Հիշել նախագիծը
«Արդարադատության ակադեմիայի մասին» և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
40 - Կողմ
-
8 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 05.05.2023 17:38:36 | Առաջարկվող կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, սակայն, որ ըստ փոփոխությունների չլուծված է մնում կառավարման մարմինների կողմից սահմանվող գործառույթների իրականացման ու տարանջատման հարցը։ Օրինակ, Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է, որ Խորհուրդը՝ Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը), ինչպես նաև Արդարադատության նախարարության միջոցով Կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի (բյուջետային հայտի) վերաբերյալ: Այնուհետ, Օրենքի 14-րդ հոդվածի 3-ր մասի համաձայն՝ Գիտաուսումնական խորհուրդը՝ Ռեկտորի ներկայացմամբ հավանություն է տալիս Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվին։ Անհասկանալի է Խորհրդի և Գիտաուսումնական խորհրդի համար համանման գործառույթի նախատեսումը, պրակտիկ կիրառման խնդիրներից խուսափելու համար ցանկալի կլիներ տարեկան ծախսերի նախահաշվի հավանությունն ու հաստատումը վերապահել մեկ մարմնի։ Նմանատիպ խնդիր առաջ է գալիս նաև Ռեկտորի և Գիտաուսումնական խորհրդի գործառույթների առնչությամբ։ Մասնավորապես, Նախագծի 17-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Ռեկտորը կազմակերպում է Ակադեմիայում ուսումնական գործընթացը։ Նախ այս առնչությամբ անհրաժեշտ է լրացուցիչ հստակություն և պարզաբանում, թե օրենսդիրը ինչ է նախատեսում կազմակերպման ներքո։ Մյուս կողմից, նույն Նախագծի 14-րդ հոդվածի 4-10 կետերով Գիտաուսումնական խորհրդին վերապահված լիազորությունները կարող են նույնպես որակվել որպես Ակադեմիայում ուսումնական գործընթացի կազմակերպում։ Այսինքն, այս առնչությամբ ևս անհրաժեշտ է Ռեկտորի և Գիտաուսումնական խորհրդի իրավասությունների հստակեցում։ | Չի ընդունվել | Անդրադառնալով Արդարադատության ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) տարեկան ծախսերի նախահաշվի (բյուջետային հայտի) հաստատման վերաբերյալ իրավակարգավորումներին՝ նշենք, որ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվել է, որ նախքան խորհրդի հաստատմանը ներկայացվելը, այն պետք է արժանանա Արդարադատության ակադեմիայի գիտաուսումնական խորհրդի (այսուհետ՝ Գիտաուսումնական խորհուրդ) հավանությանը: Այսպես, Նախագծով Գիտաուսումնական խորհրդին են վերապահվել Ակադեմիայի ուսումնական գործընթացին առնչվող ընդհանուր և անհատական հարցերի լուծմանն ուղղված մի շարք լիազորություններ, որոնց ուսումնասիրության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ Ակադեմիայի գիտաուսումնական քաղաքականության իրականացման ուղղությունների որոշման և իրագործման հիմնական գործառույթը վերապահված է հենց այս մարմնին: Սույն հանգամանքով պայմանավորված՝ կարևոր է ապահովել Գիտաուսումնական խորհրդի մասնակցությունը բյուջետային հայտի ներկայացման գործընթացին, ինչպես նաև օրենսդրորեն երաշխավորել արդյունավետ վերահսկողության մեխանիզմի առկայությունը: Ռեկտորի և Գիտաուսումնական խորհրդի գործառույթների տարանջատման տեսանկյունից հարկ է նշել, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է անմիջականորեն ուսումնական գործընթացին առնչվող հարցերը վերապահել ռեկտորին և գիտաուսումնական խորհրդին: Ընդ որում, Գիտաուսումնական խորհրդի որոշ լիազորությունների իրականացումը պայմանավորված է Ռեկտորի որոշակի լիազորության իրականացմամբ: Լիազորությունների տարանջատման նպատակով Նախագծի 14-րդ և 17-րդ հոդվածներով նախատեսվել են Ռեկտորի և Գիտաուսումնական խորհրդի լիազորությունները: Անդրադառնալով Ռեկտորի՝ ուսումնական գործընթացի կազմակերպման լիազորության սահմանմանը՝ հարկ է նշել, որ իրավակարգավորումը վերաբերում է Ակադեմիայի ուսումնական գործընթացի ամենօրյա կազմակերպմանը, որոշակի ընթացիկ հարցերի լուծմանը, որոնք բխում են ռեկտորի լիազորությունների շրջանակից: Ընդ որում, նշված լիազորությունը նախատեսված է «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի նաև գործող խմբագրությամբ (10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ): |
2 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 05.05.2023 17:39:01 | Խորհրդի և Գիտաուսումնական խորհրդի կազմը Ըստ Նախագծի հոդված 9-ի՝ 1. Խորհուրդը բաղկացած է 6 անդամից։ 2. Խորհրդի կազմում որպես անդամ ի պաշտոնե ընդգրկվում են՝ 1. Արդարադատության նախարարը. 2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը. 3. Վճռաբեկ դատարանի նախագահը. 4. Գլխավոր դատախազը. 5. Քննչական կոմիտեի նախագահ. 6. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Նախագծի 13-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գիտաուսումնական խորհուրդը բաղկացած է 21 անդամից։ 2. Գիտաուսումնական խորհրդի կազմում ընդգրկվում են. 1. արդարադատության նախարարի նշանակմամբ արդարադատության նախարարի տեղակալը և Արդարադատության նախարարության երկու ներկայացուցիչ. 2. Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված երեք դատավոր՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման ներկայացվածությամբ. 3. Գլխավոր դատախազի նշանակմամբ գլխավոր դատախազի տեղակալը և դատախազության երկու ներկայացուցիչ. 4. Քննչական կոմիտեի նախագահի նշանակմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը և Քննչական կոմիտեի երկու ներկայացուցիչ. 5. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը և Հակակոռուպցիոն կոմիտեի երկու ներկայացուցիչ. 6. Ռեկտորի նշանակմամբ Ակադեմիայի պրոռեկտորը և Ակադեմիայի երկու ներկայացուցիչ. 7. Խորհրդի նշանակմամբ երեք իրավաբան-գիտնականներ՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման ներկայացվածությամբ։ Գիտաուսումնական խորհրդի 21 հոգանոց կազմ նախատեսելու կարգավորումը Նախագծի հիմնավորմամբ որևէ անդրադարձ չի ստացել։ Նմանապես, հիմնավորում չի ստացել նախատեսված գերատեսչություններից ներգրավվող անդամների քանակը: Նախագծից և հիմնավորումից պարզ չէ 3 թեկնածուների ոլորտային ուղղվածությունները և անհրաժեշտությունը։ Այս առնչությամբ առաջարկվում է. - հիմնավորել և, ըստ այդմ, վերանայել Գիտաուսումնական խորհրդի կազմում տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչների քանակը - Գիտաուսումնական խորհրդի կազմում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվող դատավորների քանակը մեծացնել՝ նախատեսելով նաև դատավորներ մասնագիտացված բոլոր դատարաններից: | Չի ընդունվել | Նախագծով Գիտաուսումնական խորհրդի նման կազմի սահմանման նպատակն է առավելագույնս ապահովել շահառու մարմինների մասնակցությունը Ակադեմիայում կազմակերպվող գիտաուսումնական գործընթացին: Անդրադառնալով Գիտաուսումնական խորհրդի կազմում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվող դատավորների թիվն ավելացնելու առաջարկին՝ հարկ է նկատի ունենալ Ակադեմիայի ունկնդիրների լայն շրջանակը, որը ներառում է նաև դատախազների թեկնածությունների ցուցակում, քննիչների թեկնածությունների ցուցակում, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև դատախազներին, քննիչներին, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և օրենքով նախատեսված այլ անձանց: Հետևաբար, հաշվի առնելով Գիտաուսումնական խորհրդին վերապահվող լիազորությունների շրջանակը, հարկ է հնարավորինս ապահովել շահագրգիռ մարմինների ներկայացվածությունը Գիտաուսումնական խորհրդի կազմում՝ միաժամանակ երաշխավորելով վերջիններիս մասնակցությունը գիտաուսումնական խորհրդի գործունեությանը հավասար հիմունքներով և բացառելով որևէ մարմնի ներկայացուցիչների թվի գերազանցումը մյուսների համեմատությամբ: |
3 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 05.05.2023 17:39:15 | Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Գիտաուսումնական խորհրդի նիստերը նախագահում է Ակադեմիայի ռեկտորը (հոդված 15)։ Գիտաուսումնական խորհրդի նախագահի ինստիտուտ, սակայն, նախագծով նախատեսված չէ: Նախագիծը չի սահմանում Խորհրդի ընթացիկ գործունեության կազմակերպական և վերահսկողական լիազորություններն իրականացնող պաշտոնատար անձին, այդ թվում՝ արդյո՞ք այդ լիազորությունները իրականացնելու է Ռեկտորը: Այս առնչությամբ առաջարկվում է. - հստակեցնել Գիտաուսումնական խորհրդի նախագահի ինստիտուտը, դրա դերը և լիազորությունները: Ակադեմիայի ֆինանսավորումը Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ 1. Ակադեմիան ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով։ 2. Ակադեմիայի ֆինանսավորումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի նրա բնականոն գործունեության համար անհրաժեշտ ծախսերը: 3. Ակադեմիայի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են տարեկան նախահաշվին (բյուջետային հայտին) համապատասխան։ 4. Նախահաշիվը (բյուջետային հայտը) Կառավարությունն ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և Արդարադատության նախարարություն է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների հիմնավորումները: Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Ակադեմիան սույն օրենքի հիման վրա ստեղծված անկախ և ինքնակառավարվող պետական ոչ առևտրային կազմակերպություն է […]»: Յուրաքանչյուր կառույցի իրական անկախության կարևոր նախադրյալներից և երաշխիքներից մեկը ֆինանսական անկախությունն ու ֆինանսավորման հետ կապված հարցերում վճռորոշ մասնակցությունն է։ Այս առնչությամբ, նախագծի վերոնշյալ հոդվածի և այլ կարգավորումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ակադեմիան ինքնուրույն մասնակցություն չունի ոչ բյուջետային հայտի կազմմանը, ոչ դրա առնչությամբ առարկությունների հակափաստարկմանը, քանի որ այդ գործընթացը իրականացվում է Արդարադատության նախարարության միջոցով։ Այս առնչությամբ առաջարկվում է. - Նախագծով Ակադեմիայի ֆինանսավորման վերաբերյալ հոդված 7-ի կարգավորումներում սահմանել, որ Արդարադատության Ակադեմիան կենտրոնական դեր և մասնակցություն է ունենում բյուջետային հայտի կազմման և քննարկման գործընթացում: Միաժամանակ, առաջարկում ենք Նախագիծը քննարկել շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: | Մասամբ է ընդունվել | Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է, որ Գիտաուսումնական խորհրդի նիստերը նախագահում է Ռեկտորը: Նույն հոդվածի 3-րդ, 5-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ մասերի վերլուծությունից հետևում է, որ Ռեկտորի հիմնական գործառույթն է Գիտաուսումնական խորհրդի նիստերի հրավիրումը , նիստի օրակարգի և ժամի մասին Գիտաուսումնական խորհրդի անդամների գրավոր տեղեկացումը, տեսաձայնային կապի միջոցով նիստին մասնակցելու վերաբերյալ համաձայնության հայտնումը, առանձին հարցեր գրավոր քվերակության դնելը, Գիտաուսումնական խորհրդի աշխատանքների տեխնիկական սպասարկումը և գործավարության կազմակերպումը: Բացի այդ, հարկ է նշել, որ Նախագծի 14-րդ և 17-րդ հոդվածներով նախատեսվել են Ռեկտորի և Գիտաուսումնական խորհրդի լիազորությունները, որոնց հիման վրա որոշվում է նշված կառավարման մարմինների լիազորությունների հարաբերակցությունը: Հետևաբար, Ռեկտորի իրավական կարգավիճակը, կարծում ենք, Նախագծով արդեն իսկ ամրագրված է: Անդրադառնալով բյուջետային հայտերի կազմման գործընթացին՝ հարկ է նշել, որ Նախագծով սահմանված է, որ Ռեկտորը այն ներկայացնում է Գիտաուսոմնական խորհրդի հավանությանը, իսկ այնուհետև՝ Խորհրդի հաստատմանը: Հետևաբար, Ակադեմիան անմիջականորեն մասնակցում է բյուջետային հայտի կազմման գործընթացին: Ինչ վերաբերում է հաջորդիվ գործողությունները Արդարադատության նախարարության միջոցով իրականացվելուն, ապա հարկ է նկատել, որ նշվածը պայմանավորված է Ակադեմիայի իրավական կարգավիճակով: Բացի այդ, հարկ է նկատել, որ Նախագծով սահմանվել է նոր իրավակարգավորում, ըստ որի՝ Կառավարությունը բյուջետային հայտը ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և Արդարադատության նախարարություն է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների հիմնավորումները: Կարծում ենք, որ նման իրավակարգավորման նախատեսումը լրացուցիչ երաշխիք է Ակադեմիայի պատշաճ ֆինանսավորման ապահովման համար: Անդրադառնալով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպման առաջարկին՝ նշենք, որ օրենսդրական փաթեթի մշակման նպատակով նման քննարկում նախատեսվում է կազմակերպել: |