Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

«......» «................» 2023 թվականի 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ի  N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապե­տության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը հաստատելու մասին» թիվ 758-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ), ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄ ԳՏՆՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԵՑՈՂ) ԶԵՆՔԸ ԿԱՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ  ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

2․ Որոշման նախաբանը և 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի, 32-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել առգրավված (վերցված), կամավոր հանձնված կամ գտնված (այդ թվում համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը կամ ռազմամթերքը ոստիկանությանը փոխանցելու, դրանք ընդունելու և ոչնչացնելու կարգը` համաձայն հավելվածի:»:

2․ Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

____________ ___-ի N ____-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 758-Ն որոշման

 

ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ), ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄ ԳՏՆՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԵՑՈՂ) ԶԵՆՔԸ ԿԱՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ  ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ

1․ Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կենտրոնական ապարատի ստորաբաժանումներին, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններին և դրանց ենթակա ստորաբաժանումներին հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված (այդ թվում համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը և ռազմամթերքը (այսուհետ՝ զենք) փոխանցելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության զինապահեստ (այսուհետ՝ զինապահեստ) ընդունելու և դրանք ոչնչացնելու գործընթացը:

2․ Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումները, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչությունները և դրանց ենթակա ստորաբաժանումները պարտավոր են զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչություն (այսուհետ փորձաքրեագիտական վարչություն)` կամ մարզային փորձաքրեագիտական ստորաբաժանում՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաև համապատասխան հաշվառումներով ստուգելու համար: Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ոստիկանության ստորաբաժանումներ փոխանցված, օրինական հիմունքներով իրենց պատկանող ոչ ակոսափող զենքը տասնօրյա ժամկետում հանձնվում է զինապահեստ, եթե այդ զենքը քրեական վարույթով իրեղեն ապացույց չի հանդիսանում:

3․ Փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված և դրանից հետո փորձաքրեագիտական վարչությունում պահված զենքը խմբավորվում և պահեստավորվում է:

4․ Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական վարույթով վերջնական որոշման, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավճիռների առկայության դեպքում, զենքը (այդ թվում՝ իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվում է զինապահեստ:

5․ Փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ Ընդունված զենքերի բոլոր տեսակները ենթակա են հաշվառման են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:

6․ Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը ոչնչացման ենթակա չէ:

7․ Սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա օգտագործման համար պիտանի զենքը հաշվառվում է ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար:

8․ Զինապահեստ ընդունված քաղաքացիական և ծառայողական զենքը, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնտեսական և փորձաքրեագիտական վարչությունների համապատասխան բնագավառի մասնագետների կողմից գնահատվում է, սպառազինության ապահովման ստորաբաժանման կողմից հանձնվում է կոմիսիոն վաճառքի՝ դրա առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի միջոցով, որից ստացված գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

9․ Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը կարգով ենթակա է ոչնչացման:

10․ Բոլոր տեսակի ոչ պիտանի զենքերը ենթակա են ոչնչացման: Ոչ պիտանի զենքի ոչնչացման նպատակով ստեղծվում է հանձնաժողով՝ ոստիկանության պետի գլխավորությամբ: Հանձնաժողովի կողմից ոչ պիտանի զենքը ոչնչացման նպատակով զինապահեստից ելքի փաստաթղթով դուրս է գրվում: Մինչև ոչնչացնելը հանձնաժողովը մանրակրկիտ ստուգում է բոլոր զենքերը: Հանձնաժողովի անդամները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները:

11․ Ոչնչացումից առաջ հանձնաժողովի կողմից ոչնչացման ենթակա զենքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության միջոցով կատարվում է հարցում.

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ինֆորմացիոն կենտրոն՝ ոչնչացման ենթակա  զենքի քրեական վարույթով (գործով) անցնելու վերաբերյալ. 

2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն՝ հաշվառումներով անցնելու վերաբերյալ:   

12․ Ոչ պիտանի զենքի պիտանի մասերը մինչև ոչնչացնելը առանձնացվում են, առանձնացված պիտանի մասը մուտքագրվում և հաշվառվում է զինապահեստ՝ որպես պահեստամաս` հետագայում մասնակի անսարքություն ունեցող զենքի մասերի փոխարինման և վերանորոգման համար:

13․ Ոչ պիտանի զենքը ոչնչացվելուց առաջ լիցքաթափվում է: Չլիցքաթափվող զենք հայտնաբերելու դեպքում այն լիցքաթափվում է գործարանային պայմաններում, որից հետո՝ ոչնչացվում: Զենքն առանց լիցքաթափելու արգելվում է ոչնչացնել:

14․ Ոչ պիտանի զենքը և դրա մասերը ոչնչացվում է մեխանիկական դեֆորմացիայի, կտրտման (տարատեսակ մեխանիկական և էլեկտրական գործիքների և սարքերի միջոցով) կամ ձուլարանում ձուլման միջոցով՝ վերածելով այն մետաղի ջարդոնի: Ոչ պիտանի փայտյա և պլաստմասե մասը առանձնացվում և ոչնչացվում է առանձին՝ այրման կամ կտրտման միջոցով:

15․ Ոչ պիտանի զենքի ոչնչացման աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ բացառվի ոչնչացման ենթակա զենքի և դրա մասերի անհետացման և կորստի դեպքերը:

16․ Ձուլարանում ձուլման ընթացքում պարտադիր է հանձնաժողովի բոլոր անդամների և ձուլարանի ներկայացուցչի ներկայությունը:

17. Ոչ պիտանի զենքի ոչնչացման մասին հանձնաժողովի կողմից կազմվում է ակտ: Ակտում նշվում է ոչ պիտանի զենքի սերիան, համարը, արտադրման տարեթիվը, քանակը, տեսակը, անվանումը, տրամաչափը և ոչնչացման պատճառը: Զենքի ոչնչացման ակտը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, այնուհետև՝ հաստատվում ոստիկանության պետ կողմից:

  • Քննարկվել է

    08.05.2023 - 23.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2568

Տպել