Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի հանրապետության կառավարություն

 որոշում

____ _______________ 201_ թիվ ____-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

թիվ           -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառության իմաստով`

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ շահութահարկ վճարողների խումբ` Հայաստանի Հանրապետության երկու և ավելի թվով ռեզիդենտ շահութահարկ վճարողներ կամ ռեզիդենտ շահութահարկ վճարող, որոնք հայտ են ներկայացրել արտահանման ծրագրի իրականացման համար, ունեն ընդհանուր բաժնետեր, որն ունի առնվազն 20 տոկոսի բաժնետոմսերի բաժնեմաս և ընդգրկվել է հաստատված արտահանման ծրագրում.

2) հայտատու` օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնող անձ:

3. Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացման համար հայտատուն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում`

1) հայտ.

2) ծրագիր, որը ներառում է արտահանման ծավալները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխվող ապրանքների ծավալները, ծրագրում ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների ցանկը, պետական գրանցման վկայականները (համարները), տեղեկություններ հարկ վճարողների ՀՎՀՀ-ների մասին, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործունեության մանրամասն նկարագրությունը, իսկ շինարարության և շինմոնտաժային ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում՝ նաև տեղեկություն աշխատանքների կատարման, աշխատատեղերի թվի և միջին աշխատավարձերի վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից հայտը ներկայացվելու դեպքում խմբի անդամ հանդիսացող հայտատուն ներկայացնում է խմբի մյուս անդամների կողմից իրեն տրված լիազորագիրը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում ներկայացվող ծրագրի հաստատումից հետո ծրագրի գործողության ամբողջ ժամկետում, եթե պահպանվում են օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները, ապա ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի մեջ մտնող ռեզիդենտ շահութահարկ վճարողը շահութահարկը հաշվարկում և վճարում է օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով:

5. Եթե Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից իրականացվում են ինչպես օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այնպես էլ՝ նույն մասի 3-րդ կետով նախատեսված ծրագրերի շրջանակներում իրականացման ենթակա գործունեության տեսակներ, ապա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված ու հավանության արժանացած` օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ծրագրի առկայության պարագայում համարվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից իրականացվում է նաև նույն մասի 3-րդ կետով նախատեսված ծրագիրը:

6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի մեջ մտնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրված գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում ռեզիդենտ շահութահարկ վճարողի բանկային հաշվին արտարժույթի մուտքագրման օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ արտարժույթի փոխարժեքը:

7. Արտոնության կիրառության նպատակով հաշվի են առնվում միայն ծրագրի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգով փաստացի կատարված արտահանումների և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխումների գծով բանկային հաշիվներին մուտքագրված գումարները:

8. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագիրը հավանության արժանացնելը` ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից իրականացված արտահանումները կամ Եվրասիական տնտեսական միության տարածք տեղափոխումները, վերջիններիս բանկային հաշիվներին մուտքագրվող գումարները, ինչպես նաև օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները պահպանած չլինելու հանգամանքն արտոնության կիրառության նպատակով հաշվի չեն առնվում:

9. Հայտատուի կողմից հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:

10. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտը մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված ծրագրի համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պահանջներին: Նշված պահանջներին համապատասխանության դեպքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակում է ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) և ծրագրի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և համապատասխան ոլորտային նախարարության (նախարարությունների) քննարկմանը, որոնք նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:

11. Նախագծի վերաբերյալ կարծիքներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

12. Սույն կարգի 9-11-րդ կետերի դրույթները տարածվում են նաև ծրագրում փոփոխություն կատարելու համար ներկայացված հայտի վրա:

13. Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուից պահանջվում է լրացնել չներկայացված փաստաթղթերը:

14. Հայտը տասն աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է հայտատուին, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը, կամ ներկայացված ծրագիրը չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին:

 

  • Քննարկվել է

    16.02.2017 - 20.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8980

Տպել