Լրամշակման փուլում է
«Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
<< >> ----- 2017 թվականի N -
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀՈՍԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հավանություն տալ «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին»՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:
Հավելված
ՀՀ կառավարության
2017թվականի --------- N
արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀՈՍԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ
I.ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
- «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգ»-ը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:
II.ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
2. Այսօր շրջակա միջավայրի պահպանության հարցերն առանձնակի հրատապ են: Մարդն անխնա սպառում է բնական պաշարները, որի հետևանքով նվազում են օգտակար հանածոները, աղտոտվում է բնական միջավայրը: Հայաստանի Հանրապետությունը որպես կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն որդեգրած երկիր՝ կոչված է ապահովելու երկրի այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար:
3.Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը հույժ կարևոր է ամուր գործարար միջավայրի, կայուն տնտեսական աճի և տարածաշրջանային կայունության համար: Ջրային ռեսուրսների պահպանությունը, ողջամիտ օգտագործումը և պատշաճ կառավարումը առանցքային դեր են խաղում Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական զարգաման համար:
4.Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային երկիր, բնորոշվում է խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորայնությամբ, ակտիվ արտածին ու անապատացման գործընթացներով և հաճախակի նկատվող տարերային աղետներով, որոնք երկիրն առավել զգայուն են դարձնում կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ, որի ֆոնի վրա էլ առավել խոցելի են ջրային ռեսուրսները:
5. Ջրային ռեսուրսները Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունն են: Թեպետ ջրային ռեսուրսները համարվում են վերականգնվող ռեսուրսներ և, շատ երկրների համեմատ մենք մեզ կարող ենք համարել ջրառատ երկիր, այնուամենայնիվ, ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:
6. Հայեցակարգում ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամաբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները, բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը, որը կօժանդակի ոչ միայն ջրային ռեսուրսների պահպանությանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը, այլ նաև՝ ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով սպառողներին պատշաճ ջրամատակարարում մատչելի գնով:
7. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, պահպանության առանցքային ուղղություններից մեկը Եվրոպական Միության ջրային շրջանակային դիրեկտիվին (2000/60/EC) մոտարկումն է, որի առանցքը, ըստ էության, էկոհամակարգային մոտեցումն է՝ երբ ջրային ռեսուրսը դիտարկվում է որպես բնական ջրային էկոհամակարգի օգտագործման ենթակա ու թույլատրելի մաս: Այսպիսի մոտեցման դեպքում յուրաքանչյուր ջրային էկոհամակարգից օգտվելը կամ նրա վրա ներգործությունը հնարավոր է գնահատել թվային (քանակական) ցուցանիշով և կիրառել էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարումներ (ներկայումս մշակվում է «Էկոհամակարգային ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ): Այսպիսի համակարգի ներդրումը, բնականաբար, կստեղծի խթաններ բնական ռեսուրսի սահմանափակ բաղադրիչից կորուստը պակասեցնելու համար: Մեկ այլ հնարավորություն է ռեսուրսային բաղադրիչը քվոտավորելը ջրօգտագործողների միջև ու միաժամանակ սահմանել այդ քվոտաների փոխզիջման կամ աևտրի սխեմա (օր.՝ Կիոտոյի արձանագրության emmission trading-ի կամ համատեղ իրականացման սխեմաներ):
8. Սույն Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 8-րդ կետի պահանջից:
III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
9. Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական զարգամանը զուգընթաց տարեցտարի ավելանում են ջրօգտագործման ծավալները: Ոչ ռացիոնալ ջրօգտագործման արդյունքում առաջանում են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձնում են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում:
10. Ջրային համակարգերից ջրի ընդհանուր կորուստը ցանցին մատակարարվող ջրի ծավալի և սպառողին առաքված և վճարման ներկայացված ջրի ծավալների տարբերությունն է, որն իր մեջ ներառում է գոլորշիացումը, ինֆիլտրացիան, տեխնիկական արտահոսքը և չհաշվառված ջրակորուստը: Գոլորշիացումը և ինֆիլտրացիան բնորոշ են ցանկացած ջրահոսքի և անվերահսկելի գործոններ են: Ի տարբերություն սրանց, տեխնիկական արտահոսքը կանխվող գործոն է՝ պայմանավորված արտահոսքերի, վթարների վաղաժամ հայտնաբերմամբ և վերացմամբ: Չհաշվառված ջրակորուստը իր մեջ ներառում է ոչ եկամտաբեր ջուրը (ջրամատակարարի սեփական կարիքների, համակարգերի պահպանության, հրդեհաշիջման համար օգտագործվող ջուր) և առևտրային ջրակորուստը, որն ի հայտ է գալիս աշխատակիցների թերի աշխատանքի, անբարեխիղճ բաժանորդների և այն մարդկանց պատճառով, որոնք ապօրինի են օգտվում ջրից:
11. Հայաստանում առկա ոռոգման ջրագծերի հիմնական մասը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին և ունի մաշվածության բարձր աստիճան: Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման համակարգերը շահագործվում են 15-50 տարի, և դրանց մեծ մասը գտնվում են տեխնիկապես ոչ բավարար վիճակում: Ջրի կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 80 տոկոս, որի մի մասը առևտրային կորուստներ են, իսկ մյուս մասը տեխնիկական են՝ պայմանավորված համակարգի վատ տեխնիկական վիճակով (այդ թվում այն հանգամանքը, որ վթարները ժամանկին չեն հայտնաբերվում և վերացվում):
12. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 2016 թվականին կատարված հիմնական աշխատանքների հաշվետվության համաձայն հաշվետու տարվա ընթացքում կառուցվել, վերականգնվել և վերանորոգվել են շուրջ 291.25 կմ խմելու, կոյուղու և ոռոգման խողովակաշարեր, ջրանցքներ և ջրատարներ։
13. Մեկնարկել է ոռոգման համակարգերում SCADA (տվյալների հավաքագրման հեռաչափական և հեռակառավարման ծրագիր) ջրաչափական համակարգի սարքավորումների տեղադրման և շահագործման միջոցառումների գործընթացը: Վերը նշված սարքավորումների տեղադրումն ու շահագործումը (համապատասխան փուլերով) իրականացնելու արդյունքում կանոնակարգվելու են ոռոգման ջրի հաշվառման և համակարգի շահագործման հետ կապված խնդիրները:
IV. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ
14. Հաշվի առնելով կլիմայի փոփոխության անմիջական ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, ինչպես նաև ջրի անտնտեսվար օգտագործման արդյունքում առաջացած ջրի դիֆիցիտը, կարևոր է առավել արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսները: Ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներից մեկը և սույն հայեցակարգի նպատակը ջրային համակարգերում հոսակորուստների կրճատումն է, որը կօժանդակի ջրային ռեսուրսների պահպանությանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը: Ցանկացած ջրամատակարար ընկերության գործունեության կարևորագույն խնդիրն է ջրամատակարարման համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացումը՝ թե տեխնիկապես, և թե ֆինանսա-տնտեսական առումով, ինչպես նաև ջրակորուստների և ջրի չհաշվառված ծախսի կրճատումը: Հոսակորուստների և չհաշվառված ջրի կրճատմանն ուղղված միջոցառումները պետք է դառնան ցանկացած ջրամատակարարման ընկերության առաջնային նպատակը, քանի որ այն կհանգեցնի ընկերության գործունեության տնտեսական, էկոլոգիական արդյունավետության բարձրացմանը, կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:
15. Ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետ գործող համակարգի ձևավորման և հետագա կարգավորման հարցերը ձեռք են բերում հույժ կարևորություն և պահանջում դրանց նվիրված տեսությունների և տարբեր երկրներում կուտակված փորձի ուսումնասիրություն, Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդի վիճակի վերլուծություն և դրա բարելավման ուղիների ընտրություն:
16. Առկա խնդիրներն են՝
1) ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում կորուստների նորմատիվների բացակայություն.
2) հոսակորուստների և ջրի չհաշվառված ծախսերի օպերատիվ մոնիտորինգի (արդի սարքավորումների միջոցով) համակարգի բացակայություն.
3) ջրի չհաշվառված ծախսերի բարձր շեմ, անխնա ջրօգտագործում, ջրամատակարարման ծառայությունների անբավարար որակ.
4) ջրի չհաշվառված կորուստների և ծախսերի բացահայտման ու հաշվարկի մեթոդիկայի բացակայություն.
5) հոսակորուստների կրճատմանը կամ վերացմանն ուղղված տնտեսական, իրավական, վարչական խթանիչ մեխանիզմների բացակայություն.
6) ջրօգտագործողների, սպառողների իրազեկվածության ցածր մակարդակ, հոսակորուստների և ջրի չհաշվառված ծախսերի կրճատմանն ուղղված մեթոդական ուղեցույցերի բացակայություն:
V. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
17. Հոսակորուստների կրճատման ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է՝
1) ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակում, հոսակորուստ հասկացության հստակ սահմանում .
2) Եվրոպական Միության ջրային շրջանակային դիրեկտիվի (2000/60/EC) տեղայնացում.
3)հոսակորուստների գնահատման նպատակով բոլոր օգտագործվող ջրաղբյուրների (մակերևութային և ստորերկրյա) գլխամասերում մոնիտորինգի իրականացում.
4) ջրի չհաշվառված կորուստների և ծախսերի բացահայտման ու հաշվարկի մեթոդիկայի մշակում.
5) հոսակորուստների և ջրի չհաշվառված ծախսերի կրճատմանն ուղղված մեթոդական ուղեցույցերի մշակում.
6) խմելու և ոռոգման ջրի մատակարա րման համակարգերում հոսակորուստների բացահայտման և դրանց կրճատմանն ուղղված արդի սարքավորումների ներդրում և միջոցառումների իրականացում.
7) ջրային համակարգերում ջրախնայող տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված խթանիչ գործողություններ՝ օր. մատչելի վարկերի տրամադրում և այլն (միջազգային համապատասխան և նորարարական ֆինանսական և տեխնոլոգիական մեխանիզմներով՝ ըստ INDC (Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրումներ).
8) խրախուսական միջավայր ջրախնայողական տեխնոլոգիաների շտեմարանի տեսքով («Կլիմայական տեխնոլոգիական կենտրոն ու ցանց»-ի՝ (CTCN) օժանդակությամբ).
9) ոլորտում ապահովել մրցակցություն, թույլ տալով այլ օպերատորի գործունեություն (այդ թվում՝ գյուղական բնակավայրերում այլ օպերատոր՝ ջրավազանային մակարդակով միջհամայնքային կառավարմամբ և էկոհամակարգային մոտեցմամբ).
10) որպես խրախուսական միջոց. ռեսուրսօգտագործման նորմերի վերին ու ներքին սահմանների միջակայքում մտցնել քվոտաների բաժնեմասերի-բաժնեչափերի առք ու վաճառքի սխեմա (շուկա)։ (օր.՝ ինչպես դա արվել ու արվում է «ածխածնի» համար, օրինակ Եվրոպական Միությունում Կիոտոյի արձանագրությամբ)։
11) նպատակահարմար է հոսակորուստների ֆինանսական պատասխանատվությունը դնել մասնավոր այն ընկերության վրա, որն իրականացնում է ջրի մատակարարումը, այսինքն՝
ա) սակագինը սահմանելուց ինքնարժեքի մեջ ներառել այն հոսակորուստը, որը հայտնաբերված է (տեսանելի է ու չափելի)․
բ) 1-ին ենթակետում նշված հայտնաբերված հոսակորուստի նվազեցման (ընդհուպ՝ բացառման) համար սահմանել գրաֆիկ ըստ ամիսների․
գ) «չբացահայտված» հոսակորուստի դիմաց վճարումը կատարել սպասարկող ընկերության նորմատիվային (12-14%) շահույթից․
դ) գրաֆիկը խախտելու դեպքում համապատասխան հոսակորուստի վճարումը տեղափոխել ինքնարժեքից շահույթի գիծ։
VI. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18. Հոսակորուստների նվազեցման ուղղությամբ ցանկալի նպատակներին հասնելու դեպքում կիրականացվի ջրային համակարգերի վիճակի վերլուծություն, ջրի բաշխման վերահսկման կազմակերպում, ջրակորուստների հայտնաբերում, հաշվառում, գնահատում, ջրաչափերի (ծախսաչափերի) ստուգում և նորոգում, ավտոմատ ջրաչափական կառավարման համակարգերի ներդրում, ապօրինի ջրօգտագործման կանխում, ջրային համակարգերի հիմնանորոգման ծրագրերի իրականացում, ոռոգման համակարգերի մաքրման, վերանորոգման, վերականգնման, վերազինման աշխատանքների իրականացում, ոռոգման ինքնահոս համակարգերի կառուցման, պոմպակայանների հեռացնող ջրանցքների վերականգնման, մայր և միջտնտեսային ջրանցքների վերականգնման/վերանորոգման, ներտնտեսային ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացում: Այս ամենը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամաբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ հոսակորուստների նվազեցմանը, որը կօժանդակի ոչ միայն ջրային ռեսուրսների պահպանությանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը, այլ նաև՝ ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով սպառողներին պատշաճ ջրամատակարարում մատչելի գնով:
VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
19. Հայեցակարգի ներդրումը լրացուցիչ բյուջետային ծախսեր չի պահանջելու: Հոսակորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացման ֆինանսական խնդիրների լուծման համար պետք է ներգրավվեն ջրային ոլորտի հետ առնչություն ունեցող պետական կառավարման մարմինները, միջազգային դոնոր կազմակերպությունները և տնտեսվարող սուբյեկտները:
VIII. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
20. Ջրային ռեսուրսների պահպանությունը, ողջամիտ օգտագործումը և պատշաճ կառավարումը առանցքային դեր են խաղում Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական զարգաման համար: Հայեցակարգի ներդրումը հիմք կհանդիսանա շտկելու տարիներ շարունակ ոչ արդյունավետ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգմանը՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները:
-
Քննարկվել է
24.11.2017 - 14.12.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9588
Տպել