Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
8 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 445.1-ին հոդվածով.
«Հոդված 445.1. Օպցիոնը
- Oպցիոնի ուժով մի կողմը (օպցիոնի գնորդը) իրավունք է ձեռք բերում պահանջել կատարել օպցիոնով նախատեսված գործողությունները (այդ թվում՝ սեփականության կամ այլ իրավունքով փոխանցել կամ ընդունել գույք, այդ թվում գույքային իրավունքներ) դրանով սահմանված ժամկետում (օպցիոնի գործողության ժամկետում) և գնով, իսկ մյուս կողմը (օպցիոնի վաճառող) պարտավորություն է կատարել այդ պահանջը:
- Օպցիոնը սահմանվում է գրավոր պայմանագրով (օպցիոնի պայմանագիր): Եթե օպցիոն տնօրինողը օպցիոնի գործողության ժամկետում պայմանագրով սահմանված պահանջ չի ներկայացնում, ապա օպցիոնը համարվում է օրենքի ուժով դադարած։ Օպցիոնի պայմանագրով կարող է նախատեսվել, որ օպցիոնով սահմանված պահանջը համարվում է ներկայացված՝ այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում:
- Օպցիոնի պայմանագրով պետք է սահմանված լինի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը ներկայացնելու դեպքում մյուս կողմի կողից այդ պահանջը կատարելու դիմաց օպցիոնի գնորդի կողմից տրամադրվելիք հատուցման չափը և դրա տրամադրման կարգը:
- Օպցիոնի դիմաց օպցիոնի գնորդը օպցիոնի վաճառողին վճարում է պայմանագրով նախատեսված վճարը, եթե այլ բան նախատեսված չէ օպցիոնի պայմանագրով:
- Եթե օպցիոնը դադարել է օպցիոնի գործողության ժամկետում դրանով սահմանված պահանջ չներկայացնելու հետևանքով, ապա սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված վճարը չի վերադարձվում:
- Եթե օպցիոնի պայմանագրի առարկա է հանդիսանում անհատապես որոշվող գույքի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը պահանջելու իրավունքը, ապա օպցիոնի պայմանագրով սահմանված գույքի նկատմամբ համապատասխանաբար սեփականության կամ այլ գույքային իրավունքը օպցիոնի գործողության ժամկետում չի կարող փոխանցվել երրորդ անձի (բացառությամբ համապարփակ իրավահաջորդության դեպքերի), եթե այլ բան սահմանված չէ օպցիոնի պայմանագրով:
- Եթե օպցիոնի պայմանագրի առարկա է հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը կամ ընդունումը պահանջելու իրավունքը, ապա նման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող սահմանափակումները` պետական գրանցման: Օպցիոնի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը կամ ընդունումը պահանջելու իրավունքը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի երկար ժամկետով:
- Եթե օպցիոնի պայմանագրի առարկա է հանդիսանում գույքի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը կամ ընդունումը պահանջելու իրավունքը, ապա օպցիոնի պայմանագրով պետք է սահմանված լինեն նման տեսակի գույքի նկատմամաբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցման համապատասխան տեսակի պայմանագրի բոլոր էական պայմանները: Սույն կետի պահանջների չհամապատասխանող օպցիոնի պայմանագիրը համարվում է չկնքված:
- Եթե օպցիոնի առարկա է հանդիսանում գույք, որի նկատմամաբ առկա է ձեռք բերման նախապատվության իրավունք, ապա նախքան օպցիոնի պայմանագրի կնքումը այդ մտադրության մասին պետք է գրավոր ծանուցվի նախապատվություն իրավունք ունեցող անձը` նշելով օպցիոնի պայմանագրով սահմանված գույքի վաճառքի գինը և վաճառքի մյուս պայմանները: Նախապատվության իրավունք ունի այդ գնով և պայմաններով ձեռք բերել գույքը` գնման նախապատվության իրավունքի իրականացման համար սահմանված ժամկետում: Գնման նախապատվության իրավունքը դրա համար սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում օպցիոնի առարկա գույք ձեռք բերման նախապատվության իրավունքը դադարում է:
- Օպցիոնի պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել նոր 6.2-րդ մասով` հետևյալ խմբագրությամբ.
«6.2. Սույն հոդվածի 6-րդ և 6.1-ին հոդվածներով սահմանված կարգավորումները տարածվում են նաև օպսիոնի պայմանագրից ծագող սահմանափակումների վրա:»
Հոդված 2. Oրենքը լրացնել նոր 41.2-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 41.2. Օպցիոնի պայմանագրից ծագող սահմանափակումների և իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները
- Եթե օպցիոնի առարկա է հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը պահանջելու իրավունքը, ապա օպցիոնի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ համապատասխանաբար սեփականության կամ այլ գույքային իրավունքը օպցիոնի գործողության ժամկետով` սույն օրենքով սահմանված կարգով օպցիոնի գնորդի դիմումով կատարվում է օպցիոնի պայմանագրից ծագող սահմանափակման պետական գրանցում: Սույն մասում նշված սահմանափակման ծավալը որոշվում է օպցիոնի պայմանագրի հիման վրա: Սույն մասում նշված սահմանափակումը կարող է հանվել օպցիոնի գնորդի դիմումով:
- Օպցիոնի գործողության ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գրանցում կատարելու դիմումը չներկայացնելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` օպցիոնի պայմանագրից ծագող սահմանափակման պետական գրանցումը դադարում է օրենքի ուժով` օպցիոնի գործողության ժամկետի վերջին օրվանը հաջորդող օրը: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումը կարող է հանվել նաև օպցիոնի գնորդի դիմումով:
- Այն դեպքում, երբ օպցիոնի պայմանագրի առարկա է հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը կամ ընդունումը պահանջելու իրավունքը և օպցիոնի գնորդը օպցիոնի ժամկետում ներկայացրել է դրանով սահմանված պահանջն, ապա նման պահանջը օպցիոնի վաճառողին պատշաճ ծանուցմամբ ներկայացնելը և օպցիոնով սահմանված գործողությունները կատարելու դիմաց հատուցման վճարումը հավաստող, ինչպես նաև օպցիոնով սահմանված պայմանները կատարելը կամ դրանց վրա հասնելը հավաստող ապացույցները ներկայացնելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կատարվում է օպցիոնով սահմանված իրավունքի պետական գրանցում:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 38.2-րդ հոդվածով` հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 32.1. Ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման օպցիոնը
- Ընկերությունն իրավունք ունի կնքել իր բաժնետոմսերի վաճառքի օպցիոնի պայմանագրեր, եթե դրա հնարավորությունը սահմանված է Ընկերության կանոնադրությամբ և օպցիոնով սահմանված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսերը հայտարարված, բայց չտեղաբաշխված են Ընկերության կողմից:
- Ընկերության կողմից իր բաժնետոմսերի վաճառքի օպցիոնի պայմանագիրը պետք է սահմանի օպցիոնի իրականացման պայմանները և կարգը, ինչպես նաև օպցիոնի իրականացման դեպքում Ընկերության բաժնետոմսերի թողարկման և օպցիոնը տնօրինողի օգտին տեղաբաշխման, Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը և ժամկետները:
- Ընկերության կողմից իր բաժնետոմսերի վաճառքի օպցիոնի պայմանագրով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի թողարկման և օպցիոնը տնօրինողի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու (օպցիոն իրականացնելու) դեպքում Ընկերությունը պարտավոր է կայացնել լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և դրանց` օպցիոնը տնօրինողի օգտին տեղաբաշխման մասին որոշումը` պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ օպցիոնը տնօրինողը պարտավոր է պայմանագրով սահմանված ժամկետում վճարել դրանց դիմաց:
- Ընկերության կողմից իր բաժնետոմսերի վաճառքի օպցիոնի պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման և օպցիոնը տնօրինողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:
- Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Բաժնետիրոջ կողմից իրեն պատկանող բաժնետոմսերի օտարման օպցիոնի պայմանագրի նկատմամբ:»
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) Ընկերությունն իր բաժնետոմսերի վաճառքի օպցիոնի պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր:»:
Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «25.2)» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«25.2) Ընկերության կողմից իր բաժնետոմսերի վաճառքի օպցիոնի պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը.»:
Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել նոր «4.1)» մասով` հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.2-րդ կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ: Ընկերության կանանադրությամբ կարող է նաև սահմանվել, որ սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.2-րդ կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, պայմանով, որ որոշմանը դեմ քվեարկած բաժնետերերը այդ դեպքում կունենան կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն նոր բաժնետոմսերի օպցիոնների ձեռքբերման նախապատվության իրավունք:»
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ.
«5. Սույն օրենքով` ապահովված իրավունքի գրանցմանը վերաբերվող կարգավորումները տարածվում են նաև օպցիոնի գրանցման վրա, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:»
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Օպցիոնի գրանցումը դադարում է դրանով սահմանված պահանջի իրավունքն օպցիոնի ժամկետում իրականացնելու կամ մինչև այդ ժամկետի ավարտիը չիրականացնելու դեպքում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 5-րդ մասում «գրավի» բառից հետո լրացնել «և դրա գնման կամ վաճառքի օպցիոնի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել նոր 6.1-ին մասով` հետևյալ բովանդակությամբ.
«6. 1. Եթե օպցիոնի առարկա է հանդիսանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության իրավունքի փոխանցումը կամ ընդունումը պահանջելու իրավունքը և օպցիոնի գնորդը օպցիոնի ժամկետում ներկայացրել է դրանով սահմանված պահանջն, ապա փոփոխության պետական գրանցման համար ներկայացվում են նաև նման պահանջը օպցիոնի վաճառողին պատշաճ ծանուցմամբ ներկայացնելը և օպցիոնով սահմանված գործողությունները կատարելու դիմաց հատուցման վճարումը հավաստող, ինչպես նաև օպցիոնով սահմանված պայմանները կատարելը կամ դրանց վրա հասնելը հավաստող ապացույցները:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
21.04.2023 - 07.05.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2860
Տպել