սահմանադրական, վարչաիրավական, քաղաքացիաիրավական և դատավարական կարգավորումների (կամ դրանց բացակայության) համատեքստը։ Այդուհանդերձ,  ԴԱՀԿ մասին օրենքի ընդունումից հետո ՀՀ իրավական համակարգը կրել է այնպիսի հիմնարար փոփոխություններ, ինչպիսիք են՝

  • Սահմանադրության 2005թ․ և 2015թ․ համակարգային փոփոխությունները, որոնց թվում՝ հիմնական իրավունքների և ազատությունների նոր սահմանումները.
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի ընդունումը և դրանով սահմանված վարչարարության ընդհանուր նորմերի կիրառումն այդ թվում կատարողական վարույթի նկատմամբ.
  • Վարչական արդարադատության ներդրումը, որի շրջանակներում քննվում են այդ թվում կատարողական վարույթից ծագող վեճեր.
  • Քաղաքացիական օրենսդրության զարգացումը, կորպորատիվ հարաբերությունները կարգավորող օրենսդրության ընդունումն ու զարգացումը, գույքի առանձին տեսակների քաղաքացիաիրավական ռեժիմը կարգավորող կանոնների ընդունումը, որոնք էական նշանակություն ունեն գույքի առանձին տեսակների վրա բռնագանձում տարածելու տեսանկյունից․
  • Քաղաքացիադատավարական, քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության զարգացումը։

Կատարողական վարույթը, համակարգային առումով կապված լինելով իրավունքի նշված ճյուղերի հետ, չէր կարող ազդեցություն չկրել նման հիմնարար փոփոխություններից ու զարգացումներից։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ ԴԱՀԿ մասին օրենքը և նրանում ներառված մի շարք ինստիտուտներ սկզբնապես մշակված են եղել գրեթե բացառապես դատական ակտերի հարկադիր կատարման ելակետով։ Մինչդեռ, օրենսդրության հետագա զարգացման արդյունքում վարչական, նոտարական և արբիտրաժային ակտերի անմիջական հարկադիր կատարման հնարավորության նախատեսումը պահանջում է սահմանել նման ակտերը կատարման ներկայացնելու, դրանց հիման վրա կատարողական վարույթ հարուցելու, ինչպես նաև վարույթի ընթացքում առանձին հարցերի կարգավորման հատուկ կանոններ։

ԴԱՀԿ մասին օրենքը ևս ընդունումից ի վեր բազմաթիվ անգամ փոփոխվել և լրացվել է՝ այս կամ այն չափով հարմարացվելով իրավական զարգացումներին։ Այնուամենայնիվ այդ փոփոխությունները կա՛մ եղել են այլ օրենքներից ածանցյալ, կա՛մ նախատեսել են միայն առանձին հարցերի կետային լուծումներ։ Մինչդեռ, իրավական համակարգի հիմնարար զարգացումների արդյունքում կատարողական վարույթին առնչվող մի շարք հարցեր մնացել են ընդհանրապես չկարգավորված, իսկ որոշ կանոններ ցրված են տարբեր նորմատիվ իրավական ակտերում և միավորված չեն ընդհանուր տրամաբանությամբ և կատարողական վարույթի արդյունավետությունից բխող միասնական մոտեցումներով։ Նման իրավիճակը պահանջում է ընդունել կատարողական վարույթը կանոնակարգող նոր օրենք՝ նոր համակարգով, միասնական իրավաբանական հասկացություններով, համապարփակ և ընդհանուր մոտեցումներով միավորված նորմերով։ Դա իր հերթին կնպաստի օրենքի միատեսակ մեկնաբանմանը և դրա հիման վրա ձևավորվող իրավակիրառ  պրակտիկայի կատարելագործմանը, կատարողական վարույթի հետ կապված վեճերի արդարացի լուծմանը։

Ստորև ներկայացվում են «Կատարողական վարույթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորող գործոնների հիմնական ուղղությունները։

 

  • Կատարողական վարույթը՝ որպես վարչական վարույթի առանձին տեսակ

 

Ինչպես վերևում նշվեց, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքն ընդունվել է ԴԱՀԿ մասին օրենքի ընդունումից հետո՝ 2004 թվականին, և, հանդիսանալով բոլոր վարչական վարույթների համար ընդհանուր օրենք, «ծածկել է» նաև ԴԱՀԿ մասին օրենքով և այլ օրենքներով կատարողական վարույթում չկարգավորված հարցերը։ Նման իրավիճակը կատարողական վարույթում կիրառելի է դարձրել որոշ այնպիսի կանոններ, որոնք համարժեք չեն կատարողական վարույթի առանձնահատկությանը և նպատակներին։ Իսկ կատարողական վարույթի սկզբունքային առանձնահատկությունն ընդհանուր վարչական վարույթի նկատմամբ այն է, որ կատարողական վարույթին, որպես կանոն, մասնակցում է վարչարարության ոչ թե մեկ, այլ երկու հասցեատեր, որոնք, ընդ որում, ունեն հակադիր նյութաիրավական շահեր։ Շահերի այս հակադրությունը կատարողական վարույթ է ներմուծում վարչարարության հասցեատերերի միջև մրցակցության տարրեր, որոնք բնորոշ չեն, օրինակ, վարչական պատասխանատվության ենթարկելու, հարկային կամ տեսչական ստուգման, լիցենզավորման և նման այլ վարչական վարույթների։ Որպես օրինակ՝ կարելի է նշել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածը, համաձայն որի՝ անձի դիմումի հիման վրա սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու դեպքում այդ ակտը համարվում է ընդունված։ Եթե այս կանոնը կիրառվի կատարողական վարույթում (իսկ դա բացառող որևէ նորմ չկա), ապա վարույթի մի կողմից համար բարենպաստ վարչական ակտն ընդունված համարելն ինքնաբերաբար կնշանակի մյուս կողմի համար միջամտող ակտի ընդունում՝ առանց դրա համար բավարար հիմքերի՝ խախտելով այդ մյուս կողմի իրավունքները։

  Կատարողական վարույթի առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է սահմանել այնպիսի հատուկ կանոններ, որոնք կկիրառվեն՝ ընդհանուր նորմի նկատմամբ հատուկ նորմի կիրառման առավելության կանոնի ուժով («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մաս)։

  Կատարողական վարույթի առանձնահատկությամբ է պայմանավորված նաև վարույթի մրցակցային տարրերը հաշվի առնող հատուկ սկզբունքներ սահմանելու անհրաժեշտությունը, որոնք կկիրառվեն վարչարարության ընդհանուր սկզբունքների հետ համադրությամբ։

 

  • Կատարողական վարույթի սուբյեկտային կազմը

 

ԴԱՀԿ մասին օրենքը սահմանում է կատարողական վարույթի կողմերի՝ պահանջատիրոջ և պարտապանի, ինչպես նաև առանձին օժանդակող անձանց (փորձագետ, թարգմանիչ, ընթերակա) վարութային կարգավիճակը։ Մինչդեռ, կատարողական վարույթում ծագող հարաբերությունների համալիրությունը պահանջում է նախատեսել և կանոնակարգել վարույթին փաստացի առնչվող մի շարք այլ անձանց վարութային կարգավիճակը, ներառյալ՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Այդպիսիք են՝

  • հարկադիր կատարման միջոցների կիրառման հետ կապված նյութաիրավական շահեր ունեցող երրորդ անձինք (պարտապանի գույքի համասեփականատերեր, դրա նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձինք և այլն).
  • իրավասու մարմինները.
  • գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցում (հաշվառում) իրականացնող մարմինները և կազմակերպությունները.
  • պարտապանի կոնտրագենտները։

Գործող իրավակարգավորումների պայմաններում կատարողական վարույթում իրավական որևէ կարգավիճակ չունեն կատարողական վարույթին օժանդակող անձինք, ինչպիսի պայմաններում խնդրահարույց է վերջիններիս մասնակցությամբ առանձին գործողությունների իրականացումը, ինչպիսի հանգամանքով պայմանավորված՝ առկա է կատարողական վարույթին օժանդակող անձանց կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն:

Առանձին հիշատակման արժանի է կատարողական վարույթի կողմերի իրավահաջորդության կանոնների կատարելագործման անհրաժեշտությունը։ Խոսքը հատկապես պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքում նրա ժառանգներին վարույթում ներգրավելու արդյունավետ կառուցակարգերի և ժառանգների գույքային պատասխանատվության սահմանների հստակեցման մասին է։

 

  • Ապացուցումը կատարողական վարույթում

 

ԴԱՀԿ մասին օրենքում ապացուցման կանոնների բացակայության պայմաններում ներկայումս կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումները, որոնք, կրկին, համարժեք չեն կատարողական վարույթի առանձնահատկությանը և մրցակցային բնույթին։ Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոնները մշակված են վարչական մարմին-վարչարարության մեկ հասցեատեր հարաբերություններ ելակետով։ Ըստ այդմ, անհրաժեշտ է կատարողական վարույթում սահմանել ապացուցման այնպիսի հատուկ կանոններ, որոնցով հաշվի կառնվեն ինչպես վարույթի մասնակիցների միջև մրցակցությունը, այնպես էլ՝ հարկադիր կատարման մարմնի լիազորությունները՝ ի պաշտոնե ձեռք բերելու վարույթի իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ։

 

  • Հարկադիր կատարողի և վարույթի սուբյեկտների միջև հաղորդակցությունը։ Կատարողական վարույթի նյութերի մատչելիությունը

 

Կատարողական վարույթների մեծ քանակները[1] և վարույթի նպատակները պահանջում են հարկադիր կատարողի (Հարկադիր կատարումն ապահովող ծառայության) և վարույթի այլ սուբյեկտների միջև հաղորդակցության արագ և նվազ ծախսատար միջոցների հետևողական զարգացումն ու կիրառման ընդլայնումը՝ ավանդական փոստային հաղորդակցության համեմատությամբ։

Մյուս կողմից, հաղորդակցության միջոցները պետք է գործնականում հնարավորինս ապահովեն հասցեատերերի փաստացի ծանուցումը, ինչն անհրաժեշտ երաշխիք է կատարողական գործողությունների իրավաչափությունն ապահովելու համար։

Այս առումով անհրաժեշտ է հստակ կանոնակարգել հաղորդակցության միջոցները, դրանց կիրառման պայմանները՝ առավելությունը տալով էլեկտրոնային հաղորդակցությանը բոլոր այն դեպքերում, երբ դա գործնականում արդարացված է և չի վնասում վարույթի մասնակիցների իրավունքներին։

ԴԱՀԿ մասին օրենքում չկարգավորված, բայց գործնական կարևոր նշանակություն ունեցող հարց է կատարողական վարույթի նյութերի և դրանում առկա տեղեկությունների մատչելիության սահմանները։ Այս հարցում հավասարակշռման ենթակա շահերն են մի կողմից՝ վարույթի մասնակիցների, ինչպես նաև նրանց կոնտրագենտների պահանջմունքը՝ տեղեկանալու համապատասխան պարտավորության առկայության, դրա կատարման ընթացքի մասին, իսկ մյուս կողմից՝ օրենքով սահմանված գաղտնիքների և անձնական տվյալների պահպանման անհրաժեշտությունը։ Բացի այդ, կատարողական վարույթների ապանձնավորված տվյալները հետաքրքրություն են ներկայացնում վիճակագրական և հետազոտական նպատակներով, որոնց սպասարկման համար ևս հարկ է նախատեսել իրավական հիմքեր։

 

  • Կատարողական ծախսերը և դրանց հատուցումը

 

Գործող կարգավորումների համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերը հատուցվում են՝ ելնելով բռնագանձվող գումարի կամ գույքի արժեքի չափից: Այնինչ, նման կառուցակարգի պայմաններում գերակայում  են այնպիսի իրավիճակները, երբ հատուցման ենթակա կատարողական ծախսը ակնհայտորեն գերազանցում է հարկադիր կատարողի կատարած գործողությունների ծավալը և բարդությունը, և հակառակը՝ կատարված մեծածավալ աշխատանքի դիմաց հատուցվում է կատարողական ծախս ակնհայտորեն նվազ գումար՝ ելնելով բռնագանձվող գումարից:

Ուստի անհրաժեշտ է սահմանել կատարողական ծախսերի հաշվարկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բռնագանձման ենթակա կատարողական ծախսերի չափը որոշել՝ հիմքում դնելով ոչ միայն բռնագանձման ենթակա գումարի չափը, այլ նաև կոնկրետ կատարողական վարույթի շրջանակում կատարված կատարողական գործողությունների կատարման ծավալը և առանձնահատկությունները:

Կատարողական ծախսերի հատուցման չափերի տարբերակումը թույլ կտա նաև այս ինստիտուտը նորովի իմաստավորել և ծառայեցնել որպես մի կողմից պարտապանի պատշաճ վարքագիծը խթանող, մյուս կողմից՝ հարկադիր կատարողի արդյունավետ աշխատանքը մոտիվացնող արդյունավետ գործիք։

 

  • Կատարողական վարույթի հարուցման կանոնների համակարգման անհրաժեշտությունը

 

Վերևում արդեն նշվեց, որ ԴԱՀԿ մասին օրենքի ընդունումից ի վեր հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակն էապես ընդլայնվել է՝ ներառելով, ի թիվս այլնի, հանրային իրավական դրամական պահանջներով և մի շարք այլ վարչական ակտեր, որոշ նոտարական ակտեր, որոշակի պահանջներով արբիտրաժային տրիբունալների վճիռներ, դատախազի որոշումներ, ՀՀ մասնակցությամբ միջազգային կազմակերպության (Եվրասիական տնտեսական միության) մարմնի որոշումներ։ Ընդ որում, այդ ակտերը հարկադիր կատարման են ներկայացվում անմիջականորեն՝ առանց դատական սանկցավորման։ Միաժամանակ, այդ ակտերը հարկադիր կատարման ներկայացնելու կարգն ու ժամկետները սահմանող կանոնները ցրված են ԴԱՀԿ մասին օրենքից բացի նաև այլ օրենքներում («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենք, «Առևտրային արբիտրաժի մասին» օրենք)։ Մինչդեռ, հարկադիր կատարման ենթակա ակտերը կատարման ներկայացնելու հարաբերությունները ներառվում են կատարողական վարույթում, ուստի դրանք անհրաժեշտ է կարգավորել «Կատարողական վարույթի մասին» օրենքում՝ միասնական կանոններով, ժամկետներով և դրանց խախտման հետևանքներով։

Բացի այդ, կատարողական վարույթի նպատակների արդյունավետ իրագործման տեսանկյունից անհրաժեշտ է հարկադիր կատարման ենթակա ակտերի շարքին դասել նաև հենց հարկադիր կատարողի որոշումները, որոնք կարող են պարտականություններ սահմանել ինչպես պարտապանի, այնպես էլ՝ օրենքով սահմանված դեպքերում նաև այլ անձանց նկատմամբ։ Այնուհետև, հարկավոր է կարգավորել հարկադիր կատարողի նման որոշումների կատարման առանձնահատկությունները՝ իրավական կապ ստեղծելով դրանց կատարման և այն վարույթի ընթացքի միջև, որով կայացվել է հարկադիր կատարողի տվյալ որոշումը։

 

  • Հարկադիր կատարման միջոցները

 

ԴԱՀԿ մասին օրենքը շատ թռուցիկ է կանոնակարգում ոչ դրամական և գույք հանձնելու հետ չկապված պահանջների հարկադիր կատարման միջոցները։ Այսպես, նման պահանջների հարկադիր կատարման միջոցների սահմանմանն այս կամ այն չափով վերաբերում են ԴԱՀԿ մասին օրենքի հետևյալ դրույթները.

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների թվին են դասվում «հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը» (4.1 կետ) և «կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ» (5-րդ կետ): ԴԱՀԿ մասին օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝ նման պահանջները հարկադիր կատարողի սահմանած ժամկետում չկատարվելու դեպքում հարկադիր կատարողը «կազմակերպում է» դրանց կատարումը։

Ակնհայտ է, որ նշված դրույթները չեն ապահովում անհրաժեշտ և բավարար իրավական հիմքեր ոչ դրամական պահանջների հարկադիր կատարումն արդյունավետ իրականացնելու համար։ Մասնավորապես, ԴԱՀԿ մասին օրենքի 5-րդ հոդվածի 4.1 կետը, նախ, անհարկի նույնացնում է վարչական պատասխանատվությունը հարկադիր կատարման միջոցի հետ։ Բացի այդ, նշված ձևակերպումը հնացած է, քանի որ գործող օրենսդրությունը պատասխանատվություն է սահմանում ոչ թե հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար, այլ՝ վարչական պատասխանատվություն հարկադիր կատարողի պարտականությունների կատարման խոչընդոտելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 206.5) և քրեական պատասխանատվություն՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու, ինչպես նաև պարտապանի կողմից դատական ակտը չկատարելու համար՝ միայն այն դեպքում, երբ դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 507)։

Այնուհետև, ԴԱՀԿ մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետը («կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ») և 62-րդ հոդվածը (պահանջների կատարումը «կազմակերպելը») չեն բավարարում իրավական որոշակիության չափանիշին։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է սահմանել ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման որոշակի, արդյունավետ և համաչափ միջոցներ։

Ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման որոշակի, արդյունավետ և համաչափ միջոցների կիրառման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն այս կարգավորումների մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված չափանիշներին համապատասխանեցնելու հրամայականով, ինչպես նաև  Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության խումբ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ամբողջական կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հարկադիր կատարման միջոցների կիրառման շրջանակներում առանձին կանոնակարգման կարիք կա անձի հետախուզման կատարողական գործողության մասով։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել, որ պարտապան ֆիզիկական անձի և իրավաբանական անձի իրավասու անձի հետախուզումը թույլատրելի է միայն այն դեպքերում, երբ դա նախատեսված է կատարման ենթակա ակտով, կամ եթե ոչ դրամական պահանջի կատարումը հնարավոր չէ առանց տվյալ անձի անձնական մասնակցության. այլ իրավիճակներում անձի հետախուզումը ոչ միայն արդարացված չէ, այլ նաև անհրաժեշտ չէ։

Միաժամանակ, նշված բացառիկ դեպքերում անձի հետախուզում հայտարարելը պետք է ենթադրի նրա ներկայությունն ապահովելու գործուն կառուցակարգեր, որպիսին կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքի սահմանափակումը։

 

  • Կատարողական վարույթի կասեցման, ավարտման և կարճման հիմքերը և հետևանքները

 

ԴԱՀԿ մասին օրենքում սահմանված՝ կատարողական վարույթի կասեցման, ավարտման և կարճման հիմքերը ևս ժամանակի ընթացքում փոփոխվել և լրացվել են այլ օրենքներում կատարված փոփոխություններից կախված։ Արդյունքում, սակայն, տուժել է այս հիմքերի համակարգվածությունը։ Մասնավորապես, կատարողական վարույթի կասեցման, ավարտման և կարճման առանձին հիմքեր կարգավորում են մասնավոր իրավիճակներ՝ առանձին տեսակի վարչական ակտերի կամ դատախազի որոշումների հետ կապված։ Ըստ այդմ, անհրաժեշտ է նման հիմքերն ամփոփոել առավել ընդհանուր ձևակերպումներում, որոնք, նախ, կծածկեն բոլոր հնարավոր դեպքերը, և բացի այդ՝ կարիք չի լինի դրանք փոփոխել ամեն անգամ, երբ կատարման ենթակա ակտերի վերաբերյալ օրենսդրությունում նոր փոփոխություններ կամ լրացումներ ընդունվեն։

Այնուհետև, անհրաժեշտ է հստակեցնել կասեցված և ավարտված կատարողական վարույթների վերսկսման հիմքերը, կասեցման և ավարտման ժամանակահատվածում որոշակի գործողություններ կատարելու թույլատրելիության սահմանները, կասեցման և ավարտման առանձին հիմքերի պարագայում արգելանքները վերացնելու հնարավորությունը։

 

  • Արգելադրված գույքի տնօրինման թույլատրելի դեպքեր նախատեսելու անհրաժեշտությունը

 

Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու շրջանակում կիրառվող արգելանքի պարտադիր տարրը գույքի տնօրինման արգելքն է։ Այդուհանդերձ, հնարավոր են իրավիճակներ, երբ և՛ պարտապանի, և՛ պահանջատիրոջ, և՛ այլ անձանց օրինական շահերի տեսանկյունից արդարացված է թույլատրել արգելադրված գույքի տնօրինումը, ինչը պահանջում է օրենքով նման հնարավորության ամրագրում։ Մասնավորապես, այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել, երբ՝

  • պարտապանը պատրաստ է մինչև գույքի հարկադիր իրացումը շուկայական գնով ինքնուրույն վաճառել արգելադրված գույքը՝ վաճառքի գումարը պարտավորության կատարմանն ուղղելու պայմանով.
  • արգելադրված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ձեռքբերողը գույքի օտարման գումարի հաշվին մարվում է հարկադիր կատարման ենթակա պարտավորությունը.
  • պարտապանը պատրաստ է մինչև արգելադրված գույքի հարկադիր իրացումը այն վարձակալության հանձնել՝ պայմանով, որ դա չի նվազեցնի գույքի շուկայական արժեքը, իսկ վարձավճարը կուղղվի պարտավորության կատարմանը։

 

  • Առանձին պարտապանների նկատմամբ դրամական պահանջների կատարման առանձնահատկությունները

 

ԴԱՀԿ մասին օրենքը (հոդված 43) սահմանում է պարտապան ֆիզիկական անձի և պարտապան իրավաբանական անձի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելիս բռնագանձման հերթականության կանոններ։ Այդ կանոններն ուղղված են առավելապես պարտապան ֆիզիկական անձի կենսական պայմանների և պարտապան իրավաբանական անձի գործունեության պաշտպանությանը։ Միաժամանակ, ԴԱՀԿ մասին օրենքը չի նախատեսում պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականություն, ինչը, սակայն, անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գույքային զանգվածում ներառվում է ինչպես անձնական և ընտանեկան նպատակներով, այնպես էլ ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող գույք։ Ըստ այդմ, հարկավոր է սահմանել պարտապան անհատ ձեռնարկատիրոջ ինչպես անձնական և ձեռնարկատիրական շահերը համադրված ձևով պաշտպանող բռնագանձման հերթականության կանոններ։

Հաջորդ կարևոր ուղղությունը Հայաստանի Հանրապետության և համայնքների դեմ դրամական պահանջների կատարման կանոնակարգման անհրաժեշտությունն է։ Ներկայումս Հայաստանի Հանրապետության դեմ դրամական պահանջների կատարման կարգը սահմանված է «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասով, որը նախատեսում է դրամական պահանջի դիմաց մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակի տրամադրում, որի գումարին հաշվեգրվում են տոկոսներ՝ Կենտրոնական բանկի սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքին համապատասխան։ Այս մասով, նաև հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, անհրաժեշտ է որպես դրամական պահանջի կատարման առաջնային եղանակ սահմանել դրամական միջոցների վճարումը, և միայն դրա անհնարինության դեպքում՝ մուրհակի տրամադրումը։ Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական հարաբերություններին մասնակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 128), ուստի հիմնավորված չէ մուրհակի գումարին ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով, այլ վերաֆինանսավորման տոկոսադրույքով տոկոսներ հաշվեգրելը. վերջինս, որպես կանոն, ավելի ցածր է լինում։

Գործող օրենսդրությունը չի սահմանում համայնքների նկատմամբ դրամական պահանջների հարկադիր կատարման որևէ առանձնահատկություն, ինչը նշանակում է, որ համայնքների գույքի վրա ընդհանուր կարգով կարող է բռնագանձում տարածվել։ Թեև նման բռնագանձումն ինքնին հնարավոր է, այդուհանդերձ, համայնքների հանրային գործառույթների պաշտպանության նկատառումներով նպատակահարմար է այստեղ ևս սահմանել որոշակի այլընտրանքային կառուցակարգեր, ինչպես պետության դեպքում է։ Բացի այդ, հարկ է բացառել համայնքներին պատկանող այնպիսի գույքի վրա բռնագանձում տարածելը, որն օրենքով չի կարող անցնել ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությանը (օրինակ՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերը)։

 

  • Գույքի առանձին տեսակների վրա բռնագանձում տարածելը

 

Դրամական պահանջների հարկադիր կատարման արդյունավետությունը պայմանավորող կարևորագույն գործոններից է գույքի առանձին տեսակների վրա բռնագանձում տարածելու հատուկ կանոնների սահմանումը, որոնք պետք է հաշվի առնեն գույքի տվյալ տեսակի քաղաքացիաիրավական ռեժիմը, ներառյալ՝ տվյալ գույքին կամ գույքային իրավունքին առնչվող այլ անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այս առումով գործող օրենսդրությունը պարունակում էական բացեր, չհամակարգված և անարդյունավետ կարգավորումներ։ Մասնավորապես՝

  • Հարկադիր կատարողին բռնագանձման համար գործնականում հասանելի չեն այն դրամական միջոցները, որոնք` ա) պարտապանը ստանում է առանց բանկային հաշիվ բացելու՝ դրամական փոխանցումների համակարգերով, բ) առկա են վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշվին (էլեկտրոնային դրամապանակում). գ) առկա են առևտրի, ծառայությունների մատուցման, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) և այլ էլեկտրոնային հարթակներում պարտապանի անձնական հաշիվներում։ Ըստ այդմ, անհրաժեշտ է նախատեսել նման միջոցների վրա բռնագանձում տարածելու գործնական հնարավորությունն ապահովող կանոններ, հատկապես որ դա կարող է կանխել պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելը՝ ապահովելով շատ ավելի արագ և արդյունավետ հարկադիր կատարում։
  • Անարդյունավետ են ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ օրենսդրությունն ու իրավակիրառ պրակտիկան։ Մասնավորապես, նման գույքի առկայության դեպքում հարկադիր կատարողն առաջարկում է պահանջատիրոջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված լրացուցիչ հայց ներկայացնել պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու պահանջով։ Այս կարգն անարդյունավետ է այն պատճառով, որ պահանջատիրոջից պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ և տևական ժամանակ՝ ևս մեկ դատական գործընթաց անցնելու համար։ Այս կարգը նաև իրավական առումով խնդրահարույց է, քանի որ մեկից ավելի պահանջատերերի դեպքում համանման հայց ներկայացնելու դեպքում առաջանում է տարբեր փուլերում գտնվող դատական վարույթների միավորման կարիք, իսկ վատագույն դեպքում՝ միևնույն գույքի վերաբերյալ տարբեր վճիռների հակասության կամ անհամադրելիության ռիսկ։ Ըստ այդմ, անհրաժեշտ է ընդհանուր գույքում պարտապանի բաժնի բնեղենով առանձնացման կամ ընդհանուր գույքն իրացնելու հարցի լուծումը կենտրոնացնել կատարողական վարույթում՝ իհարկե, համասեփականատերերի իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովող գործիքակազմով։
  • Անարդյունավետ և չհամակարգված են առևտրային կազմակերպություններում պարտապանի մասնակցության հետ կապված իրավունքների վրա բռնագանձում տարածելու կարգավորումները։ Այստեղ, որպես կանոն, գործ ունենք տվյալ կազմակերպության այլ մասնակիցների և հենց այդ կազմակերպության նախապատվության իրավունքի, իրավաբանական անձի գործունեության պաշտպանության օրինական շահերի համադրման հետ։ Անհրաժեշտ կարգավորումների բացակայությունը, ինչպես նաև կատարողական վարույթի կանոնների հետ չհամադրված կարգավորումները (օրինակ՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 20-րդ հոդված) գործնականում էապես դժվարացնում են բաժնեմասերի, բաժնետոմսերի վրա կատարողական վարույթի շրջանակներում բռնագանձում տարածելը, ինչը պահանջատիրոջը կրկին ստիպում է նախաձեռնել նոր դատական գործընթացներ՝ գույքի այդ տեսակների վրա բռնագանձում տարածելն ապահովելու համար։ Ուստի անհրաժեշտ է ներդնել միասնական և արդյունավետ կանոններ, որոնք հաշվի կառնեն նաև տվյալ իրավաբանական անձի և դրա մյուս մասնակիցների իրավունքները։
  • Կանոնակարգման և կատարելագործման անհրաժեշտություն կա նաև պայմանագրային ֆոնդի փայի, այլ անձանց գրավի իրավունքով ծանրաբեռնված գույքի, պարտապանի գույքային իրավունքների (այդ թվում՝ այլ անձանց գույքի նկատմամբ իրավունքների և այլ անձանց նկատմամբ պահանջի իրավունքների) վրա բռնագանձում տարածելու կանոնների մասով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող կարգավորումները հստակ հնարավորություն չեն տալիս հաշվի առնել գույքի տվյալ տեսակների քաղաքացիաիրավական ռեժիմը և առնչվող այլ անձանց իրավունքները։

 

  • Հայցի ապահովման, հայցի նախնական ապահովման, վճռի կատարման ապահովման և վարչական արգելանքների կատարման առանձնահատկությունները

 

ԴԱՀԿ մասին օրենքում 2017թ.-ին կատարված լրացմամբ (հոդված 44.3) ներդրվել են պարտապանի գույքի վրա հայցի ապահովման կարգով արգելանք դնելու բավական արդյունավետ հատուկ կանոններ, որոնք իրենց արդարացրել են կիրառման ընթացքում։ Այդուհանդերձ, այս հոդվածն ամբողջությամբ չի ծածկում ապահովման բնույթ ունեցող ակտերի (ոչ միայն արգելանքներ ենթադրող) կատարման բոլոր առանձնահատկությունները։ Մասնավորապես, անհրաժեշտ է սահմանել՝

  • նման ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների ավարտման և կարճման հատուկ կանոններ, քանի որ դրանք, որպես կանոն, կախված են ընթացող դատական կամ վարչական վարույթից.
  • գույքի արգելադրման առավել մեղմ ռեժիմ, քանի որ գործ ունենք դեռևս չլուծված վեճի հետ, որը կարող է շարունակվել տևական ժամանակ՝ այդ ընթացքում սահմանափակելով պարտապանի իրավունքները.
  • նույն պարտապանի գույքի վրա պահանջի ապահովման կարգով դրված արգելանքների և դրամական միջոցների բռնագանձման վարույթով դրված արգելանքների հարաբերակցության կանոններ։

 

  • Հարկադիր աճուրդի ոչ իրավաչափության հետևանքները. բարեխիղճ գնորդի իրավական պաշտպանությունը

 

Դրամական պահանջներով կատարողական վարույթի արդյունավետության վրա հանգուցային ազդեցություն ունի արգելադրված գույքի արդյունավետ հարկադիր իրացումը. որքան արագ և բարձր գնով իրացվի արգելադրված գույքը, այնքան արագ և մեծ ծավալով կբավարարվի պահանջատիրոջ պահանջը։ Ընդ որում, պարզ է, որ արգելադրված գույքի իրացման բարձր գինը բխում է նաև պարտապանի շահերից։ Այնուամենայնիվ, ՀՀ-ում կատարողական վարույթի ձևավորված պրակտիկայում արգելադրված գույքը սովորաբար վաճառվում է մի քանի կրկնաճուրդից հետո և շուկայականից զգալիորեն ցածր գնով։ Սրա պատճառն այն է, որ կատարողական վարույթում անցկացվող աճուրդը գնորդի համար գրավիչ չէ՝ համեմատած շուկայում գույք ձեռք բերելու հետ։ Ցածր գրավչության պատճառն իր հերթին հարկադիր իրացվող գույքը գնելու հետ կապված իրավական և ոչ իրավական ռիսկերն են։

Իրավական ռիսկերը հանգում են նրան, որ գործող օրենսդրությունն աճուրդի անվավերության բացասական հետևանքները փաստացի ամբողջովին դնում է գնորդի վրա՝ անկախ վերջինիս բարեխղճությունից («Հրապարակային սակարկությունների մասին» օրենք, հոդված 35.3, 3-րդ մաս)։ Ըստ այդմ, անհրաժեշտ է օրենսդրությունը զարգացնել բարեխիղճ գնորդին պաշտպանելու տրամաբանությամբ՝ որպես ընդհանուր կանոն բացառելով ձեռք բերված գույքը նրանից հետ պահանջելու հնարավորությունը, իսկ ոչ իրավաչափ աճուրդով պատճառված վնասը (առկայության դեպքում) հատուցելով վարչարարությամբ պատճառված վնասների հատուցման գործող տրամաբանությամբ։

Այնուամենայնիվ, եթե անալոգիա անցկացնենք վինդիկացիոն հայցի շրջանակներում գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու դեպքերի հետ (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 275), այստեղ ևս հարկ է սահմանել բացառիկ դեպքեր, երբ իրավունքը խախտված սեփականատիրոջ շահը պետք է գերակայի աճուրդով գույք ձեռք բերած բարեխիղճ գնորդի շահի նկատմամբ:

 

  • Ոչ դրամական պահանջը չկատարվելու դեպքում պահանջատիրոջ իրավունքների պաշտպանությունը

 

Ոչ դրամական պահանջները հարկադիր կատարման տեսանկյունից կարելի է բաժանել երկու խմբի՝ ա) պահանջներ, որոնք հնարավոր է կատարել հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ (օրինակ՝ վտարել, պայմանագիր կնքելուն հարկադրել), և բ) պահանջներ, որոնք կա՛մ իրավաբանորեն հնարավոր չէ կատարել հարկադիր կատարման միջոցներով (պարտավորեցնել ներողություն խնդրել, հերքել տեղեկությունները, տրամադրել տեղեկություններ), կա՛մ դրանց հարկադիր կատարումը գործնականում անհամաչափ դժվար է (օրինակ՝ պարտավորեցնել ապամոնտաժել մեծածավալ և տեխնիկապես բարդ կառույցը)։

Նշված երկրորդ խումբ պահանջները կամովին չկատարվելու դեպքում պահանջատիրոջ իրավունքների պաշտպանությունը բախվում է խնդիրների։ Գործող օրենսդրությունը նման պահանջներով դատական ակտերը չկատարելու համար նախատեսում է քրեական պատասխանատվություն (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 507)։ Այդուհանդերձ, բացառված չեն իրավիճակները, երբ պարտապանը խուսափի դատական ակտի կատարումից անգամ քրեական ոչ խիստ սանկցիաների ենթարկվելու գնով։ Այդ իրավիճակում պահանջատիրոջը մնում է միայն դատական ակտի չկատարմամբ պատճառված նյութական վնասի հատուցման հնարավորությունը, սակայն նման պահանջների չկատարման դեպքերի մեծամասնությունում դժվար կամ անհնար է որոշել ոչ միայն նյութական վնասի չափը, այլ նաև ինքնին նման վնասի առկայությունը։

Ահա նման իրավիճակներում պահանջատիրոջ իրավունքների պաշտպանությանն է ուղղված ֆրանսիական իրավունքում ձևավորված և հետագայում եվրոպական մի շարք պետությունների կողմից փոխառված աստրենտի (astreinte) իսնտիտուտը: Աստրենտը դատարանի կողմից նշանակվող շարունակական տուժանք է ոչ դրամական պահանջի կատարման կետանցի ժամանակահատվածի համար, որը գանձվում է պարտապանից հօգուտ պահանջատիրոջ։ Ընդ որում, աստրենտը կապված չէ նյութական վնասի հետ, իսկ դրա նպատակը պարտապանին պարտավորության կատարմանը հակելն է։

Ոչ դրամական պահանջների կատարման արդյունավետության բարձրացման և նման վարույթներով պահանջատիրոջ իրավունքների պաշտպանության նկատակներից բխում է աստրենտի ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում ներդնելու անհրաժեշտությունը։   

 

  • Գործող օրենսդրության ոչ համակարգված փոփոխություններ և աններդաշնակություններ

Ինչպես վերն արդեն նշվել է, ԴԱՀԿ մասին օրենքն ընդունվել է շուրջ 25 տարի առաջ, և այս տարիների ընթացքում օրենքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և լրացումներ, որոնք, սակայն, ոչ համակարգային բնույթ կրելով մի շարք դեպքերում առաջացրել են գործող օրենսդրական կարգավորումների ոչ բավարար հստակություն, առանձին դեպքերում՝ ներքին հակասություններ, թերի կարգավորված հարցեր, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես կատարողական վարույթի արդյունավետության, այնպես էլ կատարողական վարույթի կողմերի իրավունքների վրա: Արդյունքում առաջանում են իրավիճակներ, երբ գործող օրենսդրական կարգավորումը թույլ չի տալիս հարկադիր կատարողին կոնկրետ իրավիճակում ընտրել իր իրացման ենթակա լիազորությունը, իսկ կատարողական վարույթի կողմի համար կանխատեսելի չի դարձնում կատարողական կոնկրետ գործողության իրականացումը կամ դրա ընթացքը:

ԴԱՀԿ մասին օրենքում առկա են օրենսդրական տեխնիկայի մի շարք խնդիրներ, որոնք իրենց հերթին իրավակիրառ պրակտիկայում դժվարացնում են օրենքի կիրառությունը և լրացուցիչ խնդիրներ են ստեղծում նաև կատարողական վարույթի մասնակիցների համար:

 

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա ակնհայտ է, որ առկա է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի և դրանից բխող այլ օրենքների ընդունման, այդպիսով՝ կատարողական վարույթի միասնական և համապարփակ կարգավորումների սահմանման, կատարողական վարույթի սուբյեկտների և նրանց կարգավիճակի հստակեցման, կատարողական ծախսերի հաշվարկման տարբերակված դրսևորումների ներդրման, կատարողական գործողությունների կատարման ժամկետները կրճատող գործիքակազմի ներդրման, կատարողական վարույթի կարճման, կասեցման և ավարտի հիմքերի և դրանց իրավական հետևանքների հստակեցման, առանձին խումբ կատարողական վարույթների կատարման առանձնահատկությունների սահմանման, ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման միջոցների և պարտավորության կատարումը խթանող գործիքների, կատարողական վարույթում հարկադրանքի նոր «փափուկ» մեթոդների ներդրման անհրաժեշտություն:

Միաժամանակ, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի մշակումը ենթադրում է նաև մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ ապահովելու նախագծի ընդունման դեպքում այլ օրենքներում կատարողական վարույթին առնչվող կարգավորումների համապատասխանությունը նոր օրենսդրությանը:

Վերոգրյալի հիման վրա ակնհայտ է, որ առկա է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի ընդունման և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, Քրեակատարողական օրենսգրքում, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Քաղաքաշինության մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Նոտարիատի մասին» օրենքներում, Քաղաքացիական օրենսգրքում, «Ներդրումային ֆոնդերի մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում, Քրեական դատավարության օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, «Սնանկության մասին» օրենքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, Վարչական դատավարության օրենսգրքում, Ընտանեկան օրենսգրքում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Առևտրային արբիտրաժի մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում և Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացնել և վարույթը համապարփակ կանոնակարգել «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ և լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում։

Նախագծերի փաթեթով առաջարկվող նորամուծությունների հիմնական ուղղությունները ներկայացվում են ստորև։

      Կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոնների սահմանում և վարույթի արդյունավետության բարձրացում

  1. Կատարողական վարույթում հակադիր շահեր ունեցող մեկից ավելի անձանց մասնակցությունից և մրցակցության տարրերից բխող՝ վարույթի սկզբունքների և ապացուցման կանոնների սահմանում։
  2. Հարկադիր կատարման միջոցների շրջանակի ընդլայնում և հստակեցում (գործող օրենքով սահմանվում է ոչ սպառիչ ցանկ)՝ ներդնելով ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման միջոցներ։
  3. Պարտապանին եկամուտ վճարողներից, պարտապանի գույքի տիրապետողներից, պարտապանի մասնակցությամբ իրավաբանական անձանցից տեղեկատվության ստացման և նրանց նկատմամբ ներգործության արդյունավետ և չափավոր գործիքների ներդրում։
  4. Առանձին դեպքերում հարկադիր կատարողի որոշումների հիման վրա կատարողական վարույթ հարուցելու հնարավորության ամրագրում։
  5. Գույքի առանձին տեսակների վրա բռնագանձում տարածելու օրենսդրական խոչընդոտների վերացում կամ հիմքերի ստեղծում (անհաշիվ դրամական փոխանցումներ, անհատական պահատուփեր, ընդունված, բայց չգրանցված ժառանգական գույք, անժառանգ գույք, վճարահաշվարկային կազմակերպությունների, օնլայն խաղային և նմանատիպ այլ հաշիվներում պահվող դրամական միջոցներ, թվային ակտիվներ և այլն)։
  6. Ընդհանուր գույքում պարտապանի բաժնի, իրավաբանական անձանց կանոնադրական/բաժնեհավաք կապիտալում մասնակցության հետ կապված իրավունքների վրա բռնագանձում տարածելու ողջ գործընթացի իրականացում կատարողական վարույթում (գործող օրենսդրության պայմաններում դա որպես կանոն հնարավոր է պահանջատիրոջ կողմից լրացուցիչ դատական հայցեր ներկայացնելու միջոցով)։
  7. Գույքային իրավունքների, ներառյալ՝ պահանջի իրավունքների վրա բռնագանձում տարածելու արդյունավետ կանոնների սահմանում։
  8. Գրավով չապահովված պահանջատիրոջ օրինական շահերի արդարացի հավասարակշռում գրավի առարկայի վրա արտադատական բռնագանձում տարածող գրավառուի շահերի հետ։
  9. Կախված կոնկրետ վարույթով իրականացված գործողություններից, կատարման ենթակա ակտի պահանջի կատարման պահից և այլ հանգամանքներից՝ կատարողական ծախսերի տարբերակված չափերի սահմանում, ինչը կխթանի պարտապանի կողմից պահանջի ինքնուրույն կատարումը նաև կատարողական վարույթի ընթացքում։
  10. Կատարողական վարույթի կասեցման, ավարտի և կարճման հիմքերի և հետևանքների առավել ճշգրիտ և ամբողջական սահմանում։

 

    Կատարողական վարույթի կողմերի դիսպոզիտիվ (տնօրինչական) հնարավորությունների ընդլայնում

Կողմերի համաձայնությամբ կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման կարգ կամ եղանակ սահմանելու կամ դրանք փոփոխելու հնարավորության սահմանում (ներկայումս դա հնարավոր է միայն դատական կարգով՝ անգամ կողմերի համաձայնության դեպքում)։

  1. Կողմերի համաձայնությամբ բռնագանձման հերթականության փոփոխման հնարավորության սահմանների ընդլայնում/հստակեցում։
  2. Արգելադրված գույքը որոշ դեպքերում վարձակալության հանձնելու հնարավորության նախատեսում՝ վարձավճարը պահանջի բավարարմանն ուղղելով։
  3. Պարտապանի կողմից արգելադրված գույքն ինքնուրույն վաճառելու հնարավորության նախատեսում՝ վաճառքի գումարը (համապատասխան մասը) պահանջի բավարարմանն ուղղելով։
  4. Պարտապանի գույքի հարկադիր աճուրդին պահանջատիրոջ մասնակցության հնարավորության ընդլայնում՝ նրան իրավունք վերապահելով որոշակի դեպքերում վճարելու ոչ միայն դրամով, այլ նաև իր պահանջի հաշվանցով։

 

      Շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանություն

  1. Կատարողական վարույթին մասնակցող երրորդ անձանց (օրինակ՝ պարտապանի արգելադրված գույքի համասեփականատերեր) ինստիտուտի ներդրում։
  2. Կատարողական վարույթում թույլ տրված խախտումների հիմքով հարկադիր աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում գույքի գնորդների պաշտպանվածություն։

 

      Ձեռնարկատիրական գործունեության պաշտպանություն

  1. Պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու հատուկ հերթականության սահմանում։
  2. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի ինստիտուտի անալոգիայով շրջանառության մեջ գտնվող ապրանքների արգելանքի ինստիտուտի նախատեսում, որը չի խաթարի ապրանքների շրջանառությունը։
  3. Իրավական ներգործության կանխատեսելի և մեղմ կանոններ այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնցում մասնակցություն ունի պարտապանը (որոնք չեն խաթարի իրավաբանական անձի կառավարումը), նման մասնակցության իրավունքների վրա բռնագանձման տարածում հնարավորին ուշ հերթում (հատկապես քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված այն դեպքերում, երբ բռնագանձումը կարող է հանգեցնել իրավաբանական անձի գույքից բռնագանձման ենթակա գույք առանձնացնելուն)։

 

      Ոչ դրամական պահանջների կատարում. աստրենտ

  1. Ոչ դրամական պահանջների կատարմանն ուղղված այնպիսի հարկադիր կատարման միջոցների օրենսդրական ձևակերպում և կանոնակարգում, ինչպիսիք են պարտավորությունը պարտապանի փոխարեն կատարելը, պարտապանին կամ այլ անձանց արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցներ կիրառելը, ֆիզիկական հարկադրանքը։
  2. Ֆրանսիական իրավունքում ծագած և մի շարք այլ պետությունների իրավունքում ընդունված աստրենտի ինստիտուտի ներդրում, որը ենթադրում է ոչ դրամական պահանջների կատարման կետանցի դեպքում պարտապանի կողմից պահանջատիրոջը վճարման ենթակա շարունակական տուժանքի սահմանում դատարանի կողմից։

 

      Ապահովման վարույթի կանոնակարգում

  1. Հայցի ապահովման, հայցի նախնական ապահովման, վճռի կատարման ապահովման, վարչական արգելանքների կատարման, դրանց շրջանակներում գույքի արգելադրման, այդպիսի վարույթների և դրամական միջոցների բռնագանձման վարույթների հարաբերակցության անհրաժեշտ կանոնների սահմանում։

 

     Պատասխանատվություն և իրավունքների պաշտպանություն

  1. Կատարողական վարույթի կանոնների խախտման համար վարչական և քրեական պատասխանատվություն սահմանող նորմերի կատարելագործում։
  2. Կատարման շրջադարձի նոր կանոնների սահմանում՝ գործող դատավարական ընթացակարգերին համահունչ։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 Նախագիծը մշակվել է արդարադատության նախարարի 2020թ. հունվարի 15-ի N 13-Ա հրամանով (փոփոխված 2020թ. հունիսի 4-ի N 205-Ա հրամանով) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտի բարեփոխման, արդյունավետության բարձրացման և գործունեության կազմակերպման կատարելագործման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի և արդարադատության նախարարի 2023թ․ մարտի 21-ի N 143-Ա հրամանով կատարողական վարույթի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության իրավական հիմքերի կատարելագործման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

 Նախագծերի փաթեթի նպատակը միասնական իրավաբանական հասկացությունների կիրառմամբ, առավել համապարփակ և համակարգված, առավել պարզ ընկալելի նպատակներով կարգավորումների սահմանումն է,  ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի մասնակիցների առավել արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաև կատարողական վարույթի հետ համակարգային առումով փոխկապված իրավունքի այլ ճյուղերի նպատակների առավել արդյունավետ իրագործումը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև ապահովել կատարողական վարույթի վերաբերյալ օրենսդրության կանխատեսելիությունը, որոշակիությունը՝ նախադրյալներ ստեղծելով նաև օրենքի առավել ճիշտ մեկնաբանման և կիրառման, կատարողական վարույթի հետ կապված վեճերի արդարացի լուծման համար։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է դատական ակտերի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման կարգ կամ եղանակ սահմանելու, դրանք փոփոխելու, ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա, իրավաբանական անձի կանոնադրական/բաժնեհավաք կապիտալում պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու գործընթացները տեղափոխել դատականից դեպի կատարողական վարույթ, ինչի արդյունքում ակնկալվում է նաև ապահովել դատարանների բեռնաթափում զգալի քանակով (տարեկան ընդհուպ մի քանի հազար) հայցադիմումներից և դիմումներից։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների կամ ծախսերում փոփոխության անհրաժեշտություն առկա չէ։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի մշակումը բխում է՝

  • Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման և էլկետրոնային համակարգերի գործարկման միջոցով».
  • Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ».
  • Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11-րդ նպատակից։ Նշված նպատակով, ի թիվս այլնի, նախատեսված է «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի մշակումը, որին համապատասխան սահմանված են թիրախային ցուցանիշներ (արդյունքներ)։ Այս առումով հարկ է նշել, որ առաջարկվող նախագծերի փաթեթը՝ դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի և մինչ այժմ արդեն իսկ ընդունված այլ օրենսդրական ակտերի հետ միասին, ապահովում է առաջադրված բոլոր թիրախային ցուցանիշների կատարումը։

 

[1] Օրինակ՝ 2022 թվականի ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ընթացք է տրվել ավելի քան 2,6 միլիոն կատարողական վարույթի։ Տե՛ս https://cesa.am/platform/statistics-monitoring/ (վերջին մուտք՝ 17.05.2023թ.):

  • Քննարկվել է

    19.05.2023 - 03.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Դատական ակտերի հարկադիր կատարում, Քաղաքացիական դատավարություն, Հանրային կառավարում, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4850

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

21.05.2023

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մեր հասարակական կազմակերպությունը բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում ՀՀ քաղաքացիներից ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման ու արդարադատության մարմինների կողմից իրենց սահմանադրական իրավունքների ու ազատությունների ամենօրյա ոտնահարման տարբեր հարցերով. զբաղվածության, կենսաթոշակի ու նպաստի նշանակման, առողջապահական ծառայությունների մատուցման, ճանապարհային ոստիկանության անբավարար աշխատանքի, դատական հայցերի անհիմն չբավարաման եւ այլ հարցերով: Մեր սակավաթիվ կամավորների ուժերով փորձում ենք օրենքի սահմաններում տալ լուծումներ այդ խնդիրներին: Մեր ջանքերը առանձին դեպքերում հաջողվում են: Սակայն դրանք շատ հազվադեպ են լինում: Մեր գործողությունները հաճախ հանդիպում են ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման ու արդարադատության մարմինների գերատեսչական շահից բխող ապօրինի, բյուրոկրատական քաշքշուկներով լի, հաճախ իրարամերժ ու օրենքին հակասող գորոծողոթյուններով: Դա հատկապես վերաբերում է տարբեր վարչական գործերով հարկադիր կատարման գործողություններին, որոնք իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) կողմից: Այսպես, ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի ընդունոմից հետո տարիներ ի վեր բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ԴԱՀԿ գործունեությունից: Մասնավորապես, դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այսպես կոչված կարմիր գծերի կամ վճարովի կայանատեղիների համար ապօրինի պարտադիր վճար չկատարելու համար հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին: Օրինակ՝ հաճախակի են այն դեպքերը, երբ քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց նրա դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց քաղաքացուն չեն տեղեկացնում: Կամ տվյալ իրավախախտումը բողոքարկվել է դատարան և դատաքննությունն ընթացքում է, սակայն ԴԱՀԿ-ն տեղեկություն ստանալով համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, անմիջապես իրականացնում հարակադիր կատարման վարույթ՝ առանց ուսումնասիրելու դեպքը և արգելանք է դնում ֆիզիկական ու իրավաբանական անձանց բանկային հաշիվների վրա: Շատ հաճախ տվյալ վարչական գործի դատաքննությունը շարունակվում է ՀՀ դատական համակարգի տարբեր աստիճաններում, սակայն ԴԱՀԿ-ն չսպասելով վերջնական դատական ակտի ընդունմանը, իրականացնում է իր ապօրինի հարկադիր կատարման ապօրինի վարույթը: ՀՀ վարչապետի հանձնարարականում հնչած երեւույթի եւ դրա նման այլ երեւյթների մասին մեր կազմակերպությունը ևս ստանում է բազմաթիվ բողոքներ ՀՀ քաղաքացիներից, որոնցից մի քանիսի հարցերը կարողացել ենք կարգավորել: Սակայն մեր ջանքերն ապարդյուն են ԴԱՀԿ հետ հարաբերություններում: Վերջինիս առանձին աշխատակիցներ, ոտնահարելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, օրինականության եւ հավասարության կարեւորագույն սկզբունքները, ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի դրույթները` պատշաճ կարգով ուսւոմնասիրություններ անցկացնելու եւ որոշումներ կայացնելու վերաբերյալ, պատշաճ կերպով եւ ժամկետներում չեն քննարկում ՀՀ քաղաքացիների դիմումները, անտեսում են ներակայացված փաստերն ու փաստաթղթերը, կայացնում են ապօրինի որոշումներ, քաղաքացիներին ներքաշում են բյուրոկրատական անհարկի քաշքշքուկների մեջ` միայն թե ապահովեն ՀՀ պետական բյուջե տուգանքների եւ իրենց արտաբյուջետային հաշվին ավելի շատ գումարների մուտքագրումը: Մեր կարծիքով այսպիաի իրավիճակը, ի թիվս ԴԱՀԿ աշխատակիցների անփույթ և սուբյեկտիվ մոտեցաման, պայմանավորված է նաև և հատկապես «Դատական ակտերի կատարման մասին» ՀՀ օրենքի թերի կարգավորումներով, որոնցով չեն սահմանված «ուսումնասիրություն» գործողության բոլոր հստակ քայլերը: Ըստ այդմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցները ուսումնասիրություն են համարում ՀՀ ԿԱ տարբեր վարչական մարմինների նամակները և դատարանների կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումները և վեճի 3-րդ կողմի՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, հետ չեն պարզաբանում վարույթի մանրամասները: Այդպիսի իրավիճակում ԴԱՀԿ աշխատակիցները ամբողջովին հավատում են պետական կառավարման մարմինների տեղեկատվությանը և կանխակալորեն մտածում են, որ ՀՀ ֆիզիկական ու իրավաբանական անձինք գործել են ապօրինի և ոչ պարտաճանաչ հարկատուներ են: Այդպիսի մոտեցումը արդարացի չէ և հակասում է ՀՀ սահմանադրությամբ սահմանված մի շարք սկզբունքների, այդ թվում հատկապես արդարադատության իրավունքի իրացմանը: Դրա արդյունքում ՀՀ իրավաբանական ու ֆիզիկական անձինք ենթարկվում են անհիմն պատժամիջոցների, որոնց չեղարկման համար ծախսում են հսկայական թանկարժեք ժամանակ՝ կրելով ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասներ, որոնք ոչ մի կերպ չեն փոխհատուցվում դրանցում մեղավոր վարչական մարմինների կողմից: Հետևապես առաջարկում եմ համապատասխան փոփոխություններ կատարել նշված Օրինագծում:

Տեսնել ավելին