Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մսային տավարաբուծության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ՝ միտված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված թիրախային ցուցանիշների ապահովմանը։
2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2021 թվականին հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 463.6 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի զգալի մասը ստացվել է տավարաբուծությունից: Ներկայումս մսի արտադրության նպատակով մեր հանրապետությունում աճեցվող կենդանիների նախասպանդային զանգվածը չի գերազանցում 320 կգ-ը, մինչդեռ տավարաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաները և բարձրարժեք վաղահաս մսատու ցեղերի կենդանիների ինտենսիվ աճեցումը հնարավորություն են ընձեռում մսի համար բտված տավարն իրացնել առավել վաղ հասակում՝ 450 կգ-ից բարձր կենդանի զանգվածով: Այս հանգամանքը հրատապ է դարձնում համաշխարհային ճանաչում ունեցող մսային ուղղության ցեղերի գենոֆոնդի օգտագործմամբ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը մեր հանրապետությունում:
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկել է 2019 թվականի ապրիլ ամսից, որի շրջանակներում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների (ըստ ցեղերի սահմանափակումներ չկան) ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով։
Ծրագրի մեկնարկից սկսած 24 շահառուի կողմից ձեռք է բերվել 1725 գլուխ հոլշտին, սիմենթալ, ուկրաինական տափաստանային, ինչպես նաև մսային ուղղության՝ աբերդին-անգուս և կալմիկական ցեղերի տոհմային կենդանիներ։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է մսային ուղղության խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռքբերելու դեպքում վարկի մայր գումարի համար արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս, ինչպես նաև մսային ուղղության կենդանիների ձեռքբերման արժեքը սահմանել առավելագույնը 1.2 մլն ՀՀ դրամ։
Մսային տավարաբուծությունում մսացու մատղաշը կաթնային շրջանում (մինչև 4-6 ամսականը) սնվում է հիմնականում մայրական կաթով և ինտենսիվ աճեցման դեպքում (առանց արոտի օգտագործման) այն իրացվում է 14-16 ամսականում՝ 400-420 կգ կենդանի զանգվածով, իսկ արոտների օգտագործման դեպքում մսի համար իրացվում է 18-20 ամսականում՝ 420-450 կգ կենդանի զանգվածով։
Հաշվի առնելով, որ մսային տավարաբուծությունում մայրական կաթը բացառապես օգտագործվում է մատղաշի աճեցման համար և ապրանքային կաթ չի ստացվում ու չի իրացվում (արդյունքում վարկի մարման համար միջոցներ չեն գոյանում), ինչպես նաև կենդանիների հղիության (9 ամիս) և մսացու մատղաշի իրացման ժամկետները (14-18 ամիս) նպատակահարմար է մսային ուղղության կենդանիներ ձեռքբերելու դեպքում վարկի մայր գումարի համար արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս։
Բացի այդ, հաշվի առնելով մսային ուղղության տոհմային կենդանիների նկատմամբ պահանջարկը, ինչպես նաև ուսումնասիրելով Ծրագրի շրջանակներում ձեռքբերված, ԵԱՏՄ անդամ-պետություններում և եվրոպական երկրներում Ծրագրի պահանջներին համապատասխանող կենդանիների շուկայական միջին գները (1.1-1.3 միլիոն ՀՀ դրամ), առաջարկվում է մսային ուղղության 1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման առավելագույն արժեքը սահմանել 1.2 միլիոն ՀՀ դրամ։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ավելացնել Ծրագրի շրջանակներում ձեռքբերվող մսային ուղղության տոհմային կենդանիների գլխաքանակը, ինչը կնպաստի դրանց գենոֆոնդի օգտագործմամբ մսի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ տավարի մսի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված տավարի և հորթի մսի արտադրության թիրախային ցուցանիշի ապահովմանը։ Ներկրված կենդանիների գենետիկական ներուժի շնորհիվ մսի աճեցման համար սպանդի ենթարկվող յուրաքանչյուր կենդանու հաշվով հնարավորություն կընձեռվի լրացուցիչ ստանալ 65 կգ բարձրորակ տավարի միս:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.3 «Անասնաբուծության ճյուղի զարգացման խթանում» միջոցառման նպատակի՝ տոհմային գործի բարելավման միջոցով տոհմային կենդանիների տեսակարար կշռի տարեկան 10-15 %-ով ավելացման և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1886-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթության հետ։
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
17.05.2023 - 01.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3087
Տպել