Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 24.05.2023 16:52:30 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի համար նախատեսել սեղմ դատավարական ժամկետներ: Նախագծի հիմնավորումների համաձայն՝ առաջարկվող կարգավորման կիրառման արդյունքում հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական դատարանում կքննվեն ավելի արագ, հայցի բավարարման դեպքում առավել արդյունավետ կիրականացվի անօրինական հիմքերով աշխատանքից ազատված աշխատողի խախտված իրավունքների վերականգնումը, ինչպես նաև ավելորդ մեծածավալ փոխհատուցման բեռ չի սահմանվի գործատուի համար: Դրական գնահատելով Նախագծով առաջարկվող կարգավորումը՝ միաժամանակ առաջարկում ենք նույն մոտեցումը կիրառել նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի հետ կապված վեճերի համար։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (այսուհետ՝ Կազմակերպություն) իր գործունեության շրջանակներում զբաղվելով զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների, սպաների, զորացրված պարտադիր ժամկետային, պայմանագրային զինծառայողների և սպաների իրավունքների պաշտպանությամբ, զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների և համակարգային տարբեր խնդիրների վերլուծության արդյունքում պարբերաբար ներկայացրել է ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններով։ Մասնավորապես, մի շարք վերլուծություններով բացահայտված խնդիրները հաշվի առնելով՝ Կազմակերպությունն առաջարկել էր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչի ընթացքում ընդունված վարչական ակտերի, գործողության կամ անգործության դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերով օրենքով ամրագրել վարչական գործերի քննության և դրա շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների կատարման այնպիսի ժամկետներ, որը հնարավորություն կընձեռեր դատարանի որոշումն ունենալ մինչև զորակոչի ավարտը, որպես օրինակ նկատի ունենալով նույնանման մոտեցումը ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով սահմանված հատուկ ժամկետները։ Խնդիրն այն է, որ այն դեպքում, երբ զորակոչիկները զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ եզրակացությունը բողոքարկում են Վարչական դատարան, դատական գործերը քննվում են ողջամիտ ժամկետների խախտմամբ՝ պայմանավորված Վարչական դատարանի գերծանրաբեռնվածությամբ, իսկ այն դեպքում, երբ զորակոչիկները հրաժարվում են զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր ստանալուց, անկախ այն հանգամանքից, որ պիտանիության մասին եզրակացությունը զորակոչիկը բողոքարկում է դատական կարգով, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման (նախկին անվանումը՝ Զինվորական կոմիսարիատ) միջնորդության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվում է քրեական գործ և զորակոչիկի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Այսպես, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 12-րդ մասի՝ «Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու եզրակացությունների կամ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների հիման վրա տրված հրամանները դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան` օրենքով սահմանված կարգով: Բողոքների ներկայացումը մինչև տրված հրամանների վերանայումը չի կասեցնում այդ հրամանների կատարումը»: Համաձայն ՀՀ կառավարության «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգ հաստատելու մասին» 4 հոկտեմբերի 2018 թ. N 1132-Ն որոշման հավելված N 1-ի 37-րդ կետի՝ «Հայտարարված զորակոչի ընթացքում զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ զորակոչից խուսափած անձանց անձնական գործերի պատճենները, հաստատված զինվորական կոմիսարի կնիքով, զորակոչի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան միջնորդությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժին՝ միաժամանակ տեղեկացնելով համապատասխան կայազորային զինվորական դատախազությանը»: Նշված իրավանորմերի կիրառումը պրակտիկայում բերում է մի իրավիճակի, երբ իրավասու մարմինները որևէ նշանակություն չեն տալիս զորակոչիկի նկատմամբ ընդունված միջամտող վարչական ակտի իրավաչափության վիճարկման դատական գործընթացի առկայությանը, և անկախ այն հանգամանքից, որ զինվորական ծառայության պիտանիության մասին եզրակացությունը զորակոչիկը բողոքարկում է դատական կարգով, նրա նկատմամբ հարուցվում է քրեական վարույթ և իրականացվում է քրեական հետապնդում, իսկ զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելու պարտականությունը նման դեպքում ծագում է պիտանիության վերաբերյալ եզրակացության հիման վրա, այսինքն՝ քրեական վարույթը հարուցվում, զորակոչիկին ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվում և նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում պիտանիության վերաբերյալ եզրակացության հիման վրա զինվորական ծառայության չմեկնելու հիմքով։ Այլ կերպ, քրեական վարույթը հարուցվում և զորակոչիկի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է այն եզրակացության պահանջների չկատարման համար, որի իրավաչափությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դեռևս չի հաստատվել Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Հետևաբար արձանագրում ենք, որ նման պայմաններում զորակոչիկները ժամկետից շուտ ենթարկվում են քրեական հետապնդման, քանի որ իրացնելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 69-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքը, բողոքարկում են իրենց նկատմամբ կայացված վարչական ակտերը (պիտանիության մասին եզրակացությունները), իսկ դրան զուգահեռ քրեական վարույթի հարուցման և քրեական հետապնդում իրականացնելուն ուղղված գործողությունները խախտում են զորակոչիկների իրավունքներն ու ազատությունները և հռչակագրային բնույթի են վերածում վերը թվարկված իրավանորմերով սահմանված՝ պիտանիության մասին եզրակացությունը բողոքարկելու զորակոչիկների իրավունքը։ Վերը նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում ենք լրացում կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ սեղմ դատավարական ժամկետներ նախատեսելով նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչի հետ կապված վեճերով՝ սահմանելով, որ նշված վեճերը ՀՀ վարչական դատարանում քննվում և լուծվում են մինչև տվյալ զորակոչի ավարտը։ Չի ընդունվել Բարձրացված հարցը դուրս է նախագծի կարգավորման առարկայից: Ավելին, նախագիծը բխում է Վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 02/10.20/13596-2023 հանձնարարականից, որի հիմնական նպատակն այնպիսի կարգավորումների սահմանումն է, որ քննարկվող վեճերը քննվեն սեղմ ժամկետներում:
2 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 25.05.2023 17:04:55 Լիովին համաձայն լինելով նախագծով առաջարկվող լրացումների և դրա համար հիմք ծառայած՝ վերը նշված հիմնավորումների հետ՝ գտնում ենք, որ Նախագիծը թերի է, քանի որ չի կարգավորում վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքում Վարչական դատարանի կողմից կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության դատավարական ժամկետները վերադաս ատյաններում, հատկապես՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։ Գտնում ենք, որ Նախագծի՝ առաջարկվող խմբագրությամբ ընդունվելու դեպքում դրանով հասեագրված խնդիրը լուծում չի ստանա՝ հաշվի առնելով վերաքննիչ ատյանում բողոքների քննության հստակ ժամկետներ սահմանված չլինելն ու դրա հետ մեկտեղ գործնականում բողոքները բավականին երկար քննելու օբյեկտիվ իրողությունը։ Հատկանշական է, որ Նախագծով առաջարկվող կարգավորումների նմանօրինակ կարգավորումներ (հատուկ վարույթների տեսակներ) նախատեսված են նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31.3-րդ և 31.5-րդ գլուխներով, որտեղ ևս սահմանված են համապատասխան վեճերի քննության համար հստակ, կարճ ժամկետներ, սակայն միևնույն ժամանակ օրենսգրքի 140-րդ հոդվածով իրավաչափորեն սահմանված են ավելի կարճ ժամկետներ նաև նշված գործերով քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։ Այս հանգամանքը ևս խոսում է խնդրո առարկա կարգավորումը լրացնելու անհրաժեշտության մասին։ Առաջարկություն․ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագիծը լրամշակել և նախատեսել լրացում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածում, որով կսահմանվեն ավելի կարճ ժամկետներ նաև վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքով Վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։ Ընդունվել է Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Մասնավորապես, հանրային ծառայության անցնելու, ծառայություն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերով գործերի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանում քննելու և որոշում կայացնելու համար նախագծով առաջարկվել է դատարանի կողմից գործը ստանալու պահից հաշվարկվող վեցամսյա ժամկետ՝ այդպիսով նաև համապատասխանություն ապահովելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորման հետ:
3 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 25.05.2023 22:32:48 1. Այսպես՝ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքում ավելացնել նոր գլուխ և Հոդված 222.28, որի 1-ին մասով նախատեսվում է, որ Վարչական դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է հանրային ծառայության իրականացման ընթացքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Գտնում ենք, որ հանրային ծառայություն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի սահմանումը նշված նորմով լիարժեք չէ, և չի ներառում դատական պրակտիկայում հանրային ծառայողների կողմից պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ ներկայացված՝ ծառայության հետ կապված, ծառայության ընթացքում ծագած բոլոր վեճերը, այդ թվում՝ արձակուրդի, աշխատավարձի բռնագանձման, պայմանագրի էական պայմանների փոփոխության՝ անձին այլ պաշտոնի տեղափոխելու հետ կապված վեճերը: Ուստի առաջարկում ենք վերանայել նորմը՝ նախատեսելով, որ հատուկ վարույթի կարգով քննվում են հանրային ծառայության իրականացման ընթացքում ծագած բոլոր վեճերը, ինչպես նաև հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Ընդունվել է Հիմք ընդունելով Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը՝ քննարկվող գլխում ներառվել են հանրային ծառայության անցնելու, ծառայություն իրականացնելու, ինչպես նաև ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:
4 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 25.05.2023 22:32:48 2. Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վեճերը վարչական դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացվել է աշխատանքային գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրություն (հետայսու տեքստում՝ նաև Ուսումնասիրություն) , ինչը ցույց է տվել, որ հանրային ծառայությունից ազատելու գործերով՝ և՛ կարգապահական խախտման և՛ այլ հիմքերով (ուսումնասիրվել է շուրջ 60 դատական գործ) դատավարությունը տևել է միջինը 1 տարի, մինչև 3 ամիս տևել է ընդամենը մեկ գործ, և ընդամենը 4 գործ՝ մինչև 6 ամիս, գործերի առավելագույն տևողությունը՝ 2 տարի: Կարգապահական տույժի վիճարկման գործերով (ուսումնասիրվել է 7 գործ) քննությունը Վարչական դատարանում տևել է 3 ամսից մինչև 1 տարի 5 ամիս: Բացի այդ, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը , որով առաջարկվում է աշխատանքային վեճերով գործերի քննությունը՝ երեք ամսվա փոխարեն վեց ամիս՝ հաշվի առնելով դատական պրակտիկան այն մասին, որ դատարանները չեն կարողանում նշված ժամկետներում իրականացնել նշված գործերի քննություն և լուծում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հոդվածում սահմանված ժամկետը վերանայել՝ դարձնելով 6 ամիս: Ընդունվել է Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Մասնավորապես, հաշվի առնելով այն, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված մեկ այլ՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջին ատյանի դատարանում աշխատանքային վեճերի քննության համար հայցադիմումը վարույթ ընդունելու պահից հաշվարկվող՝ եռամսյա ժամկետ սահմանող՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասը ենթարկվել է փոփոխությունների՝ սահմանելով, որ նշված վեճերը քննվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ քան վեց ամսվա ընթացքում, սույն նախագծով ևս առաջարկվել է նախագծի սկզբնական տարբերակում նախատեսված՝ Վարչական դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո հաշվարկվող եռամսյա ժամկետի փոխարեն նախատեսել, որ խնդրո առարկա վեճերը քննվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
5 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 25.05.2023 22:32:48 3. Բացի այդ, Ուսումնասիրության արդյունքում նկատվել է նաև Վարչական դատարանի ոչ միատեսակ պրակտիկան հանրային ծառայության հետ կապված գործերով Հայցվորի կողմից պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում այնուամենայնիվ վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ դատական ակտերում նշում կատարելու հարցում։ Այդպես, գործերի միայն մի մասում է դատարանը վճռով հստակ նշել, որ թեեւ Հայցվորի կողմից վճարվել է պետական տուրք, սակայն, նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման եւ աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով հայցվորներն ազատված են դատարաններում պետական տուրքի վճարումից, անհրաժեշտ է վերադարձնել վճարված պետական տուրքը ։ Իսկ այլ դեպքերում, թեեւ Դատարանը նշել է, որ Հայցվորը վճարել է պետական տուրք այն դեպքում, երբ ազատված է եղել նման պարտականությունից, սակայն առանձին նշում չի կատարել վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ ։ Ուստի, առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա դրույթների համանմանությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունների համատեքստում փոփոխել պետական տուրքը վերադարձնելու կարգավորումները, ի թիվս այլնի, նախատեսել Դատարանի պարտականությունը՝ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները: Բացի այդ, ներառել նշում վերադարձի մասին դատական ակտի եզրափակիչ մասում։ Դատական ակտում ավել վճարված պետական տուրքի՝ վերադարձման մասին նշումը հնարավորություն կտա հատկապես խոցելի խմբում գտնվող քաղաքացիներին տեղեկանալ իրենց կողմից վճարված պետական տուրքի՝ վերադարձման ենթակա լինելու մասին և ձեռնամուխ լինել իրենց իրավունքների իրացմանը։ Առաջարկում ենք նաև հարակից օրենքում՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում՝ 39-րդ հոդվածում կատարել փոփոխություն՝ նախատեսելով, որ ֆինանսական մարմնին պետական տուրքի վերադարձման դիմում ներկայացնելիս Դատարանի կողմից դատական ակտում պետական տուրքի՝ վերադարձման ենթակա լինելու մասին նշումը, համապատասխանաբար նաև վերադարձման ենթակա գումարի չափի վերաբերյալ նշմամբ, պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի հետ միասին բավարար հիմք է Ֆինանսական մարմնի կողմից դիմումը բավարարելու և վճարված պետական տուրքը վերադարձնելու համար (գործող՝ տեղեկանք ներկայացնելու պարտականության փոխարեն), ինչը ավելորդ վարչարարությունից կազատի և՛ ֆիզիկական անձին, և՛ Դատարանին։ Մասամբ է ընդունվել Հիմք ընդունելով Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու առաջարկը՝ նախագծում լրացվել է, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված արտոնությունից չօգտվելու ուժով վճարված պետական տուրքի վերադարձման հիմքի առկայության դեպքում դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հարցին: Միևնույն ժամանակ, ինչ վերաբերում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելուն՝ հարկ է նշել, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ դատական պրակտիկան ցույց է տվել, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորումը բավարար է պետական տուրքի վերադարձման հարցին անդրադառնալու համար, հետևաբար, նախագծում նմանօրինակ կարգավորում նախատեսելն արդեն իսկ կնպաստի Վարչական դատարանի կողմից վերաբերելի վեճերով պետական տուրքի վերադարձման հարցին դատական ակտով անդրադառնալու համար: